«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՆ

ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՆ
08.10.2010 | 00:00

Հոկտեմբերի 2-ին կայացավ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 5-րդ համագումարը` միջազգային խոշոր գիտնականների մասնակցությամբ։ Համաժողովին ներկա էին 13 երկրի 290 մասնակիցներ, որոնց մեջ կանայք տոկոս չէին կազմում։
ՀՀ առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ, կարևորելով համագումարի դերը ոլորտի զարգացման հարցում, հիշեցրեց, որ վնասվածքաբանների և օրթոպեդների առաջին համագումարն անկախությունից հետո անցկացվել է 1993-ին, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր դժվարին կացության մեջ. «Սակայն հայ օրթոպեդներն ու վնասվածքաբանները ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում դրսևորեցին բարձր մասնագիտական հմտություն և կարողացան ամուր կապեր հաստատել միջազգային հանրահայտ կլինիկաների հետ` ժամանակին համընթաց զարգացնելով ոլորտը։ Աշխարհի ճանաչված մասնագետների հետ համագործակցությանը, կարելի է ասել, հիմք դրվեց 1988-ի երկրաշարժից հետո։ Մեծ է միջազգային փորձի ներդրումը Հայաստանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում»։
Եթե նախարարը բարձր գնահատեց համաժողովին ներկա մեծ ճանաչում ունեցող գիտնականների ավանդն ընդհանրապես ոլորտի զարգացման հարցում և անուն առ անուն անդրադարձավ նրանց, ապա այդ նույն գիտնականները մեզ հետ մասնավոր զրույցներում շատ բարձր էին գնահատում հայ օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական պատրաստվածությունը և առողջապահության նախարարության իրականացրած քաղաքականությունը ոլորտի զարգացման հարցում։ ՈՒրախալի է նաև, որ համագումարին արտերկրից ժամանածների մեջ կար մեկ-երկու հայազգի գիտնական, իսկ սա նշանակում է, որ նրանք Հայաստանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը գնահատում են ոչ արյան կանչով։ Սակայն մենք որոշեցինք հյուրերի հետ հարցազրույցն անել արյան կանչից ելնելով։

«ԻՆՉՊԻՍԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԿԼԻՆԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ»
-Սա մի գիտություն է, որը սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների հետ և այսօր բավականին ինտենսիվ ձևով զարգանում է։ Դրանից ելնելով, կարծում եմ, որ այս գիտությունն արագ տեմպերով զարգանում է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, լսելով զեկույցները, պարզ է դառնում, որ զարգացման մակարդակը համահունչ է ժամանակի պահանջներին,- մեզ հետ զրույցում ասաց Լենինսկ-Կուզնեցկի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի տնօրեն, ակադեմիկոս ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, որը համագումարից առաջ այցելել էր թիվ 2 ծննդատուն, որտեղ 1949-ին լույս աշխարհ էր եկել։
-Ձեր պալատը գտա՞ք։
-Ցավոք, ոչ։
-Իսկ հայերեն խոսո՞ւմ եք։
-Հայերեն գիտեմ, բայց սահուն չեմ խոսում։ Ըստ էության, ես հասցրել եմ Հայաստանում ծնվել և ընդամենը մեկ ամիս հետո ընտանիքս տեղափոխվել է Վրաստան։
-Եթե խոսենք կոնկրետ ոլորտից, ապա ինձ հետաքրքրեց մի հարց. ժամանակին Դուք նշել էիք, որ ՌԴ-ում օրթոպեդիկ հիվանդությունների կտրուկ զարգացում չի նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված, չէ՞ որ աշխարհում օրթոպեդիկ հիվանդությունները զարգացում են ապրում։
-Օրթոպեդիկ բարդությունները, ըստ էության, սկսում են զարգանալ մանկուց, հիվանդությունը տարիքի հետ աճում է։ Եթե ժամանակին այն ճիշտ ախտորոշվի ու բուժվի, ապա մեծահասակների մոտ օրթոպեդիկ խնդիրները մեծ չեն լինի։ Չեմ ժխտում, կան երկրներ, որտեղ ձևավորված է այդ հիվանդությունների ցանկը։ Սակայն մեզ մոտ ավելի շատ մարդիկ զոհվում են վնասվածքներից, այդ թվում` բնակչության երիտասարդ հատվածը։
-Այդ դեպքում, ի՞նչ խորհուրդ եք տալիս մեր բնակչությանը, ի՞նչ անեն նման խնդիրներից զերծ մնալու համար։
-Դրանք, հավանաբար, Աստծուն ուղղելու հարցեր են։ Կարող եմ ուղղակի խորհուրդ տալ` ժամանակին դիմել բժշկին։ Նա էլ իր հերթին պարտավոր է ազնվորեն ուսումնասիրել հիվանդին և ամեն բան ճիշտ կատարել։
-Դուք նշեցիք, թե մեծ է վնասվածքների թիվը։ Արդյոք պատճառն ավտովթարնե՞րն են, եթե այո, ապա դրանք քանի՞ տոկոս են։
-Տարեկան զոհվում է շուրջ 30 հազար մարդ, և վնասվածքների մեծ մասն ավտովթարների հետևանք է։ Ինչ խոսք, նշվածը մեծ թիվ է։ Եթե համեմատենք Եվրոպայի հետ, ապա, կարծում եմ, Ռուսաստանն այդ հարցում առաջին տեղում կլինի։ Չգիտեմ, թե Հայաստանում այդ ցուցանիշը քանի տոկոս է, սակայն կարծում եմ, որ թիվը ևս զգալի կլինի։
-Այո, քանի որ հայերս մահանալիս անգամ «առաջին կռուգ» պետք է լինենք։
-Ցավոք, դա ամենալավ տարբերակը չէ սեփական առավելությունն ապացուցելու համար։ Սակայն այդ տխուր գործոնը նաև Ռուսաստանում կա։
-Ձեր կլինիկայում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տարեկան քանի՞ բարդ վիրահատություն է իրականացվում։ Եվ, ընդհանրապես, արդյոք այդ վիրահատությունները մատչելի՞ են բնակչությանը, քանի որ աշխարհում այն շատ ծախսատար է, ինչը նշանակում է` թանկարժեք է։
-Տարեկան մոտ 7-8 հազար վիրահատություն է իրականացվում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ տարեկան բուժում է ստանում 19 հազար մարդ։ Պետք է նշեմ, որ բժշկության զարգացման մակարդակն ուղիղ համեմատական է բնակչության զարգացման մակարդակին։ Եվ ինչ պահանջ ներկայացնում է հասարակությունն իր առողջության նկատմամբ, այդպիսին էլ կլինի բժշկությունը։ Ռուսաստանում այժմ գործում է ազգային մի քանի լուրջ ծրագիր, որոնցից մեկն էլ ֆինանսավորում է բարձր տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները։ Այսինքն, վճարումը կատարում է դաշնային ծառայությունը։ Վճարներ են կատարում նաև ապահովագրական ընկերությունները։ Այնպես որ, բուժման մատչելիության տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք, քանի որ մարդն ինքն իր գրպանից չի վճարում։
-Ապահովագրությունը պարտադի՞ր է, թե՞ կամավոր։
-Պետական ապահովագրությունը պարտադիր է, որի գումարները ձևավորվում են հարկերից։ Դրան զուգահեռ գործում է նաև ապահովագրության կամավոր սկզբունքը` աշխատողներին ապահովագրում են ձեռնարկությունները։
-Դուք երեք տարի անընդմեջ այցելում եք Հայաստան։ Ըստ Ձեզ, այդ տարիներին Հայաստանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտն ի՞նչ զարգացում է ապրել։
-Որպես բժիշկ Հայաստան առաջին անգամ այցելել և աշխատել եմ երկրաշարժի ժամանակ։ Մեր կլինիկան Սպիտակում հոսպիտալ է տեղադրել։ Եթե համեմատենք այդ ժամանակն այսօրվա հետ, ապա տարբերությունը նույնն է, ինչ երկինքն ու երկիրը։ Զարգացման աճի տեմպը շատ բարձր է։ Ակտիվորեն ներդրվել և կիրառվում են բարձր տեխնոլոգիաները։ Ես չեմ տեսնում առանձնակի հետամնացություն ոլորտում ընթացող գործընթացներում` հատկապես օրթոպեդիայի գծով։

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ»
Եթե Ռուսաստանում մեծ են վնասվածքների պատճառով առաջացած խնդիրները, ապա Հայաստանում, կարելի է ասել, քիչ չեն օրթոպեդիկ հիվանդություններից առաջացած բարդությունները։ Եվ քանի որ այս հարցով մենք հաճախ ենք զրուցել մայրաքաղաքի խոշոր կլինիկաների ղեկավարների հետ, ապա այս անգամ որոշեցինք ներկայացնել իրավիճակը Սյունիքի մարզում։ Այդ նպատակով զրուցեցինք Կապանի հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար ՍԱՐԻԿ ԱԹԱՋԱՆՅԱՆԻ հետ։
-Մարզում օրթոպեդիկ հիվանդությունների թիվը միջին հանրապետականի մակարդակին է, վնասվածքները մեզ մոտ համեմատաբար ավելի շատ են, ինչը բացատրվում է արդյունաբերական քաղաք լինելու հանգամանքով։ Կապան և Քաջարան քաղաքներում գործում են խոշոր արդյունաբերական կենտրոններ, այնպես որ, արդյունաբերական վնասվածքները միջին հանրապետականի մակարդակից բարձր են, իսկ կենցաղայինը միջին մակարդակի է։
-Ըստ էության, Կապանի հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը միակն է մարզում։ Այդ առումով հետաքրքիր է իմանալ` արդյոք այն ունի՞ անհրաժեշտ հագեցվածություն։
-Իսկապես, այն տարածաշրջանում միակ մասնագիտական բաժանմունքն է, որի հագեցվածությունը կարելի է գնահատել չափավոր։ Իհարկե, տարբեր տիպի վնասվածքների բուժումն իրականացնում ենք տեղում։ Եզակի դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է լինում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատական միջամտություն, հիվանդը որոշակի ապաքինումից հետո իր բուժումը շարունակում է մայրաքաղաքում։ Մնացած դեպքերում մեր բաժանմունքն անհրաժեշտ բոլոր վիրահատական միջամտություններն իրականացնում է։ Պետք է նշեմ, որ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն ենք ստանում նաև մայրաքաղաքի խոշոր կլինիկաներից։ Օրինակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Չարչյանի հետ համագործակցությունն այդ առումով շատ արդյունավետ է։
-Այս համագումարից ի՞նչ սպասելիք ունեք։
-Զեկույցները շատ արդիական են և ուսանելի։ Հատկապես ուշադրություն դարձրի ողնաշարի հետ կապված խնդիրներին, ինչն աշխարհում դարձել է թիվ մեկ հարցը։ Պետք է նկատեմ, որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի կողմից իրականացվող այս համագումարները և գիտական աշխատանքների հրատարակումները նպաստում են հատկապես մարզային մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացմանը։
-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք նախարարությունից։
-Մեր հիվանդանոցը վերջին 30 տարում չէր վերանորոգվել, և միայն այս տարի, տարբեր բարերարների ներդրումների շնորհիվ, մեր բաժանմունքն արդիականացվեց։ Նախարարի անձնական միջամտությամբ հինգ հիվանդասենյակ կահավորվեց։ Հուսով եմ, որ առաջիկայում ուշադրություն կդարձվի նոր սարքավորումների ձեռքբերմանը։
-Ասում են, որ Ղարաբաղի ազատագրական պատերազմի ժամանակ Դուք Ձեր աշխատակազմով շատ բարդ վիրահատություններ եք իրականացրել։
-Այն ժամանակ Կապանը մեծ քաղաք էր` 50-55 հազար բնակչությամբ։ Այն իսկապես հրետակոծման թիրախ էր, և վնասվածքները շատ էին, գումարած ավիացիոն ռումբերից առաջացած վնասվածքները։ Եվ եթե այս ամենին հավելենք, որ հիվանդանոցն ընդամենը 60-մահճակալանոց էր, ապա պարզ է, որ իրավիճակը ծանր էր։ Բայց պետք է ընդգծեմ, որ մենք միայնակ չենք աշխատել։ Աշխատել ենք մայրաքաղաքի մասնագետների հետ համաձայնեցված, փոխկապակցված ձևով։
Պատրաստեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ