«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՇԱՄԻՐԱՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՇԱՄԻՐԱՄՈՒՄ
03.12.2010 | 00:00

Հայաստանի եզդիների մայրաքաղաք. այսպես է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքն անվանում համայնքապետ ՄՐԱԶ ՀԱՍԱՆԻ ԲՐՈՅԱՆԸ։
Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց, որ Շամիրամ գյուղն ունի 1647 բնակիչ, որոնք զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Որպես գյուղի հիմնական խնդիր նա ընդգծեց ոռոգման ներհամայնքային ցանցի բացակայությունը։ Խնդիրներից մեկն էլ համայնքային կենտրոնի բացակայությունն է։ Գյուղի ջանքերով նախաձեռնվել է նման կենտրոնի կառուցում, կատարվել է 16 մլն դրամի ներդրում, սակայն, գյուղապետի տեղեկացմամբ, անհրաժեշտ է ևս 19 մլն դրամ՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Գյուղապետը նշում է, որ օգնության խնդրանքով բազմիցս դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, սակայն ոչ մի արձագանք։ Մ. Բրոյանի համոզմամբ՝ կենտրոնի կառուցումը մեծ դեր կարող է ունենալ եզդի համայնքի կյանքում։ Շամիրամի երիտասարդները հնարավորություն կունենան արդյունավետ անցկացնելու իրենց ազատ ժամանակը։ Այստեղ կարող են գործել տարբեր խմբակներ, որոնք կնպաստեն եզդիական ավանդույթների պահպանմանն ու տարածմանը։
Ըստ գյուղապետի, արտագաղթը համայնքից վերջին տարիներին էապես կրճատվել է։ Մարդկանց իրենց հայրենի գյուղում պահում է հողագործությունից և անասնապահությունից ստացված եկամուտը։
Ոչխարների արտահանման ծավալների աճը եզդիաբնակ համայնքի ղեկավարը ողջունում է. «Խորհրդային Միության տարիներին մենք ունեինք մոտ 12 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն։ Մինչև 2006-2007 թթ. մեկ մանր եղջերավոր անասունի շուկայական գինը 13000-14000 դրամ էր, այսօր այն արժե 50000-60000 դրամ։ Մի քանի անգամ գինը բարձրացել է, ինչը նպաստում է նաև մեր կենսամակարդակի բարձրացմանը։ Հայտնի ճշմարտություն է՝ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Նախկինում խիստ ցածր գինը չէր փակում մեկ անասունի վրա կատարած ծախսը, այդ էր պատճառը, որ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը մոտ 70 տոկոսով կրճատվեց։ Այսօր գյուղն ունի շուրջ 4000 մանր եղջերավոր և 3000 խոշոր եղջերավոր անասուն»։
Գյուղում գործում է բուժկետ, որը վերանորոգվել է համայնքի ուժերով, սակայն բուժսարքավորումներով հագեցնելու և կահավորելու կարիք ունի։
Շամիրամի բնակիչները հավաստիացնում են, որ ճնշումներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հայաստանում չկան։ «Ոնց հայերն են ապրում այս երկրում, այնպես էլ մենք։ Տարբերություն երբեք չի եղել։ Հակառակը, երբեմն նաև մեր շահը վեր է դասվել»,- ասում է Մրազ Բրոյանը։
Շամիրամում գործող հիմնական դպրոցը հայկական է, որտեղ եզդիերեն չի դասավանդվում։ Գյուղապետը, իհարկե, կարծում է, որ իրենց մայրենի լեզուն նույնպես պետք է դպրոցում դասավանդվի, սակայն այդ մասին համայնքը գրավոր կամ բանավոր պահանջ չի ներկայացրել։
Շամիրամ համայնքի ՈՒսուբ Բեկի անվան հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Զադա ՈՒսուբյանը հավաստիացնում է, որ կրթական մակարդակը դպրոցում բարձր է, ուսուցիչների պակաս չունեն. «Եզդի երեխաները դպրոց են գալիս առանց հայերեն բառ իմանալու։ Գուցե տարրական դասարաններում դժվարություններ լինում են, բայց հետագայում ամեն ինչ շտկվում է»։ Դպրոցում եզդիերեն չի դասավանդվում, և Զադա ՈՒսուբյանն այս առումով հույսը դնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության վրա. «Մենք ունենք «Քրդստան» կոմիտե, ունենք նաև եզդիների համայնքի ղեկավար։ Երկուսն էլ ունեն հրատարակված գրքեր, և յուրաքանչյուրը պնդում է, որ իր հրատարակած գիրքը դասավանդվի։ Ժողովուրդն էլ չգիտի՝ ում ընդառաջի։ Փաստորեն, Շամիրամը եզդիական ամենամեծ գյուղն է, ու եզդիերեն չեն անցնում։ Շատ ամոթ է։ Այդ երկու գրքերը դարձել են փորձանք ժողովրդի գլխին։ Ինձ թվում է՝ կրթության և գիտության նախարարությունը պետք է որոշի, թե որ գրքով է նպատակահարմար դասավանդել եզդիերեն»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1941

Մեկնաբանություններ