Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
10.04.2020 | 13:14
Մեր իրարամերժ իրականության մեջ դիլեմայի հասնող և դրա շուրջ ընթացող «սուսերախոցումների» մրցավազքը քաղաքական դաշտում նորություն չէ։ Եթե ոչ վաղ անցյալում դա մոդայիկ էր, ինքնադրսևորման ձևերից մեկը, ապա այսօր սովորական է դարձել, կորոնավիրուսային։
Իմքայլականների կարկառուն և «չոչ անող» ներկայացուցիչներից ոմանք, ինչպես հանրապետականների ժամանակ էր, պահի «հրամայականով» քափ-քրտինքի մեջ կորած ջանում են հանրությանն ապացուցել վաղու՜ց ապացուցվածը, շարքային ցանկացած միջոցառում որակում «աննախադեպ» և ինքնապնդմամբ բավարարվում, որ, այո՛, մածունը կարող է և ...սև լինել։ Ընդդիմությունն էլ իր հերթին է մեկ-մեկ գլուխ բարձրացնում` ընդունելով նետված ձեռնոցը, հակահնարքներով փորձում «գետնել» քայլ արածներին, որպեսզի ինքն էլ ոչ պակաս պուպուշ երևա։
Բևեռների բաժանված քաղաքական ուժերի զինանոցն ու նպատակը երբեք թաքնված չեն եղել սարերից անդին, առավել ևս հիմա։ Հեղափոխությամբ և այլ գործոններով պայմանավորված իշխանության եկած իմքայլականներն ամեն կերպ ձգտում են, ինչը և բնական է, անառիկ պահել գրաված դիրքերը կամ որ նույն է` ժողովրդի մատուցածը, իսկ ընդդիմությունը, ինչպես միշտ և ամենուրեք` նվաճել բաղձալի բարձունքը։
Ցանկությունների այս շղթայում, երբ առկա կտրտվածությունները չեն հանգուցալուծվում տարաբնույթ պատճառներով, հասկանալ կարելի է, բայց որ ֆորսմաժորային իրավիճակում քաղաքական փոքրամասնության ձայնը պատնեշապատվում և ի տես են դարձվում առավելություն համարվող լոկ թվաքանակային կշռաքարերը, բայց ոչ որակը, դիտարկվող օրախնդիրների իմաստը դառնում է անիմաստ, չընկալվող, իսկ ավելի ճիշտ` հավատ չներշնչող։ Մենք հերթական անգամ դրա ականատեսը եղանք ԱԺ-ում կառավարության օրինագծի քննարկմանը։
Ըստ խորհրդարանական մեծամասնության, համաճարակի տարածումը կանխելու միջոցառումներից կարևոր համարվող տարբերակը` հեռախոսազանգերի ֆիքսումով քաղաքացու տեղաշարժին հետևելը, անվերապահորեն ահազանգ-զգուշացում է` խուսափել կորոնավիրուսակրից, և փրկօղակ` միտված մարդկային կյանքեր փրկելուն։ Արի ու տես, սա ոչ միայն չընդունվեց առաջին ընթերցմամբ, այլև տարատեսակ ընկալումների, կասկածանքը չփարատող արդարացումների ու հարցադրումների խուրձ առաջացրեց. մարդու իրավունքների տիրույթ մտնելը որքանո՞վ է իրավաչափ, արդյո՞ք անձնական տվյալների հավաքագրման բազան չի փոխանցվի այլ մարմինների և չի օգտագործվի ի չարս, ի՞նչ երաշխիք, որ արտակարգ դրությունից հետո դրանք ոչնչացվելու են, մարդկանց տեղորոշումը բավարա՞ր է վիրուսակրին բացահայտելու համար...
Հարցադրումների հեղինակ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արտահերթի հաջորդ նիստին մասնակցելու հնարավորություն չունեցան` հավուր պատշաճի չիրազեկման պատճառով։ Նեղսրտած և գործընկերների վարվելակերպին ամոթանք տվող Էդմոն Մարուքյանը հեռահար պարզաբանում տվեց. «Աշխարհում ընդունված պրակտիկա է. եթե օրենսդիրը մերժում է գործադիրի ներկայացրած նախագիծը, այն ափալ-թափալ չի ընդունվում։ Մենք նպատակահարմար չենք համարել նիստին մասնակցել չնախապատրաստված։ Անիմաստ է...»։
ԱԺ նախագահի հակադարձումը չուշացավ. «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացվել է նույն ժամանակահատվածում, բայց, ինչպես տեսնում եք, ներկայացել են։ Պատրաստվելու կարիք բացարձակ չկար, քանի որ նախագծի բովանդակությունը բոլորին հայտնի է և չկա մի ստորակետի փոփոխություն»։
Իսկ մինչ ընդդիմադիրների քայլը բոյկոտ որակելը, ԱԺ-ում բառային ֆոնդի տիրապետման մրցույթն արդեն կայացած էր։
Մտահոգության տեղիք տվող հարցերին հիմնավոր և հավաստիացնող պատասխանները մի կողմ թողած, իմքայլականների գերխնդիրն առաջին պլանում քաղաքական դիմագծի ընդգծումն էր։ Ոգևորողների և ոգևորվողների «դուխը» թույլ տվեց մոռանալ իրենց գտնվելու տեղն ու ով լինելը։ Մեկը նույնիսկ զոռ տալով լեզվին, ոտնահարեց տարրական էթիկայի նորմերն ու փորձեց հերոսանալ շեֆի աչքում. «Հանրապետականների վերջին թափթփուկներից սկսած մինչև...»։ Այսօր դժվար թե գտնվի մի մարդ, որ նախորդ իշխանությունների կարոտախտից գլխապտույտ ձեռք բերի։ Բայց դա ամենևին էլ թույլ չի տալիս ընդամենը 150 կմ հետագիծ-անցյալ ունեցող, երկրի համար ոչինչ չարած ու բախտի քմահաճույքով խորհրդարանում հայտնված, բայց այդպես էլ անհայտ մնացած ոմն երեսփոխանի անցնել պարկեշտության սահմանը։
Բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել ու... ինչպես վկայում են ամենօրյա զարգացումները` փոխվելու ընթացքում է։ Եվ այդ «ընթացքն» արդեն անտանելի է դառնում։ Զավեշտ է հանրապետության գլխավոր դատախազին, դատավորին, տնտեսագետին, ոստիկանապետին, լրատուին... նաև գլխավոր համաճարակաբանին մեկում տեսնելը։ Հանրությունը մինչև ե՞րբ է մարսելու պոպուլիզմը, պրիմիտիվ PR-ը, ինքնագովեստը. «Կառավարության ջանքերն արդյունավետ են, ձեռնարկած 9 միջոցառումները` նպատակային»... ՈՒ այս խճողակում սպանիչ է երկրի թիվ 1 պոպուլիստի` իմա` Նիկոլ Փաշինյանի զարմանքը, թե մեզանում կան օրավարձով աշխատողներ, 40-50 հազար դրամով ապրող ընտանիքներ, վարկերի հաշվին գոյատևող հպարտ քաղաքացիներ, կամ հալած յուղի տեղ չընդունված մեկ այլ «հստակեցում». «70 % ձայն ստացած լիգիտիմ իշխանությունն ի՞նչ խնդիր ունի հավելյալ գործիքների ներգրավմամբ գաղտնալսումներ կատարելու, երբ ՀՀ օրենքը դա թույլ է տալիս։ ՈՒնենք համապատասխան կառույցներ, որ դա արել են և անելու են»։
Հեռախոսազանգերն անշառ լսել-գաղտնալսելու երկվությունում անվերապահորեն ու՞մ հավատաս։ Հանրապետության պարետատան պատասխանատուն վստահեցնում է, թե օրենքի նախագիծը միանշանակ ընդունելի է, և կանխարգելիչ այդ միջոցը դրական արդյունք է տվել մի քանի երկրներում։ Գործընթացը բացառում է մարդու միջամտությունը, այն ամբողջովին հսկվում-վերլուծվում է ավտոմատ համակարգով, ախտորոշումը` էֆեկտիվ է և առանց ֆինանսական միջոցների ներդրման։ ՈՒ թեև այստեղ էլ մի նոր հարց ծագեց ոչ սենսորային հեռախոսները սմարթֆոններով փոխարինելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, Տիգրան Ավինյանի «խրոխտ» վերջակետումը հիշեցրեց բրեժնևյան տարիների կուսակցական ժողովը, որը սկսվում և ավարտվում էր բուռն, երկարատև ծափահարություններով։ Փա՜ռք Աստծո, որ այն կայացավ ոչ հոտնկայս։
Տարակարծիքներ առաջացնող խնդրին, կարծում եմ, միամիտ ազնվությամբ անդրադարձավ (նաև առանձնացավ) Արարատ Միրզոյանը. «Մենք կորցնում ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկային կյանքը»։ Հեղինակության առումով շատերն են համակարծիք, թեև փաստը վշտացնող է, նոր քայլերի տեղիք տվող։ Իսկ կյանքերի հետ կապված... դարձյալ առաջ է գալիս մարուքյանական հարցադրումը։ Որ կյանքեր փրկողները դուք էիք, ինչու՞ ժամանակին չփակեցիք Իրանի սահմանը, չչեղարկեցիք Միլան-Երևան չվերթը։ Որ կյանքեր փրկողները դուք էիք, ինչու՞ արգելեցիք անձնական օգտագործման մեքենայով մեկից ավելի ուղևորափոխադրումը, բայց հասարակական տրանսպորտը գործեց առանց սահմանափակումների։ Որ կյանքեր փրկողները Դուք էիք, ինչու՞ շարունակեցիք քարոզարշավը, երբ արդեն վիրուսակիր ունեիք։ Որտեղի՞ց մարգարեություն, որ պինցետով ու թթի օղիով «շուն շան որդի կորոնավիրուսին» կարող ենք դեն նետել, իսկ շաբաթներ անց, վարակվածության ցուցանիշով տարածաշրջանում հայտնվեցինք 2-րդ տեղում` Իրանից հետո։ ՈՒ հիմա ունենք այն, ինչն առկա է։ Պետք չէ կույր լինել ոչինչ չնկատելու համար։ Գիշեր-ցերեկ աշխատող օրենսդիր և գործադիր մարմիններն անում են այն ամենը, ինչի ընդունակ են։ Ավելին չեն կարող, քանի դեռ հակված են միմիայն իմքայլականների թիմով հաղթահարելու արհավիրքը։ Անհնար է։ Չունեն ոչ փորձ, ոչ անհրաժշտ գիտելիքներ` արտակարգ իրավիճակներում արտակարգ և կոնկրետ որոշումներ կայացնելու։ Չեն հաջողի, քանի դեռ գնում են երևույթների հետևից, մեկնաբանություններն ու լայքերը հաշվել-համադրելով։ Ի զորու չեն շախմատիստի նման կանխապես հաշվարկներ անելու, դիրքեր վերլուծելու։ Չարեցիր` ուրեմն ո՛չ կհաղթես, ո՛չ էլ խաղաղ արդյունք կգրանցես։ Այդպես էլ թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղերում։
Հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ դեռևս պարզ չէ, թե ինչ ուղղությամբ ենք ընթանալու։ Նախընտրում ենք մարդկային գործո՞նը որպես առաջնային և մեծագույն արժեք, թե՞ կորուստներ տալով տնտեսությանն ուղղված գործնական քայլերը, որոնք հնարավորություն են ընձեռելու լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներ և նոր ձևավորվող աշխարհում մեր արևոտ տեղն ունենալ։
Որքանո՞վ է իրատեսական երկու հիմնահարցերի զուգահեռաբար իրագործումը։ Հնարավոր է։ Բայց չստացվի այնպես, ինչպես 1990-ին։ Հորինեցինք «Մեր տունը մենք ենք կառուցելու» անխոհեմ կարգախոսը և Խորհրդային Միության տարբեր ծագերից օգնության եկած շինարարներին սկսեցինք արտաքսել` վիժեցնելով 3-4 տարվա ռեալ ծրագիրը։ Արդյունքում... 30 տարի է դեռևս չենք վերացրել «աղետի գոտի» հասկացությունը։
Թվում է Փաշինյանի կառավարությունն առայժմ այս ճանապարհով է գնում, գոհանում, փոքրիկ տեղաշարժերով, բարոյական հաղթանակներ գրանցում հանրության այն հատվածում, որտեղ դեռևս կիսվում է մերժել սրան կամ նրան գաղափարախոսությունը։
COVID-19-ը ոչ պակաս չարիք է։ Ավելին։ Փսիխոզի մեջ է ամբողջ աշխարհը։ Եվ որքան էլ մոտալուտ լինի վիրուսի ավարտը, միևնույն է, հետևանքները երկար են տևելու, դառնությունը զգալու ենք բոլորս, բոլոր ոլորտներում, նաև մեր մաշկի վրա` առողջապես։
Միավորվել, միատեղվել, վեր կանգնել անձնական ամբիցիաներից, ներկուսակցական շահերից, քաղաքական տարաձայնություններից. սա է հրամայականը, ու դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը։ Սառը դատողությամբ մտածելու քիչ ժամանակ կա, և պահն է ականջին օղ անելու «Ավելի լավ է մարդ խելացի թշնամի ունենա, քան տգետ բարեկամ» իմաստուն խոսքը։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ.Գ. Հետևելով Նիկոլ Փաշինյանի շուրջ 3,5 ժամ տևած Facebook-յան լայվին (շա՜տ էր պրիմիտիվ, ծանծաղ ու ստով գերհագեցած) ինձ զգացի մեկ դերասանի (վա՜տ դերասանի) թատրոնում։ Դերասանն անվերջ մանևրում էր, բացահայտ կեղծում։ Խեղդում էր պոպուլիզմը։ Ի դեպ, քաղաքականության մեջ պոպուլիզմը ազդեցիկ զենք է, բայց դրանով ո՛չ տնտեսություն կզարգացնես, ո՛չ աղքատների օրեցօր ստվարացող բանակը կկերակրես, ո՛չ էլ երկիր կկառուցես։ Մի բան է ընդդիմադիր պոպուլիզմը, մի այլ բան, երբ իշխանության ղեկին ես ու գործը (գիտակցաբար թե անգիտակցաբար) շփոթում ես պոպուլիզմի հետ։
Ներկայիս խելահեղ խառնափնթորում, երբ դժվար է միմյանցից զատել ցորենն ու որոմը, չի՛ կարելի անվերջ «գործել» «ամենա… ամենա… ամենա…»-ի, ասել է՝ անսխալականի, ամենագետի ու ամենակարողի դիրքերից։ Առավել ևս, երբ ցանկություններդ ու ռեալ հնարավորություններդ չեն համընկնում։
Կործանարար ընտրություն է, լի ողբերգական հետևանքներով։ Ժողովուրդն այնքա՜ն արագ է կերպարանափոխվում, իմա՝ վերածվում ամբոխի…
Ամբոխի սիրած գործը միջակություններից կուռքեր սարքելն ու «եղջյուրներից վեր բարձրացնելն է», այնպիսի գլխապտույտ բարձունքների հասցնելը, որ…
…Իսկ անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում։ Ամբոխը սիրում է «ոսկե հորթը» պատվանդան հանել, հետո վար բերել ու ոտքերի տակ ջարդուփշուր անել։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ