ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից (Առակ. Գ 3)

Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից (Առակ. Գ 3)
15.09.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
ՏՈԲԻԹ
Եբրայական կանոնի մեջ չընդգրկված «Տոբիթի» գիրքը սուրբգրային գրականության գանձերից է: Այն մի դաստիարակչական ստեղծագործություն է, որն իր անկրկնելի գեղեցկությամբ վկայում է գերությանը հաջորդած դարերում հրեության մեջ առկա մարդկային ու կրոնական հատկությունների կենսունակության մասին:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկու խնամիացած հրեական ընտանիքներ աքսորվում են. մեկը՝ Նինվե, մյուսը՝ Եկբատան, որոնք այսօր հաջորդաբար կոչվում են Իրաք և Իրան: Օրենքի պահպանությանը նախանձախնդիր այս երկու անմեղ ընտանիքներին դժբախտություն է պատահում: Տոբիթը՝ առաջին ընտանիքի նահապետը, զրկվում է իր հարստությունից և կորցնում տեսողությունը, երբ իր կյանքը վտանգի ենթարկելով՝ թաղում է մի անծանոթ համերկրացու դին: Իսկ մյուս ընտանիքի միակ դստերը՝ Սառային, չար դև է բռնում. նա յոթ անգամ ձախողում է աղջկա ամուսնությունը, քանզի առագաստի՝ ամուսնության առաջին գիշերը սպանում էր նրա ամուսիններին: Աստված լսում է Տոբիթի ու Սառայի աղերսները և որոշում է նրանց օգնել Ռափայել հրեշտակի ձեռամբ, որի անունը նշանակում է «Աստված բուժում է»: Տոբիթը, կամենալով իր որդու՝ Տուբիի ապագան ապահովել, որոշում է նրան ուղարկել Մարաց երկիր՝ այնտեղից իր պահ տված արծաթը հետ բերելու և, իր մոտ կանչելով, խրատում նրան իր նախնիների իմաստության սկզբունքներով: Ռափայելը մարդու կերպարանք է ընդունում և վարձվում որպես ուղեկից:
Այս վտանգներով լի ճանապարհորդությունն ավարտվում է Տուբիի բարեկամուհի Սառայի՝ դևից ձերբազատումով և երկուսի ամուսնությամբ: Տուն վերադառնալուց հետո, Ռափայելի տված խորհուրդների շնորհիվ, բուժվում է նրա հայրը: Երկու ընտանիքները վերագտնում են իրենց երջանկությունը: Այնուհետև Ռափայելը բացում է իր գաղտնիքը և անհետանում: Պատմվածքն ավարտվում է Աստծուն գոհություն հայտնելով ու գալիք փրկության սպասումով:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին իսկ հայացքից ընթերցողին կթվա, թե այս պատմվածքը զուտ պատմական է, քանզի բազում մանրամասներ է պարունակում ժամանակների, տեղերի ու անձանց և Ասորեստանի ու Իսրայելի ն. Ք. 734-612 թթ. ընկած ընդհանուր պատմությանը վերաբերող կարևորագույն իրադարձությունների մասին: Գրքի սկզբում (Ա 1-2) ասվում է, որ Տոբիթն իր ընտանիքի հետ Նեփթաղեմի ցեղի հետ գերության է տարվում: Այս իրադարձությունը տեղի է ունեցել 733 թ., ըստ Դ Թագ. ԺԵ 29-ի, երբ Ասորեստանի արքան, կամենալով ճնշել Փակեե թագավորի ապստամբությունը, նվաճում է Իսրայելի թագավորության հյուսիսային մասը: Այս ճշտությունը, սակայն, չպետք է մեզ մոլորեցնի: Տվյալ պատմվածքի մեջ նկարագրված շատ իրադարձություններ հօդս են ցնդում ճշգրտման ընթացքում: Ակնհայտ է, որ հեղինակն իր իսկ հիշատակած թագավորներին գիտի հեռվից հեռու (Ա 2 և 18), նա չի այցելել իր նկարագրած շրջանները (Ե 8): Իսկ եթե այս պատմվածքը հին (ութերորդ կամ յոթերորդ) դարերի շրջանակի մեջ է առնված, ապա դրանով ցանկացել են նրան ճշմարտացիության ու հավաստիության բնույթ հաղորդել:
Հեղինակն իրականում ասացող է, որը սիրում է հետաքրքրաշարժությունն ու նրան առնչվող մանրամասնությունները: Մեզանից յուրաքանչյուրը զգում է այն, ինչ սիրում է հեղինակը. երբ իրենց որդիների մեկնելուց հետո Տոբիթն իր կնոջը խորհուրդ է տալիս ողջախոհ լինել և դադարեցնել լացը (Ե 22-28), երբ տեսնում է շանն իր տիրոջ հետ գնալիս (Ե 23 և ԺԱ 4), երբ աղախինը մոմը ձեռքին մտնում է նորապսակների սենյակ (Ը 11-16), երբ ծնողներին՝ իրենց որդիների երկար բացակայության պատճառով, սարսափ է համակում (Ժ 1-7): Դեպքերն իրար հմտորեն են միահյուսված, ներդաշնակ են և չեն բախվում իրար: Ամեն ինչ տեղի է ունենում պատշաճ պահին, ինչը ողջ շարադրանքին պատմվածքի բնույթ է տալիս. հազիվ էր Տուբին սկսել ուղեկից փնտրել, երբ ուղեկիցը հայտնվում է նրա առաջ (Ե 5): Ճանապարհորդության ամենասկզբում՝ երեկոյան, նրանք ձեռք են բերում անհրաժեշտ պիտույքներ՝ հաջողությամբ ձուկ որսալու համար (Զ 1-5):
Թեպետ, ո՛չ Հովսեպոս Փլաբիոսը, ո՛չ Փիլոնը և ո՛չ էլ Թալմուդը, ինչպես նաև Նոր Կտակարանը չեն վկայակոչել Տոբիթին և «Տոբիթի» երկրորդականոն գիրքը, բայց և այնպես սույն գիրքը հին քրիստոնեական Եկեղեցում մեծ հռչակ ու հարգանք էր վայելում, իսկ առանձին եկեղեցիներում, նույնիսկ Աստվածաշունչ Մատյանի մյուս գրքերին հավասար, օգտագործվում էր պաշտամունքի մեջ: Եկեղեցու բազում հայրեր ու վարդապետներ բարձր են գնահատել «Տոբիթի» գիրքը, օրինակ՝ և՛ սուրբ Աթանաս Մեծը, և՛ սուրբ Հովհան Ոսկեբերանն այս գիրքը, առանց որևէ վերապահության, ընդգրկել են իրենց Աստվածաշունչ Մատյանի գրքերի «Համայնապատկերի» (Sinopsis) մեջ:
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հեղինակը Տոբիթի ու Տուբիի պատմության միջոցով, որոնք երկուսն էլ աքսորվածներ են, կամեցել է ժողովուրդների մեջ մեկուսացած իր եղբայրներին հաղորդ դարձնել վեհ գաղափարներով բնութագրվող մի կրոնական ուսմունքի:
Աստվածային ու հրեշտակային նախախնամությունը: Այստեղ չի քննվելու Աստծու՝ Իրեն հավատացողներին տնօրինելու հարցը, երբ վերջիններս նեղության մեջ են, թվում է` դա ակնհայտ է, այլ մասնավորապես քննության են ենթարկվելու փորձության մեջ այդ նախախնամության արած քայլերը: Նա իր նպատակն իրականացնելու համար, ինչպես կարծում են, օգտագործում է հաջորդական պատահականություններ, որոնց խորհուրդը բացահայտվում է միայն վերջում: Այս պատմվածքի երկու բևեռներն են՝ մի կողմից` Տոբիթի ու Սառայի աղերսների ունկնդրումը երկնքում (Գ 24) և մյուս կողմից՝ Ռափայել հրեշտակի ինքնության բացահայտումը (ԺԲ 11-15): Աստվածային խորհուրդն իրագործողները հրեշտակներն են: Տոբիթի գիրքը վկայում է գերության ժամանակ այս հավատքի զորացման մասին` հատկապես պարսկական ազդեցության ներքո: Հրեշտակների թիվն աճում է. նրանք անուններ ու հատուկ գործառույթներ ունեն: Հին Կտակարանի որևէ այլ գրքում մենք չենք հանդիպի մարդկային կերպարանք ընդունած հրեշտակների, ինչն ասես մատնանշում է այն հանգամանքը, որ Աստված չի բռնադատում մարդկային ազատությունը:
Վարքի կանոնները: Տոբիթի՝ իր որդուն տված բարի խորհուրդները (Դ 3-21 և ԺԴ 10-13) այս գրքի մեկնության բանալիներից մեկն են: Այս հոգևոր պատվերների մեջ (Դ 3 և ԺԴ 5) չկա մի կետ, որ գործնականորեն հաստատված չլինի պատմվածքի հերոսների արարքներով:
Ընտանիքը և ամուսնությունը: Ընտանիքն անփոխարինելի բջիջ է, ուր տեղի է ունենում ժողովրդի հոգևոր ժառանգության ավանդումը (Ա 8, Դ 20, ԺԴ 5, 9-10): Այստեղից էլ ահա ընտանիքի պահպանմանը նպաստող բոլոր առաքինությունների ընդգծումը և հատկապես ծնողներին պատվելը (Ա 8, Գ 10 և 17, Դ 3-4, Զ 15, ԺԴ 14-15): Ընտանեկան կյանքի վճռական պահը ամուսնությունն է: Տեղի է ունենում սերնդափոխություն, և ապագան ապահովված է, քանզի մեծ վտանգ կա խառն ամուսնությունների ճանապարհով աքսորյալների՝ հեթանոս ժողովուրդների մեջ տարրալուծվելու: ՈՒստի և զարմանալի չէ, որ ամուսնությունը Տոբիթի՝ իր որդուն տված խրատների սիրտն է (Դ 13), որը միաժամանակ և գրքի առանցքն է (Զ-Ը գլուխներ): Սա, ի վերջո, Աստծու կամքի համաձայն իրագործված ամուսնության պատմություն է:
Բարի գործերը: Հավատարմությունն Աստծու ու Նրա պատվիրանների նկատմամբ ընտանիքի՝ սերնդեսերունդ ավանդվող պարտականությունն է: Ընդսմին հավատարմությունն Աստծու նկատմամբ առաջնային է (Ա 12, Դ 6, ԺԴ 9), սակայն դա պետք է հաստատվի գործերով, օրենքը ճշտությամբ պահելով և համաձայն բանավոր ավանդության (Ա 8): Սա է փարիսեցիների նախանձախնդրությունը լավագույնս բնութագրող սկզբնական գիտակցությունը: Տաճարից ու նրանում մատուցվող պաշտամունքից հեռանալը տանում է Աստծու և մերձավորի նկատմամբ անձնական պարտականությունների սաստկացմանը: Տոբիթի մերձավորները սահմանափակվում են իրենց ընտանիքի անդամներով ու ազգակիցներով (Ա 3, 19-20, Բ 2 և այլն): Եվ պետք չէ, որ որևէ մեկն անմասն մնա ճշմարիտ ընտանիքի մատուցած ծառայություններից. օգնություն (Ա 19-20, Բ 2 և Դ 16), արդար վարձ (Դ 15, Ե 4, 5 և ԺԲ 1), մեռածների թաղում (Ա 20, Բ 3-8): Սակայն ողորմությունն ու աղոթքը, որ կենտրոնական տեղ են զբաղեցնում, գերիվերո են, քան մյուս պարտականությունները:
Ողորմությունը նպաստում է համայնքի համախմբվածությանը (Ա 20, Դ 7-Ը 17, ԺԴ 9): Նա միաժամանակ Աստծու բարեհաճ վերաբերմունքի առհավատչյան է: Ողորմածները սրանում գտնում են գանձ, քավություն և Աստծուն հաճելի զոհ (Դ 9-12 և ԺԴ 9): Իսկ ինչ վերաբերում է աղոթքին, ապա այն արդարի բնական ապաստանն է, որի համար հավատարմությունն Աստծուն վեր է ամեն ինչից: Եվ նա աղոթքը չի դիտարկում որպես ձևական գործերի շղթա, այլ դա նրա համար Աստծու բարեհաճությանն արժանանալու մշտական պատրաստություն է (Դ 20): Աղոթքի կերպը փոխվում է պայմանների փոփոխության համեմատ, ինչպես, օրինակ, հուսահատության (Գ 1-6 և 11-17), տագնապի (Ը 7-10), ուրախության (Ը 17-19 և ԺԱ 16) ժամանակ: Նրանով ենք օրհնում (Գ 13) ու փառաբանում Աստծուն, քանզի Տերն արդար է, քանզի Նրա բոլոր գործերն արդար են, իսկ բոլոր ճանապարհները՝ հավատարմություն ու ողորմություն (Գ 2):
Հայրերի կյանքի հիշատակի ոգեկոչումը: «Տոբիթի» գրքի միջավայրը հայրերի (Աբրահամի, Իսահակի ու Հակոբի) միջավայրն է: Տուբին Իսահակի ու Հակոբի նման իր համար կին է գտնում ուղևորության ընթացքում: Տուբիին կորցնում են ծնողները, ինչպես Հովսեփն էր համարվում կորած Հակոբի համար: Թվում է, թե Սառային վիճակված էր մնալ ու առանց զավակի, ինչը հիշեցնում է հայրերի կանանց, չնայած դրանց պատճառները տարբերվում են միմյանցից: Տոբիթին մարդու կերպարանքով հրեշտակ է այցելում, ինչպես Աբրահամի պարագայում էր Մամբրեում:
Նմանությունը չի սահմանափակվում տեսարաններով, այլ տարածվում է նաև բուն պատմության բառերի վրա: Կան փոքրիկ մանրամասնություններ, որոնք գրեթե տառացիորեն փոխառված են «Ծննդոց» գրքից. հանդիպում (Է 3-4 և Ծննդ. ԻԹ 4-6), սիրահարություն (Զ 22 և Ծննդ. ԻԴ 67), ամուսնություն (Է 13-15 և Ծննդ. ԻԴ 33 և 50-51):
Հայրերի տեղափոխությունները շարունակվում են աքսորյալների տեղափոխությունների մեջ (Դ 13): Աստվածային նախախնամությունը տարածվում է ոչ միայն հայրերի, այլև ամենափոքր հրեայի վրա և ճանապարհ հարթում հանդիպումների համար: Խոստումը, փրկությունների և ամուսնությունների շարանի միջոցով սերնդեսերունդ անցնելով, հասնում է մինչև այն օրը, երբ նրանք նորից կվերադառնան «Աբրահամի երկիր» (ԺԴ 7):
Մարգարեների կանչի արձագանքը: Տոբիթն անձնական և իր աքսորված եղբայրների ճակատագրերի վերընթերցանությունն է մարգարեների ըմբռնումների լույսի ներքո: Գրքում հիշատակվում են Երուսաղեմն ու նրա թագավորությունը (Ա 4, Ե 19), ինչը մեզ հիշեցնում է Նաթանի մարգարեությունը: Նրան ու նրա եղբայրներին բաժին ընկած տառապանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ պատժի հետևանք, որի մասին մարգարեացել էր Ամոս մարգարեն մեղավոր Իսրայելի համար (Բ 6): Ապագան որոշ ժամանակ զրկված է հեռանկարներից, ինչը մեզ դրդում է Տոբիթի կուրության մեկնության մեջ խորհրդանշական տարր տեսնել: Եվ հանկարծ Աստված օգտագործում է Տուբիին, այն որդուն, որը հավերժացնելու է ժառանգությունը, որպեսզի բացի Տոբիթի մարմնի և հոգու աչքերը, որպեսզի վերջինս մարգարե դառնա և բովանդակ ժողովրդին ապաշխարության կոչի ու ավետի մարգարեների խոստացած փրկությունը (ԺԳ գլուխ): Իսկ երբ կկատարվի Նաումի մարգարեությունը Նինվեի կործանման վերաբերյալ, Տաճարը ժամանակավորապես կվերակառուցվի, մինչև ժամանակներն իրենց լրումը գտնեն: Այդժամ բոլորը կվերադառնան իրենց երկիր, և կրկին Երուսաղեմը կկառուցվի իր փայլուն փառակերտության մեջ, իսկ տեսիլքի լույսը հիշեցնում է Եսայի մարգարեի Կ-ԿԲ գլուխների լեզուն: Այդժամ Երուսաղեմը կդառնա ազգերի կենտրոն (ԺԳ 12-23, ԺԴ 5-9):
Հայրերի ու մարգարեների այս ֆոնի վրա առօրյա հավատարմությունը Մովսեսի ու հայրերի իմաստությանը նոր իմաստ է ձեռք բերում. դա Աբրահամի երկիր վերադառնալու ճանապարհի հարթումն է այն նույն եղանակով, որով նախահայրերը կարողացան Ավետյաց երկիր մտնել:
ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գրքում առկա կրոնական գաղափարները և ուշ շրջանի մարգարեներից կատարված մեջբերումները խոսում են գրքի՝ գերությանը հաջորդած ժամանակահատվածում կազմվելու օգտին: Եթե ուշադրություն դարձնենք այս գրքում և մոտավորապես ն. Ք. 190 թ. կազմված Սիրաքի գրքի մեջ եղած բազում նմանություններին և նրա՝ հավատքին ու երկյուղածությանը վերաբերող խոսքերին, կտեսնենք, որ նա կանխում է այն, ինչ մենք գիտենք փարիսեցիների մասին: Հավանական թվագրությունը ն. Ք. 200 թ. մոտ տարեթիվն է:
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

«Այս աստվածային գիրքը, որը ես միշտ զորեղ սիրով եմ սիրել անգամ այն ժամանակ, երբ, թվում է, անհավատ եմ եղել, այժմ ուսումնասիրում եմ ավելի ուշադիր, քան երբևէ... Աստվածաշնչի ընթերցանությունը դույզն-ինչ առիթ չտվեց ինձ տոգորվելու կեղծ բարեպաշտությամբ, այսինքն` այն սխալ հասկացվող երկյուղածությամբ, որը բնորոշ է վախկոտին ու մոլեռանդին։ Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց, միշտ ամեն բանից առավել փափագել արդարության արքայությունը, խույս տալ ստից և ներել անիրավներին»։
Սիլվիո Պելլիկո
Իտալացի բանաստեղծ

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ