«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ»

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ»
10.12.2010 | 00:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է հաշմանդամ երեխաների ծնողների շահերի պաշտպանության «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2003 թվականին: Կազմակերպության խնդիրը հաշմանդամ երեխաների ծնողների պաշտպանությունն է, նրանց անառողջ երեխաների կյանքի որակը բարելավելն ու կազմակերպության մեջ ինտեգրելը: «Աստղացոլքի» սոցիալական և կրթական ծրագրերում ներառվում են նաև առողջ երեխաներ, որոնք հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են: «Այս քայլն արդյունավետ է նրանով, որ հաշմանդամ երեխաներն իրենց հասակակիցների հետ շփվելու հնարավորություն են ունենում: Ավելին, կազմակերպվում են ինտեգրմանը նպաստող միջոցառումներ: Կան խմբակներ, որտեղ հաճախում են ոչ միայն հաշմանդամ, այլև առողջ երեխաներ, որոնք շփվում են իրար հետ, ընկերանում,- ասում է «Արտացոլք» ՀԿ-ի նախագահ ԻՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:- Երբ առողջ երեխաները շփվում են հաշմանդամ երեխաների հետ, հավասարապես շահում են բոլորը: Նկատել ենք, որ առաջինները դառնում են շատ ավելի հոգատար ոչ միայն խնդիրներ ունեցող իրենց ընկերների, այլ նաև իրենց քույրերի ու եղբայրների հանդեպ, իսկ երկրորդները ստանում են հոգեբանական բավարարվածություն»:
Ընտանիքում հաշմանդամ երեխա ունենալը լարվածություն է առաջացնում ծնողների և ընտանիքի մյուս անդամների մեջ, նրանցում զարգանում է թերարժեքության զգացումը, որի հետևանքով ոչ հաշմանդամ երեխաները հայտնվում են ծնողների ուշադրությունից դուրս, իսկ հատուկ խնդիրներ ունեցող երեխաները տուժում են ծնողների չափից ավելի ուշադրությունից:
Իրավիճակը շտկելու նպատակով կազմակերպությունն իրականացնում է ծնողավարության դասեր, ստեղծում ծնողական փոխօգնության խմբեր, ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ աշխատում են հոգեբանն ու սոցիալական աշխատողը: Դա շարունակական և ժամանակատար աշխատանք է: Ըստ Իրինա Հովհաննիսյանի` նախկին 10 տարիների համեմատությամբ, հասարակությունը հաշմանդամների նկատմամբ դարձել է շատ ավելի հանդուրժող:
Նախկինում կազմակերպությունը ծառայություններ էր մատուցում միայն երեխաներին, բայց տարիների ընթացքում, երբ ընդլայնվեց շահառուների թիվը, այն իր գործունեությունն սկսեց իրականացնել ոչ միայն Ճամբարակում, այլև հարակից 14 գյուղերում (խաղահրապարակների կառուցում, ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոնների ստեղծում): Կազմակերպության շահառուներն են Ճամբարակի տարածաշրջանում բնակվող 47 հաշմանդամներ, 20-30 սոցիալապես խոցելի ընտանիքների 24 չափահաս և 17 «պայմանական առողջ» երեխաներ, նաև նրանք, ովքեր չունեն հաշմանդամություն, բայց ունեն ինչ-որ խնդիր, օրինակ` մեկ ականջ ունեցող, կակազող, թույլ տեսնող և այլն:
Շահառուների ընտանիքների 95 տոկոսը սոցիալապես անապահով է: Հինգ երեխա ունի զույգ հաշմանդամություն, մտավոր խնդիրներ ունեցող 10 երեխա դուրս է մնացել հանրակրթությունից:
16-ամյա Արթուրն ունի զույգ հաշմանդամություն: Նա ժառանգել է իր երկու հաշմանդամ ծնողների գեները (սուր զարգացած սկոլիոզ և ոսկրի բնածին փխրություն): Ընտանիքն ապրում էր միայն ընտանեկան նպաստի և հիվանդության թոշակների հաշվին: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով կազմակերպությունը նրա համար բարերարներ է գտել, որոնք ցուցաբերում են ամենամսյա ֆինանսական օգնություն և ապահովում անհրաժեշտ իրերով:
Մեկ այլ շահառու` 17-ամյա Անահիտը, ունի մտավոր խնդիրներ: Նա բազմազավակ ընտանիքի (5 երեխա) և միայնակ հոր երեխա է: Նրան նույնպես օգնության ձեռք են մեկնել վերոնշյալ բարերարները` նվիրելով մեկսենյականոց բնակարան:
Շահառուներ հայտնաբերելու նպատակով կազմակերպությունը համագործակցում է խնամակալության և հոգաբարձուների խորհուրդների, դպրոցների, այլ ՀԿ-ների և բնակիչների հետ: Այդ հարցում նրանց աջակցում են երիտասարդ կամավորները: Երեխաների հետ կենտրոնում աշխատում են հատուկ մանկավարժը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, արտթերապևտը, խմբավարները:
Կազմակերպության նախագահն այս գործով զբաղվելու իր անձնական պատճառներն ունի: «Առողջական խնդիրներ ունեցող երեխայի մայր եմ: Նախքան «Աստղացոլքի» հիմնումը, կարողացա գտնել և համախմբել այն ծնողներին, ովքեր ունեին հաշմանդամ երեխաներ: Ինձ հատկապես մտահոգում էր այն, որ վերջիններս հնարավորություն չունեին հետազոտության տանելու իրենց հիվանդ երեխաներին և լուռ համակերպվում էին այդ տխուր վիճակի հետ»,- պատմում է Իրինա Հովհաննիսյանը: Այնուհետև, Ճամբարակի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ, հաջողվում է ձեռք բերել 280 քմ տարածք, որից հետո սկսում է լուրջ գործունեություն ծավալվել:
Կազմակերպությունն իրականացնում է միայն սոցիալական ծրագրեր: Համագործակցում է «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի հետ, որը պարբերաբար անվճար խորհրդատվություն է իրականացնում տեղի շահառուների համար:
«Աստղացոլքում» գործում է նաև «Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի» կենտրոնը, ուր հաճախում են հաշմանդամ և սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: Կենտրոնում գործում են տիկնիկային թատրոն, ձեռագործության և փայտամշակման խմբակներ, իրականացվում է նաև բարձր դասարանների երեխաների նախամասնագիտական ուսուցում: Կազմակերպությունը նախաձեռնել է սոցիալական ձեռնարկության ստեղծման փորձնական ծրագիր: Վերջինս պետությունից աջակցություն չի ստանում և բոլոր ծրագրերն իրականացնում է միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: «Ըստ պետության որդեգրած քաղաքականության, յուրաքանչյուր հատուկ կարիք ունեցող երեխա պետք է ապրի սեփական ընտանիքում և իրեն անհրաժեշտ ծառայությունները կարողանա ստանալ իր համայնքում: 2004-2012-ի ազգային ծրագրով («Երեխաների իրավունքների պաշտպանություն») թեև նախատեսված է պետության կողմից նման հաստատությունների օժանդակությունը, բայց առայսօր մենք այդ աջակցությունը չենք ստացել: Հույս ունենք, որ 2011-ին կստանանք Ճամբարակի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը, ինչը կփակի ընդհանուր ծախսերի միայն 10 տոկոսը»,- նշեց Իրինա Հովհաննիսյանը:
Ի դեպ, ցերեկային խնամքի կազմակերպման տարեկան ծախսը կազմում է 5,5 մլն դրամ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ. Գ. -Հայաստանից դուրս բնակվող հայ բարերարները օգնության ձեռք են մեկնում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Այս բարեսիրական նախաձեռնությունը կոչվում է «Հույսի ցուցակ» (http://www.spisok-nadezhdy.ru/): Բարի կամքի տեր բոլոր մարդիկ կարող են իրենց լուման ներդնել այս աստվածահաճո գործում։

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ