Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞նչ ենք կառուցում. երկի՞ր, թե՞ «բոնբոներկա»` էլիտարների համար

Ի՞նչ ենք կառուցում. երկի՞ր, թե՞ «բոնբոներկա»` էլիտարների համար
14.11.2008 | 00:00

ԳՈՐԾ ԱՐԵՔ
Որքան էլ պնդենք, թե հատկապես տնտեսության մեջ կատարյալ լճացում է, և ոչինչ իրականում չի կատարվում, այդուհանդերձ, կարող ենք ամրագրել, որ անցած մի քանի օրերը ոչ միայն հետաքրքիր էին, այլև բավականին բուռն` հենց տնտեսական իմաստով:
Ճիշտ է, օրինակ, Ջերմուկ քաղաքի տնտեսական զարգացման նախագիծ կոչվածը, ինչպես շատ ու շատ այլ «դարակազմիկ նախագծեր», մենք այս պահին էլ կարող ենք ոչ թե տնտեսական իրողությունների և կոնկրետ արդյունքների, այլ հերթական բարի ցանկությունների «փնջում» դիտարկել, այնուամենայնիվ, լավ է, որ գոնե քննարկելու բան կա: Անկախ նրանից` համաձա՞յն ես դու դրան, թե՞ ոչ, հավատո՞ւմ ես տվյալ նախագծին, թե՞ տնտեսական բլեֆ համարում ճիշտ այնպես, ինչպես Դիլիջանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Մանավանդ որ կառավարությունը կարծես թե այս անգամ առանձնապես «հավակնոտ ծրագրեր» չի դրել իր առաջ, չի «սպառնացել» Ջերմուկը տուրիզմի տարածաշրջանային կենտրոն դարձնել, այլ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի դեմքով բավականին համեստ մի ցուցանիշ է աչքի առաջ ունեցել. այն է` 10 տարում մոտ 100 000 զբոսաշրջիկ «հասցնել» Ջերմուկ: Մեծ բան չէ առանձնապես, եթե իսկապես ոմանք լավ աշխատեն, ենթակառուցվածքները խելքը գլխին գործեն, իսկ հյուրանոցների տերերն էլ «հոր գները չդնեն» իրենց հարկի տակ հյուրընկալելու համար (անուններ չենք տալիս, բայց ինքներդ դատեք` արդյոք ճի՞շտ է մեկ օրվա համար մարդուց 50 000 դրամ գանձել այն դեպքում, երբ այստեղ ծով չկա, իսկ սա ուղիղ կեսն է այն անհրաժեշտ գումարի, որը կծախսես, ասենք, Քոբուլեթում 1 շաբաթ հանգստանալու համար, հետո ի՞նչ, որ ներդրում ես արել, էդ ո՞վ է ասել, որ քո ծախսածը պիտի ուղիղ մեկ տարում հետ բերես), ներկայիս 10 000 զբոսաշրջիկի փոխարեն 100 000 ունենալն առանձնապես ծանր խնդիր չէ: Եթե անեն, իհարկե: Թե չէ միշտ էլ կարելի է Ներսես Երիցյանի նման ձեռքերը շփելով ասել` «5 000 մահճակալը 30 000 ենք դարձնելու, անպայման ուշադիր ենք լինելու, որովհետև խոսքը ՀՆԱ 100 մլն դոլարի մասին է», ու փոխարենը «սիրուն քայլքով գնալ ԱԺ` «Ա1+»-ը օրենքով փակելու»…
Բայց կառավարությունն անդրդվելի է։ Ասում են` նախ և առաջ թիվը մերը չէ միայն, «նաև միջազգային փորձագետներն են դրա ռեալությունը հաստատել» (չնայած, մի քիչ էլ կատակի կարգով նշենք, որ լավ կանեին կամ 90 000 ասեին, կամ թեկուզ` 101 000, որովհետև էքսնախագահի սիրած 100 000 թիվը, որ 10 տարիների ընթացքում աշխատատեղերի տեսքով էր իբր դրսևորվել, աչքներիս առաջ քանդուքարափ է լինում, ու տակը բան չի մնում), և հետո` մեջտեղ է բերվում նաև այն բավականին հետաքրքիր փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելից անմիջապես հետո, դեռ մի կարգին հանգիստ չառած ու ղարաբաղյան խնդրի շուրջ մեկնաբանություն չարած, ոչ ավել, ոչ պակաս, ուղղաթիռով Ջերմուկ հասավ: Երիցյանն ասում է` պատճառն այն է, որ «նախագծին հետևելու է շատ կոնկրետ ներդրողների հետ աշխատանքը»:
Խելքներդ բա՞ն է կտրում սրանից, հարցրինք երկու տնտեսագետի: Երկուսն էլ միանշանակ հրաժարվեցին թեկուզ փոքր, թեկուզ երկու նախադասությամբ կարծիք հայտնելուց, պատճառաբանելով, թե` «ձեռքի տակ կոնկրետ նյութ չկա»: Ասացին` «Կարող է` էդպես է, կարող է` ոչ: Ի՞նչ իմանանք, թե ովքեր են այդ ներդրողները, ինչքա՞ն փող են բերելու, ո՞նց, ի՞նչ ճանապարհով ենք էդ քանակի տուրիստ Ջերմուկ հասցնելու, Հայաստան մտնող բոլոր տուրիստնե՞րն են գնալու, թե՞ միայն նրանք, ովքեր ավելի երկար ժամանակով են գալու Հայաստան ու կուզենան Ղարաբաղի հետ միասին Ջերմուկն էլ տեսնել: Իսկ գուցե մարդիկ մտադիր են հենց միայն Ջերմուկի՞ կոնտինգենտ հավաքել. ի՞նչ գիտենք, որ ինչ կարծիք հայտնենք Ջերմուկի ռազմավարական զարգացման էդ նախագծի մասին: Անլուրջ զրույցի ես մեզ տանում»։ Սերժ Սարգսյանը, բնականաբար, այդ կարծիքին չէ. նրա մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանի փոխանցմամբ` նախագահը Ջերմուկից վերադառնալուն պես հատուկ նիստ է հրավիրել, որտեղ կրկին քննարկվել է ծրագիրը, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին ու առանձին հիմնարկների, օրինակ` «ՀայՌուսգազարդին», իսկ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ «պակաս տեղ չի թողել», նշելով, թե առաջիկայում «Ջերմուկը հատուկ քաղաքաշինական կարգավորման գոտի կամ օբյեկտ է հայտարարվելու»: Ինչ է սա նշանակում, շատ էլ պարզ չէ, բայց եթե խոսքն ինքնակամ-անկապ բաներ կառուցելու արգելքին է վերաբերում, կարծես թե Ջերմուկն այս հարցում պիտի որ «վերին արտի ցորեն» չհանդիսանա: Թե՞ սխալվում ենք, որ հանրապետության գլխավոր ճարտարապետի տեսանկյունից` ամբողջ Հայաստանն է «քաղաքաշինական կարգավորման հատուկ գոտի»… Փաստորեն, սխալվում ենք. համաձայն Նարեկ Սարգսյանի` «ազգային նշանակության տերիտորիաներ են դառնալու Ջերմուկը, ինչպես նաև Վանաձորը, Գյումրին, Դիլիջանը, Գորիսը, Գլաձորի և Տաթևի վանական համալիրները»: Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ապա նա ոնց որ թե «դավաճանել է իր նախկին շեֆի սպորտային-ծաղկաձորյան նախասիրությանը» և հիմա արդեն կարծում է, որ հենց «Ջերմուկը պիտի լինի այնպիսի մի վայր, ուր պիտի սպորտային համալիրներ կառուցվեն» և առհասարակ` «Ջերմուկն է, որ խոշոր միջազգային կոնֆերանսների անցկացման կենտրոն պիտի լինի»:
Բայց Ջերմուկի մասին կարծես թե շատ խոսեցինք: Նախագծի իրականացման հնարավորությունը թողնելով ապագային` նկատենք, որ 100000 թվի մասին արված մեր կատակը հենց այնպես չէր: Չէ՞ որ մեր հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ներկայացմամբ` իր ստեղծած 100 000 աշխատատեղերի մի մասն էլ հենց լեռնահանքային արդյունաբերությունում էր գոյացել: Ոլորտ, որտեղ, ասում են, նա և իր ընտանիքը շատ կոնկրետ փայ ունեն, եթե ոչ «ամբողջական կտորներ», և ոլորտ, որտեղ «մեզ վրա չազդած» համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում գործադուլներ են սկսվել: Փաստորեն, ընդհանուր առմամբ այս ոլորտում, միայն Կապան և Ագարակ քաղաքներում մոտ 700 հոգի հնարավոր է, որ անգործ մնա, ինչը, մանավանդ սահմանամերձ Ագարակի համար, սպանության պես մի բան է (մարդիկ, ի դեպ, հենց էդպես էլ ասում էին, թե միանգամից եկեք մեզ Արաքսը գցեք, պրծնենք, սա ի՞նչ կյանք է), և որտեղ, պարզվում է, տերերը միլիոններ են ստացել այս ամբողջ ընթացքում, աշխատակիցները` գրոշներ: Ասենք` մի 40 000, և հիմա դրանից էլ են զրկվելու:
Իրավիճակն այնքան է լարվել, որ Սերժ Սարգսյանին երիցս նվիրված հայտնի հանրապետական, «Արմնյուզի» մեկնաբան, ծնունդով մեղրեցի Մենուա Հարությունյանը ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին ասում էր` «Ձև չկա՞` դրանց ասենք` էսքան տարի գերշահույթ եք ստացել, լավ եք արել, հիմա մի քիչ էլ նեղ ապրեք, էդ մարդկանց մի՛ հանեք, փողոց շպրտեք»: Խեղճ Բոստանջյանն այնպես շփոթվեց, որ Գալուստ Սահակյանի «գործառույթը» հիշեց, ասաց` էդ տեսակ հարցերում պետությունը դրանից չունի: Պատկերացրիք, չէ՞… Դե, այո` արդյունքում վարչապետը «ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին երեկ գործուղել է Սյունիքի մարզ` Կապան, Քաջարան, լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով: Վերոնշյալ նախարարներին հանձնարարվել է լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու և առկա խնդիրներն արձանագրելու նպատակով հանդիպել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների, արհեստակցական կազմակերպությունների ղեկավարների հետ, գործուղումից վերադառնալուց հետո երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություններ` արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին հանձնարարվել է կազմակերպել և ապահովել որոշման մեջ նշված հանդիպումները»,- ասված է կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Ինչ կստացվի արդյունքում, հայտնի չէ:
Բա հետո՞, շատ չի՞ տխուր, հարցնում ենք «Պոլիտէկոնոմ» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանին: «Դե հա, ուզեն-չուզեն, պիտի ընդունեն, որ այս ճգնաժամը հարվածել է լեռնահանքային արդյունաբերությանը` հումքի էժանացման արդյունքում, որ պակասել են տրանսֆերտները, ինչի արդյունքում կոնկրետ Ռուսաստանում 600-700 000 մեր հայրենակիցներն են վնասվել` իրենց ընտանիքներով, իսկ մյուս ոլորտը, որտեղ ճգնաժամը նկատելի է, անշարժ գույքի շուկան է. այստեղ գների լուրջ անկում է նկատվել, և պրոցեսը շարունակվում է»: Հանգամանք, ինչին նույն Վարդան Բոստանջյանը համաձայն չէ, ասելով` «Ոչ էլ իջել է, և հետո` դա մենակ մեզնով չի պայմանավորված. սփյուռքահայերն էլ կան»: Պարզ է. փաստորեն, բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին ոչ միայն թանկացած բանկային տոկոսադրույքներն ու ավելացված ժամկետներն են խանգարում, այլև սփյուռքահայերը, որոնք գալիս ու այստեղ մի գլուխ բնակարան են գնում: ՈՒրիշ, ավելի ճիշտ` շատ կոնկրետ մարդիկ չեն խանգարում, ովքեր ոչ միայն քաղաքի կենտրոնի շինարարության տերն են, այլև իշխանության գլուխ և կարողանում են շատ հանգիստ «պետության գերակա շահի ներքո» գներն արհեստականորեն կենտրոնում ուռճացնել, մյուսներին էլ մխիթարել, թե` բա որ էդքան մարդու միանգամից հանում ենք կենտրոնից, իրենք գալիս են մի քիչ ավելի ծայրամասում տուն առնում` դրանով աշխուժացնելով ողջ շուկան: Իհարկե, սրա անունը ոչ թե աշխուժացում է, այլ արհեստականորեն ստեղծված պահանջարկի արդյունքում գների բարձրացում, բայց դե` դա՛ է հիմա: Թե չարախնդալու լինենք, պիտի ասենք` շատ լավ է, թող պատժվեն` ագահաբար, քաղաքաշինական ոչ մի նորմ հաշվի չառած իրենց «բոնբոներկաների» ներկայիս դատարկության արդյունքում: Առանց այդ էլ գործարարներ կան, որոնց ստիպել են մի քանի բնակարան ձեռք բերել էդ «բոնբոներկաներում». հո չե՞ն կարող նույն մարդկանց մի տասը բնակարան վաճառել:
Ամփոփելով նշենք, որ ամենևին էլ չհակասեցինք ինքներս մեզ` նյութի սկզբում նշելով, թե տնտեսական լճացում կոչվածը տեղի է տալիս, իսկ նյութում ոնց որ թե հակառակի մասին խոսելով: Ամեն բան գալիս-հանգում է նրան, որ «ծածկադմփոցների», «հուզիչ հայտարարությունների», «կրեատիվ հայրենասիրության» ու «դարակազմիկ ծրագրերի» ժամանակներն անցել են. հիմա ամեն բան մի տեսակ շատ արագ է դրսևորվում, թվային տեսք ստանում, այնպես որ ամենաճիշտ տարբերակը քիչ խոսելը և շատ գործ անելը կլինի: Ինչ վերաբերում է «հայրենասիրական հավակնոտությանը», ինչ-որ չենք հիշում, որ աշխարհիս երեսին ամենահավակնոտ` բացարձակ չեղած տեղից պետություն դարձած Իսրայելը, օրինակ, նույնիսկ Հերցլի օրերում, «անկապ բաներ կրակեր օդում»: Ռոմանտիկ հայրենասիրություն կար, չենք ժխտում. ասում էին` դուք նույնիսկ պարտավոր եք չդժգոհել այն բանից, որ ապրում եք բարաքներում, ուր խմելու ջուր էլ չկա, որովհետև Իսրայել ենք կառուցում: Եվ եթե նույնիսկ մեր դեպքում էլ խնդրին այդպես նայենք, հարց է առաջանում. իսկ մե՞նք ինչ ենք կառուցում. երկի՞ր, թե՞ «բոնբոներկա»` էլիտարների համար։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Երկու օր առաջ մեր վարչապետը, փաստորեն, հրաժարվել է «Ճգնաժամից չխոսեք՝ ճգնաժամ չի լինի» իր դիրքորոշումից, և, ո՜վ զարմանք` ԱԺ-ում ամենաընդդիմադիր գործչի և կամ շատ իրատես տնտեսագետի նման անդրադարձել խնդրին: Ուշացումով, իհարկե, բայց դա էլ քիչ չէ։ «Մասնավոր ուղղակի ներդրումների նվազում և հետաձգում, մասնավոր տրանսֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչև հումքի գների բարձրացումը, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում և առհասարակ ներդրումների կրճատում»,- ասել է վարչապետը, ինչից կարելի է եզրահանգել, որ երեք նախարարներից բաղկացած խումբն իզուր էր հասել Քաջարան, Կապան ու Ագարակ, իսկ Ա. Մովսիսյանն էլ զուր էր ժողովրդին խոստանում, թե «եկել ենք ոսկե միջինը գտնենք, հասկանանք` պետությունն ի՞նչ կարող է անել ձեզ համար, որ անգործ չմնաք, աշխատավարձերն էդքան չպակասեն»: Վարչապետը, ստացվում է, առանց այդ էլ հասկացել է, թե խնդրի լուծումը ոնց է լինելու` «հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչև հումքի գների բարձրացումը»: Այնպես որ, ցույց անելու փոխարեն մերոնք թող աղոթեն, որ հումքի գներն արագ բարձրանան: Այլ տարբերակ չկա։

Դիտվել է՝ 9571

Մեկնաբանություններ