Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Ամեն օրվա համար նա իր գույնն էր ընտրում, ու կյանքը դառնում էր ծիածան

Ամեն օրվա համար նա իր գույնն էր ընտրում, ու կյանքը  դառնում էր ծիածան
02.04.2024 | 06:55

Նա աչքերը բացեց։ Լուսանում էր։ Անկողնում ձգվեց։ Էսօր ի՞նչ գույն ընտրի։

Նորից աչքերը փակեց ու մտածեց։ Երեկ դեղին էր։ Հիշեց դեղին ամպերը, հետո՝ դեղին ջրափոսերի մեջ չլմփացող մեքենաների անիվները, շենքերի դեղին պատերն ու դեղնած մայթերը, բակ մտած ավել ծախողի դեղնավուն, խզված ձայնով կանչը։ Մտքում ժպտաց։

Լա՛վ, էսօրը թող մանուշակագույն լինի։ Դա նշանակում էր, որ հիմա փակ վարագույրի հետևից սենյակ լցվող մեղմ վարդագույն լույսն արևի առաջին ճառագայթների հետ կխտանա, կդառնա մանուշակագույն, ու հենց վարագույրը բացի, կլցվի տուն, տանն ամեն ինչ մանուշակագույն կդառնա։ Մանուշակագույն լոգանք կընդունի ու թարմ ռեհանի գույներով ողողված նախաճաշ կանի։

Էսօր ամեն ինչ մանուշակագույնի տարբեր երանգների մեջ է լինելու։ Տնից դուրս կգա, մանուշակագույն ավտոբուս կնստի ու աչքի տակով կուսումնասիրի սիրուն աղջիկների ջինսերի վրայի մանուշակագույն պատռվածքները, որոնք տեղ-տեղ մաշվել ու վարդագույն են դարձել։

Եթե էսօր անձրև գա, ամբողջ փողոցից նոր ծաղկած յասամանի հոտ կգա, իսկ եթե անձրև չգա, փողոցը մինչև գիշեր մանուշակի մեղմ հոտով լցված կլինի։ Եթե արգելված տեղում փողոցը վազելով անցնի, ուլտրամանուշակագույն կվազի, որ մեքենայի տակ չընկնի։

Իսկ եթե մի տհաճ դեպք պատահի, ու ջղայնանա, մանուշակագույն կջղայնանա։ Մանուշակագույն ջղայնությունը ծիծաղելի է՝ հա՛մ ջղայնանում ես, հա՛մ էլ կողքից նայում ես ջղայնությանդ, ու ծիծաղդ գալիս է։ Ու ջղայնությունն ինչ-որ ծիծաղելի ծամածռություն է դառնում։

Գիտնականները մանուշակագույնը համարում են կապտա-կարմրա-կապույտ, այսինքն՝ կապույտի գրկում հանգստացող կարմիր։ Ու էսօր բոլոր մտքերը, բոլոր սպասումները, բոլոր ժպիտները կապտակարմրակապույտ կլինեն։ Երեկոյան նա կապտակարմրակապույտ կհանգստանա, սուրճ կխմի, կհետևի ծխախոտից վեր բարձրացող մանուշակագույն ծխի նկարած նախշերին, իսկ քնելուց առաջ մանուշակագույն հիշողություններով օրոր կասի իրեն՝ մինչև աչքերը փակվեն։

Էսօր նրա կյանքի չգիտեմորհազարերորդ օրն էր, ու չգիտեմորհազարերորդ գույնն էր։ Ամեն օրվա համար նա իր գույնն էր ընտրում, ու կյանքը ծիածան էր դառնում։

Նա չգիտեր, թե կյանքն էսօր ինչ է նախապատրաստել իր համար, բայց ինքը կյանքի համար մանուշակագույն օր էր նախապատրաստել, ու կարծես թե՝ կյանքին դա դուր էր գալիս։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4857

Մեկնաբանություններ