«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՄԵՆ ՕՐ ԵՆ ՍԳՈՒՄ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԸ»

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՄԵՆ ՕՐ ԵՆ ՍԳՈՒՄ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԸ»
07.12.2010 | 00:00

1988-ի երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ շուրջ մեկ միլիոն մարդ էր ապրում։ Երկրաշարժից տուժեց 21 քաղաք, 342 գյուղ, 514 հազար մարդ մնաց անօթևան, 20 հազարը ստացան տարբեր աստիճան վնասվածքներ։ Աղետը 25 հազար մարդու կյանք խլեց։ Ավերվեց աղետի գոտու բնակարանային ֆոնդի կեսից ավելին՝ մոտ 8 միլիոն քմ մակերես։
Երկրաշարժի պատճառով 200 հազար բնակչություն ունեցող Գյումրին 17 հազար զոհ ունեցավ՝ կորցնելով քաղաքի յուրաքանչյուր 12-րդ բնակչին: Ռիխտերի սանդղակի 6,9 մագնիտուդի երկրաշարժը, իհարկե, հզոր էր, սակայն ավերածությունների մասշտաբները և զոհերի քանակը չէին համապատասխանում դրա ուժգնությանը: Կրած վնասների մեծ ծավալների պատճառը շենքերի կառուցման թերություններն էին և աղետների ժամանակ գործողությունների հստակ ծրագրի բացակայությունը:
Այսօր Գյումրիում երկրաշարժին նախորդող օրերը հաճույքով են հիշում, պատմում են, թե որքան ակտիվ և կյանքով լի քաղաք էր: Թեև քաղաքի մեծ մասն արդեն վերականգնվել է, բայց նրա բնակիչներն ասում են, որ քաղաքի ոգին, նրա էներգիան այլևս չկան:
88-ի երկրաշարժը և դրան հաջորդած տարիները լուրջ վնաս հասցրին հասարակության հոգեկան առողջությանը։ Միմյանց հաջորդած ցնցումները՝ երկրաշարժը, պատերազմը, տնտեսական ճգնաժամը, տակնուվրա արեցին մարդկանց ներաշխարհը։ Մարդկանց մեջ կուտակվեցին չբավարարված պահանջմունքների հետ կապված հոգեկան ապրումներ՝ լարվածություն, տագնապ, երկյուղ, վախ, նևրոտիկ վիճակներ, հզոր սթրեսներ։ Եվ այս իրավիճակը միանգամից չի ստեղծվել։ Հուսալքությունը, ապագայի նկատմամբ հոռետեսական մոտեցումները, երկրաշարժից աստիճանաբար կուտակված ապրումները մնացին, մարդիկ դրանցից չազատագրվեցին, այլ փոխանցեցին միմյանց։ Բացասական հույզերն էլ են տրանսֆորմացվում, փոխանցվում ուրիշներին, և փաստորեն, մինչև հիմա աղետի գոտու բնակչության մի մասը գտնվում է անցանկալի լարվածության, սթրեսների, ավելորդ հուզվածության մեջ։ Ընդ որում, այդ հուսահատությունը փոխանցվել է նաև Գյումրու երիտասարդներին։
Մեր զրուցակիցը Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի գլխավոր մասնագետ, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է։ Ըստ նրա, մարզում երիտասարդների հիմնական խնդիրը կրավորական կեցվածքն է։ Գյումրեցի երիտասարդներն այսօր մտել են ակտիվ պասիվության շրջան, որից դուրս գալու ձգտում էլ չունեն։ ՈՒստի առաջնային խնդիրներից է գտնել այն հետաքրքրությունները, որոնք կստիպեն Շիրակի մարզի երիտասարդներին ակտիվանալու։
-Այսօր Գյումրու երիտասարդները ցանկություն չեն հայտնում ընդգրկվելու պետության, միջազգային կամ հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումներին կամ ծրագրերին։ Նախաձեռնող չեն, գտնվում են կրավորական կեցվածքում,- ասում է Սերգեյը։
-Ո՞րն է երիտասարդության պասիվության, հուսահատության պատճառը։ Գուցե երկրաշարժի հետևանքնե՞րն են։
-Չեմ կարծում։ Երկրաշարժը միայն Գյումրիում չէր։ Աղետը պատուհասեց նաև Վանաձորը, Սպիտակը, բայց, արի ու տես, Վանաձորն ու Սպիտակը զարգանում են, երիտասարդներն այնտեղ ակտիվ են, իսկ Գյումրիում՝ ոչ։ Գյումրեցին մտածում է, որ իր խնդիրները պետք է լուծի պետությունը, և ինքը ձեռնպահ է մնում նախաձեռնողականությունից՝ իրեն հեռու պահելով հասարակական զարգացումներից։ Եթե քաղաքն է մաքրվում, կամ որևէ լավ գործ է արվում, ապա դա դիտվում է որպես քաղաքային մարմինների կամ պետության պարտականություն։ Երիտասարդներն իրենց այդ գործընթացներում չեն տեսնում։ Այստեղ մեծ է ծնողների մեղքը, ովքեր հիասթափության ամենամեծ մթնոլորտ տարածողն են։ Նրանք իրենց ապագա կյանքը կապում են ոչ թե հայրենիքի, այլ արտագաղթի հետ։ Պատրաստ են օտար երկրում ամեն ինչ անելու, բայց սեփական հայրենիքում հեռանկարներ չեն տեսնում։ Եվ այս մտայնությունն ու հոռետեսությունը ներարկվում են երիտասարդներին։ Ծնողներն իրենց երեխաներին չեն դաստիարակում որպես պահանջատեր քաղաքացիների։
-Երկրաշարժից 22 տարի է անցել, գյումրեցիները կարողանո՞ւմ են հաշտվել իրենց վշտի հետ։
-Այդ վիշտը մարդկանց մեջ դեռ պահպանվում է։ Ընտանիքներ կան, որ ամեն օր են սգում իրենց կորցրածը։ Կազմակերպություններ, մասնագետներ կան, որ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում նրանց։ Միայն այն փաստը, որ քաղաքը դեռ չի ձերբազատվել տնակային թաղամասերից, ամեն քայլափոխի հիշեցնում է երկրաշարժի մասին։ 88-ի ցնցումն ուժգին էր, սակայն հոգեբանորեն անպատրաստ հասարակությունը ոչ միայն չկարողացավ նվազեցնել հասցրած վնասները, այլև կրկնապատկեց դրանք։ Պարզապես պետք է լավատես լինել։ Մանավանդ որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված է վերականգնել Գյումրին։ «Մուշ» նորակառույց թաղամասում 4 հազար ընտանիք կստանա բնակարան։ Մեկն էլ ես եմ։ 21 տարի ապրելով տնակում` ընդամենը 2-3 ամիս առաջ ստացա բնակարան։ Զարգացման միտումներն ակնհայտ են, բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ ամենը միայն իշխանությունների ուսերին թողնելով` չի իրականանա։ Մենք էլ պետք է մեր լուման ներդնենք մեր երկրի զարգացման գործում։ Չպետք է միայն պահանջենք, այլ պետք է մտածենք՝ ինչով կարող ենք աջակցել ու օգտակար լինել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ