Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՇԽԱՐՀՈՒՄ 10-ՐԴՆ ԵՆՔ

ԱՇԽԱՐՀՈՒՄ 10-ՐԴՆ ԵՆՔ
05.11.2010 | 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նոյեմբերի 1-ին հրապարակեց շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը, որում առաջին անգամ 2800-ի սահմանը հաղթահարել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նա դարձավ այդ գերգրոսմայստերական ցուցանիշն անցած վեցերորդ շախմատիստն աշխարհում: Մյուս հինգ գրոսմայստերներն են Գարրի Կասպարովը (լավագույն արդյունքը եղել է 2851), Մագնուս Կառլսենը (2826), Վեսելին Տոպալովը (2813), Վլադիմիր Կրամնիկը (2809) և Վիշվանաթան Անանդը (2804): ՈՒշագրավ է, որ այս վեցյակից աշխարհի չեմպիոն չեն եղել միայն Արոնյանն ու Կառլսենը: Հուսանք, որ մի օր Լևոնն էլ կնվաճի այդ բաղձալի բարձունքը:
Լավագույն տասնյակում սեպտեմբերյան աղյուսակի համեմատ տեղի են ունեցել էական փոփոխություններ: Այս տարվա հունվարից, երբ նորվեգացի Մագնուս Կառլսենը գլխավորեց վարկանիշային աղյուսակը, նա առաջին անգամ զիջեց առաջնությունը, և այժմ ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը: Նախկին ցուցակում երկրորդ արդյունքն ունեցող Վեսելին Տոպալովը միավորների զգալի կորուստ ունեցավ և այժմ 5-րդն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն տասնյակը և լավագույն 100 շախմատիստների աղյուսակում ընդգրկված հայ շախմատիստների ցուցակը.
1. Վ. Անանդ (Հնդկաստան) 2804
2. Մ. Կառլսեն (Նորվեգիա) 2802
3. Լ. Արոնյան (Հայաստան) 2801
4. Վ. Կրամնիկ (ՌԴ) 2791
5. Վ. Տոպալով (Բուլղարիա) 2786
6. Ա. Գրիշչուկ (ՌԴ) 2771
7. Վ. Իվանչուկ (ՈՒկրաինա) 2764
8. Շ. Մամեդյարով (Ադրբեջան) 2763
9. Ս. Կարյակին (ՌԴ) 2760
10. Վան Յուե (Չինաստան) 2756
24. Ս. Մովսիսյան (Սլովակիա) 2721
65. Վ. Հակոբյան (Հայաստան) 2675
76. Գ. Սարգսյան (Հայաստան) 2667
94. Տ. Ղարամյան (Ֆրանսիա) 2650

Միջին վարկանիշով (2631) Հայաստանը աշխարհում 10-րդն է (հաշվի են առնվում տվյալ երկրի տասը լավագույն շախմատիստների գործակիցները): Երկրների աղյուսակը 2731 միջին վարկանիշով գլխավորում է Ռուսաստանը, որին հետևում են ՈՒկրաինան (2699), Չինաստանը (2652), Ֆրանսիան (2651), Իսրայելը (2642), ԱՄՆ-ը (2640), Հնդկաստանը (2639), Հունգարիան (2634), Ադրբեջանը (2632):
Հայաստանի միջին վարկանիշը ձևավորվել է հետևյալ շախմատիստների գործակիցներից.
1. Լևոն Արոնյան 2801
2. Վլադիմիր Հակոբյան 2675
3. Գաբրիել Սարգսյան 2667
4. Արման Փաշիկյան 2640
5. Հրանտ Մելքումյան 2617
6. Տիգրան Լ. Պետրոսյան 2604
7. Զավեն Անդրիասյան 2585
8. Ավետիք Գրիգորյան 2580
9. Ռաֆայել Վահանյան 2577
10. Արտաշես Մինասյան 2563

Այս վարկանիշները կարևորվում են նրանով, որ դրանց հիման վրա է ձևավորվում Հայաստանի հավաքականը: Ըստ ընդունված կարգի` առաջին չորս շախմատիստներն ինքնաբերաբար ընդգրկվում են ազգային թիմում, իսկ հինգերորդ անդամ դառնում է Հայաստանի չեմպիոնը:

ՖԻԴԵ-ն հրապարակեց նաև կանանց վարկանիշային աղյուսակը, որը 2686 միավորով գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը: Ինչպես հայտնի է, նա մասնակցում է միայն տղամարդկանց մրցաշարերին: Երկրորդ տեղում է հնդկուհի Հումփի Կոներուն (2600), երրորդ` չինուհի Հու Յիֆանը (2591): ՈՒշագրավ է, որ լավագույն տասնյակից դուրս է մնացել աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը. նա ընդամենը 14-րդն է:
Հայաստանի շախմատիստուհիներից առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (2479, աշխարհում 22-րդն է), նրան հաջորդում են Էլինա Դանիելյանը (2466, 31), Լիլիթ Գալոյանը (2385, 76), Նելլի Աղինյանը (2284, 232), Սիրանուշ Անդրիասյանը (2209, 425):
Հայաստանի կանանց հավաքականը միջին վարկանիշով (2237) աշխարհում 23-րդն է: Աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի (2483), Չինաստանի (2462) և Վրաստանի (2445) հավաքականները:
Մեր երկրում կա միջազգային կոչումներ ունեցող 74 շախմատիստ, որոնցից 19-ը միջազգային վարպետներ են, իսկ 32-ը` միջազգային գրոսմայստերներ:
Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի 2011 թ. հունվարի 1-ին:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 21651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ