ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճգնաժամը փոխել է միգրացիոն հոսքերի դինամիկան

Ճգնաժամը փոխել է միգրացիոն հոսքերի դինամիկան
15.05.2009 | 00:00

ՀԵՏԴԱՐՁ ԴԵՊԻ ՏՈ՞ՒՆ
Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների հետ ստիպված էր դիմագրավել ևս մի մեծ սոցիալական հիմնախնդրի՝ բնակչության զանգվածային տեղաշարժերին։ Հետխորհրդային շրջանում (1992-97 թթ.) բնակչության տեղաշարժերը հիմնականում պայմանավորված էին սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով։ Այդ ընթացքում հանրապետությունից արտագաղթել է 500 հազարից 700 հազար մարդ։ 1997 թվականից նկատվել է միգրացիոն իրավիճակի որոշակի կայունացում, որը շարունակվում է մինչև այսօր։ Այդ տարիներին Հայաստանից տարեկան հեռացել է 40-45 հազար մարդ։ Փաստորեն, անկախացումից ի վեր զանգվածային միգրացիոն տեղաշարժերի արդյունքում Հայաստանից, տարբեր գնահատականների համաձայն, հեռացել է 800 հազարից մինչև 1 մլն մարդ։
Ովքե՞ր են արտագաղթում, ի՞նչ դրդապատճառներով, և ի՞նչ հետևանքներ է թողնում արտագաղթը։ ՈՒսումնասիրությունների համաձայն՝ արտագաղթողների թվում գերակշռում են միայնակները, որոնց ճնշող մեծամասնությունը 20-44 տարեկան տղամարդիկ են։ Արտագաղթողներն ունեն հանրապետության միջինից զգալիորեն բարձր կրթամակարդակ, որը լուրջ հիմնախնդիր է դառնում հանրապետության համար երկրի մտավոր ներուժի թուլացման առումով։ Հայաստանից գլխավորապես հեռանում են սոցիալ-տնտեսական և հոգեբանական դրդապատճառներով։ Վերջին շրջանում զգալի թիվ էին կազմում նաև ընտանիքների միավորման նպատակով արտասահման մեկնողները։
Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը փոխել է նաև միգրացիոն հոսքերի դինամիկան։ Ըստ միգրացիոն գործակալության տվյալների՝ 2009-ի հունվար-մարտ ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվից) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 25,6 հազարով կամ 79,7 տոկոսով: Մարտին գրանցվել է միգրացիայի դրական սալդո, որը կազմել է 1,2 հազար մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15,6 հազար բացասական սալդոյի դիմաց: Այս նվազումը, ըստ փորձագետների, պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատմամբ:
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ընդամենը 0,2 հազարով և կազմել է 512,3 հազար մարդ:
Վերջին 15-20 տարիներին արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների հավանական վերադարձը Հայաստան ճգնաժամային այս իրավիճակում նոր խնդիրների առաջ է կանգնեցնելու հայրենի կառավարությանը։ Ուստի առաջ է գալիս մեկ շատ կարևոր խնդիր՝ խթանել միգրացիոն հոսքերի հարաբերականորեն դրական միտումը և այն դարձնել կայուն գործընթաց: Այս հարցի լուծմանն է միտված նաև «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացմանն ու համապատասխան կարողությունների հզորացմանը» եռամյա ծրագիրը, որն իրականացնում են Բրիտանական խորհուրդը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ծրագրերի ներդրման և իրականացման բաժնի ղեկավար ՊԱՐՈՒՅՐ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ, իրենց հիմնական նպատակն ինֆորմացիոն պակասի լրացումն է, քանի որ հայրենիքը լքողների մեծ մասը նույնիսկ չգիտե՝ ուր և ինչի համար է գնում։ Հատկապես անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ կարևոր է բնակչության շրջանում մուտքի երկրների մասին առավել ճիշտ տեղեկությունների տարածումը և արտասահմանն անվերապահորեն որպես բոլոր խնդիրների լուծման վայր պատկերացնելու կարծրատիպի հաղթահարումը։ Նման քարոզչություն տարվում է և՛ համացանցով, և՛ հեռուստատեսությամբ։ Մասնավորապես, տեղեկատվական բացը լրացնելու համար նկարահանվում և հեռարձակման են նախապատրաստվում միգրացիոն խնդիրներին նվիրված կարճամետրաժ հեռուստատեսային ֆիլմեր, կազմակերպված թոք-շոուներ և հեռուստաբանավեճեր: Բազմաթիվ անորոշություններն ու վախերը լուրջ խոչընդոտ են հայրենիքում հաստատվել ցանկացողների համար: Հայաստան վերադառնալու և այլ խնդիրների հետ կապված իրենց հարցերը դրսում գտնվող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն պարզելու «Վերադարձ Հայաստան» ինտերնետային համակարգի միջոցով: Այն թույլ է տալիս ծանոթանալ օրենսդրական ակտերին, Հայաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկություններ ստանալ հարց-պատասխանի միջոցով։
Հայաստանն ունի՞ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակից բխող միգրացիոն քաղաքականություն։ Հարցին պատասխանելով՝ Պարույր Ամիրջանյանը նշեց. «Հայաստանն ունի միգրացիոն քաղաքականություն, ավելին, մենք փորձում ենք մշակել Հայաստանի միգրացիոն հայեցակարգը, որն ավելի համապարփակ կընդգրկի հիմնախնդիրները, վիճակն ավելի իրական կարտացոլի, քանի որ, ըստ մեզ, ամեն ինչ չէ, որ մեզ մոտ ճիշտ է արվում։ Այս հարցում զարգացման շատ տեղեր կան»։ Ըստ նրա՝ ճգնաժամի պայմաններում 150-200 հազար միգրանտ հնարավոր է վերադառնա Հայաստան, իսկ 30-40 հազար մարդ, որ սեզոնային աշխատանքի էր մեկնում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, այս տարի չի գնա։
Պարույր Ամիրջանյանն ընդգծեց զանգվածային արտագաղթին նպաստող ևս մի բացասական գործոն։ Բանն այն է, որ Հայաստանից հեռացող անձինք, արդարացնելու համար իրենց այդ քայլը, հակված են ապատեղեկատվություն տարածելու. մի կողմից` նրանք միայն սև գույներով են ներկայացնում Հայաստանի իրավիճակը, նշում, որ այստեղ ոչ մի լավ բան չկա և չի էլ սպասվում՝ դրանով իսկ բացասաբար ազդելով Հայաստանից վերջին տարիներին հեռացած անձանց հնարավոր վերադարձի մտադրությունների վրա, մյուս կողմից, անկախ նրանից, թե իրենք ինչպիսի պայմաններում են հայտնվում արտասահմանում, այնուամենայնիվ, շարունակում են Հայաստանում մնացածներին ներշնչել այստեղ մնալու անհեռանկարայնության գաղափարը՝ ուժեղացնելով նրանց միգրացիոն տրամադրությունները։
«Շատ շատերն են դժգոհ, որ գնացել են, և դրսից եկող ինֆորմացիան շատ անգամ խեղաթյուրված է,- մեր զրույցի վերջում ասաց պարոն Ամիրջանյանը։- Փորձում են ամեն ինչ դրական ներկայացնել, մինչդեռ պրոբլեմները բազմաթիվ են։ Նույնիսկ կան հայեր, ովքեր հանձնվում են եվրոպական երկրներին՝ հայտարարելով, թե իրենք ադրբեջանցի են, ու իրենց իրավունքները ոտնահարվում են Հայաստանում։ Սա ես համարում եմ հարված մեր պետականությանը։ Դրսում առկա շատ պրոբլեմներ ու արատներ քողարկվում են, և մենք փորձում ենք ֆիլմերի միջոցով վեր հանել այդ խնդիրները»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3258

Մեկնաբանություններ