Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չորս դիմանկար ապագայի համար

Չորս դիմանկար ապագայի համար
22.07.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ
Օլիմպիական մարզաձևերից թերևս միակը, որտեղ Հայաստանի մարզիկները պարտք են իրենց երկրպագուներին, բռնցքամարտն է։ Նախ՝ Խորհրդային Միության, ապա Հայաստանի հավաքականի կազմում տարբեր տարիների օլիմպիական մեդալների նվաճման հայտ է ներկայացրել 11 բռնցքամարտիկ, որոնք այս ընթացքում նվաճել են ընդամենը մեկական ոսկե և բրոնզե մեդալներ։ 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց կաշվե ձեռնոցի մեծագույն վարպետ Վլադիմիր Ենգիբարյանը, իսկ 1976 թ. Մոնրեալում անցկացված խաղերից բրոնզե մեդալով տուն վերադարձավ Դավիթ Թորոսյանը։ Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներին ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի բավականացնում բարձրանալու պատվո պատվանդանին, իսկ թե ինչ, Աստված գիտե։ Միգուցե Պեկինո՞ւմ կոտրվի սառույցը։ Չէ՞ որ ինչպես Ատլանտայում, Հայաստանը դարձյալ կներկայացնեն չորս մարզիկներ, այն տարբերությամբ, որ եթե 1996 թվականին Մեխակ Ղազարյանը, Նշան Մունչյանը և Լեռնիկ Պապյանն իրենց մարզական մայրամուտն էին ապրում, ապա այս անգամ բոլորովին թարմ ուժեր են պատրաստվում դուրս գալ օլիմպիական ռինգ, որոնցից ամենաավագը 27-ամյա Անդրանիկ Հակոբյանն է։
48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր անդրանիկ հաջողությունը գրանցել է 2003 թվականին՝ Կաունասում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում նվաճելով բրոնզե մեդալ, ապա երրորդը ճանաչվել նաև 2006 թ. Պլովդիվում անցկացված մեծահասակների Եվրոպայի, Սեուլում և Տալինում անցկացված երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, Հովհաննես Դանիելյանին ներկայացնելով, նշեց, թե բոլորին չէ, որ հաջողվում է մուտքը եվրոպական ռինգ նշանավորել նման բարձր արդյունքներով.
«Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում Հովհաննեսը երկու փայլուն մարտ վարեց և միայն քառորդ եզրափակիչում հաղթանակը զիջեց մրցակցին, սակայն նա տոնել էր ամենամեծ հաղթանակը՝ նվաճել էր օլիմպիական ուղեգիր։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողն այս ընթացքում անցկացրել է ավելի քան 150 մարտ և, դատելով ՈՒզբեկստանում անցկացրած վերջին ուսումնամարզական հավաքի արդյունքներից, լրիվ պատրաստ է դուրս գալու օլիմպիական ռինգ»,- ավելացրեց գլխավոր մարզիչը։
Երկրորդ մարզիկը, ում հետ օլիմպիական հույսեր են կապում, 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանն է։ «Վանաձորի դպրոցի ներկայացուցիչը բավականին փորձառու և հետաքրքիր բռնցքամարտիկ է։ Նա համարյա ողջ մարտն անցկացնում է մեկ շնչով, ոչ մի վայրկյան չի կանգնում, ինչն էլ նրան առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ։ Պատահական չէ, որ 2006 թվականին Պլովդիվում անցկացված Եվրոպայի առաջնությունում հասավ եզրափակիչ, որտեղ նվազագույն տարբերությամբ հաղթանակը զիջեց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Տիշչենկոյին և բավարարվեց արծաթե պարգևով։ Այս ընթացքում Հրաչիկը հասցրել է միջազգային տարբեր մրցումներում հանդիպել աշխարհի բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկների հետ, ձեռք է բերել բավականին մեծ փորձ և նույնպես կարող է լավ հանդես գալ Պեկինում»,- ասաց գլխավոր մարզիչը։
64 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի 2004 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Էդվարդ Համբարձումյանը։ Թեև երիտասարդ է, սակայն մրցումային մեծ փորձ ունի, ինչը ցույց տվեց աշխարհի առաջնությունում՝ նվաճելով օլիմպիական ուղեգիր։ Էդվարդը Երևան է եկել Սոչիից և հասցրել է հաստատուն տեղ գրավել հավաքականում։ Իսպանիայի միջազգայինում էլ երեք հաղթանակ տոնեց, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց հունգարացի մրցակցին, որը նույնպես օլիմպիական ուղեգիր է նվաճել։
Հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է նաև 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանի պատրաստվածությունից։ Լինելով հարձակողական ոճի բռնցքամարտիկ՝ Անդրանիկը հաճախակի է վնասվածքներ ստանում, ինչը նրան շատ է խանգարում։ Կարծում եմ` հարուստ փորձ ունեցող էջմիածինցի մարզիկը պետք է ճիշտ հետևություններ անի և կարողանա օգտվել իրեն ընձեռված այս հիանալի հնարավորությունից։ Այս ընթացքում նա հասցրել է հանդիպել իր ապագա բոլոր մրցակիցների հետ և ընդամենը երկու պարտություն է կրել, այն էլ՝ վնասվածքի պատճառով։ Կարծում եմ, այս անհաջողությունների շղթան պետք է ի վերջո մի օր կտրվի, և ցանկալի կլինի, որ դա տեղի ունենա հենց Պեկինում։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը բոլորովին վերջերս է վերադարձել Տաշքենդից, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց ՈՒզբեկստանի և Մեքսիկայի հավաքականների հետ։ Ռաֆայել Մեհրաբյանը գոհ է արդյունքներից։ Եռօրյա հանգստից հետո նրանք վերջին հավաքն անցկացնում են Աբովյանում, որտեղից էլ կմեկնեն Պեկին։
«Ինձ թվում է՝ տղաները լիովին գիտակցում են, թե ուր են գնում, և իրենցից ինչ են ակնկալում մարզասերները։ Դա զգացվում է մարզումների ժամանակ ցուցաբերած վերաբերմունքից։ Ամեն ինչ կատարում են չափված-ձևված։ Այժմ գլխավոր խնդիրն առանց վնասվածքների Պեկինի ռինգ հասնելն է, ինչում մեզ բավականին օգնում է Հարություն Պրազյանը՝ մեր հավաքականի անփոփոխ մերսողը»,- ասում է մեր օլիմպիականների գլխավոր մարզիչը։
Կաշվե ձեռնոցի վարպետների օլիմպիական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 9-ին, և առաջինը ռինգ դուրս կգա Անդրանիկ Հակոբյանը։ ՈՒզում ենք հավատալ, որ 29-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում վերջապես Օլիմպոսի աստվածները դեմքով կշրջվեն դեպի մեր մարզիկները։
Հովհաննես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6745

Մեկնաբանություններ