Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճշմարտության գիտակցման պահը

Ճշմարտության գիտակցման պահը
29.08.2008 | 00:00

ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ պետությունների ու ժողովուրդների ճակատագրական ներքաշումը պատերազմի մեջ սկզբունքորեն երբեք էլ կախված չի եղել առանձին քաղաքական գործիչների կամքից։ Թեկուզ և նրանք բոլորը, որպես կանոն, միշտ համարում են, թե ղեկավարում են իրադարձությունները, սակայն իրականում գործընթացները զարգանում են իրենց տրամաբանության համապատասխան և հանդիսանում հետևանք շատ անսպասելի և նույնիսկ առաջին հայացքից աննկատ իրադարձությունների։
Զուգահեռներ չանցկացնելով առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հրահրման հետ, այնուհանդերձ, դժվար է անտեսել այն հանգամանքը, որ վրաց-ռուսական վերջին պատերազմի պատճառով առաջին անգամ Սև ծովում հայտնվեցին արևմտյան տերությունների զրահանավերը, իսկ Ռուսաստանը նրանց «դիմավորելու» ուղարկեց «Մոսկվա» ատոմային զրահակիրը։ Ինչ վերաբերում է այն հայտնի իրողությանը, որ պատերազմների հրահրման համար առիթ է անհրաժեշտ, ապա չմոռանանք, որ այսօր աշխարհում քիչ չեն առանց բարդույթների տղաները, ովքեր հաճույքով պատրաստ են ապահովելու այս խնդրի «իրագործումը»։ Միգուցե վերոնշյալն առաջին հայացքից կարող է թվալ ռազմական ֆանտաստիկայի դրսևորում, բայց, այնուհանդերձ, ո՞վ կարող է երաշխավորել, որ մոտ ապագայում նման մի բան տեղի չի ունենա։ Մանավանդ որ վրաց-ռուսական հակամարտության մասնակից բոլոր պետությունների քաղաքացիներն արդեն վարակված են ռազմական տենդի վիրուսով, իսկ առավել քան համարձակություն ձեռք բերած Ռուսաստանը, տարբեր տվյալներով, նույնիսկ տասը հազար ատոմային մարտագլխիկ ունի։
Այսպիսով, մենք դառնում ենք ականատեսն այն իրողության, որ Կովկասի, կասպյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի պատմությունը կրկնվում է նախկին իրավիճակի կրկնակի ուժգնությամբ։ Այսօր Ռուսաստան-Արևմուտք հակադրությունն այս դաշտում նույնքան բարդ է և անզիջում, որքան 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանը բախվեց բրիտանական կայսրության ձևավորած դաշինքների հետ, և այդ բախումը երբեմն վերաճում էր ուղղակի ռազմական գործողությունների։ Ռուս-անգլիական այդ մրցակցությունը պատմության մեջ մտավ «Մեծ խաղ» անվանումով, սակայն այսօրվա նոր խաղերը տարածաշրջանի համար կարող են ունենալ ոչ միայն տհաճ, այլև ուղղակիորեն շատ վտանգավոր հետևանքներ։ Թերևս պատահական չէ, որ վրաց-ռուսական հակամարտության այս ամբողջ ամսվա ընթացքում բոլոր վերլուծական կանխատեսումների առաջնորդողներում ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան վերլուծաբանները կարծես «պատահաբար» հիշեցնում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին։
Այսպես, գերմանական «Թայգեսցայտունգ» պարբերականը ներկայացրել է բավական հետաքրքիր մի դիտարկում. «Մինչ օրս շատ քիչ է ուշադրություն դարձվել այն հանգամանքին, որ Ղարաբաղը նույնպես կարող էր դառնալ Վրաստանում պատերազմի սկզբնավորման պատճառ։ Բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանը հուսալի կառույցներ ձևավորելու համար պետք է ազատվի ղարաբաղյան հակամարտությունից։ Այդ պատճառով էլ Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան Անկարայի աջակցությամբ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները։ Այսինքն՝ գործնականում համաձայնի, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին։
Իրավիճակի այդպիսի զարգացումն էր, որ ակնհայտորեն տագնապի նոպա առաջացրեց Սաակաշվիլու մոտ։ Որովհետև երբ Արևմուտքն այսօր ծածանում է Վրաստանի տարածքային ամբողջականության դրոշը, դա իրականում շոու է և ուրիշ ոչինչ։ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար բացարձակապես կարևոր չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելությունը Թբիլիսիին։ Նրանց համար կարևոր է, որ Վրաստանը վերջապես վերածվի կայուն պետության և որքան արագ ազատվի հակամարտության այդ երկու օջախներից, այնքան ավելի մեծ դինամիկայով կընթանա Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը, և երկիրն ավելի մոտ կլինի Եվրամիությանը։ Հավանաբար այդ պատճառով Սաակաշվիլին հրաման տվեց զորքին ներխուժել Հարավային Օսիա՝ գործնականում չունենալով ԱՄՆ-ի հավանությունը։ Այդ ներխուժումը Սաակաշվիլու վերջին անհույս փորձն էր ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ներքաշելու իր շովինիստական նվաճողական ծրագրի մեջ։ Սաակաշվիլին ավանտյուրիստ է, որը գնալով ԱՄՆ-ի համար վերածվում է չհաշվարկված ռիսկի գործոնի»։
Անշուշտ, չի բացառվում, որ գերմանական թերթի տեսակետները վիճելի են, բայց խոստովանենք, որ դրանով չեն դադարում գրավիչ լինելուց։
Մենք արդեն վաղուց վարժվել ենք, որ մեծ տերությունների մեծ խաղերում, հատկապես երբ առկա են խոշոր տնտեսական շահեր, փոքր ժողովուրդներն ու երկրները հաճախ վերածվում են մանրադրամի։ Այսօր, «հնգօրյա պատերազմից» հետո, ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ստեղծման. արևմտյան տերությունների ռազմանավերը ոչ միայն Սև ծովում են, այլև չի բացառվում, որ մոտ ապագայում հայտնվեն աբխազական և հարավօսական գծի վրա։ Միաժամանակ անկախություն և Մոսկվայի հովանավորությունը ձեռք բերելով՝ Հարավային Օսիան և Աբխազիան հեռանկարում դադարում են հանդիսանալ Վրաստանում ապակայունացման լծակներ։ Նպատակը, որ Վրաստանը կարող է Արևմուտքի համար լիարժեք գործընկերոջ վերածվել օսական և աբխազական «բալաստներից» ազատվելու դեպքում միայն, իրագործված է։ Այժմ պատկերը հետևյալն է. ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սկզբունքորեն, առանց խոչընդոտների, կարող են շահագործել Կասպից ծովի մի հատվածի էներգետիկ ռեսուրսները, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում կորցնում է Վրաստանի վրա ազդելու բոլոր լծակները։ Այս իրողությունը պետք է որ միանգամայն ձեռնտու լինի Արևմուտքին, ինչը դժվար է ասել Կրեմլի վերաբերյալ, որը շարունակաբար դիմադրում է այլընտրանքային էներգետիկ խողովակաշարերի կառուցմանը՝ իր ազդեցությունը չկորցնելու նպատակով։
Մինչդեռ ադրբեջանական ռազմական փորձագետները նշում են, որ տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական փոփոխությունները ենթադրում են որոշակի ռազմատեխնիկական համագործակցության խորացում ԱՄՆ-ի հետ և Ադրբեջանում նրա ռազմաքաղաքական ազդեցության առավել ամրագրում։ «Էխո» թերթը մասնավորապես նշում է. «Վրաստանի նման սցենար նախապատրաստված էր նաև Ադրբեջանի համար։ Այդ սցենարում գլխավոր դերակատարությունը վերապահված էր Հայաստանին։ Իրականում նպատակ կար իրագործել այդ սցենարն այնպես, թե իբր ԱՊՀ ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ ուժերով պաշտպանում են Հայաստանին չարանենգ ՆԱՏՕ-ից, որը զբաղված է նավթի տեղափոխմամբ՝ Ռուսաստանը շրջանցող ճանապարհով։ Կորցնելով Վրաստանը և ապագայում բախվելով նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների առկայության փաստի հետ, Ռուսաստանը կհասկանա, որ ամենամոտ հեռանկարում կորցնելու է նաև Ադրբեջանը՝ որպես գործընկերոջ և Հայաստանը՝ որպես ֆորպոստ։ Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է ընտրի Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ուղին։ Սա անխուսափելի է, հավասարակշռություն պահպանելու ժամանակն անցել է»։
Այսպիսով, եթե նախկինում ռուսական որոշ քաղաքական գործիչների կողմից Հայաստանի վերաբերյալ «ֆորպոստ» բնորոշումը գեղարվեստական բնույթ ուներ, ապա մոտ ժամանակներս բոլորովին բացառված չէ, որ ստեղծվի իրավիճակ, որ նա դառնա Կրեմլի համար միակ իրական հենարանն այս տարածաշրջանում, և նույնիսկ փորձ արվի Հայաստանն ու Արցախը վերածել աշխարհաքաղաքական անկլավի։ Եվ այդ դեպքում դժվար է չհամաձայնել Վարդան Օսկանյանի բնորոշմանը. «Եթե էներգետիկ խողովակաշարերի անվտանգությունը հարցականի տակ է արդեն այսօր, դեռ մտածել է պետք, թե ինչպիսի վտանգ կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության կրկին սրումը»։ Այս խորապատկերի վրա չափազանց էկզոտիկ և ծայրահեղ վտանգավոր են թվում հայկական որոշ տնաբույս փորձագետների և քաղաքագետների «բացահայտումները», որոնք առաջարկում են Ռուսաստանի օրինակով ճանաչել ոչ միայն Ղարաբաղի, այլև մյուս բոլոր չճանաչված պետությունների անկախությունը։ Կան նաև ինչ-որ ռազմաշունչ կոչեր, բայց նկատի ունենանք, որ ուռա-հայրենասիրական տրամադրությունները լավ են շքերթների ժամանակ։ Մարտի դաշտում այդ ամենն անտեղի է. այսօր կան շահագրգիռ ուժեր և նախադրյալներ, որ Ղարաբաղը վերածվի ևս մի ճգնաժամային կետի, մինչդեռ բոլոր մեծ տերություններն այդ ճգնաժամից մի կողմ քաշված կմնան։ Հավանաբար պատահական չէր, որ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգտոնը, խոսելով Բաքվի միլիտարիստական տրամադրությունների և ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության մասին, հատուկ ընդգծեց. «Մենք շարունակում ենք հետևողականորեն աշխատել, որ նման բան տեղի չունենա։ Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հրաշալի գիտակցում են, որ պատերազմը երկուստեք կործանարար կլինի»։
Սակայն մեզանում ավելի մեծ անհանգստություն են առաջացնում ռուսամետ գործիչների կուլիսային խոսակցությունները, թե Մոսկվան մտադիր է մի ռազմական բազա էլ հիմնել Ստեփանակերտում, և այդ կապակցությամբ իբր արդեն համաձայնություններ են ձեռք բերված։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարավային սահմանների պաշտպանության տեսակետից միանգամայն բավարար է և Գյումրիի բազան։ Նոր պլացդարմի ստեղծումը, այն էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին այդքան մոտ, ոչ միայն ավանտյուրիստական, այլև շատ վտանգավոր ծրագիր է։ Այս կապակցությամբ հիշատակելի են իրանական փորձագետների բազմիցս հնչեցրած պնդումները, որ Թեհրանի համար Ղարաբաղի տարածքում բացարձակապես անընդունելի է, բացի հայկականից, որևէ այլ երկրի զինուժի առկայությունը։ Այս կապակցությամբ «Newsweek» հեղինակավոր պարբերականը մասնավորապես նշում է. «Դարերով, երբ Ռուսաստանը բազա է հիմնել Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, պարսիկներն առաջինն են զգացել արջի տաք շնչառությունը։ Իրանցիները, որ տրամաբանում են հազարամյակների մասշտաբով, տեսնում են իրենց պատմությունը։ Միաժամանակ քիչ հավանական է դառնում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կամ աջակցությամբ Իրանի դեմ ռազմական օպերացիան։ Դա երբեք էլ լավ գաղափար չի եղել, առավել ևս այսօր՝ ԱՄՆ-ի ուժասպառ բանակի համար։ Իսրայելը, որքան էլ չցանկանա, հարկադրված է լինելու դա հասկանալ»։
Այսպիսով, Հայաստանի համար եկել է ճշմարտության գիտակցման պահը, որ ցանկացած շտապողական գործողություն կարող է լուրջ կորուստների հանգեցնել։ Բազմաբևեռ աշխարհի հրաբխի մեջ նետվելը, անկախ նրանից՝ ով է աջակցում քեզ, միևնույն է, կործանարար է։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ ադրբեջանցիները Ղարաբաղում բլիցկրիգ իրագործել չեն կարող, սակայն Հայաստանում էլ հազիվ թե շատ լինեն այդ պատերազմի կողմնակիցները։ Այս խորապատկերի վրա շատերն են սկսել այլ կերպ վերաբերվել Էրդողանի հնչեցրած «կովկասյան պլատֆորմի» գաղափարին։ Այդ կապակցությամբ ուշագրավ է Վարդան Օսկանյանի կարծիքը. «Միգուցե Կովկասի համար հիմա պատմական պահ է։ Մենք շանս ունենք օգտագործելու իրավիճակը համապարփակ անվտանգության պայմանագիր ստորագրելու համար՝ կազմակերպելով Թբիլիսիի, Երևանի և Բաքվի հետ հանդիպում, որին կմասնակցեն Բրյուսելը, Վաշինգտոնն ու Մոսկվան։ Եվ դրա արդյունքում կփորձենք կառուցել չեզոք, կոլեկտիվ անվտանգության համակարգերից և ագրեսիվ դաշինքներից դուրս գտնվող Կովկաս։ Այսպիսի չեզոքությունն իրագործելի է և ձեռնտու բոլորին»։ Իսկ ԱՊՀ հարցերով հայտնի վրացի փորձագետ Զուրաբ Թոդուան ադրբեջանական լրատվական գործակալությանը պարզաբանել է. «Անհրաժեշտ է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առաջարկել այնպիսի ձեռնտու և հեռանկարային տնտեսական համագործակցություն, որն աստիճանաբար կնվազեցնի հակամարտության թեժացման հնարավորությունը։ Այդ ճանապարհն անհամեմատ հեռանկարային է, քան ռազմական ուղին, թեպետ, անշուշտ, պահանջում է շատ ավելի խելք, բանակցելու արվեստ և ժամանակ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5465

Մեկնաբանություններ