«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արտագաղթն ու հայկական օլիգարխիան

Արտագաղթն ու հայկական օլիգարխիան
29.11.2012 | 16:45

Հայաստանի իշխանության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը արտագաղթի կասեցումն է: Հայաստանից արտագաղթելու պատճառները բազմաթիվ են, որոնց մասին բավականաչափ խոսվել է, սակայն այդպես էլ պատասխան չի տրվել այն հարցին, թե ո՛րն է արտագաղթի հիմնական պատճառը: Իհարկե, կարելի է արտագաղթը ծնող պատճառները «բարդել» մեր երկրի աշխարհագրական դիրքի, պատերազմական իրավիճակի, հարևանների կողմից շրջափակման և հայատյացության քաղաքականության վրա: Կարելի է նաև արտագաղթը պայմանավորել երկրում ստեղծված անարդար բարոյահոգեբանական մթնոլորտով և սոցիալ-տնտեսական ծանր կացությամբ: Բնականաբար, վերը նշվածը սերտորեն խթանում է արտագաղթը, սակայն չի կարող հանդիսանալ հիմնական պատճառ թեկուզ միայն նրա համար, որ օրինականություն և արդարություն փնտրող ՀՀ քաղաքացին շատ ավելի լավ պայմաններ չի գտնում, օրինակ, Ռուսաստանում, կամ նույն ռուսական գյուղերում սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի լավը չեն, քան Հայաստանում:

Պետք է նշել, որ Հայաստանում բացակայում է արտագաղթի վերաբերյալ գիտական հիմքերի վրա դրված ուսումնասիրությունների առկայությունը: Մի կողմից` իշխանությունը փորձում է ներկայացնել, թե արտագաղթ կա, բայց վտանգավոր չափերի չի հասնում, մյուս կողմից` ընդդիմությունը փորձում է շահարկել արտագաղթի խնդիրն ու քաղաքական միավորներ վաստակել, ինչն էլ իր հերթին բերում է անորոշ և սուբյեկտիվ պատկերացումների հաստատմանը: Նշենք նաև, որ արտագաղթի վերաբերյալ քննարկումներում շատ քիչ է խոսվում «հույս և «ապագայի տեսլական» հասկացությունների մասին: Մինչդեռ, արտագաղթողների մի զգալի հատվածը լքում է եկիրը զուտ այն պատճառով, որ ապագայի հեռանկար չի տեսնում հայրենիքում, չի պատկերացնում իր «վաղվա օրը», չի կարողանում հասկանալ, թե ապագայում ինչպես է լուծելու իր երեխաների որակյալ կրթության և զգաղվածության հարցը: Այս ամենն ազդում է քաղաքացու հոգեբանության վրա, նրան մղում դեպրեսիայի և նիհիլիզմի տիրույթ, որտեղից դուրս գալու միակ ելքը մարդը տեսնում է այլ հասարակությունում, այլ խաղի կանոններով կենցաղ կառուցելու և ապագա կերտելու հեռանկարում:
Ծայրը ծայրին հասցնող միջին վիճակագրական քաղաքացու հոգեբանական վիճակն էլ ավելի է խաթարվում, երբ ամեն քայլափոխի հանդիպում է հայկական օլիգարխիայի վարած շքեղ կյանքին ու ամենաթողությանը: Ի դեպ, պետք է պատկերացնել մի կտոր հացի համար կռիվ տվող քաղաքացուն, ով 1988-ին դուրս է եկել Ազատության հրապարակ, հաղթահարել անկախության առաջին տարիների ու պատերազմի առաջ բերած խնդիրները և այժմ տեսնում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ, որոնց հետ 1988-ին նույն սոցիալական շերտից էին, այնպիսի հարստություն դիզել, որի մասին կերազեին անգամ հարյուրամյակներ շարունակ բիզնեսով զբաղվող Ռոքֆելերների և Ռոթշիլդների ծոռները: Այս անարդարությունն է, որ խորացնում է միջին վիճակագրական քաղաքացու դեպրեսիան, օտար-ամայի ճամփեքը բռնելու ցանկությունը, որտեղ կարող է և առանձնապես բարեկեցիկ կյանքով չապրել, բայց չհանդիպել նման անարդարության: Այս երևույթը հայկական օլիգարխիայի բացասական գործունեության անհատական կամ մասնավոր դրսևորումն է, որն ազդում է քաղաքացու ներաշխարհի և, ընդհանրապես, աշխարհընկալման վրա:
Սրանից բացի, հայկական օլիգարխիան արտագաղթին նպաստելու մեկ այլ կարևոր դերակատարություն ունի: Տնտեսական մենաշնորհները Հայաստանում ստեղծել են այնպիսի գործարար միջավայր, որի պայմաններում հնարավոր չէ շահաբեր բիզնես սկսել, քանզի շուկան ազատ չէ և բացակայում են արդյունավետ մրցակցության ապահովման մեխանիզմները: 2008-ից նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը և վարչապետի պաշտոնում նշանակված Տիգրան Սարգսյանը քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձրին գործարար միջավայրի բարելավումն ու ազատ մրացկության ապահովմանն ուղված մեխանիզմների ներդրումը, ինչը հնարավոր չեղավ իրականացնել, քանզի հայկական օլիգարխիան այնքան է հզորացել, որ հանդիսանում է քաղաքական գործընթացի կարևորագույն բաղադրիչը: ՈՒշագրավ է, որ անգամ կայացած տնտեսական համակարգ ունեցող երկրներում մեծահարուստներն ու խոշոր գործարարները նշանակալի դերակատարություն ունեն քաղաքական գործընթացում, սակայն ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Գերմանիայում և ո՛չ էլ անգամ Ռուսաստանում խոշոր գործարարներին հնարավորություն չի տրված միավորվելու և պետական իշխանությունը յուրացնելուն միտված պայքար ծավալելու: Պետականության ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքականությունն ու գործարար աշխարհն առնչվում են և փոխլրացվում, բայց ոչ երբեք միահյուսվում: Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է. մեր երկրում օլիգարխիան այնքան է «երես առել», որ խնդիր է դրել գրավել պետական համակարգը կամ, առնվազն, լուրջ մասնաբաժին ունենալ պետական համակարգում: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվում են քաղաքական բուտաֆորիկ կուսակցություններ, ֆինանսավորվում լրատվամիջոցներ` փորձելով հասարակական կարծիքի մեջ ամրագրել «կես միլիոն իրական ձայներ» պատրանքը:
Նշենք նաև, որ հայկական օլիգարխիան ոչ միայն թույլ չի տալիս զարգացնել գործարար միջավայրը և կառավարության հռչակած արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը, այլև խոչընդոտում է արտասահմանյան ներդրողներին: Հայաստանի թիվ մեկ օլիգարխ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեփան Լաքսհուբերի «ֆինանսական վեճ կամ քցոցի» պատմությունը վկայում է, որ հայկական օլիգարխիան ցանկություն անգամ չունի Հայաստանում մրցակցելու արտասահմանյան ընկերությունների հետ: Մինչդեռ, մեր երկիրը եվրաինտեգրման քաղաքականություն է վարում, իսկ եվրոպական տնտեսությունը ենթադրում է ազատ շուկայական հարաբերություններ` երաշխավորելով խաղի արդար կանոնները: Գագիկ Ծառուկյանի կողմից «քցված» գերմանացի գործարարի դեպքը եզակի չէ, դրան նախորդեց բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի ամերիկյան «հերոսությունների» մասին աղմուկը: Արտասահմանյան ներդրողների հետ նման վերաբերմունքը հղի է մեծագույն վտանգներով, որոնք իրենց անդրադարձը չեն ունենալու «փողին փող չասող» օլիգարխների վրա, բայց լուրջ վնաս են հասցնելու Հայաստանի աշխատաշուկային: Մեր երկրում բիզնես կազմակերպող պոտենցիալ արտասահմանցին, տեղեկանալով հայկական օլիգարխիայի «բեսպրեդելի» մասին, ոչ մի ցանկություն չի ունենա աշխատատեղեր ստեղծել Հայաստանում` դրանով իսկ նպաստելով գործազրկությանն ու արտագաղթին:
Այս խնդրի մասին կարելի է շատ խոսել և հանդես գալ հաջորդական հրապարակումներով, սակայն առաջնայինը, թերևս, խնդրին պետական իշխանության մոտեցման փոփոխության անհրաժեշտությունն է: Հայրենական արտադրողին պաշտպանելուն զուգընթաց` ժամանակակից պետությունը պետք է կարողանա բարենպաստ միջավայր ստեղծել նաև արտասահմանյան ներդրողների համար` խնդիր ունենալով ավելացնելու հայաստանյան աշխատատեղերն ու հարկային մուտքերը: Ինչևէ, արտագաղթին նպաստող օլիգարխիկ պատճառներն ակնհայտ են, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական որոշում և կամք, հակառակը պատկերացնելն անտրամաբանական է:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ