Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մահ` բժիշկների՞ պատճառով, թե՞...

Մահ` բժիշկների՞ պատճառով, թե՞...
05.09.2008 | 00:00

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
2007 թ. ապրիլի 16-ին, ժամը 17.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացավ Ֆելիքս Կարապետյանը։ Մահվան պատճառները փորձել են պարզել մի քանի դատաբժշկական փորձաքննություն, Նոր Նորքի քննչական բաժինը, կան եզրակացություններ (նաև իրար հակասող), սակայն Ֆելիքս Կարապետյանի այրին՝ Կարինե Բադալյանը, այնուամենայնիվ, համոզված է, որ ամուսնու մահվան պատճառը եղել է բժշկական սխալը։
2007 թ. ապրիլի 12-ին Ֆելիքս Կարապետյանը որովայնի շրջանում ցավերի գանգատով դիմել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Զախար Ազնաուրյանի հետազոտությունների ընթացքում հիվանդի լեղապարկում հայտնաբերվել է քար, բայց Ֆ. Կարապետյանը հրաժարվել է վիրահատությունից և խնդրել նշանակել ցավազրկող ներարկումներ։ Վիրաբույժ Զ. Ազնաուրյանի ներարկումներից մեկը ճակատագրական է լինում Ֆ. Կարապետյանի համար։ Հերթական երակային ցավազրկող սրսկումից հիվանդը սուր ցավեր է զգացել թեև, սակայն վերադարձել է տուն։ Ընդամենը մեկ օր անց Ֆ. Կարապետյանը շտապօգնության մեքենայով դարձյալ բերվում է հիվանդանոց, ընդունվում վերակենդանացման բաժանմունք, այս անգամ «պարոքսիզմալ տախիկարդիա, լյարդի ցիռոզ սրացման շրջանում» ախտորոշմամբ։ Առաջարկվել է վիրահատական միջամտություն, որից դարձյալ հիվանդն ու հարազատները կտրականապես հրաժարվել են։ Հաջորդ օրը՝ արդեն ապրիլի 15-ին, Ֆելիքս Կարապետյանը կրկին ընդունվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ այս անգամ աջ թևի նախաբազկի շրջանում այտուցման և ուժեղ ցավերի գանգատով։ Ֆ. Կարապետյանի մոտ ախտորոշվել է «աջ նախաբազկի ֆլեգմոնա»։ Ելնելով հիվանդի ծայրահեղ ծանր վիճակից՝ հրավիրվել է կոնսիլիում, և Զ. Ազնաուրյանի կողմից կատարվել է վիրահատություն։ Ընդամենը մի քանի ժամ անց Ֆ. Կարապետյանը մահացել է։
Ավան և Նոր Նորք համայնքների դատախազությունում նախապատրաստված նյութերով նշանակված Ֆ. Կարապետյանի դիակի դատաբժշկական փորձաքննության համաձայն` նրա մահը հետևանք է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, որն էլ պայմանավորված է եղել աջ նախաբազկի ֆլեգմոնայով և հյուսվածքների նեկրոզով։
Եվս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նույնպես նույն եզրակացությունն է տվել՝ նշելով. «Աջ նախաբազկի ֆլեգմոնան առաջացել է նախաբազկի շրջանում ոչ ճիշտ ներերակային ներարկման հետևանքով։ Բուժման ընթացքում վիրաբույժների կողմից թույլ է տրվել սխալ, որը ֆլեգմոնայի ոչ ժամանակին ախտորոշումն ու ուշ բացահայտումն է։ Ֆլեգմոնայի ուշ բացահայտումը և ոչ նպատակասլաց բուժումը բերել են պրոցեսի խորացման, ինչը կենդանության օրոք առողջությանը պատճառել է ծանր վնաս և բերել է մահվան»։
Փաստի առթիվ 26.07.2007 թ. Ավան և Նոր Նորք համայնքների դատախազությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, և կատարվել է նախաքննություն։ Նշանակվել է լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ «Ֆ. Կարապետյանի հիվանդանոց ընդունվելուց հետո կատարված բուժական միջոցառումները եղել են ճիշտ, սակայն թերի, ոչ բավարար և ոչ լիարժեք ծավալով»։ Համաձայն չլինելով եզրակացության հետ՝ վիրաբույժ Զ. Ազնաուրյանը հակառակն է պնդում, նշելով, որ բժշկական սխալ այս դեպքում գոյություն չունի։ Եվ դարձյալ` հերթական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, որը հանձնարարվեց առողջապահության նախարարությանը։ Նախարարության մասնագետները հակառակ եզրակացությունը տվեցին. Ֆ. Կարապետյանի բժշկական միջոցառումները կատարվել են ճիշտ և լիարժեք, բժշկական սխալներ թույլ չեն տրվել։ Մահվան պատճառ են դարձել լյարդի քրոնիկ ցիռոզը, հեպատիտ C-ն և դրանցից առաջացած բարդությունները։
Ֆ. Կարապետյանի այրին չի հավատում վերջին փորձաքննությունների եզրակացություններին և համոզված է, որ ամուսնու մահվան պատճառը Զ. Ազնաուրյանի սխալ ներարկումն էր։ Ի դեպ, վիրաբույժ Ազնաուրյանից դժգոհողներ, պարզվում է, շատ են եղել։ Ֆ. Կարապետյանի մահից հետո նա ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից, սակայն Կարինե Բադալյանը տեղեկացնում է, որ Ազնաուրյանն այսօր աշխատում է մեկ այլ հիվանդանոցում և շարունակում է վիրահատություններ կատարել։ Մինչդեռ նման մասնագետները պետք է որակազրկվեն և չփորձեն խաղալ մարդկանց ճակատագրի հետ։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. -«Իրավունքը de facto»-ն ներկայացրեց Ֆ. Կարապետյանի կնոջ տեսակետն ամուսնու մահվան պատճառների մասին։ Մենք պատրաստ ենք ներկայացնելու նաև բժիշկների կարծիքը։

Դիտվել է՝ 10158

Մեկնաբանություններ