ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ոչ ոք չի կարող հաստատապես ասել, որ մարտի 1-ի էջը փակված է»

«Ոչ ոք չի կարող հաստատապես ասել, որ մարտի 1-ի էջը փակված է»
01.09.2009 | 00:00

ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՐՔԵՑ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Սեպտեմբերի 15-ին սկսվում է ԱԺ հերթական նստաշրջանը, առաջին քառօրյայի օրակարգի նախագծում հավանաբար կընդգրկվի մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը, որի գործունեության ժամկետն ավարտվում է: Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի աշխատանքը:
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, բավականաչափ նյութ է կուտակվել, որի մշակման ու ամփոփման, հանձնաժողովի եզրակացության ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են հիմա: Դեռ երկու շաբաթ ժամանակ կա, և հանձնաժողովի բոլոր անդամներն ընդգրկված են այդ աշխատանքներում` առանձին հարցերի ուսումնասիրման, ընդհանրացման ու ամբողջացման առումով: Կատարվում է իրոք բովանդակային, կարևոր աշխատանք` կուտակված նյութը փաստարկված ու մշակված ներկայացնելու համար: Հավանաբար, առաջին իսկ քառօրյայի օրակարգում այդ հարցը կընդգրկվի, և խորհրդարանին կներկայացվի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Իհարկե, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նախաքննական մարմին չէ և չունի համապատասխան իրավասություններ ու հնարավորություններ, որ կարողանա իրավական հարցերի պատասխաններ տալ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ու գործունեության նպատակն էր պատասխանել հասարակությանը հուզող հարցերին, գտնել պատասխանները ոչ իրավական, այլ քաղաքական հարթության մեջ: Նաև գտնել բարոյահոգեբանական հարթության մեջ պատասխաններ, որոնք շատ կարևոր ու անհրաժեշտ են հանրության համար: Այս իմաստով հանձնաժողովն իրականում բավականին աշխատանք է կատարել մի քանի ուղղություններով, եզրակացության մեջ, բնականաբար, կլինեն, թե ինչ հանդիպումներ են եղել նախաքննության մարմնի ներկայացուցիչների, այդ օրը գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների հետ, ոստիկանության գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, զոհվածների մահվան հանգամանքների պարզաբանումը... Առաջին անգամ Հայաստանում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը (իսկ խորհրդարանում հրատապ հարցերի ուսումնասիրության համար տարբեր գումարումներում ստեղծվել են ժամանակավոր մի քանի հանձնաժողովներ) աշխատեց բացառիկ բացախոսության, աննախադեպ թափանցիկության պայմաններում։ Իր տնօրինության տակ եղած որևէ փաստաթուղթ հանձնաժողովը հանրությունից չի թաքցրել, բոլոր նիստերին ներկա են եղել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, և հանրային ամենալայն քննարկման առարկա են եղել հանձնաժողովում հնչող հարցերն ու պատասխանները: Թե՛ տեսաերիզները, թե՛ փաստաթղթերը, թե՛ եզրակացությունները հանրության համար մատչելի են եղել: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ աննախադեպ հասանելի է եղել բոլոր լրագրողների համար` մշտապես պատասխանելով նրանց բոլոր հարցադրումներին: Ես դա շատ կարևոր եմ համարում հանձնաժողովի աշխատանքների գնահատման առումով: Իհարկե, մենք կտանք մեր գնահատականն ու եզրակացությունը, բայց արդեն ամեն ինչ արել ենք, որ հանրությունն ինքը այդ բոլոր նյութերին մանրամասն ծանոթանա և իր վերաբերմունքը կարողանա ձևավորել: Արդեն ձեռք բերված արդյունքներից եմ համարում նաև այն իրողությունը, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում բավականաչափ անիրական պատմություններ բացահայտվեցին ու հերքվեցին (հիշում եք, չէ՞, «Վիլիսի» տակ գցած հղի կնոջ առասպելը): Հսկայական ժամանակ ու ջանքեր պահանջվեցին պարզելու, որ նման փաստ չի եղել: Անգամ մեր պատգամավորներից մեկը ԱԺ հատուկ նիստի ժամանակ բեկբեկուն ձայնով պատմում էր երեխայի մասին, որից միայն կոշիկն էր մնացել, հետո պարզվեց` նման բան էլ չի եղել: Կամ պատի տակ նստած երիտասարդների պատմությունը, որոնց, իբր, գնդակահարել էին, նրանց բոլորին գտանք-բերեցինք հանձնաժողով ու համոզվեցինք, որ Մարկ Տվենի պատմության պես` նրանց մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված էին...
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանձնաժողովի գործունեությունը կարող է երկարացվել:
-Ես կարծում եմ, որ հանձնաժողովը նման առաջարկ չի անի:
-Փորձագետների փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները հանձնաժողովի լուծարումից հետո ներկայացնում են իրենց զեկույցները և պնդում են, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են փոխանցվել մեծ ծավալի նյութեր, որոնք ամբողջությամբ ուսումնասիրված չեն:
-Նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներն իրականում հանձնաժողովին տրամադրել են մեծաքանակ նյութեր` շուրջ 2000 էջ, և հանձնաժողովի բոլոր անդամներն այդ նյութերի ուսումնասիրությանը մասնակցել են, դրանց մեջ ընդամենը մեկ կամ երկու զեկույց է եղել, մնացածն ավելի շատ տեխնիկական գրագրություն է` նամակագրություն, փաստորեն, աշխատանքային, հում նյութ: Փաստահավաք խմբի անդամների` հանձնաժողովին տրամադրած նյութերը կներառվեն հանձնաժողովի զեկույցի մեջ: Փաստահավաք խմբի երկու անդամների չորրորդ զեկույցից հետո հանձնաժողովի վերջին նիստը նվիրվել է այդ թեմային, հանձնաժողովը դիմել է նախաքննության մարմնին` դատախազությանը, որ այդ նյութերը որպես հայտարարություն ընդունվեն և ուսումնասիրություն կատարվի, պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություն կատարել նաև պաշտպանության նախարարությունում, այսինքն` այդ նյութերը ևս անհետևանք չեն մնա և մեր իրավասության շրջանակներում լրջորեն կուսումնասիրվեն: Նախաքննության մարմինն էլ, պիտի պահանջենք, որ դրան վերաբերվի պատշաճորեն` ինչպես պահանջում է օրենքը: Իհարկե, զարմանալի է, որ իրադարձություններից մոտ մեկուկես տարի հետո, երբ հանձնաժողովը բազմիցս դիմել էր և՛ քաղաքացիներին, և՛ հասարակական կազմակերպություններին, և՛ ընդդիմության ներկայացուցիչներին, և՛ կուսակցություններին, և՛ անձերին, և՛ լրագրողներին` առաջարկելով, հորդորելով, խնդրելով իրենց ունեցած նյութերը տրամադրել հանձնաժողովին և չէր ստացել ոչինչ ընդդիմադիր կուսակցություններից, հանկարծ հիմնարար բնույթի տեղեկություն է ստանում:
-Ինչո՞վ եք դա բացատրում, հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման մտադրությա՞մբ:
-Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ամփոփող եզրակացության նախապատրաստման տեղեկատվությանը հետևեցին նոր նյութեր: Եվ երբ կարծես թե 2008-ի մարտյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ավարտն է երևում, մարտի 1-ի թեման, որպես ներքաղաքական իրավիճակի անկայունացման կամ սրման միջոց, դուրս է գալիս օրակարգից, ինչպես քաղաքական օրակարգից դուրս մնաց, այսպես կոչված, «քաղբանտարկյալների» թեման, ուստի պետք է գտնել հանձնաժողովին նոր թեմաներ, նոր նյութեր տալու տարբերակներ, որպեսզի հնարավորինս երկարացվի նրա գոյությունն ու գործունեությունը, և անընդհատ այդ մասին խոսելու նյութ լինի: Բոլոր դեպքերում, հանձնաժողովի գնահատականը միասնական է, ներկայացվածը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, ստուգվի, որից հետո մենք կկարողանանք և՛ ինքներս հասկանալ, և՛ հանրությանը ներկայացնել մեր տեսակետը:
-Ձեր կարծիքով` ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության ներկայացմամբ կարո՞ղ ենք մարտի 1-ի էջը փակված համարել:
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գլխավոր առաքելությունը հետագայում նման իրադարձությունների կրկնման հնարավորությունը կանխելն է: Խորհրդարանական ու արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մեկտեղումը հանձնաժողովում նպատակ ուներ նպաստելու հանրությանը այնպիսի պատասխաններ ներկայացնելուն, որոնք լինեին ճշմարտացի ու սպառիչ: Ոչ ոք չի կարող հաստատապես ասել, որ մարտի 1-ի էջը փակված է, հուսանք, որ այդպես պետք է լինի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ