Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ինչ-որ մի պահի դուրս գալ թիմից աթոռի կամ պաշտոնի համար, բարոյական առումով, անընդունելի է»

«Ինչ-որ մի պահի դուրս գալ թիմից աթոռի կամ պաշտոնի համար, բարոյական առումով, անընդունելի է»
09.06.2009 | 00:00

ԲՀԿ-Ի ԴԻՐՔԵՐԸ ԹՈՒԼԱՆԱԼՈՒ ԵՆ
Նախօրեին ԱԺ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները, նշել էր, թե «այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը, իբրև քաղաքական ուժ, կայացած չէ»։ Այս տեսակետը խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ չմեկնաբանեց` գերադասելով խոսել առկա իրողություններից` ընտրություններով պայմանավորված քաղաքական ուժերի վերադասավորումներից։
-Երևանի ավագանու ընտրությունները չարտացոլեցին հասարակության մեջ առկա ուժերի հարաբերակցությունը,- ասաց պատգամավորը։- Միանշանակ է, որ մեզանում ընդդիմությունը, սկսած 1995-ից, եղել է մեծամասնություն, այլ խնդիր է, որ ընտրությունների արդյունքում սա իր վերջնական արտացոլումը չի ունենում։ Հաջորդ փաստը, որ այս ընտրություններում արձանագրեցինք, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայների կրկնակի տարբերությունն է։
-Ի՞նչն է պատճառը, որ ԲՀԿ-ն «կրկնակի տարբերությամբ» զիջեց ՀՀԿ-ին։
-Ընտրություններում սովորաբար բոլոր նմանատիպ արդյունքները կեղծիքների արդյունք են։ Նույնիսկ կոնգրեսի ձայների 17 տոկոսն իրական չէ, որովհետև ՀԱԿ-ի ձայները շատ ավելին են։ Ի դեպ, ընտրողների մասնակցության տվյալները ևս ուռճացված էին։ Ինձ համար խիստ զարմանալի էր նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ձայների հարաբերակցությունը։ Կարծում եմ` ՀՅԴ-ն ավելի շատ ընտրազանգված ուներ, քան ՕԵԿ-ը։ Յոթ տոկոսի շեմը դաշնակցությունը կարող էր հաղթահարել։
-Կոալիցիայից դուրս գալու արդյունք չէ՞ր նման ֆիասկոն։
-Մի կողմից` կարելի է այդպես դիտարկել, մյուս կողմից էլ` կոալիցիայից դուրս գալը պետք է որ ավելի շատ ձայն ապահովեր ՀՅԴ-ի համար։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ընտրությունների նման արդյունքներով թուլանում են նրա դիրքերը։ Ըստ էության, այս քաղաքական ուժն ունենալու է որոշակի պաշտոններ, բայց ո՛չ իշխանություն։ ԲՀԿ-ն կկրի նաև իշխանությունների սխալների ողջ պատասխանատվությունը` չունենալով իշխանությունում խոշոր լծակներ։ Այնպես որ, սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում ԲՀԿ-ի համար։
-Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն էլ հետևի ՀՅԴ-ի օրինակին ու լքի կոալիցիան` դառնալով ընդդիմություն։
-Կանխատեսելը լավ գործ չէ, ենթադրություններ ևս չեմ ցանկանում անել։
-Փաստորեն, այս ընտրությամբ ՀՀԿ-ն ոչ միայն մեծամասնություն է ԱԺ-ում, այլև քաղաքապետարանում։ Այսպիսի կառավարման ձևը որքա՞ն է արդյունավետ, այդ «մենիշխանությունից» հասարակությունն ի՞նչ կարող է սպասել։
-Կառավարման այդ ձևի արդյունավետության մասին ոչինչ չի կարելի ասել, ընդ որում, ոչ միայն քաղաքապետարանի, այլև մյուս բոլոր օղակների համար։ Հասարակությունն այդ մարմիններում ներկայացված չէ, իսկ Երևանի ավագանու աշխատանքի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է, քանի որ ՀԱԿ-ը մանդատները չի վերցնում, մինչդեռ Երևանում ընդդիմության օգտին քվեարկողները 70 տոկոսից ավելին են։
-Կոնգրեսը որոշեց վայր դնել մանդատները, ինչը միանշանակ չընդունվեց նաև ՀԱԿ-ի մաս կազմող որոշ ուժերի կողմից։ «Ժառանգությունն» այս քայլը ինչպե՞ս է գնահատում։
-Դա տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է։ Հարցը պետք է երկու տեսանկյունից դիտարկել. կոնգրեսն ի սկզբանե հայտարարել էր, որ գնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ու, բնականաբար, այդ փուլում մանդատներ չեն բաժանվում։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող էր լինել այն ժամանակ, երբ կոնգրեսը հաղթանակ արձանագրեր։ Եթե հարցը երկրորդ տեսանկյունից դիտարկենք, ապա այդ քայլի գնահատականը բացասական է, որովհետև բնակչության ընդդիմադիր Երևանի ավագանիում իր ներկայացուցիչը չի ունենալու։ Թեև քաղաքական առումով ընդդիմությունը շատ փոքր գործառույթներ կունենա այդ մարմնում, ու դժվար կլինի օրակարգային խնդիրներ առաջ քաշել, բայց չմոռանանք, որ ընդդիմությունը քաղաքացիների շահերը պաշտպանելու լծակներ է կորցնում։
-Խոսակցություններ կան, թե իշխանություններն այս օրերին լուրջ աշխատանք են տանում, որպեսզի կոնգրեսում «հայտնաբերեն» այնպիսի քաղաքական գործիչների, որոնք, ի հեճուկս ՀԱԿ-ի որոշման, կհամաձայնեն աշխատել քաղաքապետարանում։ Ձեր դիտարկումը։
-Ինձ համար այդ անձինք այլևս քաղաքական գործիչներ չեն համարվի։ Եթե իրենք մի թիմի մեջ են, իսկ թիմը որոշել է հրաժարվել մանդատներից, այդպիսի քայլի գնալն անընդունելի է բոլոր առումներով։ Սա դավաճանական քայլ է կոնգրեսի անդամների նկատմամբ։ Ընդհանրապես, եթե դու մտել ես մի թիմի մեջ ու խաղում ես նրա օրենքներով, ինչ-որ մի պահի դուրս գալ թիմից աթոռի կամ պաշտոնի համար, բարոյական առումով, անընդունելի է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ