Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եթե չենք ուզում հայ-ռուսական հակադրություն, պետք է վերանայվեն այսօրվա հարաբերությունները

Եթե չենք ուզում հայ-ռուսական հակադրություն, պետք է վերանայվեն այսօրվա հարաբերությունները
24.01.2015 | 19:30

Երբ մարդիկ պահանջում են Գյումրու սպանդի ոճրագործին հանձնել Հայաստանի իրավազորությանը, Մոսկվայից ու Երևանի նրանց աջակից շրջանակներից անմիջապես լսում են քննադատություն, որ դրանով սեպ է խրվում հայ-ռուսական հարաբերություններում: Երբ ասում ենք, որ ռուսական ռազմաբազայում կարգ ու կանոն հաստատեք ու գործեք այն երկրի օրենքներով, որտեղ հյուրընկալվում եք, մեզ մեղադրում են ծայրահեղականության ու արևմտյան գործակալ լինելու մեջ: Իրականության մեջ մեր պահանջները բնական են ու միանգամայն քաղաքակիրթ ու դրանց հակադարձումն է անհարկի քաղաքականացնում խնդիրը: Գյումրու դեպքերն անհրաժեշտություն են առաջացրել, որ քննարկման թեմա դառնան հայ-ռուսական հարաբերությունները, ընդ որում՝ թե առանձին այս միջադեպի հետ կապված, թե ավելի գլոբալ հարթության մեջ: Եթե դա տեղի չունենա, հայ-ռուսական հարաբերություններին ոչ թե նպաստում ենք կամ դրանք դարձնում ավելի բարեկամական, այլ ընդամենը քողարկում ենք այն բացասական էներգիան, որը մի օր ավելի մեծ հակադրություն, բախում է ծնելու: Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքում բախվել են հայեր և ռուս զինվորականներ: Զինվորականներից մեկը սպանվել է դանակահարությունից: «Ռոսբալտ» գործակալությունը տեղեկացնում է, որ բանավեճը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումներից: Գուցե այդպես է կամ ոչ, բայց այսպիսի բախումներ էլի կլինեն, որովհետև երկու երկրների ղեկավարությունները, քաղաքական ու այլ էլիտաները ջայլամային քաղաքականություն են վարում ու չնկատելու են տալիս լուրջ քննարկումների անհրաժեշտությունը՝ հղում անելով պատմությանը, մեր դարավոր բարեկամությանը, Աբովյանի կամ Գրիբոյեդովի ասածներին, թուրքական վտանգին ու ամեն ինչի, որը ստեղծված վիճակի հետ իրական աղերս չունի: Ի վերջո, ռուսներն ու ուկրաինացիները ունեն էթնիկ, կրոնական ընդհանրություններ, ունեցել են միասնական պետություն, պատմություն, սակայն չքննարկված հարցերը հանգեցրին պատերազմի, եղբայրասպան արյունահեղության: Ես չեմ ուզում, որ նույնը տեղի ունենա հայ-ռուսական հարաբերություններում, ես հասկանում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկն է և հայ-ռուսական բնականոն հարաբերությունները այլընտրանք չունեն ու դրա համար առաջարկում եմ քաղաքական ու հանրային դիսկուրս: Ռուսները պետք է հասկանան, որ Պերմյակովին Հայաստանին հանձնելը միայն իրավական հարց չէ, եթե նույնիսկ ֆորմալ առումով հենց այդպիսին է: Նրանք մի անգամ պետք է դեն նետեն իրենց կայսերական հավակնությունները, որ Հայաստանի ժողովուրդը, մենք բոլորս չկասկածենք, որ կոնկրետ հանցագործի դեմքով Ռուսաստանը սպանդի է ենթարկել մեզ, քայլել է մեր ազգային ինքնասիրության, մարդկային աժանապատվության վրայով: Մոսկվայում պետք է հասկանան, արդեն ավելի գլոբալ հարթության մեջ, որ մենք իրենց ոչ թե վասալն ենք, այլ դաշնակիցը, գուցե սահմանափակ ռեսուրսներով, բայց դաշնակիցը, որի հակառակորդին զինելն անհետևանք չի մնալու: Եթե այս իրողությունները չհասկացվեն, վաղ թե ուշ, հետխորհրդային տարածքում առաջանալու է հակակայսերական, հակառուսական նոր օջախ ու դրանում պետք չէ փնտրել ամերիկյան կամ արևմտյան հետքեր: Ցանկացած պետություն` անկախ իր չափերից, ու ցանկացած ժողովուրդ՝ անկախ իր թվաքանակից, արժանապատվություն ու ինքնասիրություն ունեն:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ