«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
28.05.2010 | 00:00

Եվրոպայում և աշխարհում Լեհաստանի, որպես կշիռ ունեցող տերության, դերի կայացմանն ուղղված լեհական արդի քաղաքականությունը, նախ և առաջ, միտված է Արևելյան Եվրոպայում դիրքերի ձեռքբերմանը, որոնք, ըստ այդ քաղաքականության հեղինակների, լեհական դարավոր ազդեցության և շահերի գոտի են։ Այս առումով, իհարկե, լեհական քաղաքականությունը բնորոշվում է որպես արմատապես հակառուսական, և առայժմ Լեհաստանը ձգտում է կառուցել փորձառական վարքագծեր, այդ ընդարձակ տարածաշրջանում ձևավորել ոչ միայն ընդհանուր առմամբ դեպի Արևմուտք, այլև դեպի Լեհաստան կողմնորոշված տարբեր պետությունների շահերը, ընդ որում, Լեհաստանն ընկալելով որպես արևմտյան ընկերակցության «առաջապահ» պետություն։ Լեհաստանը ձգտում է դեպի իրեն` որպես այդ տարածաշրջանի քաղաքական կենտրոնի, կողմնորոշել այնպիսի պետությունների, ինչպիսիք են Լիտվան, ՈՒկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Լեհաստանը բավական խանդոտ է վերաբերվում այլ տերությունների նկրտումներին Արևելյան Եվրոպայի հանդեպ, եթե դրանք համակարգված չեն իր հետ։ Անկախ այն բանից, թե ինչ պետությունների մասին է խոսքը` Արևմտյան Եվրոպայի առաջատար պետությունների, թե նույնիսկ ԱՄՆ-ի։ Աշխարհում համառ պայքար է ծավալվել ՈՒկրաինայի վրա ազդեցություն ստանալու համար, որին մասնակցում են առաջատար պետություններ` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, մասամբ էլ Ֆրանսիան։ Որոշ չափով արդեն նկատելի Է Թուրքիայի պահանջատիրությունն ՈՒկրաինայի հանդեպ, ներառյալ թուրքական շահերը Ղրիմում, «պրոբլեմների մոլդովական հանգույցի», մետալուրգիական, թեթև արդյունաբերության և, առհասարակ, Սևծովյան ավազանի հանդեպ։ Ներկայումս ոչ հրապարակային բնույթի վերլուծության ոլորտում քիչ չեն դատողությունները «ուկրաինական նախագծի» վերաբերյալ, ընդ որում, լեհական «տարբերակով»։
Գոյություն ունի՞, արդյոք, «ուկրաինական նախագիծ», և ի՞նչ է այն։ ՈՒկրաինական ժամանակակից պետության վերակառուցման վերաբերյալ ինչ-որ մտադրությունների գոյության հարցում կարող են կասկածել միայն նրանք, ովքեր ուշադրությամբ չեն հետևել «նարնջագույն հեղափոխությանն» ու հետագա իրադարձություններին։ Եթե անգամ ՈՒկրաինան լիովին համապատասխաներ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության առաջադրանքներին ու նպատակներին, նրան, միևնույն է, հանգիստ չէին տա, քանի որ Եվրոպայի այդքան մեծ և վատ կառավարվող պետությունը չի կարող կայուն վիճակում մնալ, եթե տարբեր քաղաքական և աշխարհաքաղաքական նախագծերի մասնակից չէ։ ՈՒկրաինան որպես Եվրատլանտյան կառուցվածքներին բավականաչափ միավորված, տնտեսապես ներդաշնակ և սոցիալապես կայուն պետություն, ամենևին էլ իդեալ չէ Արևմուտքի քաղաքական նախագծողների ու քաղաքական գործիչների պատկերացումներում։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման առնչությամբ «նարնջագույն հեղափոխության» պարագլուխների ձգտումների վերաբերյալ արվել են առարկություններ, որոնք, նախ և առաջ, բացատրվում են Ռուսաստանից բխող սպառնալիքներով։ Առանց դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընթացքը սահմանափակելու գործում Ռուսաստանի դերը նսեմացնելու վտանգի, անհնար է այդ գործոնին վերաբերվել որպես հիմնարար։ ՈՒկրաինան բացահայտորեն չի տեղավորվում արևմտյան ընկերակցության քաղաքականության հարմարավետ ձևաչափի մեջ։ «ՈՒկրաինական նախագիծը» մշակվել և արմատավորվել է անգլո-սաքսոնական պահպանողական վերնախավի որոշակի շրջանակների կողմից և նախատեսված է արևելաեվրոպական և եվրասիական տարածության վերակազմավորման հեռագնա ծրագրերի իրականացման համար, նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել մի շարք տարածաշրջանների նկատմամբ։ Լեհաստանի շահագրգռությունն «ուկրաինական նախագծի» նկատմամբ շատ մեծ է։ Լեհաստանը ձգտում է ավելի կարևոր դիրքեր գրավել Եվրոպայում ու միջազգային հարաբերություններում և իր արտաքին քաղաքականությանը համաեվրոպական հնչողություն հաղորդել։
ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Լեհաստանի անդամակցությունից հետո շատ արագ պարզվեց, որ Լեհաստանի արտաքին քաղաքականության բոլոր հնարավոր առաջնային ուղղությունները խնդրահարույց են։ Եվրամիության մեջ նրա դիրքերը զգալի խնդիրներ են առաջացրել և չեն հանգեցրել երկրի հեղինակության բարձրացմանը։ Իրաքից լեհական զորքերի դուրսբերումը ցույց տվեց, որ լեհական վերնախավն ընդունակ չէ հակադարձելու հասարակության պահանջներին։ Գերմանիան ամենևին էլ չի հաշտվել Արևելքից «ճզմված» և Արևելյան Եվրոպայից «զատված» պետության վիճակի հետ և փորձում է խորտակել «լեհական արգելափակոցը», որ Գերմանիայից արևելք կառուցում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Բալթյան և արևելաեվրոպական պետություններին չի ոգևորում Լեհաստանի «խնամակալությունն» ընդունելու հեռանկարը, որը ոչ այնքան հարուստ և ազդեցիկ պետություն է։ Այնպիսի կանխավ տխուր գոյատևման դատապարտված աշխարհատնտեսական դաշինք, ինչպիսին ՎՈՒԱՄ-ն է, չի կարող բավարարել Լեհաստանին, քանի որ այդ դաշինքի անդամները բաժանված են շատ հակասություններով, և դրանցից ոչ մեկը չի ձգտում մասնակցել իր գործընկերների պրոբլեմների թեթևացմանը։ Հնարավոր է, Լեհաստանի որոշակի քաղաքական շրջանակներ հույս են ունեցել, թե Արևելյան Եվրոպայի պետությունների ինտեգրման գործընթացները կառուցողական կլինեն` ռուսական սպառնալիքին հակազդելու հիմքի վրա։ Օրինակ, լեհ իշխանությունները փորձում էին սահմանափակել լեհական ազգայնականների և ռևանշիստների հարձակումները ՈՒկրաինայի, Լիտվայի և Բելառուսի հասցեին, բայց դա չհանգեցրեց կառուցողականության ուժեղացմանը, քանի որ լեհ քաղաքական գործիչները հասկացան, որ տարածաշրջանում Լեհաստանի ազդեցության աճը հնարավոր է միայն լարվածության և առճակատման մեծացմամբ։
Խորհրդային համակարգի փլուզման հենց սկզբից Վարշավան դարձավ Բելառուսում և ՈՒկրաինայում հակավարչակարգային ելույթների և ապստամբությունների կազմակերպման միջոցառումների ծրագրման և նախապատրաստման կենտրոն։ 90-ական թվականների երկրորդ կեսին Վարշավայում ԿՀՎ-ի կենտրոնը ղեկավարում էր մի ավագ սպա, որը նախապատրաստել ու ղեկավարել էր Ռումինիայի «հեղափոխությունը» 1989-ին։ Համապատասխան գործակալական ցանցը Բելառուսում, փաստորեն, լիովին վերացվել էր, և ԱՄՆ-ը որոշ չափով հետ էր կանգնել իր մտադրություններից։ Սկսած 1998-ից` լեհական հատուկ ծառայություններն ակտիվորեն զբաղվում են «ուկրաինական նախագծով», իրականացնելով ՈՒկրաինայում ներքին առճակատման տրամադրությունների խրախուսման, առաջին հերթին Արևմուտքում հակառուսական նկրտումների խրախուսման համակարգային միջոցառումներ։ ՈՒկրաինացի աջ ազգայնականներից մեկի խոստովանությամբ, «արևմտյան մարզերում հակառուսական տրամադրությունները վաղուց անցած-գնացած բան կլինեին, եթե չլինեին լեհական գործակալական ցանցերի ջանքերը»։ Ներկայումս «ուկրաինական նախագծի» իրականացման կենտրոնական գրասենյակը գտնվում է Լեհաստանի հարավարևելյան Սանդոմիր քաղաքում։ Այդ գործունեությանը լայնորեն ներգրավված են Լեհաստանի պետական անվտանգության նախարարության շատ մասնագետներ, այդ թվում` ուկրաինական ծագում ունեցող լեհ սպաներ։ Գրասենյակը հսկայական աշխատանք է կատարել ուկրաինական մտավորականների, քաղաքական գործիչների և ՈՒկրաինայի տարբեր մարզերի տեղական իշխանությունների շրջանում։ 2004-ին, «նարնջագույն հեղափոխության» իրադարձություններից հետո, Լեհաստանի շահագրգիռ գերատեսչությունների ու ծառայությունների ղեկավարներն ընդունել տվեցին դոկտրինի բնույթ ունեցող կառավարական մի փաստաթուղթ, որի հիմնական գաղափարը ՈՒկրաինայի քաղաքական ու պետական պառակտման խրախուսումն է։ Այս կապակցությամբ Լեհաստանի քաղաքականությունը միտված է ՈՒկրաինայի քաղաքական կյանքի «երկբևեռայնության» ձևավորմանը, երկրի արևմտյան ու հարավային մարզերում ուժի և իշխանության համարժեք կենտրոնների ստեղծմանը։ Վարշավայում հիանալի հասկանում են, որ Արևմուտքի ավելի ազդեցիկ պետությունների հետ փոխգործակցությամբ անգամ ի վիճակի չեն վերահսկողության տակ պահելու ՈՒկրաինան` նրա ներկա աշխարհաքաղաքական ձևաչափով։ Արևելյան մարզերը չեն հանդուրժի Արևմուտքի, առավել ևս` Լեհաստանի ուժեղ ազդեցությունը։ Լեհաստանում ափսոսանքով են հետևում, թե ինչպես է Ռուսաստանը ՈՒկրաինան գրեթե լիովին կորցրած լինելու վիճակից վստահորեն վերականգնում իր ազդեցությունն այդ երկրում։ Լեհաստանի պատմական ու ռազմավարական շահերին համապատասխան, նա ձգտում է ՈՒկրաինայից պոկել արևելյան մարզերը` իր և Ռուսաստանի միջև բուֆերային գոտու ստեղծումը հեշտացնելու համար։ Սա էլ հենց «ուկրաինական նախագծի» լեհական մասն է, որը պաշտպանություն է գտնում Ատլանտիկայի երկու ափերին էլ։ Այս մտահղացումը չի մնում առանց ՈՒկրաինայի արևմտյան մարզերի աջակցության։ Արևմտաուկրաինական մտավորականության շրջանում մեծ տարածում է գտել նոր ուկրաինական պետության ստեղծման գաղափարը, որը որոշ չափով փոքր կլինի տարածքով, բայց կպատկանի ուկրաինացիներին, ոչ թե կգտնվի «սահմանային» ազգային խմբերի վերահսկողության տակ։ (Մի քանի տարի առաջ Լվովում կարդինալ Շչեպտիցկու` ուկրաինացի հետևողական ազգայնականներից մեկի, գործունեությանը նվիրված կլոր սեղանի անցկացման ժամանակ հնչեցվեց Ռեչ Պոսպոլիտայի, որպես կոնֆեդերատիվ պետության, վերականգնման գաղափարը։) Լեհաստանը միշտ պնդել է, որ ՈՒկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում, մինչդեռ լեհ քաղաքական գործիչներն ամենևին էլ շահագրգռված չեն դրանով։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության գործընթացն ինքնըստինքյան ՈՒկրաինայի բաժանման ուժեղագույն գործոն է։ Ինչքան էլ հակասական լինեն «ուկրաինական նախագծի» առաջադրած խնդիրները, և որքան էլ արևմտյան գործընկերները փորձեն ի չիք դարձնել ՈՒկրաինայի պառակտման հիմնական լծակը, այսինքն` ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը, մնում է պառակտման կարևորագույն գործոնը` Արևելք-Արևմուտք սխեմայում քաղաքական կառուցվածքի «երկբևեռայնության» մշտական ուժեղացումը։
Դրա հետ մեկտեղ, ՈՒկրաինայի նկատմամբ Լեհաստանի քաղաքականությունը չի կարող բացասական և ապակառուցողական բաղկացուցիչներ պարունակել։ Վարշավայում հասկանում են, որ եվրատլանտյան կառուցվածքներին միավորվածության պայմաններում Լեհաստանը չի կարող հարևանների նկատմամբ վարել միայն նրանց իրեն ենթարկելու և որպես «բուֆեր» կամ ռուսական ճնշման դեմ պայքարի գործիք օգտագործելու քաղաքականություն։ Լեհաստանը բավարար հզորություն չունի և ապահովված չէ քաղաքական ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են ՈՒկրաինան իր նպատակներին ծառայեցնելու համար։ ՈՒստի, դատելով լեհ փորձագետների աշխատանքներից, Վարշավայում մշակվում է ռուսական ճնշումը հաղթահարելու գործում շահագրգիռ պետությունների միջև կենտրոնաարևելաեվրոպական տարածաշրջանում զուգորդված հարաբերություններ հաստատելու ինչ-որ ծրագիր։ Լեհ քաղաքական գործիչներն ու փորձագետները համոզված են, որ ՈՒկրաինան, Ռուսաստանի հետ անմիջական հարաբերությունների պայմաններում, ի վիճակի չի լինի հետ մղելու Ռուսաստանի ճնշումը և, ի վերջո, կկորցնի կա՛մ ինքնիշխանությունը, կա՛մ տարածքների մի մասը։ Լեհաստանը, որ մշտապես ստիպված է եղել ենթարկվելու ոչ միայն ագրեսիայի, այլև երկրի բաժանման, միանգամայն հնարավոր է համարում իրադարձությունների նման ընթացքը տարածաշրջանում։ Որոշակի իմաստով լեհական քաղաքականությունն ուշացած է, քանի որ ՈՒկրաինայի «կլանման» նախագծի իրականացման համար առավել նպաստավոր ժամանակը նախագահ Լեոնիդ Կուչմայի կառավարման շրջանն էր։ Հիմա, երբ Կիևում իշխանությունը գտնվում է ավելի քան հավակնոտ վերնախավի ձեռքում, փաստորեն, անհնար է ՈՒկրաինան ենթարկել այնպիսի շահերի, որոնց նա հետամուտ չէ։ Միաժամանակ Լեհաստանի համար հասկանալի չեն ՎՈՒԱՄ-ի կարգի նախագծերը, և նա մտադիր չէ պատասխանատվություն ստանձնել Հարավային Կովկասի երկրների խնդիրների համար։ Բացի այդ, Լեհաստանի քաղաքականությունը չի սահմանափակվում Ռուսաստանին դիմակայություն ցուցաբերելով, այլ տարածվում է ամբողջ Եվրոպայի վրա, որտեղ Լեհաստանը ձգտում է որոշակի տեղ գրավել և ավելի նշանակալի դեր խաղալ։ Ընդ որում, այդ ծրագրերն ամենևին էլ չեն տեղավորվում ԱՄՆ-ի առաջնային քաղաքական ուղղություններում։ Լեհաստանն ավելի ու ավելի է ձգտում ինքնուրույն քաղաքականություն վարելու Եվրոպայում, ուստի, նրան պետք է այնպիսի խոշոր մի գործընկեր, ինչպիսին ՈՒկրաինան է։ Լեհական քաղաքականությունն ՈՒկրաինայի հանդեպ դեռևս ձևավորված չէ, և Վարշավան դեռ երկար ժամանակ կձգտի ՈՒկրաինայի հետ ազնիվ ու իրավահավասար հարաբերությունները համատեղել այդ «փնջում» գլխավոր դեր խաղալու փորձերի հետ։ Այն պայմաններում, երբ ավելի ուժեղ պետությունները պայքար են մղում ՈՒկրաինայում ազդեցություն ունենալու համար, և չկա Արևմտյան Եվրոպայի հեռանկարների լիակատար ըմբռնում, Լեհաստանը պետք է ՈՒկրաինային հետաքրքրի այն տեսակետից, ինչ չեն կարող առաջարկել եվրոպական պետությունները։ Այսպես թե այնպես, դա կարող է լինել միայն բավական հավակնոտ մի խնդիր` ինքնուրույն դեր խաղալու եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ և ոչ թե պայքարելու Ռուսաստանի դեմ։ Այդ ծրագրերը մոտ ապագայում հնարավորություն կընձեռեն դիմադրություն ցույց տալու ոչ միայն Ռուսաստանին, այլև Գերմանիային։ Դրա հետ մեկտեղ, դժվար է պատկերացնել, թե ՈՒկրաինան շահագրգռված է ամբողջ լեհական քաղաքական «ծրագրի» պաշտպանությամբ։ Դա իրատեսական չէ անգամ հակագերմանական ուղղությամբ ԱՄՆ-ին աջակցության պայմաններում։ Ինչպես կարելի էր հասկանալ, «ակտուալ» ուկրաինական վերնախավը միանգամայն այլ կերպ է պատկերացնում երկրի դերը Եվրոպայում, ուստի լեհ-ուկրաինական միավորումն առայժմ կարող է հենվել միայն հակառուսական, գուցե և աշխարհատնտեսական թեմաների վրա։
Լեհ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները շատ լավ են հասկանում, որ խոշոր տերության դերակատարությամբ ՈՒկրաինայի վրա ազդել իրենց երկիրն ի վիճակի չէ, և փորձում են մշակել ազդեցության մոդել, առհասարակ տարածաշրջանային, առավելագույնս եվրոպական ձևաչափի լեհական քաղաքականություն։ Ինչ-որ չափով Լեհաստանը շահագրգռված է ազդեցության երեք «բևեռների» մրցակցությամբ` ՈՒկրաինայի վրա Մեծ Բրիտանիա-ԱՄՆ, Գերմանիա-Ֆրանսիա, Ռուսաստան ազդեցության պայքարում։ Բայց միանգամայն անընդունելի են թուրքական նկրտումները, Թուրքիայի հավակնությունները, որը չի թաքցնում տարածաշրջանային մակրոտերություն դառնալու իր պլանները։ Որոշ ժամանակ Լեհաստանը սկսեց փոքր-ինչ շողոքորթել Թուրքիային, նրա հետ սիրախաղ անել ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցում։ Վարշավայում ծրագրեր էին նյութում Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցության և անգամ առճակատման հնարավոր ուժեղացման առնչությամբ։ Իրականում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձևավորվեցին նոր խնդիրների, մարտահրավերների ու սպառնալիքների բարդ միջավայրում «ակտիվ հավասարակշռության» հարաբերություններ։ Շատերը համոզվեցին, որ ռուս-թուրքական առնչությունները չեն կրի ռազմավարական բնույթ` դրա լիակատար իմաստով, բայց ակնկալիքները, թե Թուրքիան կհարի Արևելյան Եվրոպայի պետությունների` հակառուսական կողմնորոշման դաշինքին, չարդարացան։ Ավելին, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը չի համապատասխանում ոչ միայն Լեհաստանի ու Գերմանիայի, այլև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերին։ Լեհական վերլուծական շրջանակներում քննարկվում են Գերմանիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունները, ինչը կարող է կարևոր հակակշիռ դառնալ Ռուսաստանի դեմ գերմանա-թուրքական դաշինք ստեղծելու բրիտանական ավանդական նախագծին։ Դա հույս է ներշնչում, որ արևելաեվրոպական քաղաքականության ասպարեզում Լեհաստանի ու Թուրքիայի փոխըմբռնման աճ կարող է լինել, բայց այդ ակնկալիքները խիստ վաղանցիկ են, և առայժմ այնքան էլ հասկանալի չեն խաղային այս իրավիճակում Լեհաստանի առավելության ծագման շարժառիթները։ Լեհաստանը Թուրքիայի հետ կապված խնդիրների «առաջին քանակության» լուծման համար նախ պետք է համագործակցի Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի և այլ պետությունների հետ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ժխտելու առիթով։ Այդ խնդիրը Լեհաստանի համար ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ լեհերը եվրատլանտյան կառույցի արևելյան միջնաբերդ են համարում հենց իրենց երկիրը և չեն ընդունի Թուրքիայի դերի ուժեղացումը։ Բայց շահերի այս դասավորությունում Լեհաստանին ամենից շատ հետաքրքրում են ոչ թե ատլանտյան կամ եվրոպական համատեղ շահերը, այլ իր ազգային շահերը, իսկ դա նշանակում է Լեհաստանի առաջատար դեր Արևելյան Եվրոպայում և գերիշխող ազդեցություն ՈՒկրաինայում։ Թուրքիան, ունենալով միանգամայն կոնկրետ շահեր ու ծրագրեր ՈՒկրաինայի առնչությամբ, ընդունակ է հիմնավորապես «խառնելու խաղաթղթերը», և Լեհաստանը, որպես խաղացող կողմ, պարտված դուրս կգա։ Արևելյան Եվրոպայում ձևավորվում են քաղաքական այնպիսի պայմաններ ու շահեր, որոնք, փաստորեն, վերցված են պատմական անցյալից, ինչը նպաստում է իրավիճակի կանխատեսմանը, հնարավոր դաշինքների և աշխարհառազմավարական նախագծերի ըմբռնմանը։ Արևելյան Եվրոպայի պետություններն ինքնուրույն քաղաքականություն վարելու ընդունակություն չեն ցուցաբերել և գտնվում են ոչ միայն համաշխարհային ու եվրոպական առաջատար տերությունների, այլև տարածաշրջանային նշանակության պետությունների ազդեցության տակ։ Արևելյան Եվրոպան դարձել է սաստիկ առճակատման և հակամարտության օբյեկտ, և դա չի կարող շատ բացասաբար չանդրադառնալ Հին աշխարհի միավորման եվրոպական ծրագրերի վրա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ