Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
16.06.2020 | 01:12
Վարչապետի հերթական մուննաթը՝ ժողովուրդը օրինապաշտ չի, թերահավատորեն է գնահատում ստեղծված վիճակը, բարեխղճորեն չի հետևում պարետատան որոշումների կատարմանը... Ընդունենք այդպես է, նախատինքը՝ տեղին։ Բայց էն ո՞վ էր առաջին անլուրջը, որ կորոնավիրուսը սովորական գրիպից սովորական համարեց, ո՞վ հանրությանը մղեց անտարբերության, հարկ եղած դեպքում՝ անօրինականությունների՝ դատարաններ փակելուն, ՍԴ-ն գլխիվայր շրջելուն, հներին պաշարել-վարկաբեկելուն, նպաստեց ատելությանն ու անհանդուրժողականությանը, պարտադրվող հրաժարականների և ընտրովի քրեական գործեր կարելու պահանջին։ Եվ ամենագայթակղիչը՝ յուրաքանչյուր քաղաքացու մեջ ներարկեց «վարչապետը դու ես» շինծու փիլիսոփայությունը։
Ովքե՞ր էին անլրջության սերմնացանները, որ մեծացնելով ժողովրդի պատասխանատվությունը՝ նվազեցրին իրենցը։
Ոչ մեկը ոչինչ չի մոռացել, և հատ-հատ գիտենք բոլոր նրանց, այն իմքայլական իշխանիկներին, որ շաբաթներով բարբաջում էին, թե դիմակի կրումն անիմաստ է, ոչ արդյունավետ։ Նման թեթևամիտ ձևակերպումների շարքը ձգվում է անսահմանության, հեղինակների աճպարարությունները՝ նույնպես։
Քնեցին-արթնացան և օրերից մի օր համաճարակից փրկվելու ամբողջ բեռը դրեցին ժողովրդի ուսերին՝ կանխիկ ականջաշոյանքով. «Հավատում և լիահույս ենք յուրաքանչյուրիդ խոհեմությանը, ինքնագիտակցման բարձրացմանը. կպահպանեք սոցիալական հեռավորություն, կախտահանեք ձեռքերդ և այսուհետ պարտադիր կկրեք դիմակ»։ Մի բան, որ չէր կարևորվում երեկ, այսօր դիմակը համեմատվում է զենքի հետ։ Անհրաժեշտություն է ինչպես բաց, այնպես էլ շատ նեղ, փակ տարածքներում դիմակի օգտագործումը։ Ասենք՝ կնոջդ հետ քո անձնական մեքենայում, տանդ, խոհանոցում։ Պահանջը ենթադրում է պարզունակ մի հարց՝ ննջարանում ինչպե՞ս վարվել. ոստիկա՞նը, թե՞ պարետատնից եկողն է վերահսկելու զույգի կողմից դիմակի, ձեռնոցների, պաշտպանիչ այլ միջոցների օգտագործումը սահմանված կարգով։ Խախտման դեպքում տուգանելու են էժանով. 10 հազար դրամո՞վ, թե՞...
Բայց ու՞ր էին մինչև հիմա, ինչու՞ թողեցին, որ մահացածների և վարակակիրների թիվը համարվի աննախադեպ՝ ավելին, քան հարևան երկու երկրները միասին վերցրած, հետո նոր մտածեցին ծայրահեղ խստացումների մասին։ Իսկ փաշինյանական մտքի խրախճանքը միանգամից երկու նոր էջ բացեց պատրանքաշատ քաղաքականության մատյան ողբերգությունում։ Մեկը՝ ինքնապաշտպանական, մյուսը՝ հարձակման կամ որ նույնն է՝ գործ տալուն։ Ինքնապաշտպանականը ցածր մակարդակի ձևակերպում է. «Եթե մեղավորը կառավարությունն է, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը։ Իշխանություններն ու հանրությունը իրարից անկախ լինել չեն կարող։ Էս էն կառավարությունն է, որին ժողովուրդն է բերել։ Լավ ենք, վատ ենք, էս ենք»։
Լուրջ ընդունենք, թե անլուրջ, տարբերություն չկա. միահեծանությամբ տառապող Փաշինյանի խոսքն այս անգամ անպաճույճ է, ակցենտը՝ նույնը։ Մարդն առանց տողատակի, բաց տեքստով շրխկացրեց՝ կառավարությանն ընդունեք այնպիսին, ինչպիսին կա, բավարարվում եք, թե չեք բավարարվում՝ հանգիստ նստեք տեղներդ։ Հարմարվեք թե չհարմարվեք՝ էս ենք։
Վարչապետի մեսիջը գիտակցված է, անկեղծ և տեղին։ Երիցս ճիշտ է այն առումով, որ նա, իրենավայել խորամանկությամբ մի քանի անգամ փակել է հարյուրհազարավորների բերանը. «Դուք եք մեզ բերել, դուք էլ որ պահին ուզենաք, մենք կառչած չենք, հանգիստ կգնանք։ Բայց դուք չեք ուզում, չէ՞։ Մենք հո դա լավ գիտենք»։ Եվ ինչպես միշտ, նա իր շփումները հանրության հետ ավարտել է շաբլոն դարձած էժան «կարգախոսով». «Սիրում եմ քեզ, ժողովուրդ ջան։ Լավ էղեք»։
Ողբերգության երկրորդ էջը առլեցուն է, ծիծաղաշարժ՝ նվիրված պարետատան նոր և ավելի խստացում պարունակող կանոնին, համաձայն որի, պահանջվում է մեքենայում դիմակ չկրողին նկարել և այն ուղարկել ոստիկանություն տուգանելու համար։ Քննարկման ժամանակ կառավարության նիստում հարց առաջացավ. արդյոք օրինակա՞ն է կողմնակի՝ երրորդ անձի կողմից նկարահանում-միջամտությունը, և ո՞վ է կրելու պատասխանատվությունը՝ վարո՞րդը, թե՞ դիմակ չկրողը։ Արդարադատության նախարարի մասնագիտական դիտարկումը՝ որ անձնական տվյալների հավաքագրման հետ աղերսներ կան, խնդրահարույց է, դեմ առավ վարչապետի օրինազուրկ անդրդվելիությանը, այն աստիճան, որ ի վերջո, կիսաքայլ հետ անող վարչապետը հանձնարարեց. «Փոխեք նախորդ կանոնի այդ կետը, որ անցնի այս նորը։ Դա զգոնացնող է, վարորդի պատասխանատվությունը լրջացնող»։ ՈՒ որպես հավելում, լավատեսությամբ լուսավորեց. «Լավ է լինելու, ժողովուրդ ջան»։
Լավը ասելով չէ։ Մի քիչ լավ լինելու համար անցել է երկու տարի, բայց հակառակն է՝ հանրությունն ու երկիրն է հյուծվում, պրկվում փոխադարձ համարժեքության կապը։ Հասունացող ժամանակի ճակատային հարցն է՝ ովքե՞ր են ընդունում սիրառատ Նիկոլ Փաշինյանին։ Ընտանիքից, սակավաթիվ ընկեր-բարեկամներից բացի, հավանաբար, մի քանի տասնյակներից անցնող քայլականներ և դրանցից եռակի թվով ավելի ՀՀ ազատ և հպարտ քաղաքացիներ։
Այսօրվա իրական պատկերը յուրաքանչյուրիս ափի մեջ է. 2018-ի համակիրների հոծ բազմությունից 2020-ի կեսերի դրությամբ գերակշիռ մասը հակակրանք է տածում։ Օրեցօր տասնապատկվում են դժգոհողները։ Կառավարության հրաժարականի հարցը ակտուալ է, կողմնակիցների խամախմբում է գծագրվում՝ արհամարհելով փաշինյանական ճնշումները, թիրախավորված պլան-օպերացիաները, փռելն ու ծեփելը, վզակոթներին հասցնելը, դատական հայցերով ահաբեկելն ու վախի մթնոլորտի խորացումը։
Որքա՞ն է ձգվելու ժամանակը, որպեսզի իշխող քաղաքական ուժը իրատեսորեն ընկալի ընթացող պրոցեսները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Գիտակցի, որ ժողովուրդը երկու տարվա առաջվանը չէ։ Հոգնել է ամեն ինչից՝ փչան Թոդորոսից, ինքնախաբեությունից, անվերջանալի հուսադրումներից, համբերության կոչերից։ Անգամ հեռուստաէկրաններից չեն ուզում տեսնել երկրի հիմնախնդիրները լուսանցքած վարչապետին, լսել նրա հոգեկան խռովքը՝ շաղախված փողոցային արտահայտություններով և համաճարակին վերաբերող նյարդամաշ տեղեկատվությունը։ Շարքային հաղորդավարի և համաճարակաբանի դերակատարումը ձախողածին շահեկան կլինի անցումը եղանակի տեսության մեկնաբանմանը, մանավանդ, որ առայժմ չկան աղետաբեր քամիներ կամ տեղումներ հարավից, հյուսիսից, արևելքից ու արևմուտքից։
Հանրության համատարած դժգոհության ալիքով վարչապետի պաշտոնը զբաղեցրածի այժմյան լայվերն ու բրիֆինգները կորցրել են նախկին ազդեցությունը, ձևական դարձել հեռախոսակապով պատահականորեն ընտրված հպարտ քաղաքացիների հետ զազրախոսությունները թանկ ու էժանից, մեռնող-ապրողից։ Նպատակային գովազդերը առաջվանը չեն, զգոնությունն է զրոյացվել։
Պետության ղեկավարին ոչ հարիր պահվածքն ու արտահայտչաձևերը սկսել են տալ-առնել վերևներում, իրենց շրջապատում, օրենսդիր և գործադիր մարմիններում, նրա հետ ախպերացած տարբեր հարթակներում։ Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ առանձին պահվածքով են լրջացնում Փաշինյանի անլրջությունները, խոսքի ինքնարժեքը, ինչը չմատնվեց անուշադրության։ Իմա՝ զինված ուժերի շտաբի պետ Արտակ Դավթյանի, ԱԱԾ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ կապված զարգացումները։ Ավարտը պաշտոնանկություններն էին՝ պայմանավորված ոչ արդյունավետ աշխատանքով։ Գուցե պարետատան կարգ ու կանոնը շրջանցելու, գուցե այլևայլ գործոնների առկայությամբ։
Մոտեցումը՝ համաձայն նոր Հայաստանի նորագույն պատմության, պետք է որ ամեն ինչ բաց ու թափանցիկ լինի, հասանելի բոլորին և առանց խտրականության։ Այս և ականջահաճո մի քանի պատգամներ ևս լույս աշխարհ բերած կնքահայր Փաշինյանը, ցավոք, որերորդ անգամ հաստատում է, որ նախորդներից ¥վատ առումով¤ ոչնչով չի տարբերվում, որ հանրապետության 3-րդ նախագահի կոստյումը իր հագով է, տարբերությամբ՝ աստառի։ Վարչապետի շապիկին մոտ գտնվողները օժտված են առավելություններով։ Օրինակ, ինչու՞ է պաշտոնավարում աշխատակազմի իմքայլական ղեկավարը, երբ նրա ակումբում ևս, մինչև լույս, ոչ պակաս օրինախախտությամբ տժժացել են երիտասարդներ, որոնց թիվը, ըստ մեզ հասած լուրերի, կիսով չափ զիջել է գեներալի որդու հարսանիքի մասնակիցներին։ Սև-սպիտակի սահմանագիծը գնալով ավելի է ընդգծվում՝ շան տեղ չդնելով համաճարակի աղետալի վիճակն ու պարետային աբսուրդները։ Զավեշտապատում է ոչ մարդաշատ տարածքում առանց դիմակի մաքուր օդ շնչելու կամ վաղ առավոտյան դրսում զբոսնելու, սպորտով զբաղվելու արգելումը։ Նման դեպքերում նախատեսված է 10 հազարի չափով տուգանք։ Իսկ մեր ոստիկաններին Աստված տվել ու չի խնայել։ Վիճակագրությունն է ապացույցը։
Ականջդ կանչի Վալերի Օսիպյան. ամիսներ առաջ շաբաթներ շարունակ բոլորիս շուրթերին էր «ոստիկանը մերն է» կարգախոսը։ Հիմա դա իջել է ծնկից ներքև։ Հանրության վերաբերմունքը 90 աստիճանով փոխվել է վարչապետի վերջնախոսքով. «Ոստիկանությունն ուժային կառույց է և պարտավոր է ըստ անհրաժեշտության, այո, ուժ գործադրել»։ Դե, մենք էլ որպես Արևմուտքի «լավագույն» բարքերն ու օրինակները ուշիմաբար սեփականաշնորհող, անմիջապես տեղայնացնում ենք։ Օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես են չորս ոստիկաններ հնարքների գործադրմամբ բերման ենթարկում ցավից և վիրավորանքից աղերսող մի քաղաքացու, ինչ է թե դիմակ չէր կրել փողոցում։
Պարետատան որոշումների չկիրառումը կամ մասնակի կատարումը արտակարգ դրության պայմաններում, անշուշտ, անընդունելի է՝ վտանգում է առողջությանը։ Բայց եթե մարդը, առանց դիմադրության փորձի և առարկության հայտնում է իր խոնարհումը, ի՞նչ իմաստ ունի բռնության կիրառումը։ Որոշում ընդունողները, նաև իրագործողները, հաշվի առե՞լ են իրենց քայլերի բարոյասոցիալական ազդեցությունները։ Ինչպե՞ս և ու՞մ հաշվին վճարեն դիմակի չկրման տուգանքը, եթե գործազուրկ անձը կամ ընտանիքը ամիսներ շարունակ հացի խնդրով է տառապում և չգիտի՝ բախտը կբերի՞, թե՞ չի բերի համաճարակային դժոխքով «ճանապարհորդելիս»։
Որպեսզի գոնե այսուհետ զերծ մնանք անմարդասեր տուգանք-պահանջից, կառավարությունը կարող է և պարտավոր է ստացվող միլիոնավոր օգնությունների և ներքին ռեզերվների շնորհիվ անվճար դիմակներ տրամադրել անապահով ընտանիքներին, ռիսկային խմբում գտնվող մարդկանց, սոցիալապես խոցելի շերտերին։
Հուսանք, որ արտակարգ դրության երկարացման պարագայում կվերանայվեն, կփոխվեն պայմաններն ու մոտեցումները։ Իշխանությունները պետք է գործեն խելամտորեն, դիտարկեն չորով կիրառվող տույժ-տուգանքի գործիքակազմը, ինչպես նաև ուժի գործադրման անհրաժեշտությունը, միջոցներն ու ձևերը։ Դատապարտված են դա անելու, եթե իրենց նպատակները քաղաքական չեն։ Եթե ունակ են ապացուցելու, որ հանրապետության գլխավոր դատախազը, համաճարակաբանը, արտիստը, հաղորդավարը, ոստիկանապետը, ԱԱԾ-ի տնօրենը... մեր երկրի խիղճն ու սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը չէ։
Օրենքը վերաբերում է բոլորին և բոլորը հավասար են օրենքի առաջ՝ վարչապետից սկսած, օդանավակայանում թռիչքի սպասող վերջին մարդով վերջացրած։ Պատասխանատու են անխտիր բոլորը՝ յուրաքանչյուրն իր արած-չարածի չափով։
Ոստիկանությունը, իրոք, պետք է մերը լինի, ծառայի ժողովրդին, օգնի նրանց, ովքեր տվյալ պահին ունեն աջակցության, ուղղորդման կարիք, ոչ թե տեղաշարժվեն մեկի թելադրանք-ցանկությամբ կամ պատժեն ցանկացածի՝ դիմակ չկրելու համար, այն էլ ամերիկյան տարբերակով՝ փռեն ասֆալտին և ոտքով ճզմեն կոկորդը։
Իսկ եթե թավշյա հեղափոխության ծնունդ համարվող դուխը տվել-անցել է բոլորին և ամեն ինչում, թող այդպես լինի, բայց՝ իրավաչափ, օրենքի շրջանակներում։ Որպես 3 մլն վարչապետերից մեկը, ինձ անհավատալի պաշտոն ընծայածին հորդորում եմ.
-Եթե առաջվա նման դուխով եք, հանձնարարեք Ձեր ընկեր, նորանշանակ ոստիկանապետին, որ նա այսօրվանից բերման ենթարկի բոլոր նրանց, ովքեր օրինախախտություններ են թույլ տվել և շարունակում են չենթարկվել պարետատան կանոններին։ Որպես սթափության նմուշի մի ձև, եթե ի տես է դարձվում դիմակ չկրողի օրինակը, վստահ եմ, շատ ավելի ազդեցիկ և տեղին կլինի մեկ այլ հիշեցում։ Առաջին այցը ոստիկանապետը թող սկսի վերևներից, իմքայլական պաշտոնյաներից։ Գնա ու կաբինետում «ասֆալտին» փռի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կասկածից վեր է, չէ՞, որ դատարանի վճիռը ավելին է ու պակաս չէ պարետի հաստատած կանոններից։
Եվ ուրեմն՝ ձկան գլուխները թողած թեփուկներին անցնելը հեղափոխական չէ։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Նյութը խմբագրությունում ստացվել էր ավելի վաղ, քան Արսեն Թորոսյանի ուշացած, անհասցե, ընդհանրական և կիսաբերան ներողության նման ձևակերպումը։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ