ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ընդդիմության մոնոլիտը

Ընդդիմության մոնոլիտը
08.04.2024 | 09:31

Հարգելի բարեկամներ, այսօր ցանկանում եմ կիսվել ընդդիմության վերաբերյալ մի քանի թեզերի շուրջ։

Այս օրերին Հայաստանում առկա են երկու հակադիր բևեռներ' իշխանական մոնոլիտ բուրգը, և դրան հակադրված արտախորհրդանական և խորհրդարանական ընդդիմության հավաքական կազմը։

Ինչ է իրենից ներկայացնում իշխանական բուրգը։

Դա մեկ պատուհասի շուրջ հավաքված ապիկարների և որոշ տեխնոկրատ ոչնչությունների բոլուկն է։

Իրենց իսկ ագիտատորներից մեկի շուրթերով ժամանակին հնչել է դրանց հավաքական անվանումը` ուսապարկեր։

Այդ զանգվածը երբեք չի դավաճանելու գլխավոր պատուհասին, քանի որ նրանցից և ոչ մեկը որևէ մասնագիտություն չունի, չունի տնտեսվարման փորձ, պատմություն և մինչև ԱԺ հայտնվելը սոված, ծարավ քարշ էին գալիս գարեջրատներում, մեկի հաշվին սիգարետ կամ նիսյա գարեջուր մուրալու տենչով։

Դրանք հիմա հայտնվել են իրենց անփառունակ կյանքի Օլիմպոսում և իրենց գաղջ մարմնի ամեն բջջով պարտական են իրենց ամսեկան երկու հազար ԱՄՆ դոլար գցող գլխավոր չարիքին։

ՈՒստի դրանց հետ ինչ-որ սեպարատ հույսեր կապելը սեփական ապուշության խոստովանություն կլինի:

Հիմա դառնանք ներկա ընդդիմությանը ։

Ըստ իս ընդդիմության մեջ ձևավորվել է երկու շերտ։

Առաջինը խորհրդարանում երկիրը հանձնողին «պարոն վարչապետով» դիմողներն են, որոնք փաստացի ևս վերածվել են երկու հազար ԱՄՆ դոլար ստացող այլ տիպի ուսապարկերի։

Այո՛, խորհրդարանական ընդդիմության մեջ հայտնված շատերը ևս կյանքի ընթացքում ոչնչի չեն հասել, չունեն գիտելիքներ, չունեն կիրառական աշխատանքի փորձ և պատմություն։

Դրանց հետ էլ իշխանափոխության հույս կապելը ևս կլինի ապուշության վկայություն։

Հիմա անդրադառնանք արտախորհրդանական ընդդիմության խայտաբղետ հարթակին։

Հասկանալի պատճառներով չեմ ցանկանում քննարկել մի քանի ոչ ինստիտուցիոնալ ագրեսիվ խմբակների, որովհետև դրանք դեպի ընդդիմություն գործուղված տրոյական ձիեր են, այն էլ կարկատած թամբերով, որի վրա հեծել է Ենոքավանի պատուհասը։

Հպանցիկ հայացքով իսկ ակնառու է, որ արտախորհրդարանական ընդդիմության առանցքը կազմում են երկու միավորումներ և մի քանի տասնյակ անհատ գործիչներ, որոնց օգտակար գործողության գործակիցը բավականին հեղհեղուկ է։

Ակնհայտ է նաև, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կանգնած է մի հանգրվանում, որտեղ նրա քաղաքական ղեկավարները փորձում են գծել պայքարի, դիմադրության ալգորիթմը և այստեղ անկյունաքարային է դառնում փողոցային պայքարի նկատմամբ անվստահությունը, և պայքարի այդ մեթոդին հանրության լայն շերտերի չմասնակցելու զանգվածային, բայց անձնական որոշումը։

Ի՞նչ անել:

Անհրաժեշտ է գիտակցել մի կարևոր հանգամանք։ Դա քաղաքացիների իրական եկամուտների և սպառողական նվազագույն զամբյուղի տարբերության հարցն է։ Մարդիկ հարաբերական խաղաղ պայմաններում դժվարությամբ են հոգում սպառողական նվազագույն զամբյուղի խնդիրը և վախ ունեն, որ իրավիճակի սրման դեպքում իրենց տնտեսությունները կհայտնվեն փլուզման վիճակում։ Հիմնականում դրանով է պայմավորված մարդկանց թվացյալ անտարբերությունը և ահա այստեղ է, որ իրական ընդդիմությունն ունի անելիք։ Մարդկանց, տնային տնտեսությունների ղեկավարներին պետք է ուղարկել հստակ ազդանշան, որ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարությունը գալիս է նոր ծրագրով, նոր տեխնոկրատ որոշումներով։ Գաղտնիք չէ, որ ներկա իշխանությունը սպառել է էքստենսիվ, հորիզոնական զարգացման ռեսուրսը, իսկ նոր մարդիկ պետք է բերեն ինտենսիվ, ինովացիոն, ուղղահայաց խորությամբ զարգացման ծրագիր և ամենակարևորը պետք է քաղաքացիներին տալ հնարավորություն ընտրելու կայուն վատի և հնարավոր գերազանցի միջև։ Ի՞նչ է դրա համար պետք:

1. Արտախորհրդարանական իրական ուժերի կոնսոլիդացիա:

2. Ստվերային կամ նոր հնարավոր կառավարության կազմ` տեխնոկրատ մենեջերների գերակայությամբ։

3. Ստվերային կառավարության կազմը պետք է ներկա իշխանությունների ցանկացած որոշում, կարգադրություն, նախագիծ ենթարկի ամենօրյա դիտարկման, վեր հանի դրանց մեջ առկա խնդիրները և տա իր լուծումները։

4. Ստվերային կառավարությունը պետք է հրապարակի մի քանի հիմնորոշ հարցերի վերաբերյալ իր անբեկանելի խոստումները, որոնց մեջ պետք է լինեն առնվազն'

ա) տրանսպորտի ուղևարձի բարձրացման արգելք,

բ) բնական մենաշնորհների սակագների աճի արգելք հստակ ժամկետներով,

գ) շրջանառության հարկի դրույքների աճի արգելք,

դ) ճանապարհային տուգանքների քաղաքականության վերանայում,

ե) գույքահարկի դրույքների բարձրացման արգելք,

զ) ակցիզային հարկի դրույքների աճի վերանայում,

է) ակադեմիական քաղաք կոչված հիմարության առկախման խոստում,

ը) վերջին վեց տարիների ընթացքում իշխանական բուրգի պաշտոնյաների լյուստրացիա և ֆինանսական գումարների հետ վերադարձ, այսինքն ստացված աշխատավարձերի և պարգևների հանրագումարները պետք է հետ վերադարձվեն պետական գանձարան։

Եվ էլի բազմաթիվ թեմաներով հստակ խոստումներ։

Շատերը կարող են տարակուսել և կարծիք հայտնել, որ այդ ամենը կբերի բյուջեի մուտքերի նվազման։ Պետք չէ անհանգստանալ, որովհետև այդ վտանգը կա և կլինի էքստենսիվ զարգացման մոդելի պարագայում, բայց ինովացիոն մոդելի դեպքում արտադրության, գիտության, տեխնիկայի նոր ճյուղերի գործարկումը բյուջե կբերի տասնյակ, հարյուրավոր անգամ ավելի մուտքեր, քան հիմա, երբ երկիրը պարզապես նստած է վերին Լարս կոչված ասեղի վրա։

Ի՞նչն է խանգարում իմ նկարագրած հաջողությանը:

Ըստ երևույթին, դա ընդդիմության առաջնորդի հարցն է, որը սակայն կարելի է բավականին արդյունավետ կարգավորել կոալիցիոն կամ ռոտացիոն կառավարման գործիքի օգնությամբ։

Իհարկե դա նորույթ կլինի ՀՀ քաղաքական կյանքում, բայց պետք չէ երկնչել, պետք է գնալ համարձակ լուծումների, այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2389

Մեկնաբանություններ