Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գերգեսացի դիվահարի բժշկումը

Գերգեսացի դիվահարի բժշկումը
19.10.2012 | 12:11

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Դիվահարության մասին պատմությունները, որ կարդում ենք ավետարանում, շատերին առտնին, իրական կյանքից շա՜տ հեռու են թվում։ Մինչդեռ այդ ամենը մեզ շա՜տ մոտ կարող է լինել։ Մարդը, ում մասին պատմվում է ավետարանում, ողջ գիտակցությամբ և մարմնով բռնված էր սարսափելի, կործանարար այնպիսի զորությամբ, որ մարդկային որևէ ճիգ կամ հնարք չէին կարողանում կապել նրան, նա պոկոտում էր բոլոր կապանքները, ազատվում էր այն բոլոր սահմանափակումներից, որոնք փորձում էին դնել նրա վրա, փախչում էր անապատ, բոլորից հեռու, և ապրում էր գերեզմանների մեջ, որտեղ ոչինչ չի մնում մարդուց, բացի մեռած ոսկրերից ու մահվան մասին հիշողությունից։
Բայց արդյո՞ք մենք էլ բռնված չենք, շղթայված չենք, կապված չենք, մի՞թե մենք էլ չենք առաջնորդվում հոգու և մարմնի մռայլ ու մութ շարժումներով։ Արդյոք մեզնից որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ իրեն երբեք չեն տիրում չարությունն ու ցասումը, որ բոլորի նկատմամբ չի համակվում թշնամանքով, որ իր սրտի, ուղեղի, մարմնի մեջ չեն թափանցում տարօրինակ մթագնում ու զայրույթ։ Եվ ինչքան ջանք են գործադրում մեզ շրջապատողները, որ խաղաղեցնեն, խելքի բերեն, հանգստացնեն մեզ, երբեմն էլ մխիթարեն մեզ համակած ցավից։ Բայց մենք պոկում ենք բոլոր շղթաները, մենք անհետանում ենք հեռվում, երես շուռ տալիս հարազատներից և աստիճանաբար մխրճվում այն խորքերը, որտեղ մարդուց ոչինչ չի մնում, միայն մահ է ու կործանում։
Եվ ահա գերգեսացի դիվահարի պատմության օրինակով տեսնում ենք, թե ինչպես Քրիստոս եկավ, ինչպես Նրա առաջ կանգնեց մոլագարը, որին մենք երբեմն այդքան նմանվում ենք, և հարցրեց միակ իսկական Մարդուն` Հիսուսին. «Ինչ ընդհանուր բան կա Քո և իմ միջև, ինչո՞ւ ես եկել ինձ մոտ։ Ինչո՞ւ ես ցանկանում տանջել ինձ»։ Իսկ Հիսուսը կարգադրեց չար, կործանարար զորությանը հեռանալ այդ մարդուց։ Եվ պայծառացավ հիվանդի ուղեղն ու խաղաղվեց սիրտը, նա մարդ դարձավ և Քրիստոսի հենց ոտքերի մոտ սկսեց լսել կյանքի խոսքը։
Մենք բոլորս այդպես կարող ենք մոտենալ Քրիստոսին, մենք կարող ենք Նրան մոտենալ աղոթքի մեջ, մենք կարող ենք Նրան մոտենալ խորհուրդների պահին` այդ հզոր, անհաղթահարելի աստվածային գործողությունների պահերին, ու դառնալ ազատ, ազատագրված կործանման բոլոր զորություններից, մեր մեջ միայն կարողանանք մնալ Քրիստոսի հետ, միայն ստանանք բժշկություն, միայն չվերադառնանք այն բանին, ինչը մեզ թունավորում է և քայքայում, միայն գնանք աշխարհ որպես Տիրոջ վկաներ։
Հենց այդ պատճառով էլ դիվահարի պատմությունը չպետք է կարդանք այնպես, ասես այն ոչ մի կապ չունի մեզ հետ։ Պետք է գիտակցենք, որ այն մեզ վերաբերում է անմիջականորեն։ Հասկանանք ու զննենք ինքներս մեզ. մեր մեջ ի՞նչն է այդքան մռայլեցնում միտքը, խավարեցնում մեր սիրտը, ուղղորդում մեր կամքը չարագործության, մեր խոսքերը դարձնում փտած, խայթող, սարսափելի, մեռցնող, մեր գործողությունները վերածում քանդող ուժի։ Եվ ինչպես մոլագարը, մենք էլ գնանք Քրիստոսի մոտ` խոստովանությամբ, հաղորդությամբ, օծվելով սուրբ մեռոնով, աղոթելիս խնդրել նաև մեր հարազատներին, որ աղոթեն մեզ համար, որպեսզի բժշկվենք։ Ամեն։
Հրապարակման պատրաստեց


Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ