ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մայիսին ԱՄԷ-ում շահագործվելու է ատոմակայանի առաջին բլոկը

Մայիսին ԱՄԷ-ում շահագործվելու է ատոմակայանի առաջին բլոկը
17.02.2017 | 09:26

ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտը կատարելագործման ճանապարհ է անցնում: Չնայած նավթի նախանձելի պաշարներին, էներգիայի մեծ սպառում ունեցող երկիրը փորձում է էներգիայի նաև այլ աղբյուրներ գտնել, այդ թվում՝ արևային, թափոնների վերամշակումից ստացված և ատոմային էներգիան: Ատոմային էներգիայի նկատմամբ ԱՄԷ-ի հետաքրքրությունն ընդգծվել է հատկապես վերջին տասնամյակում: Արխիվային նյութերի համաձայն՝ 2008-ի ապրիլին երկրի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ աճող էներգետիկ պահանջները բավարարելու համար ավելի հարմար էներգիայի աղբյուր է համարում ատոմային էներգիան, քանի որ այն ավելի փորձված է և տնտեսապես մրցունակ:

Այսպիսի եզրակացության հանգելուց հետո այս ոլորտում աշխատանքներ իրականացնող և այն կարգավորող մարմնի անհրաժեշտություն է առաջացել: 2009-ի սեպտեմբերի 24-ին, համաձայն Դաշնային 6-րդ օրենքի, «Միջուկային կարգավորման մարմին» է հիմնադրվել: Հավելենք՝ Դաշնային 6-րդ օրենքը վերաբերում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Այն հայտնի է նաև «Միջուկային օրենք» անունով: Ատոմային էներգիայի արտադրման գործընթացը սկսելու համար 2009-ին ԱՄՆ-ը և ԱՄԷ-ն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր են ստորագրել: Դրանից բացի, ԱՄԷ-ն ստորագրել է նաև «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը»: Այնուհետև ստեղծվել է «Բարաքա» ատոմակայանի նախագիծը: Այն կյանքի կոչելու համար 2009 թ. դեկտեմբերին «Էմիրությունների ատոմային էներգիայի կորպորացիային» 20 մլրդ դոլար է հատկացվել: Ատոմակայանի հիմնաքարը դնելու արարողությունը տեղի է ունեցել 2011 թ. մարտի 14-ին՝ Ռուվայիս տեղանքում, որին մասնակցել է նաև Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյուն Բակը:


Չորս բլոկ ունեցող ատոմակայանի շինարարությունը սկսվել է 2012-ին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն պետք է շահագործվի 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ ատոմակայանը նախագծված է Կորեայի մոդելով: ԱՄԷ-ում ոլորտի պատասխանատուները համոզված են, որ կորեական մոդելն ամենավստահելին է: Այն ի վիճակի է դիմակայելու բնական աղետներին: ԱԷՄԳ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ Համադ Ալքադիի խոսքով` Կորեայում ավելի շատ են ուժեղ երկրաշարժեր լինում, քան ԱՄԷ-ում, ուստի կորեական մոդելը հարմարեցված է այդ երկրաշարժերին և կրկնակի հզորությամբ երկրաշարժերին: Վերադառնալով ատոմակայանի ընդհանուր նկարագրությանը՝ նշենք, որ «Բարաքայում» գործելու են ԱՓՌ-1400 (APR-1400) առաջատար հզորությամբ ռեակտորներ, որոնք երրորդ սերնդի ճնշմամբ ջրային ռեակտորներ են՝ նախագծված «Կորեայի էլեկտրական հզորության ընկերության» կողմից: ԱՓՌ-1400-ը 18 ամսվա վառելիքի ցիկլ ունի, իսկ կառուցումը տևում է 48 ամիս։ Ինչպես հայտնի է, այսօր աշխարհում ընդամենը երկու երկրում՝ Հարավային Կորեայում և ԱՄԷ-ում են կառուցվում այսպիսի ռեակտորներ:
Բացի էներգետիկ լրացուցիչ աղբյուր լինելուց, ատոմակայանի նախագիծը նաև սոցիալական լուրջ խնդիր է լուծել՝ 18000 մարդ է աշխատում այս նախագծի վրա: Այսպիսով, ամիսներ տևած քրտնաջան աշխատանքը շուտով կտա իր պտուղները՝ մայիսին շահագործման է հանձնվելու «Բարաքա 1-ը» (առաջին բլոկը), որը պատմական իրադարձություն է: Իսկ «Բարաքա 2-ը» շահագործման է հանձնվելու 2018-ին (սկսվել է 2013-ին), «Բարաքա 3-ը»՝ 2019-ին (սկսվել է 2014-ին), «Բարաքա 4-ը»՝ 2020-ին (սկսվել է 2015-ին): Առաջին բլոկի պատրաստ լինելու մասին վկայում է նաև այն փաստը, որ ատոմակայանը վառելիք ներկրելու թույլտվություն է ստացել: Ըստ Միջուկային կարգավորման դաշնային մարմնի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Հարավային Կորեայից վառելիքի առաջին խմբաքանակն է ուղարկվելու: Առաքումը տեղի է ունենալու նավով: Իսկ մինչև ռեակտորը պահեստում տեղավորելը, մի քանի շաբաթ այն լրացուցիչ զննում է անցնելու: Միջուկային կարգավորման մարմնի ղեկավարի տեղակալ Յան Գրանտի խոսքով՝ առաջին բլոկը սկզբում աշխատելու է ցածր հզորությամբ, աստիճանաբար մեծացնելու է հզորությունը, մինչև սկսի աշխատել ամբողջական հզորությամբ: Ատոմակայանը նաև պետք է ստուգման ենթարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից (ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն)՝ համոզվելու համար, որ վառելիքն օգտագործվելու է միայն խաղաղ նպատակներով: Ընդգծենք, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը: ԱԷՄԳ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ Համադ Ալքադին հավելում է՝ ԱՄԷ-ն սերտորեն համագործակցում է ԱԷՄԳ-ի վերահսկողության թիմերի հետ՝ համոզվելու, որ «Բարաքա» ատոմակայանում վերահսկողության միջոցառումները համապատասխանում են գործակալության պահանջներին: ԱՄԷ-ի Միջուկային կարգավորման դաշնային մարմնում երկու հարյուր մասնագետ է աշխատում՝ ստուգելու միջուկային անվտանգությունը, ռադիացիայից պաշտպանվածությունը: Թիմի աշխատակիցներն ընդգրկված են նաև հարակից ոլորտների աշխատանքներում՝ արտակարգ իրավիճակներում պատրաստվածություն և թափոնների կառավարում:


«Բարաքա 1-ի» շահագործումը լուրջ և պատասխանատու իրադարձություն է, որի բարեհաջող գործարկումը նաև հաշվետվություն է ԱՄԷ-ի բնակչությանը, որը հետագայում արտադրվող էներգիայի սպառողն է: Միջուկային կարգավորման դաշնային մարմնի ղեկավար Քրիստեր Վիկտորսոնի խոսքով՝ ԱՄԷ-ի ատոմակայանի ծրագրի կարևոր սկզբունքներից մեկը գործունեության թափանցիկությունն է: Միջուկային կարգավորման մարմինն ամեն ինչ անում է կարևոր որոշումների մասին հանրությանը տեղեկացնելու համար: Իսկ հանրությանը հետաքրքրում է, թե ով է գնելու և իրենց հասցնելու ատոմակայանի արտադրած էներգիան: Պետք է նշել, որ 2016 թ. նոյեմբերի 1-ի համաձայնագրով «Բարաքա» ատոմակայանի արտադրած էներգիան գնելու և իրացնելու է Աբու Դաբիի ջրի և էլեկտրաէներգիայի կազմակերպությունը:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 15002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ