ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
01.08.2023 | 18:06

(սկիզբը` այստեղ)

Մխիթար Սեբաստացու մահվանից 23 տարի անց` 1772-ին, Ստեփանոս Մելգոնյանի (1717–1799) աբբահայրության օրերին միաբանության կանոնադրության փոփոխման, ինչպես նաև տարաբնույթ մի շարք խնդիրների կապակցությամբ ծագած տարաձայնությունների պատճառով միաբանների մի խումբ (թվով 18 անձ)` գրող, թարգմանիչ և մշակութային գործիչ Աստվածատուր Բաբիկյանի (1738– 1825) գլխավորությամբ թողնելով Վենետիկը՝ գնում են նախ Տրիեստ (1773 թ.), ապա 1810 թ. հաստատվում Վիեննայում: Երբ 1805 թ. ֆրանսիական զորքը գրավում է Տրիեստը, Մխիթարյանները, որպես Հաբսբուրգյան կայսրության հպատակներ, մատնվում են նյութական տագնապի և Տրիեստում հաստատվելուց 38 տարի անց` 1810 թ. դեկտեմբերին ստիպված են լինում լքել Տրիեստը և ապաստան փնտրել կայսերական Վիեննայում։

Ֆրանց Ա. կայսրը 1810 թ. դեկտեմբերի 5-ի պաշտոնական գրությամբ ընդունում է վանականներին և տալիս նրանց իրավունք ապրել ու գործել իր կայսրության մայրաքաղաք Վիեննայում: Նրանք

1811-ից ապաստանում են Սուրբ ՈՒլրիխ արվարձանի «Am Platzl» հրապարակում գտնվող Կապուչինների լքված վանքում:

1837-ին սկսվում է նոր վանքի կառուցումը, որի գլխավոր հատվածը գտնվում է ներկայիս «Մխիթարյան» կոչվող փողոցում:

1874-ին երկու նոր կառուցված մասերի և նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու հետ միասին վանքը ստանում է իր այսօրվա տեսքը՝ Սուրբ պատարագի արարողութեամբ դառնալով կենտրոն Վիեննայի հայերի համար:

Առաջին գործը, որ միաբանները ձեռնարկում են, Տրիեստից մեծ դժվարություններով բերված տառերով և երկու փայտյա մամուլով տպարանի հաստատումն է (1811-12 թթ.):

1893 թվականին տպարանն արդեն ուներ 50 լեզվով տառատեսակ (այդ թվում՝ չինարեն, ճապոներեն, հնդկերեն և այլն)։

Գրքերից բացի տպագրվում էին նաև հունգարական թղթադրամներ, Դ․ Դիմիտրովի հակաֆաշիստական թռուցիկներ ու գրականություն։ Ավելին, Վիեննայի Մխիթարյան տպարանն այնքան է զարգանում և այնքան բարձրացնում իր արտադրությունների որակը, որ ավստրիական կառավարությունը և պաշտոնական որոշ հիմնարկներ տպագրական գործերը տպագրել են տալիս այդ տպարանին։
Մխիթարյանների վիեննական ճյուղը ևս կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերում հայագիտության և հատկապես հայոց լեզվի պատմության, հայ պատմագրության և դրամագիտության ուսումնասիրման բնագավառներում՝ իր ծաղկուն շրջանն ապրելով XIX դ. 2-րդ կեսից։
Վիեննայի գրադարանը իր 2600 հայկական թանկագին ձեռագրերով, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարին, իր մոտավորապես 120 000 հայերեն հատորներով և 15 000 օտարալեզու աշխատանքներով՝ նվիրված հայ ազգի պատմությանը և մշակույթին, մեծագույն հավաքածուներից է հայկական սփյուռքում: Մխիթարյան վանքի գրադարանում է գտնվում հայ մամուլի մեծագույն և հնագույն հավաքածուն, որը հաշվում է շուրջ 70 000 հատոր։ Մեծարժեք է նաև թանգարանը, որտեղ պահվող հայկական մետաղադրամների ամենամեծ հավաքածուի հետ մեկտեղ, որի հնագույն նմուշները հասնում են մինչև նախաքրիստոնեական 4-րդ դար, թանգարանը պահպանում է հայ ժողովրդական արվեստի բացառիկ գործեր՝ գորգեր, հախճապակիներ, արծաթագործության և եկեղեցական արվեստի ստեղծագործություններ: Հատկապես տեսնելու արժանի է նկարների հարուստ հավաքածուն՝ հայ նկարիչների և նույնիսկ նկարչական ընտանիքների գործերով (Նաղաշ՝ 18-րդ դար և Այվազովսկի՝ 19-րդ դար):
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերը՝ Վենետիկի և Վիեննայի, սկսում են ակտիվ համագործացել, և երկարատև բանակցություններից ու քննարկումներից հետո Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքում 2000 թ. հուլիսի 10–21-ը կազմակերպվում է միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որին մասնակից երկու հաստատությունների բոլոր միաբանները որոշում են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով:

Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքը ճանաչվում է Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որը պետք է ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մի վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր առաքելավայրերն ու կենտրոնները կառավարվելու են նորընտիր ընդհանրական աբբահոր և նրա Միացյալ վարչական խորհրդի կողմից:
Սա այն եզակի դեպքերից է, երբ պառակտումը ոչ թե կործանարար, այլ արգասաբեր հետևանք է ունենում, և ինչպես նշում է Ա. Չոպանյանը՝ անդրադառնալով Մխիթարյան զույգ միաբանությունների գործունեությանը՝ «Հնարաւոր կը դառնար հայացումը Եւրոպայի երկու գլխաւոր մշակոյթներուն՝ իտալական և գերմանական: Շնորհիւ այդ բաժանումին՝ հայ միտքը բեղմնաւորուեցաւ իտալական գեղագիտութեամբ եւ գերմանական քննադատութեամբ»։
1900 թ., երբ ողջ հայությունը նշում էր Մխիթարյան միաբանության 200-ամյակը, Մկրտիչ Ա Վանեցի Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկ), որը մեծ ակնածանքով էր վերաբերվում Մխիթարյան հայրերին, տոնակատարության առթիվ ցանկանում է կաթողիկոսական կոնդակի հետ միաբանությանը նվիրել Սևանի վանքի Աստվածամոր այն հինավուրց նկարը, որի առջև Սեբաստացին ծնրադիր աղոթել էր։ Եվ թեև բազմաթիվ քննադատությունների արդյունքում նա հետ է կանգում իր որոշման իրագործումից, բայց այդ որոշումն արդեն իսկ խոսում է Մխիթարյան միաբանության նկատմամբ նրա այն բուռն ու ջերմ վերաբերմունքի, գնահատանքի, մեծարանքի, ակնածանքի ու խնկարկման մասին այն մարդկանց նկատմամբ, որոնց ողջ կյանքը Եկեղեցուն, Հայրենիքին, ողջ հայությանը ինքնամոռաց և անշահախնդիր ծառայելու սքանչելի մի օրինակ է։
Մեծերը խոնարհվում են Մեծերին;

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարում` Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքի շենքը

Դիտվել է՝ 5572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ