Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Որոշիչ են լավ մարզիչն ու ճիշտ աշխատաոճը»

 «Որոշիչ են լավ մարզիչն ու ճիշտ աշխատաոճը»
05.08.2008 | 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՍՏՂԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երկօրյա մասնավոր այցով Երևանում էր գտնվում համաշխարհային ֆուտբոլի ամենավառ անհատականություններից մեկը՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին առանցքային խաղացող ՔՐԻՍՏՈՖԵՐ ԿԱՐԵՄԲՅՈՒՆ, ում թեթև ձեռքով ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ, որպես Հայաստանի հավաքականի հակառակորդ, զամբյուղից հանվեց Թուրքիայի հավաքականի համարանիշով գնդակը։ Նշանավոր ֆուտբոլիստին և նրա քրոջը՝ Անդրիանային, հանդիպեցինք «Զվարթնոց» օդակայանում։
-Երևանում ենք, քանի որ իմ ամենալավ ընկերը՝ Պետրոս Արթինյանը, որոշել է ամուսնանալ։ Եկել եմ տեսնեմ՝ համոզվա՞ծ է Պետրոսը, որ հանձինս Ռուզաննայի ճիշտ ընտրություն է կատարել։ Չէ՞ որ մարդը միայն մեկ անգամ է ամուսնանում։
-Եվ ի՞նչ, ճշտեցի՞ք։
-Կարծում եմ՝ այո։ Բացի այդ, շատ եմ ուզում տեսնել, թե Հայաստանում ինչպես են հարսանիք անում։ Անկեղծորեն՝ դա ինձ շատ է հետաքրքրում։ Հուսով եմ, նաև կհասցնեմ հայկական պարեր սովորել։ Դրանք անպայման Ֆրանսիայում պետք կգան, մանավանդ որ հայ բարեկամներ շատ ունեմ, որոնց հետ շփվելն ինձ մեծագույն հաճույք և բավականություն է պատճառում։
-Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվականին կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ մեզ համար ոչ այնքան ցանկալի մրցակից բաժին հանեցիք,- կատակեցի ես։
-Դե, գիտե՞ք, դա արդեն Աստծո ձեռքի գործն է։ Բայց նաև համոզված եմ, որ սպորտը ժողովուրդների մերձեցման, բարեկամության ամրապնդման լավագույն միջոց է, որն արտահայտվում է ոչ միայն խաղադաշտում, այլև նրա սահմաններից դուրս։
-Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Դուք առիթ եք ունեցել հանդիպելու Հայաստանի հավաքականի հետ։ Ի՞նչ կարծիք ունեք մեր ֆուտբոլի մասին։
-Դուք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեք, միայն անհրաժեշտ է, որ նաև լավ մարզիչ և ճիշտ աշխատաոճ լինի, որպեսզի այդ ֆուտբոլիստները կարողանան դրսևորել իրենց ողջ ունակությունները։ Իբրև օրինակ կարող եմ բերել Յուրի Ջորկաեֆին և Ալեն Պողոսյանին, որոնք հոյակապ մարզական կրթություն են ստացել և հայտնի են ողջ աշխարհում։ Եվ քանի որ նման տաղանդավոր հայրենակիցներ ունենք, այստեղ չեմ կարող չնշել նաև նշանավոր Շառլ Ազնավուրին, որը շատ մեծ համբավ ունի, և նրանով ամենուրեք ճանաչում են Հայաստանը, ինչը Ձեր երկրի համար շատ լավ գովազդ է, նշանակում է, այդ կայծը գալիս է Ձեր գեներով։
Դուք ճիշտ եք. 1999-ին ես Հայաստանում էի և տեսա, թե ինչ ծանր պայմաններ էին այստեղ, սակայն այժմ գիտեմ, նաև լսել եմ, որ երկրի վիճակը գնալով լավանում է, և դա կօգնի, որ հայկական ֆուտբոլն էլ զարգանա ու բարգավաճի։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ձեր հավաքականը մի շարք հաջող հանդիպումներ անցկացրեց, ինչը խոսքերիս հավաստումն է։
-Դուք դիտե՞լ եք Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։
-Ցավոք, ոչ, բայց 1։1 հաշիվն արդեն ամեն ինչ ասում է։ Ի դեպ, Ձեզ շատ լավ նորություն ունեմ հաղորդելու։ Օրերս Ֆրանսիայի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Ալեն Պողոսյանը, ինչը, անշուշտ, շատ մեծ վստահության նշան է։ Ինչ վերաբերում է Ջորկաեֆին, ապա նրա հետ հեռուստատեսությամբ շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացնում, որին ֆուտբոլիստներն սպասում են անհամբերությամբ։
-Ֆուտբոլիստ Կարեմբյուն այն, ինչ երազում էր, իրականացրե՞ց, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ բան կիսատ մնաց։
-Իհարկե, ոչ մի բան կատարյալ չի լինում, բայց այն, ինչ Աստված ինձ տվել է, դրա համար էլ շատ ուրախ եմ և անչափ շնորհակալ։
-Այժմ ինչո՞վ եք զբաղված։
-Աշխատում եմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում։ Հուսով եմ, որ ապագայի ֆուտբոլը կլինի հույսի, բարի նպատակների իրականացման, մարդկանց մերձեցնելու լավագույն միջոց, ինչը մեր գլխավոր նպատակն է և ՖԻՖԱ-ի գլխավոր ծրագրերից մեկը։
-Իսկ մարզչական աշխատանքի մասին չե՞ք մտածում։
-Անշուշտ, մտածում եմ, և մի օր դա անպայման տեղի կունենա, բայց քանի դեռ երիտասարդ եմ, ցանկանում եմ, որքան հնարավոր է, շատ ճանապարհորդել։
-Իսկ չէի՞ք ցանկանա ապագայում համագործակցել Հայաստանի հետ։
-Իհարկե, շատ կցանկանայի որոշ գործնական հարաբերություններ ստեղծել, բայց հիմա, գիտեք, թե ինչ նպատակով եմ եկել և վստահ եմ՝ շատ լավ ժամանակ կանցկացնեմ։
-Պարոն Կարեմբյու, վերջում ի՞նչ կցանկանայիք Հայաստանին և, իհարկե, նորապսակներին։
-Վայելեք ի վերուստ տրված երջանկությունը և բոլոր-բոլոր բարիքները։
Զրուցեց Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5833

Մեկնաբանություններ