Աշնան գույներ
Աշնան գույներում աղոթք է, թախիծ,
Աշնան գույներում օրհնանք է անբիծ,
Հոգու կարոտ է ու ներշնչանք է,
Դեպի վեր ուղղված ապաշխարանք է.
Գույների խաղ է ու կախարդանք է,
Աշնան գույներում սեր է ու կյանք է։
․․․
Ես քնքուշ ծաղիկ, դու` ժայռ ամրակուռ.
Ես միշտ խոցելի, դու` վահան ես լուռ.
Զգացմունք ու խելք իրար պահապան,
Բռնել են հպարտ հավերժի ճամփան։
Ո՜վ մարդ...
Ո՜վ մարդ արարած,
Գալիս ես աշխարհ
ՈՒ քեզ թվում է,
Թե ժամանակի
Եվ ողջ աշխարհի
Տերն ես միակալ։
Բայց այնքան կարճ է քո ժամանակը,
ՈՒ այնքան մոտ է մահվան վտանգը,
Որ մինչ գտնում ես կյանքիդ նավակը,
Հնչում է արդեն ավարտիդ զանգը։
Էքսպրոմտ
Սիրում ենք տարբեր, բայց սերը մեկն է,
Ապրում ենք տարբեր, բայց կյանքը մեկն է,
Հոգին տարբեր է, Աստվածը մեկն է,
ՈՒ այս աշխարհում իմ սերը մեկն է։
Ների՛ր, սիրելի՛ս
Ների՛ր, սիրելի՛ս, որ դեռ սիրում եմ
ՈՒ այդ խենթ սիրուց դեռ խենթանում եմ։
Դառնում եմ նորից աղջնակ սիրահար,
Կամակոր, անզուսպ, անգամ հիշաչար։
Ների՛ր, սիրելի՛ս, որ ձանձրացնում եմ,
ՈՒ իմ պահվածքով քեզ բարկացնում եմ։
Այդ ես չեմ, հիշի՛ր, սերն է անհագուրդ,
Նա չի կշտանում. անկուշտ է, անկուշտ։
ՈՒ վախենում եմ ես ոչ թե մահից,
Այլ չհագեցած սիրուս կարոտից։
Բարսեղին
Հավատիդ ուժը այնքան զորանա,
Խոսքդ առ Աստված նոր աղոթք դառնա։
Կյանքի հրաշքը դռները բանա,
Ապաշխարանքով հոգիդ սրբանա։