«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Դեժավյու՝ ընտրություններից առաջ

Դեժավյու՝ ընտրություններից առաջ
07.03.2013 | 21:13

Թե որքան կտևի Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև»-ի հեղափոխությունը և ինչ հանգուցալուծում կունենա՝ տակավին անհայտ է: Տեսանելի է միայն, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմա էլ Երևանի ավագանու ընտրություններին են պատրաստվում՝ ավարտված համարելով ՀՀ նախագահի ընտրություններն ու հետընտրական գործընթացները: Եվ այդ նախապատրաստությունը միայն դեժավյուի զգացողություն է առաջացնում. այդ ամենն արդեն եղել է, և ոչինչ նորություն չէ: Նորից Հայ ազգային կոնգրեսը, որը մի ամբողջ դաշինքից վերածվել է փոքրիկ կուսակցության, առաջարկում է Դաշնակցությանը, «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» միավորվել և միասնական ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ մի թաքուն հույս տածելով, որ միգուցե այդպիսով կարողանան հասնել իշխանափոխության: Այդ առաջարկը ՀԱԿ-ը հնչեցրեց նաև 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններից առաջ, սակայն այն մնաց «ձայն բարբառո հանապատի»: Ընտրություններին նշյալ ուժերը գնացին առանձին-առանձին, «Ժառանգությունը» դուրս եկավ խաղից՝ հրաժարվելով մասնակցել, և ընտրություններից հետո միայն ՀԱԿ-ը հրաժարվեց իրեն հասանելիք մի քանի մանդատից՝ պատճառաբանելով, որ կեղծված ընտրությունների պարագայում հրաժարվում է լինել Երեւանի ավագանու կազմում:
Հիմա ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նորից համախմբման կոչ է անում: ԲՀԿ-ն սեթևեթանքով պատասխանում է, որ առաջիկա օրերին`մարտի 11-ին և 12-ին, կլինի քաղխորհրդի նիստ, կորոշեն, թե ինչպես են մասնակցելու, իսկ առայժմ իրենք ՀԱԿ-ից պաշտոնական առաջարկություն չեն ստացել, «Ժառանգությունն» էլ նույնն է ասում: Դաշնակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը վկայակոչում է իր գործընկերոջ՝ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որը նույնպես վերաբերում է ընդդիմության համախմբմանը:
Մինչ այդ, սակայն, ԶԼՄ-ներում տեղեկություն սպրդեց, թե ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում պետք է գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Այսօր տեղեկություններ էին հրապարակվել, որ այն կգլխավորի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Դժվար է ասել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Սեդրակ Քոչարյանով ու Վարդան Օսկանյանով չեն ուզում ԲՀԿ-ի վրա ստվեր գցել, ձեռքի հետ էլ ստվեր գցել նրա առաջնորդի հետ օրեր առաջ հանդիպած Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Ամեն դեպքում, առաջիկայում պայքար է ընթանալու մայրաքաղաքի համար, ու կերևա, թե որքանով են անկեղծ իրենց ընդդիմադիր ներկայացնող ուժերը և շահագրգիռ՝ հասնելու իշխանափոխության: Թեկուզ՝ մայրաքաղաքում: Չէ՞ որ այս դեպքում չեն կարող բողոքել, թե մարզերում ժողովուրդը տեղական ժամիշխանների «թաթի տակ» է, և վախն է ստիպում քվեարկել գործող իշխանության օգտին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ