«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԻՆՉ-ՈՐ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»

«ԻՆՉ-ՈՐ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»
02.11.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում ակնհայտ դարձավ, որ իսկապես էլ օրենքները նման են սարդոստայնի. անուժ ու թեթև մեկին հեշտությամբ կաշկանդում ու իրենց են ենթարկում, ուժեղին ու ծանրին հանդիպելով` իրենք են նրան ենթարկվում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի և վարչապետի վարկանիշները հավասարվում են. հոկտեմբերի 22-25-ին, «Լևադա» կենտրոնի ուսումնասիրությամբ, 1600 հարցվածից նախագահի գործունեությանը հավանություն է տվել 76 տոկոսը, վարչապետի` 77: Հավանություն չի տվել նախագահին` 22, վարչապետին` 20 տոկոսը: Նախագահի վարկանիշի աճը շաղկապում են Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության հետ: «Եթե ընտրությունը լիներ հոկտեմբերին, ո՞ւմ ձայն կտայիք» հարցին ի պատասխան հարցվածների 24 տոկոսը նշել է Պուտինին, 21 տոկոսը` Մեդվեդևին: Նախկինում Պուտինի առավելությունը 9-11 տոկոս էր:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 11-12-ին կմասնակցեն Սեուլում անցկացվող 20-ի գագաթաժողովին, իսկ 13-14-ին կհանդիպեն Ճապոնիայում. Յոկոհամայում կազմակերպվում է Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Քննարկումների օրակարգը դեռ չի հրապարակվել, կռահելը դժվար չէ:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կիլիջը հոկտեմբերի 29-ին լրագրողներին ասել է. «Մեծ անարդարություն կա, որը պետք է վերացնել: Մենք կարծում ենք, որ առաջիկայում, մասնավորապես Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ համաժողովում, կողմերը ինչ-որ առաջընթացի կհասնեն ղարաբաղյան հարցում»: Դեսպանը կարծում է, որ այդ հակամարտությունը շատ երկար տարիներ է ձգվում և բոլորին հոգնեցրել է:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը նոյեմբերի 12-16-ի նստաշրջանում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի նախագիծ 6 կետով, որն առաջարկել է կանադացի պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկը: Նոյեմբերի 13-14-ին բանաձևը կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովներում, ապա լիագումար նիստում:
ՈՒկրաինական «Օր» թերթի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Մենք շատ շնորհակալ ենք ՈՒկրաինային` ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում հետևողական և սկզբունքային դիրքորոշման համար, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ադրբեջանում մեծ շնորհակալությամբ ընդունեցին ՈՒկրաինայի աջակցությունը` ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում Ադրբեջանի առաջարկած բանաձևի քվեարկության ժամանակ: Ինչո՞ւ կոնֆլիկտը չի հաղթահարվում։ Պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, նաև սխալ պատկերացումը, որ ստատուս քվոյի պահպանումը ծառայում է իրենց շահերին: Հայկական կողմը ձգտում է հնարավորինս երկարաձգել կարգավորման գործընթացը, արդեն համաձայնեցված հարցերը հաճախ նորից է դարձնում քննարկման թեմա: Այսինքն, ակնհայտ է գործընթացն անվերջ դարձնելու հայկական կողմի ցանկությունը: Դա էլ գլխավոր պատճառն է»: Երկրորդ պատճառը Իլհամ Ալիևը համարել է միջազգային հանրության բարեհոգի վերաբերմունքը միջազգային կառույցներում ընդունված որոշումներին: «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը թիվ մեկ խնդիրն է: Ո՛չ այսօր, ո՛չ միջնաժամկետ, ո՛չ երկարաժամկետ հեռանկարում ես չեմ տեսնում, դրանից բացի, առանձնապես այլ խնդիրներ, որովհետև տնտեսությունը կայուն զարգանում է, երկիրը դինամիկ է ու ժամանակակից և որոշակի կշիռ ունի համաշխարհային գործերում, արդեն չեմ ասում` տարածաշրջանային: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կասեցրել մեր տնտեսական զարգացումը. միլիոն փախստականների և ներքին տեղահանվածների առկայությամբ, 9 միլիոն բնակչություն ունենալով, մենք հասել ենք այդպիսի հաջողությունների: Պատկերացրեք` դա չլիներ: Չէ՞ որ մենք այնքան միջոցներ ենք ծախսում ոչ միայն պաշտպանության, այլև փախստականների համար նորմալ բնակարանային պայմաններ ստեղծելու նպատակով, մենք կառուցում ենք գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսում: Նույնը վերաբերում է Հայաստանին, որը կարող էր ներգրավվել համագործակցության տարածաշրջանային ծրագրերում, տնտեսական ինտեգրման գործընթացներում: Քանի դեռ ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չէ, դա տեղի չի ունենա: Նրանք, իմ կարծիքով, բացարձակապես անհիմն հույսեր էին տածում իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորելու և հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: Բայց դա տեղի չունեցավ: Առաջին հերթին այն պատճառով, որ հնարավոր չէ նորմալացնել հարաբերությունները մի երկրի հետ, որին տարածքային հավակնություններ ես ներկայացնում և որին բոլոր միջազգային կառույցներում փորձում ես վարկաբեկել, այսպես կոչված, կարծեցյալ ցեղասպանության մեջ մեղադրելով: Մյուս կողմից, գոյություն ունի ղարաբաղյան կոնֆլիկտը, որ տարածաշրջանում համագործակցության գլխավոր զսպիչ գործոնն է: Այդ պատճառով այսօր Հայաստանը կամ շարունակում է զավթողական քաղաքականությունը և խախտում է միջազգային նորմերը` ավելի ու ավելի ինքն իրեն անկյուն քշելով, կամ հրաժարվում է դրանից և նորմալ հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի ու մյուս երկրների հետ: Տարածքային հավակնություններ Հայաստանն ունի ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, տարածաշրջանում այլ երկրներ էլ կան, որոնց նկատմամբ տարածքային հավակնությունները Հայաստանը, ինչպես ասում են, դեռ չի բացահայտում: Բայց մենք այդ տարածքում ապրելու ենք: Այդ պատճառով էլ ավելի լավ է ունենալ հարուստ հարևան-բարեկամ, քան թշնամի»,- անկեղծացել է Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում: Նրանք այդ տարածքում ապրելու են, իսկ մերը Հայրենիք է:
ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը Ադրբեջանի հետ հեռանկարային համագործակցության ուղղություններից է համարում ուկրաինական ձեռնարկություններում ադրբեջանական զինտեխնիկայի նորոգումը և զինտեխնիկայի նորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Ադրբեջանում: Համագործակցության շրջանակներում նախարարը նշել է նաև C-125 զենիթահրթիռային համակարգերի ու AH ինքնաթիռների վաճառքն Ադրբեջանին:
Բելառուսի «ծՈՐՏՊվՈ չՈջպՑՈ»-ն գրում է, որ Եվրոպայում սովորական զինուժի սահմանափակման պայմանագրի անդամ 30 երկրներից միայն Ադրբեջանն է գերազանցում լիմիտը` տանկերի և հրանոթների թվով: Ընդ որում` եռակի-քառակի:
Անցած շաբաթ ԱԺ-ն չճանաչեց ԼՂՀ անկախությունը, «Ժառանգությունը» մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգեց քվեարկությունը: Ճիշտ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չասաց, թե ո՞ր թվականի դեկտեմբերի 9-ը, որովհետև ավելի քան մեծ է հավանականությունը, որ 2010-ի դեկտեմբերի 9-ին օրինագիծը, այնուամենայնիվ, չի քվեարկվի: Եթե ոչ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ապա ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարող է հայտարարել, որ իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները որոշել են չմասնակցել քվեարկությանը, քանի որ վերջիններիս համատեղ հայտարարության մեջ ասված է. «Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան»: Քանի որ այդ ժամանակ Աստանայի բանակցություններն ավարտված կլինեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ կնշանակի, ասենք, 2011-ի x ամիսը y քաղաքում` ԱՄՆ-ի նախագահի հովանու ներքո, իսկ հետո` x1 ամիսը y1 քաղաքում` Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո... Այդ ընթացքում օրինագիծը կմնա շրջանառության մեջ, իսկ «Ժառանգության» ղեկավարը մի քանի անգամ կհայտարարի` «Այս որոշումը վերջնական է»: Եթե, իհարկե, այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում լինի. նա այնքան կարևոր ու անկարևոր գործեր է ունենում հայրենիքից դուրս: Անդրադառնալով այն հարցին, թե «Ժառանգության» նախաձեռնությունն ուղղորդվում է արտաքին աշխարհից, Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում իրավացիորեն նկատել է, որ եթե դրսում կան ուժեր, որոնք ուզում են անկախ ու ինքնիշխան տեսնել Ղարաբաղը, պետք է նեցուկ լինել և գնահատել այդ ուժերին: «Ժառանգության» ղեկավարը միայն չի ասել, թե այդ ուժերը ինչի՞ դիմաց են այդքան հայասեր: Խմբակցության տարբեր անդամներն էլ հույսով ու անհույս կհիմնավորեն օրինագծի ընդունման անհրաժեշտությունը հիմա` հիշեցնելով, թե ինչքան սխալ էր չընդունելը 1994-2010 թվերին:
Սյունիքի մարզում կարող է ստեղծվել արդյունաբերական գոտի, որտեղ ձևավորված ձեռնարկությունները կունենան մեկ ընդհանուր նպատակ` բացահայտել այն ներուժը, որ Հայաստանն ունի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այլ երկրներում սովորաբար նախ հնարավորություններն ու ռեսուրսներն են բացահայտում, հետո գոտիներ ձևավորում։ Հայաստանը, փաստորեն, նոր խոսք է ասում:
Կենտրոնական բանկը լավատեսությունից անցնում է իրատեսության` վերանայվել են տնտեսական աճի կանխատեսումները: 2010-ի չորրորդ եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության ծրագրի» համաձայն` ԿԲ-ն երկու անգամ նվազեցրել է այս տարի սպասվող տնտեսական աճի կանխատեսումը: Կարծիք կար, որ տարին կփակվի 5,7-6,4 տոկոս տնտեսական աճով, հիմա նշվում է 2,4-2,7 տոկոս: Հունիսին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կանխատեսել էր, թե տարեկան կտրվածքով տնտեսական աճը 7-8 տոկոս կկազմի, նրա կարծիքով` Հայաստանը վերադառնում է տնտեսական կայուն զարգացման փուլ: Հետաքրքիր է` ո՞ր փուլում է Հայաստանը հիմա իր տնտեսական աճով ու տնտեսական աճին զարմացնող ու գերազանցող գնաճով: Ի՞նչ է մտածում Տիգրան Դավթյանն այդ մասին:
Ղազախստանի խորհրդարանի նախագահ ՈՒրալ Մուհամեջանովը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացվող «ԵԱՀԿ և ԱՊՀ. նոր հնարավորություններ ու հեռանկարներ» միջազգային խորհրդարանական վեհաժողովում, ասել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով Ղազախստանը միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրում. «Շնորհիվ ԵԱՀԿ նախագահող երկիր Ղազախստանի ջանքերի` վերջին մի քանի տարում առաջին անգամ հնարավոր դարձավ վերականգնել բարձր մակարդակի ծրագրման խմբի փորձագետների այցերը, որոնք զբաղվում են խաղաղարար ուժերի տեղակայման հարցերով` համապատասխան քաղաքական որոշման առկայությամբ»: Մեջլիսի նախագահը հիշեցրել է, որ Աստանան հանդես է գալիս հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
Հոկտեմբերի 27-ը արդեն քանի տարի, միևնույն ծանոթ սցենարով անցնող օր է դարձել` ծաղկեպսակներ են դրվում 1999-ի ոճրագործության զոհերի շիրիմներին, Ազգային ժողովի այգում դրված, հիմա արդեն վերադրված հուշաքարին, ասվում են հավուր պատշաճի խոսքեր ոճրագործության դատապարտման վերաբերյալ ու մարած պարտքի գիտակցությամբ անցնում են օրակարգի հաջորդ կետերին: Մինչև հաջորդ տարի:
2010-ի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը (հետաքրքիր է` որտե՞ղ էր նա 1999-ի հոկտեմբերի 27-ին) Աստրախանում կազմակերպեց այս տարի արդեն երրորդ հանդիպումը (Սոչիից ու Սանկտ Պետերբուրգից հետո): Թեպետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ասել էր, որ սովորական հանդիպում է և առանձնակի սպասելիքներ չկան, այնուհանդերձ, եռակողմ հանդիպման ժամանակ ընդունվեց համատեղ հռչակագիր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի մասին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: «Վերահաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահներն ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարության մեջ: Հանդիպմանը հաջորդող ասուլիսում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս է հայտնել, որ դեկտեմբերի սկզբին Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում. «Այս հանդիպումները ես շատ կարևոր եմ համարում, նախ` ցանկացած պարագայում բանակցությունները գերադասելի են կոնֆլիկտի ակտիվ փուլից, երկրորդ` սրանք ոչ միայն բանակցություններ են, այլև շարժում դեպի առաջ, ինչն ամենակարևորն է: Հենց նոր կողմերը համաձայնեցրին համատեղ հայտարարություն, որը հումանիտար բնույթ ունի, բայց շատ կարևոր է` հաշվի առնելով տարատեսակ բարդությունները, որ այսօր կան Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հարցում: Խոսքը վերաբերում է հռչակագրին, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը` անհապաղ փոխանակելու ռազմագերիներին և զոհվածների մամինները: Դա, թվում, է, բավականաչափ դրամատիկ, բայց մասնավոր թեմա է, այնուհանդերձ, շատ կարևոր է, որովհետև կողմերը արդեն վաղուց ուղղակի, բաց հակամարտության մեջ չեն, բայց կան խնդիրներ, կան կրակոցներ, զոհվում են մարդիկ: Եվ ինչ-որ պահի պետք է բաց աչքերով նայել իրավիճակին ու միմյանց ընդառաջ քայլեր անել, փորձել լուծել թեկուզ փոքրիկ, բայց կարևոր պրոբլեմներ»: «Մենք միշտ զբաղվում ենք այս թեմայով», ասել է ՌԴ նախագահը` անդրադառնալով ընդհանուր կարգավորմանն ու խաղաղության համաձայնագրին. «Այս թեման արծարծվում է մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ` սկսած Մայնդորֆից, երբ համատեղ հայտարարություն ընդունվեց: Հարցեր են մնում կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնք հետագայում պետք է լինեն խաղաղության համաձայնագրի հիմքում: Այնուհանդերձ, մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը թույլ է տալիս հույս ունենալ, որ եթե առաջիկա ամսում կողմերը լավ աշխատեն, իսկ նման հանձնարարական մենք կտանք մեր արտգործնախարարներին, դեկտեմբերի 12-ին ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Ղազախստանում մենք կարող ենք հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի: ՈՒզում եմ հատուկ ընդգծել, որ հարցերը շատ են, բայց կողմերը ձգտում են համաձայնության հասնել տեքստային դեռ չկարգավորված տարաձայնությունների մեջ: Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը: Ես կարծում եմ, որ արդյունք կունենանք, դա որոշակի, չափավոր լավատեսություն է ներշնչում: Հիմնական աշխատանքը, իհարկե, առջևում է»: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին աստրախանյան հայտարարությունն անվանել է «դրական առաջընթաց» և հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունները կիրականացվեն ամենակարճ ժամկետներում: «ԱՄՆ-ը գնահատում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ»,- ասել է Քրոուլին: Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է. «Աստրախանյան համաձայնությունները կարող են նպաստել վերջին շրջանում հաճախացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը»: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության, Հայաստանի և Ադրբեջանի, նաև տարածաշրջանի բարգավաճման միջոցով»:
Հակառակ տրամաբանությանը, հոկտեմբերի վերջին օրն ուներ 25 ժամ, պաշտոնապես դա կոչվում է անցում ձմեռային ժամանակի, թեպետ իրականում օրը ո՛չ երկարում է, ո՛չ կարճանում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ