Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՐՈՆՅԱՆԸ` ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

ԱՐՈՆՅԱՆԸ` ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
09.11.2010 | 00:00

Մոսկվայում մեկնարկել է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստներ: Այս մրցաշարը բարձրագույն` 21-րդ կարգի է: Արդեն առաջին խաղափուլում իրար դեմ դուրս եկան մրցաշարի վարկանիշային առաջատարները` Հայաստանի ու Ռուսաստանի առաջին շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը: Հայ գրոսմայստերը, օգտվելով աշխարհի նախկին չեմպիոնի վրիպումից, ստացավ անցունակ զինվոր և ստիպեց Կրամնիկին անձնատուր լինել: Սա դասական ժամակարգով պարտիաներում Լևոնի առաջին հաղթանակն էր նրա նկատմամբ: Ինչպես պարտիայից հետո նկատեց Արոնյանը, վերջին ժամանակներս ինքը գտել է իրեն տրամադրելու և մինչև վերջ պայքարելու ու չհանձնվելու ձևը: «Նախկինում, ինչպես ինձ թվում է, ես ժամանակից շուտ էի խաչ քաշում դիրքի վրա և թուլանում, երբ դիրքն այնքան էլ լավը չէր: Իսկ վերջերս ավելի համառ եմ դարձել»,- նշել է Լևոնը: Լրագրողի այն հարցին, թե նախկինում արդեն հաղթել է Տալի հուշամրցաշարում, կարո՞ղ է, արդյոք, Լևոնը համեմատել այս տարվա կազմն անցած տարվա կազմի հետ, հայ գրոսմայստերը պատասխանել է. «Մրցաշարը շատ հետաքրքրական է, հավաքվել է մասնակիցների շատ մարտունակ կազմ, և բոլորը ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան կազմակերպել: Այստեղ բոլորը, նույնիսկ ամենաագրեսիվ խաղացողները ձգտում են խաղալ ավելի ապահով, քանի որ հասկանում են, որ դժվար է լինելու. մասնակիցների նման հավասար կազմի դեպքում հանգստի ընդամենը մեկ օր կա: Եվ հետո բոլոր երիտասարդներն են այդպես վարվում: Ինձ այդպես են սովորեցրել. սկզբում ոչ-ոքի արա, հետո հաղթիր: Կարևոր է սովորել ոչ-ոքի խաղալ ցանկացածի հետ»:
Առաջին խաղափուլի մյուս պարտիաներում Կարյակինն առավելության հասավ Գելֆանդի, Գրիշչուկը` Էլյանովի, Վան Հաոն` սևերով Շիրովի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացին Մամեդյարովն ու Նակամուրան:
Երկրորդ խաղափուլում Լևոն Արոնյանը սևերով մրցեց չինացի Վան Հաոյի հետ և կիսեց միավորը: Խաղաղ դաշն կնքեցին նաև Մամեդյարովն ու Կարյակինը, Կրամնիկն ու Գրիշչուկը: Գելֆանդը հաղթեց Շիրովին, Նակամուրան` Էլյանովին:
Երրորդ խաղափուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց աշխարհի գավաթակիր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Լևոնը գեղեցիկ ոճով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Այդ օրն արդյունավետ ելք գրանցվեց ևս երկու մրցավեճում. Շիրովը զիջեց Մամեդյարովին, Էլյանովը` Կրամնիկին: Ոչ-ոքի խաղացին Կարյակինն ու Նակամուրան, Գրիշչուկն ու Վան Հաոն: Զարմանալի է Ալեքսեյ Շիրովի ու Պավել Էլյանովի անվստահ մեկնարկը, որոնք երեք պարտիայում կրել են նույնքան պարտություն:
Երեք պարտիայից հետո Լևոն Արոնյանն իր ընթացիկ անհատական վարկանիշն ավելացրել է 8,1 կետով և այժմ 2809,1 միավորով երկրորդն է` Մագնուս Կառլսենին զիջելով 3 կետով:
Երեկ կայացավ չորրորդ խաղափուլը: Լևոն Արոնյանը սևերով մրցեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և, հավասարեցնելով դիրքը, քայլերի կրկնության անխուսափելիության պատճառով ստիպեց խաղաղություն կնքել: Պարտիայի ավարտից անմիջապես հետո երկու գրոսմայստերները շատ մտերմիկ մթնոլորտում մեկնաբանեցին խաղը: Ինչպես նշեց Լևոնը, ինքը շատ վատ խաղաց, և ոչ-ոքի անելուց խուսափելն անմտություն կլիներ: Օրվա մյուս պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի: Այսպիսով, 4 խաղափուլից հետո Արոնյանն առաջինն է 3 միավորով:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 21473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ