«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ջինը շշից դուրս կգա՞

Ջինը շշից  դուրս կգա՞
17.05.2013 | 01:12

Նախօրեին կատարվեց այն, ինչը մանրակրկիտ նախապատրաստվում էր վերջին շաբաթվա ընթացքում, երբ «նոն ստոպ» տարբերակով Քերին այցելում էր Ռուսաստան, Քեմերոնն ու Նեթանյահուն` նույնպես, երբ նույն Քեմերոնը թռչում էր Վաշինգտոն, «Հըզբոլլահը» գնում էր դեպի Գոլանի բարձունքներ` ռմբակոծելու Իսրայելը, իսկ ՄԱԿ-ը նախապատրաստվում էր «ժողովի»:
Այո, արդեն կատարված իրողություն է` ՄԱԿ-ը Սիրիայի «իրավատեր» ճանաչեց ապստամբ ընդդիմությանը: Սցենարը գրեթե չի տարբերվում Եգիպտոսի, «արաբական գարունների» մնացյալ երկրներում խաղարկված սցենարից: Միակ առանձնահատկությունն այն է, որ այս մի գործընթացն անչափ երկար տևեց, անչափ շատ մարդկանց կյանք տարավ: Շարունակությունն էլ նույնը կլինի: Մինչ Իրանի ընտրություններին զուգահեռ կորոշվի` Սիրիայի նկատմամբ «պլան-ա՞»-ն, թե՞ «պլան-բ»-ն է կիրառվում. այն է` ռմբակոծո՞ւմ է ՆԱՏՕ-ն, թե՞ երկարատև «մաշման» են տանում Ասադի ռեժիմը:
Այս ամենում, սակայն, հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը: Նման դեպքերում նա չի փորձում «բզի գլխին ձեռքով խփել»` առաջ տանելով իր սեփական շահերն ու առևտուրը, հանդես է գալիս, ինչպես երեկ, ՄԱԿ-ի որոշման դեմ, բայց ոչ ավելին, պատրաստվում է աննկատ նահանջի:
Այդպես մտածելու պատճառը ռուսական վերլուծական ծրագրերում ՄԱԿ-ի որոշման նկատմամբ արձագանքն էր: Լուրն առաջին «պոլոսայում» չէր, իսկ թվում էր, որ տեղի է ունեցել ժամանակակից աշխարհի ամենակարևոր, պայթուցիկ իրադարձությունը: Չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես զգուշավորություն է դրսևորում, փորձելով առաջ չընկնել իրադարձություններից, հասկանալ, թե ինչպիսին կլինի մյուսների արձագանքը ՄԱԿ-ի «դարակազմիկ» որոշմանը, իսկ որ ամենակարևորն է, ինչպես կպահեն իրենց շիաները` ողջ արաբական աշխարհով մեկ, արդյոք այդ որոշումը տարածաշրջանը վերջնականապես կվերածի՞ վառոդի տակառի, թե՞ ոչ:
Հայաստանի համար այս հարցը կրկնակի հետաքրքրություն ունի. մի կողմից` սիրիա-իրանական թնջուկի, մյուս կողմից` Ղարաբաղի նկատմամբ գերտերությունների արթնացող շահագրգռությունների առումով: Երբ կրկին «ռասկրուտկայի» մեջ է հայտնվել հոկտեմբերի 27-ը` Գոբլի ծրագրի «շրջանակներում», ինչպես նաև «կայծակնային պատերազմի» կոնտեքստում, որի առանցքը եղել է ոչ միայն Մեղրին Լաչինով փոխարինելու գոբլյան ֆանտազիան, որը «27» արժեցավ մեզ (ըստ որոշ տեսաբանների), այլև խաղաղապահների տեղակայման խնդիրը` Իրան-Ղարաբաղ սահմանագծում: Իր հարցերի հարցով` ի՞նչ գույնի սաղավարտով են լինելու այնտեղ «տեղակայվելիք» խաղաղապահները: Արևմտյա՞ն: Ռուսակա՞ն: Խա՞ռը: Թե՞…
Բոլոր դեպքերում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, բայց որ կրկին փորձ է արվում զանազան-զարմանազան շշերից դուրս հանելու «ջինը», խիստ ակնհայտ է։ Սակայն պետք է դեռ սպասել` հասկանալու, թե վերջնական ինչ է խաղարկվում ընդհանուր տարածաշրջանային բեմի վրա, մանավանդ մեր` հայաստանյան ենթակուլիսներում:
Մեկ դիտարկմամբ` Հայաստանում ոմանց ձեռքով, կարծես, յուղ է ածվում սպասվող այդ զարգացումների վրա` սոցիալական բունտ կազմակերպելու, հեղափոխական հերթական իրավիճակ ստեղծելու «տեսքով»:
«Ждем-с!»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ