ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպարտակ Ղարաբաղցյանի «Փոս-Փարիզ»-ը

Սպարտակ Ղարաբաղցյանի «Փոս-Փարիզ»-ը
25.08.2024 | 12:29

Փոս-Փարիզ։ Կարճ ու համառոտ պատմվածքների այս ժողովածուի վերնագիրը քեզ, անշուշտ, ոչ միայն կզարմացնի, այլև տարօրինակ կթվա, քանի դեռ չես ընթերցել պատմությունները՝ որպես լայն սիրտ ունեցող ընթերցող։ Իսկ, երբ անես դա, կզգաս, որ հնարավորինս լայն բացված սիրտդ իր սահմանների մեջ է առել կյանքի մի առանձնահատուկ ժամանակաշրջան, որ լի է աշխարհաքաղաքական տեղաշարժերի պատճառով սոցիալ-կենցաղային ու գոյաբանական նոր տեղաշարժերի մեջ իրար հետ հանդիպած առանձնահատուկ մարդկանցով։ Ահա մեկը՝ եզդի Հասանը, «որ սափրված, բեղերը խնամած ու սրած, ներկայացավ ընկեր Ոսկանյանին, որպես համարյա գերազանցիկ Միհրան Բլբուլյանի հորեղբայրը»։ ՈՒսուցչի բողոքից հետո աշակերտ Միհրանի դեմքին Հասանի իջեցրած շառաչուն ապտակից հետո հենց այդ գաղտնիքն իր մեջ պահող շատ տարիներ էին անցել։ Բայց միայն հիմա, երբ Հասանն արդեն մահվան մահճում էր, միայն հիմա է գալիս Հասանի հայացքը ափսոսանքով փնտրելու այն պահը, երբ նա հազիվ էր զսպում իրեն, որ չգոռար, թե՝ ես սրա ոչ մի բանն եմ, ես Հասանն եմ...

ՈՒ՞ր է տարել գրողին այս պատմության վերհուշը, ափսոսանքի այդ ի՞նչ փշուրներ էին մտել վերհուշի պահերի մեջ, կոնկրետ չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ հեղինակի հոգում այդ ժամանակ, նույն Ափսոսանք անունով մի սիրուն ծաղիկ էր բացվել։ Այս ծաղկի բույրն էլ ետ բացեց սրտիս սահմաններն ու շարունակեցի այս առաջին պատմությունից հետո կարդալ մյուս պատմությունները ևս, իմը դարձնելով Սպարտակ Ղարաբաղցյանի հույզերը։

Ահա նա, իր կենդանագիր ոճով ու առանց խիստ մանրամասնությունների հետևից ընկնելու, իրական կերպարներ է ներկայացնում, որոնց, ասես, ճանաչել ես ողջ կյանքիդ ընթացքում, ու հիմա ուրախ ես նրանց հետ կրկին հանդիպելուդ համար։ Ո՞րն է դրա գաղտնիքը, ի՞նչ ընդհանրություն կա մեր ու հեղինակի ներկայացրած կերպարների միջև։ Գուցե այն, որ նրանք բոլորը, ինչպես նաև մենք՝ այս կյանքից անվերադարձ հեռանալու ճակատագիրն ունենք։ Սա, թեպետ, տողատակով ես զգում, որը, անշուշտ, ունի իր նպատակը, բայց և իմ այդ զգացողությունը գտավ իրեն ավելի որոշակի դարձնող մեն մի հատիկ նախադասություն, որով սկսվում է «Խոսող խաչը» վերհուշը։ Ահա այն՝

«Ինչպես աշխարհի բոլոր կողմերում, մեր կողմերում էլ մարդիկ ծնվում են ու մինչև մեռնելը ապրում»։

Ընդհանու՞ր է այս ասվածը բոլորիս համար, իհարկե։ Բայց այդ ընդհանրությունը միայն մարդկային գոյության ֆիզիկական վիճակին է վերաբերում, որի մեջ, սակայն, հոլովվող առանձնահատուկ հույզեր կան, որոնք այլ գոյությամբ են ապրեցնում, ասել է թե՝ բարեշատ գույն ու երանգ են հաղորդում ֆիզիկապես գոյություն ունենալու ապրումին։

«Խոսող խաչը» բարեշատ հավատի նշանակությունը վեր հանող այնքան պարզ ու մաքուր իրականության մասին է, որ ոչ թե հեռանում է մեզնից այսօր մեզ պարտադրված թնջուկների պատճառով, այլ ուզում ես այն ավելի մոտեցնել քեզ՝ նրանով այդ թնջուկները բացելու, ներկա խնդիրները լուծելու համար։ Ինքը՝ հեղինակն էլ հենց այդ է ասում, գրելով՝

«Ձեր կողմերում էլ, եթե մեր կողմերի պես միամիտ, բարի մարդիկ շատ լինեն, ձեր կողմերում էլ էս տեսակ պատմություններ կծնվեն, ու մինչ մեռնելը կապրենք»։

Ապրելն այս պատմության մեջ, ուրեմն, միայն ֆիզիկական գոյության մասին չէ, այլև՝ այդ գոյության մեջ մարդու նախնական մաքրությունը, պարզությունը, անկեղծությունը պահելու մասին է։ Գյուղը, որ բարության ու հավատի պակաս շատ ուներ, իր այդ պակասը լրացրեց Մանուշակի հետ պատահածով։ Եվ լրացրեց, որովհետև հավատում էր դրանց։ Հիմա ի՞նչ... Մեկը կասի, թե եղածը եղած է, անցան այդ ժամանակները... Բայց, իրոք ափսոս, որ անցան, չէ՞։

Ափսոսանքն ընդհանրապես բացասական զգացում է համարվում, որովհետև խոսքը ցավ արտահայտող հույզի մասին է։ Սակայն, գրողի գրչի տակ, հանձինս այս ժողովածուի, բացվել է ափսոսանքի մի այլ՝ դրական կողմ։

Անհնարի՞ն ես համարում, որ ափսոսանքը կարող է իր մեջ դրական էներգիա ունենալ։ Ուրեմն՝ կարդա «Փոս Փարիզը» և կհամոզվես հակառակի մեջ։

Ափսոսանքից ծնված դրականն այստեղ փրկօղակի պես ուզում է վեր հանել քեզ թնջուկաշատ առօրյայի միջից։ Վաղուց ապրված օրերի մասին մի քիչ թախծոտ,մի քիչ հումորային, մի քիչ գյուղագրական, մի քիչ նովելային, և նրանց նկատմամբ սիրո մեծ պաշարով գրված պատմություններ են այստեղ այն մարդկանց մասին, ովքեր հանդիպում են կյանքի միայն մեկ դրվագի շուրջը, բայց ստիպում են խորհել մարդկային առանձնահատկություններով լի բազում դրվագների մասին։

Պատմություններին ուղեկցող բնության տեսարաններ, հոգեվիճակային այլ նկարագրություններ, այլ մանրամասնություններ չկան այստեղ, բայց կան այդ ամենը մի նախադասության, մի ապրումի, հուշի մի թելի մեջ միանգամից բյուրեղացնող ներկայացումներ։ Հաճախ էլ, մանրամասներն ու հույզերը թողնվում է, որ ընթերցողն ինքը գտնի դրանք, ինքը ավելացնի՝ ըստ իր գիտելիքի, ներաշխարհի ու պատկերացրածի, իրենն էլ ավելացնի հեղինակի ներկայացրածին ու բարին ավելի շատացնի, բարիով ավելի հարստանա։

«...Տարածներս սեղանին փռեցինք։ Հաջի Հարութը մեզ ներկայացրեց անծանոթին։ Ընկերոջս հետ լուռ կանգնել սեղանի մոտ, սպասում էինք, որ դատարկ սպասքը հավաքենք ու տուն վերադառնանք...

Հիմա ոչ Սև շուկան կա, ոչ էլ Հաջի Հարութի խանութը։ Մնացել է պատառիկ այս հուշը՝ համեմված տիկին Մարիի եփած կերակուրի անզուգական բույրով ու քեբաբչի Հակոբի գրեթե աղերս-խնդրանքը, թե՝ Հրաչ, քեբաբը պաղեց, պատառ մը բերանդ չառար... Հաջի Հարութի հացընկերը, պարզվեց, մեծն Հրաչյա Ներսիսյանն էր»։ Այս հատվածը «Սև շուկան» իրապատումից է մեջբերված, որը գրքում ընդամենը մի էջ է զբաղեցնում, բայց բազմաթիվ վարագույրներ է ետ տանում, ու դու հնարավորություն ես ստանում անցնել վարագույրից այն կողմ, հայտնվել Սև շուկայում, զգալ շուկայական աղմուկը, որ գրքում չկա, ուրիշ հաջիների տեսնել այնտեղ, որ գքում չկան, անգամ ՝ հեղինակի ասած «կերակուրի անզուգական բույր» բառերից ոգևորվելով տեսնել, թե ինչ ճաշ էր եփել տիկին Մարին։ Էլ չեմ ասում, որ Հրաչյա Ներսիսյանի անունը ևս, չես թողնելու օդում կախված։

Երբ ասում են, թե ափսոսանքը ցավագին հույզեր է արթնացնում, այս պատմությունները կարդալով ես հասկացա, որ ցավը, այնուամենայնիվ, ափսոսանքի մեջ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ այն վերաբերում է արժեքների կորուստներին։ Ի՞նչ կարող ես անել։ Իսկապես, այդպիսին է կյանքը։ Վկան՝ Հիսուսի կյանքը, ով մեծագույն սիրով օգնեց մարդուն, բարձրացրեց ընկած տեղից, բժշկեց, ծառայեց, անմնացորդ ձևով սիրեց, բայց մինչև այսօր մարդ արարածի կողմից արժանի ձևով չփոխադարձվեց նրա սերը։ Ցավ է, չէ՞, ցավագին ափսոսանք։ Բայց հիմա ի՞նչ... Հիմա այն, որ հենց այդպիսին եղող կյանքի ֆոնի վրա Սպարտակ Ղարաբաղցյանն ասում է, որ մի ուրիշ ճանապարհ ևս կա, որ դուրս է գալիս ափսոսանքից ու մատղաշ պտուղի նման, մինչև հասունանալը՝ ծաղիկ է տալիս։ Կարո՞ղ ես, հետևիր, որ այդ ծաղիկը պտուղ դառնա, ունե՞ս այդքան ներաշխարհ, որ տեսնես ու գուրգուրես ափսոսանքից ծնված ծաղիկը։ Հիսուսի սերը չփոխադարձելու ափսոսանքն էլ իր հերթին դրական էներգիայի մեջ նա կզգա, ով տեսել կամ զգացել է, թե ինչպես է ցավը ծաղկի փոխվում, ու ծաղիկն էլ՝ պտղի։ Անշուշտ, դա կարող է կատարվել այն դեպքում, երբ Հիսուսի համար ցավելով մարդը չի բավարարի, այլ ինքն էլ օգնողի, բարձրացնողի, ծառայողի ու սիրողի դերում կլինի։ Այս մտքերն ինձ զբաղեցրին հատկապես այն ժամանակ, երբ կարդացի հեղինակի «Ամանորի բույրը» պատմությունը։

«Իմ մանկության դեկտեմբերը մանդարինի հոտ ուներ»,- այսպես է սկսվում անգամ մեկ էջ չզբաղեցնող հուշ-պատմությունը։ Այս տողը կարդալուց հետո մեկը կարող է ասել, թե՝ հետո՞ ինչ, մեկ ուրիշը կհիշի իր մանկությունը ևս, մեկն էլ կասի, որ Նոր Տարուն մանդարին չունենալը վաղուց մոռացված, անցած-գնացած բան է, բայց այստեղ կարևորը մանկության մեջ մնացած մանդարինի բույրի թողած նույնականացումն է մի շատ կարևոր բանի հետ։ Դեպի ո՞ւր կարող է մղել քեզ մի որևէ բույր։ Չէ՞ որ բոլոր բույրերն էլ ինչ-որ նշանակություն ունենում, հետևանքներ թողնում են։ Այս պատմության մեջ մանդարինի բույրը նույնական է դառնում բարոյական արժեքների կորուստն զգալու հետ։ Կարծում եմ, որ երբ կարդաք, առաջին պահին, ասես թե, կուզենաք գիտակ մարդու նման քմծիծաղ տալ պատահածի վրա, բայց հետո կլրջանաք, հանդարտորեն հոսող մի թախիծ կգա ու կպատի ձեզ, թեպետ այդ էլ դեռ ոչինչ... Դրանից հետո է, որ պատրաստվելու եք ձեր չափով չափել դպրոցի տնտեսվար Բուզանդի արարքը, իսկ ավելի հետո, ամեն անգամ մանդարինի հոտ զգալիս, փնտրելու եք մի երեխայի, որ մանդարինը նրան մեկնեք։ Ահա սա էլ կլինի ափսոսանքի դրական ճյուղի վերընձյուղումը, ափսոսանքից ծնված ծաղիկը, որ ձգտելու է դրսևորվել որևէ բարի գործի մեջ։

Ժամանակի այն հատվածը, որի մեջ հեղինակը մանուկ է եղել, առանձնահատուկ երանգ է ունեցել կապված Սփյուռքից ներգաղթած հայրենակիցների բերած նորությունների հետ։ Այդ պատմությունները երանգ առ երանգ մեզ են հասնում ոչ թե մեծավարի տրված գնահատականներով կամ գրողական համոզիչ փաստարկներով ու վերլուծություններով, այլև՝ զուտ մանկան մաքուր հիշողության միջով։ Հատկապես այն, ինչ հենց այդ ճանապարհով է հեղինակը մեզ հասցնում, դրանց մեջ եղած ափսոսանքի զգացումը ցավի գոյությունն ամրագրող դատավճիռ չէ, այլ նման պատմությունների էջերում արևալույսի սպասման մի իրավիճակ է շնչավորվում։ Եթե այդ արևալույսի հույսը չլիներ, համոզված եմ, որ այս պատմությունները չէին գրվի, այս գիրքն էլ՝ չէր հրատարակվի։ Ամեն դեպքում, արևալույսի սպասումը ըստ հեղինակի, հին պարտքերը մարելով նոր ժամանակին անցնելու մեջ է։ Հին հաշիվները մարելու կարևորության մասին է մի շատ խոսուն պատմություն՝ «Պարտքը»։

«Գյուղը սմքել, ծերացել էր՝ Գափո ամիի տունը քեզ օրինակ. ինքն էր մնացել, կինը՝ Փառոն` Փառանձեմ,, ու էշը»։ Կրած ու կրելիք աղքատության ու նեղությունների նկարագրության պատկերավորությունն իր վրա է վերցնում Արջուտի աղբյուրը. «Կրասնոդարից ու Սարատովից աղջիկները մեկ-մեկ փող էին ուղարկում, բայց էն էլ ցամաքեց՝ Արջուտի աղբրի պես։ Գափո ամին չնեղվեց, դե խալխի տղերքի ձեռին են, միակ նեղվելն ու վիրավորանքը Ռուսաստանում ապրող որդուց էր»։ Դե նեղվելով ոչ մի գործ գլուխ չի գա, ընդհակառակը՝ եղածն էլ կքանդվի, ինչպես այս դեպքում իրար ետևից քանդվում են հացատան պատը, տան տանիքը... Հետ գցած գումարը հիմա անգամ «մի կիլո գալեթի հաշիվ էլ չէր»։ Խոզարած Սահակը չմերժեց պարտքով փող տալ. «Կտամ, փեսա ջան,- ասավ,- բայց էշդ ինձ տես տալ, էն չախը, երբ հարիր դոլարս ետ տաս, էշդ կտամ»։

Ամուսիններով մի կերպ տանում էին էշի բացակայությունը, երբ իրենք էին քարն ու ավազը կրում։ Բայց այդ բացակայությունը կորուստ էր դառնում, երբ տեսնում էին, թե ինչպես է Սահակը «էշին նստած շվշվացնելով խոզերի կուշտը գնում», երբեմն էլ՝ ճիպտելով, որ արագ գնա։ Մի այդպիսի օր էլ Գափո ամին «Ավանակի թախծոտ աչքերում տեսավ այն, ինչը անկարող էր տեսնել ու կարդալ մեկ ուրիշը...

Գափո ամին ուշ տուն հասավ։ Ընթրիքին հացի ծերից մի կտոր պոկեց, տարավ բերանն ու կնոջն ասաց.

-Փառո, էն մեր գյադին խաբար արա, մի հարիր մանեթ ղրգի, էն հայվանը մեղքա...

Աշխարհը փոխվել էր, բայց Գափո ամին դեռ հին աշխարհում էր, հին հաշիվների հետ...»։

Այսինքն՝ իսկապես, հին հաշիվները մարելով հեռանալու մեր կյանքի անիվը հնարավորություն կտա առանց ափսոսանքի անցնել մեզ տրված ժամանակը։

«Փոս-Փարիզի» պատմությունները, որոնք ժամանակային, տարածքային, միջավայրային, կենցաղային ու այլ շատ տարբերություններով են իրարից առանձնանում, այնուամենայնիվ, մղում են տրվելու անվերադարձ հեռանալու մարդկային ճակատագրի մասին մտորումներին, որի ընթացքում առաջին պլանում հայտնվում են մարդկային բարոյական շատ արժեքներ, որոնց աչքերի մեջ ուղիղ նայելու կարիք կա։ Գափո ամու ներսում նման արժեքների մեծությունը միանգամից ծառս ելավ, երբ նա նայեց ավանակի աչքերի մեջ։

Այո, մարդիկ իրար աչքերի մեջ ուղիղ նայելու բան ունեն, այլապես անվերադարձ հեռանալու մարդկանց ունեցած ճակատագրի համար ափսոսանքից չի կարող ծնվել դրական այն էներգիան, ինչը հուշեց ինձ «Փոս-Փարիզը» իր անուշ պատմություններով։ Մարդկային արժեքներն ու արժանիքներն այստեղ այնքան տարբեր աստիճաններ ունեն, սկսած ամենացածրից մինչև ամենավերինը, մի բան, որը, սակայն, չի խանգարում, որ հոգուդ մեջ մի անուշ երգ ծնվի՝ բարին ամուր բռնելու ապրողներիս տրված հնարավորության մասին։

Երկիր Մոլորակի վրա ապրողների անվերադարձ հեռանալու մասին ափսոսանքը, որ նկատեցի Սպարտակ Ղարաբաղցյանի այս գրքում, մի անուշ երգի պես ընկալեցի, որի կրկներգը նրա այն ընթերցողի մոտ է, ով հասկանում է, թե ինչ է նշանակում՝ ապրել արևալույսի սպասումով։ Այդպես էլ ապրենք։

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 6653

Մեկնաբանություններ