Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
07.05.2010 | 00:00

Ժամանակին մեր թերթը հաղորդել է, որ Հայոց ցեղասպանության հարցի խլացման նպատակով թուրքական իշխանությունները փող չեն խնայում օտարերկրացի գիտնականներ ու քաղաքական գործիչներ հավաքագրելու համար, որոնք պետք է համոզիչ ապացուցեն, որ սպանություններն ու տեղահանությունները պատերազմի տարիներին Անտանտի երկրների և մասնավորապես Ռուսաստանի «քայքայիչ» գործողությունների պատասխան արձագանքն են եղել։ Այսպես, վերջերս Ռեյգանի նախկին խորհրդական Բրյուս Ֆեյնը ասել է. «Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմից, հայերը, անկախ ազգ ստեղծելու նպատակով, ապստամբեցին և սկսեցին համագործակցել թշնամական ուժերի հետ, դավաճանեցին Օսմանյան կայսրությանը։ Ինչպես և ցանկացած իշխանություն, Օսմանյան կայսրությունը միջոցներ ձեռնարկեց այդ ապստամբության դեմ»։ Շատ ուշագրավ հայտարարություն է, առավել ևս, որ Ֆեյնի նախկին ղեկավար Ռեյգանը ժամանակին օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը։ Ինքը` խորհրդականն էլ, երևի, այն ժամանակ ուրիշ կարծիք է ունեցել, իսկ այսօր նրա «հայտնագործությունը» համապատասխանաբար վարձատրվել է։ Այնուհետև, արևելագետ-թուրքագետ Եվգենի Բախրևսկին «Ռեգնում» գործակալության միջոցով հայտարարում է, թե ժամանակակից Թուրքիայի համար «օսմանականությունը եվրոպական քաղաքակրթական մոդելի նկատմամբ ստրկական հոգեբանության հաղթահարումն է։ Միաժամանակ, դա ելք է դեպի արտաքին քաղաքականության մեջ նոր ռազմավարական կողմնորոշիչներ, որոնք ավելի ու ավելի պարզորոշ են ձևակերպվում Թուրքիայի ամենատարբեր քաղաքական ճամբարների կողմից. հրաժարվել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ֆորպոստի դերից, անցում կատարել դեպի Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերություններ»։ Ընդ որում, նա չի մոռացել արդարացնել կայսրության արյունալի հանցագործությունները։ Այսպես, ստացվում է, որ «տերությունները, այդ թվում նաև` Ռուսաստանը, չեն խորշել օգտագործել առաջին հերթին Օսմանյան կայսրության քրիստոնյաներին` նրան թուլացնելու համար, պառակտում են մտցրել ժողովուրդների միջև, սնունդ են տվել ազգայնականությանն ու անջատականությանը, պատերազմներ սանձազերծել, պատառներ փախցրել դեռ վերջերս հզոր կայսերական մարմնից»։ Ավելին, ռուս գիտնականի կարծիքով, «Օսմանյան տերության վերջնական փլուզումը ողբերգություն եղավ նրա բոլոր ժողովուրդների, ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար»։
Սակայն, մեր տեղեկություններով, դա ռուս «պատմաբան-փաստաբանների» հրապարակումների շարքից վերջինը չէ։ Հրատարակության է պատրաստվում պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բուլդանովի աշխատությունը, որը, իբր, ռուսական արխիվներում եղած նյութերի հիման վրա «գիտականորեն» հիմնավորում և արդարացնում է հայերի` «ռուսական 5-րդ զորասյան», նկատմամբ թուրքական կառավարության հարկադրական միջոցառումները։ Ավելին, պնդվում է, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչության օգտագործումը ռուսական պետական մակարդակով լավ պլանավորված գործողություն է եղել։ Նկատենք, որ «ռուսական երանգներ» են հնչում նաև 15 թվականի իրադարձություններին թուրք քաղաքական գործիչների, այդ թվում` ամենաբարձր կարգի գործիչների, գնահատականներում։ Ի դեպ, նման կարգի ոչ մի կեղծիք չի կարող արդարացնել երեխաների, կանանց ու ծերունիների համատարած ոչնչացումը։ Առավել ևս, որ, հետևելով այդ տրամաբանությանը, կարելի է հիշեցնել, որ ֆաշիստներն էլ Հոլոքոստն էին համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում հրեաների «տնտեսական և ֆինանսական դիվերսիայի» դեմ ուղղված «հարկադրական միջոցառում»։ Սակայն, թվում է, լավ կլիներ, որ մենք և, առաջին հերթին, մեր քաղաքական գործիչները, պարզաբանումներ պահանջեինք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ռուսական լրատվամիջոցներում և գիտական շրջանակներում հնչող «փաստերի» առթիվ։ Չէ՞ որ այդ մեղադրանքներն ուղղված են ոչ այնքան հայերի, որքան ռուսների դեմ, որը սրընթաց լավացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բացի այդ, առանց այդ հարցի պարզաբանման և ճշմարտության բացահայտման, առնվազն տարօրինակ կհնչեն մեր ժողովուրդների «դարավոր բարեկամության» մասին խոսակցությունները։
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ