ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Գյուղացին ստացավ հասցեական պետական աջակցություն»

«Գյուղացին ստացավ հասցեական պետական աջակցություն»
23.01.2009 | 00:00

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵԶ ՎՐԱ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ»
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` 2008-ին արձանագրվել է գյուղատնտեսական արտադրանքի 3,0-3,5 տոկոս աճ։ Ինչ խոսք, ուրախալի փաստ է աճի արձանագրումը, սակայն եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ տարիների տվյալների հետ, նկատելի է, որ առաջ այդ ցուցանիշն ավելի բարձր էր։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-Պարոն նախարար, մինչև գյուղատնտեսության ոլորտի հարցերին անդրադառնալը, ճշտենք, թե, ըստ Ձեզ, միջազգային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա։
-Մենք ապրում և շփվում ենք մեր հարևան երկրների հետ, և, բնականաբար, ֆինանսական ճգնաժամը մեզ վրա ինչ-որ չափով ազդեցություն կունենա։ Սակայն ոչ այնքան, որքան Ռուսաստանի և Եվրոպայի։ Դրանում համոզված եմ։ Ֆինանսական ճգնաժամը մեղմելու համար մենք պետք է լուրջ քայլեր իրականացնենք։ Այդպիսի քայլեր արդեն ձեռնարկված են։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունում ստեղծվել է ֆինանսական ճգնաժամը մեղմելու արագ արձագանքման շտաբ։ Գյուղատնտեսության նախարարությունը կառավարություն է ներկայացրել հայեցակարգ` ագրովերամշակող կազմակերպությունների մրցակցային պայմանները բարելավելու և կարողությունները հզորացման վերաբերյալ, որպեսզի հնարավորության սահմաններում պետությունն աջակցի տնտեսավարողին թե՛ ֆինանսապես, թե՛ ընդհանուր առմամբ։
-Գյուղատնտեսության 3,0-3,5 տոկոս աճը լավ ցուցանիշ է, սակայն ինչո՞վ բացատրել, որ այն ավելի փոքր է նախորդ տարիների համեմատ։
-Հարցն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Զարգացող երկրներում արդյունաբերության զարգացմանը զուգընթաց դանդաղում են գյուղատնտեսական արտադրության տեմպերը, բացի դրանից, գյուղացին վերջնականապես չի կողմնորոշվել ցանքաշրջանառության հարցում, ինչպես նաև որոշ հումքատեսակների առումով վերամշակողը, շուկայի տատանումների հետ կապված` յուրաքանչյուր տարի գյուղացիների հետ մթերման պայմանագրեր է կնքում տարբեր չափաքանակներով։ Նաև նշեմ` որոշ չափով ազդել է մթերված արտադրանքի դիմաց վճարումների ուշացումը։
-Այս տարվա անելիքներից որո՞նք կկարևորեիք։
-Գյուղատնտեսության բնագավառում ավելորդ աշխատանքներ չկան, սակայն անելիքներից, մասնավորապես, կարևորում եմ ցանքատարածությունների լիարժեք օգտագործման հիմնախնդիրը, գյուղացիական տնտեսությունների նպատակային սուբսիդավորումը, հակակարկտային կետերի կառուցումը, աջակցությունը հողերի խոշորացման գործընթացին, անասնաբուծության զարգացումը, ձկնաբուծության զարգացման հնարավորությունների ընդլայնումը։
-Այս տարի գյուղատնտեսությունը հարկվելու է ավելացած արժեքի հարկով։ Ի՞նչ մոտեցումներ եք կիրառելու, որպեսզի գյուղացու համար այդ անցումը մեղմ լինի։
-Գյուղատնտեսության հարկումը վաղուց ընդունված նախագիծ է։ Սկզբնական շրջանում հարկային դաշտում ընդգրկված էին փոքր եկամուտ ունեցող սուբյեկտները, այսինքն` այն տնտեսությունները, որոնց եկամուտը կանցնի 58 մլն դրամի սահմանագիծը, կհարկվեն ավելացած արժեքի հարկով։
-Չե՞ք կարծում, որ, հարկման դաշտ բերելով գյուղական տնտեսությունները, նրանց համար լուրջ հարց է դառնում ոռոգման ջրի ապահովումը, ինչը, կարելի է ասել, բավարար չափով լուծված չէ։ Գյուղացու բերքը հաճախ չորանում է ջուր չունենալու պատճառով, և սա արդեն նորություն չէ։
-Ջրային ոլորտը գյուղատնտեսության նախարարությունը չի համակարգում, սակայն խնդրին տեղյակ ենք։ Այսօր ջրի պահանջարկը չի բավարարվում, և դա պայմանավորված է մի քանի գործոնով։ Առաջինը` գյուղացին ավելացնում է իր ցանքատարածությունները, սակայն ժամանակին չի տեղեկացնում համապատասխան ատյաններին, և առաջանում են արհեստական դժգոհություններ։ Գյուղացիների շրջանում վատ սովորություն է ձևավորվել` ուշացնել, երբեմն չվճարել օգտագործված ջրի դիմաց։ Մի խոսքով, այդ ճյուղում կան երկկողմանի պրոբլեմներ, որոնք լուծման կարիք ունեն։ Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր ոլորտում փոքր հողակտորները մեծ թիվ են կազմում, և դրանց խոշորացումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է։ Սա այն գործընթացն է լինելու, որին մեր գյուղական տնտեսություններն ուշ թե շուտ գնալու են, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում բարձրացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, կտրուկ կրճատել ինքնարժեքը։ Պետք է ասեմ, որ այդպիսի քայլեր արդեն ձեռնարկվել են։
-Հաջորդ խնդիրը պարարտանյութերի (հատկապես որակյալ) ապահովման հարցն է։ Կային ժամանակներ, երբ Հայաստանում բարձրակարգ պարարտանյութ էր արտադրվում։ Այսօր թեև ինչ-որ քանակով արտադրվում է, սակայն խնդիրը չի լուծվում։ Ի՞նչ հնարավորություններ կան խնդիրը կարգավորելու։
-Հանրապետությունում ունենք պարարտանյութ արտադրող երկու գործարան։ «Պարարտ» գործարանի արտադրողական հզորությունը կազմում է 20000 տոննա, արտադրում է համակցված պարարտանյութ, պատրաստ են ավելացնելու արտադրական հզորությունները։ Երկրորդը Վանաձորի գործարանն է, որն ի վիճակի է արտադրելու ազոտական, կալիումական և համակցված պարարտանյութեր։ Մեր քաղաքականությունն է հնարավորություն ստեղծել շուկայի կայացման համար` պարարտանյութերի դաշտը թողնել ազատ, որպեսզի մեր գյուղացիներն իրենք ընտրեն իրենց համար նախընտրելի պարարտանյութի տեսակը։ Իհարկե, պետությունը հասցեական աջակցություն կհատկացնի։
-Ասում եք, պայմանավորվածություն ունեք վերամշակող ձեռնարկությունների հետ` ընդլայնելու ոլորտի աշխարհագրությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։
-Անցած տարվանից վերամշակող ձեռնարկությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի նրանք պետք է ստեղծեն նոր ընդունման կետեր հատկապես այն տարածքներում, որտեղ նկատվում է արտադրանքի կուտակում։ 2008-ի լավ օրինակներից մեկն Այրումի վերամշակող ձեռնարկության ներդրումն էր, որն իրականացրեց Արտաշատի պահածոների գործարանը։ Բնականաբար, նոր գործարանը տարածաշրջանում լուծեց հսկայական խնդիր` արտադրված դեղձի ամբողջ քանակությունը մթերվեց։ Այժմ պահածոների նոր գործարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում Էջմիածնում։ Զրուցել ենք նաև Երևանի կոնյակի և այլ վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ` իրենց գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ ուզում եմ հավաստիացնել մեր բնակչությանը, որ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված և առաջարկված յուրաքանչյուր կիլոգրամ բերքը կմթերվի հանրապետության համապատասխան վերամշակող ընկերությունների կողմից։ Միակ խնդիրը, որ վերջին տարիներին նկատվում է, կարտոֆիլի ավելցուկն է։ Այս հարցի վերաբերյալ արդեն ունենք համապատասխան պայմանավորվածություններ վրացական կողմի հետ` արտահանման ուղղությամբ, և առաջիկայում խնդիրը կլուծվի։
-Եթե ծանր ու թեթև անենք անցած տարին, ինչպե՞ս կգնահատեք այն։
-Չնայած բնակլիմայական որոշ ցնցումներին` 2008-ը գյուղատնտեսության ոլորտում գնահատում եմ բավարար, քանի որ արտադրված բերքը դաշտում չմնաց, մթերումները կատարվեցին սահուն, գյուղացին ստացավ հասցեական պետական աջակցություն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3319

Մեկնաբանություններ