«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ» ԱՆՑՆԵԼ

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ» ԱՆՑՆԵԼ
12.02.2010 | 00:00

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների ավարտը, կարծես, եկավ հաստատելու վերջին տարիներին ռուսական վերլուծական շրջանակների այն պնդումը, թե Ռուսաստանն ի վիճակի է կասեցնելու Արևմուտքի ճնշումը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում ու վերականգնելու իր գերակա դիրքերը։ Համենայն դեպս, մինչ օրս այդ ուղղությամբ են զարգանում հետընտրական գործընթացներն ՈՒկրաինայում։
Վիկտոր Յանուկովիչի հավանական ընտրությունը նախագահի պաշտոնում իսկապես խոշոր մարտավարական հաղթանակ կարող է դառնալ Ռուսաստանի համար։ ՈՒկրաինան Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր պետությունն է նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից, որտեղ ռուսական ազդեցության վերականգնումն իր անխուսափելի հետևանքներն է թողնելու հետխորհրդային ողջ տարածքում։ Մինչ այս պահը Յանուկովիչը, կարծես, պահպանում է առավելությունը Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ։ Թեպետ Տիմոշենկոյի թիմը շարունակում է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների բողոքարկման գործընթացը և պահանջում ձայների վերահաշվարկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, արդյունքներն առայժմ մխիթարական չեն։ Յանուկովիչի շտաբի պնդումների համաձայն, վերջին օրերին տարբեր տեղամասերում ընտրությունների արդյունքները վերանայելու հետ կապված 17 դատավարություն է եղել, և գործող վարչապետի կողմնակիցները դրանցից ոչ մեկը չեն շահել։
Միաժամանակ, Յանուկովիչը սկսել է շնորհավորանքներ ստանալ ոչ միայն ԱՊՀ-ի, այլև եվրոպական երկրների նախագահներից։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ Արևմուտքն այս անգամ մտադիր չէ 2004-ի ընտրությունները կրկնելու և ճնշում չի գործադրելու երրորդ փուլ անցկացնելու նպատակով։ Այսինքն` Տիմոշենկոն օրեցօր կորցնում է նախագահի պաշտոնը ստանձնելու շանսերը։ Անշուշտ, սա չի նշանակում, որ նախագահ դառնալու դեպքում Յանուկովիչը վարելու է միակողմանի ռուսամետ քաղաքականություն, թեպետ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն իր նախագահության պարագայում ավելի առաջնային են լինելու։ Դրանով հանդերձ, երկրի «էլեկտորալ» տրոհումը, իսկ առանձին փորձագետների պնդմամբ, շատ ավելի խոր տարաբաժանումը, և անգամ մասնատման վտանգը, բավականին առարկայական է։ Ըստ այդմ, եթե անգամ ՈՒկրաինայի նոր իշխանությունը վարի ռուսամետ քաղաքականություն, այն մշտապես հակակշռվելու է Արևմուտքի, հատկապես, եվրոպական երկրների հետ ՈՒկրաինայի հարաբերությունների պահպանմամբ։ Միակ հանգամանքը, որը Յանուկովիչի նախագահ դառնալու պարագայում կարելի է հաստատապես պնդել, այն է, որ ՈՒկրաինայի «դրեյֆը» դեպի ՆԱՏՕ կդադարի, ՎՈՒԱՄ կազմակերպության գործունեությունն էլ կդառնա գրեթե ձևական, որովհետև նախկինում հենց ՈՒկրաինան էր առաջին ջութակի դեր կատարում այդ ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող միավորման մեջ։
Բայց սա արդեն շատ մեծ ձեռքբերում է Ռուսաստանի համար։ Ռուսական փորձագիտական շրջանակները չեն թաքցնում, որ Մոսկվայի հետագա քայլերը կլինեն ոչ միայն ՈՒկրաինայի հետ հարաբերությունների վերականգնումը, այլև դրանց խորացումը բոլոր հնարավոր ուղղություններով։ Կրեմլը, ըստ ամենայնի, ձգտելու է, որ ՈՒկրաինան միանա Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը և, իհարկե, վերադառնա ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմ, որտեղից դուրս եկավ 1999-ի ամռանը։ Այս հանգամանքը Մոսկվայի համար վճռորոշ նշանակություն ունի Սևաստոպոլում ռուսական նավատորմի հիմնական բազան պահպանելու տեսանկյունից, և եթե Կրեմլին հաջողվի բոլորովին էլ ոչ հեռավոր ապագայի կտրվածքով այս խնդիրները լուծել, մարտավարական հաղթանակը կվերածվի ռազմավարականի։
Այնուհանդերձ, ուկրաինական ընտրություններում հաջողություն արձանագրելուց հետո կանխատեսելի է, որ ձեռքբերումով ոգևորված Մոսկվան կմեծացնի ճնշումը բոլոր հետխորհրդային պետություններում իր ազդեցությունը վերականգնելու կամ է՛լ ավելի ընդլայնելու ուղղությամբ։ Աբխազիան և Հարավային Օսիան հանձնելու շնորհիվ ռուսական ազդեցության դաշտից դուրս եկած Վրաստանի արձագանքը, այս իմաստով, ամենաինքնատիպն է։ ՈՒկրաինական ընտրությունները «վերահսկելու» նպատակով մի քանի հարյուր վրացի «դիտորդներ» ուղարկած Սաակաշվիլին, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո հայտարարեց, թե ՈՒկրաինայում ժողովրդավարությունը հաղթել է։ Թեպետ իր «դիտորդները» ՈՒկրաինա էին մեկնել բոլորովին էլ ոչ Յանուկովիչին աջակցելու համար, և վերջինս էլ այդ կապակցությամբ ժամանակին հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ։ Միաժամանակ մամուլում կան հավաստի պնդումներ, թե Վրաստանի իշխանությունները ելքեր են որոնում պաշտոնական Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու համար։ Այս փաստը ևս խոսում է այն մասին, որ ռուսական ազդեցության վերականգնումը կամ պաշտոնական Կրեմլի կողմից այդ քաղաքականության ակտիվացումը հետխորհրդային տարածքում միանգամայն հավանական է։ Այլ հարց է, թե Ռուսաստանին ո՛ր ուղղությամբ ինչ հաջողություններ կհաջողվի արձանագրել։
Նկատի ունենալով հայ-ռուսական հարաբերությունները, կարելի է չկասկածել, որ Հայաստանը ևս զերծ չի մնա Մոսկվայի ճնշումից, չնայած պաշտոնապես համարվում է «ռազմավարական դաշնակից»։ Այդ ճնշումներն իրենց դրսևորումը կունենան, թերևս, ոչ այնքան Ղարաբաղի հարցում, ուր Ռուսաստանը, այնուամենայնիվ, պահպանում է գործընթացի վրա ազդելու լծակները, որքան հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» ուղղությամբ։ Ժամանակին պաշտոնական Մոսկվան ինքը նախաձեռնեց այս գործընթացը, սակայն հետագայում ամերիկացիները խլեցին նախաձեռնությունը, և հիմա «կարգավորման» հովանավորությունն ակնհայտորեն իրականացվում է Վաշինգտոնի, մասամբ Լոնդոնի կողմից` Շվեյցարիայի ձևական միջնորդությամբ։ Եթե Ռուսաստանը հաջողի հետխորհրդային տարածքում իր ազդեցության վերականգնման ջանքերում, ապա ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս «կարգավորումը» չի տեղավորվի այդ քաղաքականության շրջանակում։ Ըստ այդմ, առաջիկայում պաշտոնական Մոսկվայից սպասելի են քողարկված կամ բացահայտ քայլեր հայ-թուրքական «կարգավորումը» տորպեդահարելու ուղղությամբ` ամերիկացիների հեռահար նախաձեռնությունները տարածաշրջանում կասեցնելու ակնկալիքով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այդ գործընթացին հետագայում նոր շունչ հաղորդելու փորձ չի արվի` արդեն Ռուսաստանի հովանավորությամբ, բայց այս պահին Կրեմլն ավելի մեծ վտանգներ է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումից», քան այն լոկալ շահերը, հանուն որոնց չարժե թույլ տալ, որ այդ գործընթացը զարգանա։
Ներքաղաքական առումով, անկասկած, ակտիվություն կարձանագրվի Հայաստանի ռուսամետ քաղաքական կազմակերպությունների գործունեության մեջ։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունների Արևմուտք մանևրելու հնարավորությունները սահմանափակելու համար կրկին ակտիվացվի ուժեղ ռուսամետ ընդդիմություն ստեղծելու վաղուց շրջանառվող, բայց այդպես էլ մարմնավորում չստացած մտադրությունը։ Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանություններն ուկրաինական ընտրություններից հետո նոր հետևություններ անելու անհրաժեշտության առջև են հայտնվելու։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սկզբունքային պրոբլեմ չկա, գործող իշխանության հարաբերությունները ռուսական վերնախավի ու քաղաքական դաշտի հետ անհամեմատ ավելի սերտ են, քան Հայաստանում գործող որևէ ընդդիմադիր ուժի կամ դաշինքի պարագայում է։ Այդ թվում` հատկապես Հայ ազգային կոնգրեսի, որն այդպես էլ պաշտոնական Մոսկվայում չարժանացավ վստահության ու աջակցության, չնայած առանձին շփումներին ու հարաբերություններ հաստատելու հայաստանյան ընդդիմադիրների ջանքերին։ Բայց սա բնավ չի նշանակում, թե Ռուսաստանը ներկայիս իշխանությանը դիտում է որպես բացառիկ ու անփոխարինելի գործընկերոջ։ Չի բացառվում, որ ստեղծվի իրավիճակ, երբ Հայաստանի ղեկավարությունը հարկադրված լինի Մոսկվային մեկ անգամ ևս հավաստելու իր լոյալությունը, քանի որ վերջին շրջանում արևմտյան ուղղվածության «խաղերի» տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոքր չի եղել, և Ռուսաստանն այս կապակցությամբ, տարբեր առիթներով, դժգոհության ակնարկներ արել է Հայաստանին։
Վերոնշյալը բնավ չի նշանակում, թե հետխորհրդային տարածքը շուտով հայտնվելու է նոր միության, կամ, ինչպես ռուսական փորձագետներն են սիրում նշել, «նոր տարբերակով ԽՍՀՄ-ի վերականգնման» շեմին։ Սակայն, անկասկած է, որ ՈՒկրաինայում ունեցած լուրջ ձեռքբերումից հետո Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր կներդնի բոլոր մյուս ուղղություններով էլ համարժեք արդյունքների հասնելու համար։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ