Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Առանձին լֆիկներ «պղտոր ջրում լոքո են բռնել»...

Առանձին լֆիկներ «պղտոր ջրում լոքո են բռնել»...
26.08.2008 | 00:00

ՄԵՐ ՀԱՇՎԻՆ «ՍԱՆԱՏՈՐԻԱ ԵՆ ԳՆՈ՞ՒՄ»
Եթե քաղաքական սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, բայց այդ հանգամանքն անմիջապես ու բոլորի համար է պարզ, ապա տնտեսական գործունեությամբ զբաղվողների դեպքում փոքր-ինչ այլ պատկեր ենք ունենում, որովհետև այդպիսիք, մանավանդ պատերազմների ու վտանգավոր իրադրությունների դեպքում, կարող են իսկապես որպես «ժողովրդի համար վիզ դրած տղերք» հաստատվել ու ինքնահաստատվել…
Բա ո՞նց. էնտեղ` Վրաստանում, պատերազմ է, կամուրջ են պայթեցնում, ճանապարհ չկա, իսկ էս մարդիկ մեզ համար չգիտես թե ինչ հերոսությունների գնով են առաջին անհրաժեշտության ապրանքներ բերում-տեղ հասցնում: ՈՒրեմն, լեզուդ էլ ո՞նց է պտտվում` մենաշնորհի կամ գերշահույթի մասին բան խոսես:
Ծիծաղելին այն է, որ այս վերջին հանգամանքը նույնիսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին է մտահոգել, և, խիստ հավաստի մեր տեղեկության համաձայն, չնայած հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ու իր կոլեգաները գլխի են ընկել, որ առանձին լֆիկներ «պղտոր ջրում լոքո են բռնել», բայց դրա մասին չեն ուզում խոսել: Կամ` առայժմ չեն ուզում խոսել: Հայտնի մանկական բանաստեղծության հանգույն` «մինչև անցնի վտանգը»:
«Այո, մենք այս պահին պաշտոնապես դեռևս ոչ մի գնահատական չենք տալիս, քանի որ չնայած արդեն մի քանի վարույթ ունենք հարուցած, բայց ապրանքատեսակների մոնիտորինգը շուկայում դեռ շարունակում ենք, դեռ գործընթացը չի ավարտվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում երեկ նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Արմինե ՈՒդումյանը, ումից հետաքրքվում էինք շուրջ 16 տեսակի 35 անուն ապրանքատեսակների` օգոստոսի 8-ից սկսված մոնիտորինգի արդյունքների կամ գոնե որոշակի նախնական գնահատականների մասին…
Ի միջի այլոց, որքան հասկացանք, սույն մոնիտորինգը միայն Երևանում չի անցկացվում և ընդգրկում է համարյա ամեն օր «տագնապալի իրավիճակներ ապրող» Լոռվա, Շիրակի և Տավուշի մարզերը: Եվ գոնե առաջին տասն օրվա արդյունքների համաձայն, արդեն կարող ենք խոսել այն մասին, որ մենք վրաց-օսական հակամարտությունից այս կողմ գործ ունենք ոչ միայն շաքարավազի, ալյուրի, առանձին տեղերում` նաև բենզինի ու դիզվառելիքի, այլև` «Անկոր» կարագի, որոշ բուսական յուղերի, տավարի մսի, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի հավկիթների, թթվասերի թանկացման հետ:
Ի դեպ, բարձր տեսակի ալյուրից բացի (0,4%), թանկացել է նաև հացը (1,5-1,9%): Ըստ այդմ` բարձրացել է նաև տեղական մակարոնի գինը. ընդ որում` սարսափելի չափերով` 21,3%, իսկ ահա «Լոռի» տեսակի պանրի, խոզի մսի, «Զոլոտայա սեմեչկա» բուսայուղի գները, ըստ հանձնաժողովի, նվազել են համապատասխանաբար 0,4, 2,3, 6,6%-ով: Թե հատկապես որտեղ են սրանք էժանացել, պարզ չէ, որովհետև մեր դիտարկումները նման բան ցույց չտվին, բայց մյուս կողմից էլ` մեծ աշխարհ է, ամեն բան էլ կպատահի:
Ի դեպ, հեգնում ենք, որովհետև եթե կաթն է էժանացել, բա «Չանախ» տեսակի պանիրն ինչո՞ւ է նշանակալիորեն թանկացել, եթե «Զոլոտայա սեմեչկա» բուսայուղի ներկրումն էժանացել է, «Սլոբոդան», «Շչեդրի դարն» ու մյուսներն ինչո՞ւ են «հարամություն արել»` նվազագույնը մինչև 2,4% թանկանալով: Պարզ չէ նաև բրնձի թանկացման առիթը, այն էլ` ամբողջ 11,6%-ով (չնայած, եթե թաիլանդական բրինձը, օրինակ, 10 օր առաջ կիլոգրամը 450 դրամով էինք ձեռք բերում, իսկ այժմ` 500-ով և 530-ով, չստացվե՞ց, որ ավելի շատ է թանկացել, քան հանձնաժողովն է ներկայացնում…), չլինի՞ չինացիք նորից հրաժարվել են ալյուրից ու նորից անցել իրենց ավանդական բրնձին` հայերիս համար խնդիրներ «հրահրելով»: Պարզ չէ, մի խոսքով: Բայց որ շուկայում որոշ բաներ շատ էլ լավ պարզ են, որ առանձին մարդիկ նորից «մեր հաշվին որոշել են սանատորիա գնալ», այ, դա պարզից էլ պարզ է, ու սրա մասին հարկավոր է հենց հիմա խոսել…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5777

Մեկնաբանություններ