«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԱՏԻՑ ԿԱԽՎԱԾ ԶԵՆՔԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿՐԱԿԵԼՈՒ Է

ՊԱՏԻՑ ԿԱԽՎԱԾ ԶԵՆՔԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿՐԱԿԵԼՈՒ Է
17.09.2010 | 00:00

Տարօրինակ է, բայց խորհրդային տարիների որոշ հին անեկդոտներ, ինչ-որ միստիկ պայծառացման շնորհիվ, գունեղ ու բովանդակալից են ներկայացնում ներկա աշխարհաքաղաքական միտումները։ Այսպես, հիշենք դրանցից մեկը. «Հայկական ռադիոն հաղորդում է` «Բելառուսա-չինական սահմանին ամեն ինչ հանգիստ է»։ Այժմ, երբ ակնհայտորեն կատարվել է Նապոլեոնի կանխատեսումը, թե «Մի՛ արթնացրեք քնած հրեշին, եթե արթնանա, ամբողջ աշխարհը կցնցի», այս «հայկական խոխման» արդեն բորբոքված մտքի զառանցանք չի թվում։
Վերջին տարիներին ռուս վերլուծաբաններն ու գիտնականներն ահազանգ են հնչեցնում, կոչ են անում լսել իրենց կարծիքը և զգուշացնում են Չինաստանից սպառնացող վտանգի մասին։ Ահա թե ինչ է գրում քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը. «Եթե Ռուսաստանի դեմ երբևէ «դասական» ձևի խոշորամասշտաբ ռազմական ագրեսիա իրականացվի, ապա 90 տոկոս (եթե ոչ 99,99 տոկոս) հավանականությամբ ագրեսորը կլինի Չինաստանը։ Այդ երկրի գերբնակեցվածությունը, տնտեսական աճի նրա ձգտման հետ մեկտեղ, խնդիրների մի բարդագույն համալիր է ստեղծում»։
Մեզ, մեր լեռների բարձրությունից և մեր «ռազմավարական գործընկերոջ ու միակ պաշտպանի» կայունության սրբազան հավատով, դա կարող է շատ անիրական և մտացածին թվալ, բայց այն, ինչը ծայրաստիճան անհանգստացնում է ռուս հասարակությանը, երևի, մեր ուշադրությանն էլ պիտի արժանանա։
Բառացիորեն վերջերս Վլադիմիր Պուտինը մի շարք բավականին հատկանշական դիտողություններ արեց ռուս-չինական հարաբերությունների առնչությամբ։ Նա փորձեց հանգստացնել լսարանը. «Չինաստանը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք արդեն մի քանի հարյուր տարի, որոնց ընթացքում սովորել ենք հարգել ու հասկանալ միմյանց»։ «Ռուսաստանը չպետք է վախենա Չինաստանից, այն լուրերը, թե Չինաստանի բազմամիլիոնանոց բանակը մի օր կզավթի մեր Հեռավոր Արևելքի ընդարձակ տարածքները, խիստ չափազանցված են»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Այդուամենայնիվ, խորհրդային բոլոր մարդիկ լավ են հիշում, թե ինչպես երկար տարիների բարեկամությունից հետո Չինաստանի հետ պատերազմ սկսվեց Դամանսկի կղզու համար։ Ի դեպ, մի քանի տարի առաջ Ռուսաստանը որոշեց Չինաստանին փոխանցել Ամուր գետում, հենց Խաբարովսկի մոտ գտնվող Մեծ ՈՒսուրական և Տարաբարով կղզիները, ավելին, ռուսական լրատվամիջոցները կանոնավորապես գրում են գետափի երկայնքով սահմանի «բուլդոզերային առաջխաղացման» մասին (հետաքրքիր է` այդ բանն ինչպես կմեկնաբանի հայ նշանավոր քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանը, ով մասնակցել է այն վաղեմի պատերազմին, և ում կուսակցությունն այժմ միանգամայն վստահ է ռուսական պաշտպանության վրա)։ Չպետք է մոռանալ նաև Մեծ ղեկավար Մաո Ցզեդունի այն խոսքերը, թե Ռուսաստանն իրեն է միացրել Բոլին (Խաբարովսկ) և Հայշենվեյը (Վլադիվոստոկ), ինչպես նաև Կամչատկան, և Չինաստանը դրա համար Ռուսաստանի հետ հաշիվները չի փակել։ Ընդ որում, եթե ուշադրությամբ նայենք, ապա պարզվում է, որ գաղափարախոսական ուղղվածությունը Չինաստանում այսօր էլ նույնն է։
Չինական ժամանակակից պատմության դասագրքերում շեշտվում է, որ ամբողջ Արևմտյան Սիբիրը ժամանակավորապես կորսված չինական տարածքներ են։ Փորձագետների մեծ մասի կարծիքով, Չինաստանն օբյեկտիվորեն անկենսունակ է իր ներկա սահմանների շրջանակում` առանց լրացուցիչ պաշարների ու տարածքների, «այն պետք է շատ ավելի մեծանա, եթե չի ուզում շատ ավելի փոքրանալ»։ Սա է իրողությունը։ Դրա վրա կարելի է աչք փակել, բայց իրողությունից փախչել չես կարող։ ՉԺՀ-ի ղեկավարությունը սա հիանալի է հասկանում և երկրում ակտիվորեն ստեղծում է նոր գաղափարախոսություն, որն աստիճանաբար դուրս է մղում կոմունիստականը։ Դա ազգայնական գաղափարախոսությունն է, որն արդարացնում է գոյության անհրաժեշտությունը և, հնարավոր է նաև, ներկա Չինաստանի ընդլայնումը։ Դեռևս ՉԿԿ 16-րդ համագումարում առաջադրվել էր «անշեղորեն բարձրացնել և արմատավորել ազգային ոգին» դրույթը, ուստի պատահական չէ, որ պաշտոնական կարգավիճակ ստացան «միասնական չինական ազգի», «ռազմավարական սահմանների և կենսական տարածության» հիմնադրույթները։ Ընդ որում, «կենսական տարածության ռազմավարական սահմանները պետք է տեղաշարժվեն պետության ամբողջ հզորության աճի համեմատ»։ Չինաստանի զինված ուժերը կառուցվում են այդ դրույթներին համապատասխան։ ՉԺՀ-ի ԶՈՒ պաշտոնական օրգան «Ցզենֆանցզյուն բաո» թերթը ժամանակին կաշառող անկեղծությամբ գրել է. «Երկար ժամանակ ռազմավարական շրջանների նկատմամբ իրականացվող արդյունավետ վերահսկողությունը, որը կատարվում է աշխարհագրական սահմաններից դուրս, վերջին հաշվով, կհանգեցնի աշխարհագրական սահմանների տեղաշարժի»։
Չինաստանի ռազմական բյուջեն 2010-ին 78 մլրդ դոլար է, իսկ դրա քողարկված մասը կարող է կազմել այդ գումարի ևս 30-40 տոկոսը։ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն ունի 2,25 մլն զինվոր, իսկ պատերազմական գործողությունների դեպքում կարող է ոտքի հանել մինչև 208,1 մլն զինվոր` լավ զինված ու վարժեցված։ Վերջին տարիներին կատարվել է բանակի լիակատար վերազինում` ամենաառաջավոր տեխնոլոգիաներին համապատասխան։ Խիստ հատկանշական է, որ բառացիորեն վերջերս այնտեղ ծավալվել է սառցահատ նավերի շինարարության ծրագիր, և նավատորմը համալրվել է «Ձյունե վիշապ» առաջին սառցահատներով (ինչի համար են սառցահատները Չինաստանի հարավային ծովերում, կարելի է միայն գուշակել)։ Եվս մեկ բան. Չինաստանն ակտիվորեն վիթխարածավալ ստորգետնյա ապաստաններ է կառուցում «երկրաշարժերի ժամանակ էվակուացիա կատարելու» համար։ Դրանցից մեկը կբացվի մոտ ժամանակներս` Նանկինի մեգապոլիսի կենտրոնում։ 16 հեկտար տարածությամբ «ստորգետնյա քաղաքն» ունենալու է ոչ միայն ժամանակավոր կացարաններ, այլև հոսպիտալներ, պարենամթերքի պահեստներ, աղբի այրման վառարաններ։ Մարդիկ այստեղ կարող են ապրել մի ամբողջ ամիս։ Միայն ՉԺՀ-ի մայրաքաղաքում արդեն 15 այդպիսի «սեյսմապաստան» է գործում։ Հասկանալի է, որ դրանք արդյունավետորեն կարող են օգտագործվել նաև պատերազմի ժամանակ, այդ թվում` ատոմային։ Ռուս փորձագետները նշում են ևս մեկ հատկանշական փաստ. Չինաստանի խորքերից և Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով կառուցվում են բետոնակուռ հիմքով բազմագոտի ճանապարհներ, որոնք կարող են դիմանալ մեծ քանակությամբ ծանր զրահատեխնիկայի ու զորքերի շարժին։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է չինական ռազմական դոկտրինի շրջանակներում։ Այնտեղ նշված է, որ երկրորդ փուլում (2010 թ.) զինված ուժերը պետք է վերածվեն «ռազմավարական սահմանների և կենսական տարածության ընդլայնումը երաշխավորող» ուժի, իսկ երրորդ փուլում (2050 թ.) պետք է ստեղծվեն այնպիսի զինված ուժեր, որոնք ընդունակ կլինեն զինված պայքարի բոլոր միջոցների ու եղանակների օգտագործմամբ «ցանկացած մասշտաբի և տևողության պատերազմում հաղթանակ տանելու»։ Հասկանալի է, որ պատից կախված զենքը վաղ թե ուշ կրակելու է։ Եվ ո՞ւմ վրա է այն ուղղված լինելու։
Ռուսաստանում իշխանական քաղաքական գործիչները հույս են տածում և պնդում են, թե «գրոհն» ուղղված կլինի կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Հարավարևելյան Ասիայի ու Հնդկաստանի դեմ։ Ինչ վերաբերում են ամերիկյան ուղղությանը, ապա ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որը Չինաստանի հիմնական տնտեսական գործընկերն ու քաղաքական մրցակիցն է, ՉԺՀ-ի համար շատ ավելի կարևոր է, քան կուզենային ոմանք։ Անգամ եթե լիակատար ծավալով չիրականացվի Բժեզինսկու «Չինաստան-ԱՄՆ համաշխարհային տիրապետություն» հայեցակարգը։ Առավել ևս, որ Թայվանում տեղի ունեցած ընտրություններից և վերաինտեգրման կուրսի հռչակումից հետո այդ գայթաքարը դադարել է երկու երկրների փոխհարաբերությունների համար սպառնալիք լինելուց։ Իսկ ինչ վերաբերում է Հարավարևելյան Ասիային, ապա այնտեղ բավականին քիչ են տարածքներն ու պաշարները, դրա կողքին շատ խիտ է տեղի բնակչությունը։ Հակառակ իրավիճակ (շատ ընդարձակ տարածքներ, հսկայածավալ պաշարներ, շատ քիչ բնակչություն) է տիրում Ղազախստանում և Ռուսաստանի ասիական մասում։ Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Վերջերս, ինչպես նշում են դիտորդները, Չինաստանում տեղի են ունեցել զորավարժություններ, որոնց մասնակցել է ցամաքային ուժերի և ռազմաօդային ուժերի մոտ 50 հազար զինծառայող, իսկ համազորային դիվիզիաների առաջխաղացման խորությունը հավասար է եղել մոտ 2000 կմ-ի։ Ո՛չ Հիմալայներում, ո՛չ Թայվանի նեղուցում, ո՛չ օդից ու ծովից ԱՄՆ-ի հիպոթետիկ հարձակումը հետ մղելու գործում չինական բանակի այդպիսի մարտական փորձ չի պահանջվի։ Եվ այս ամենը, թվում է, կասկածի տակ են առնում Պուտինի հանգստացնող հավաստիացումները։ Ավելին, ռուսական ռազմական մի շարք փորձագետների կարծիքով, «Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը Ռուսաստանն ստեղծել էր «միաբևեռ աշխարհի դեմ պայքարի» համար, հրաշալի գործիք է Չինաստանի կողմից կարճաժամկետ հեռանկարում Կենտրոնական Ասիայի երկրների կլանման համար»։ Մինչդեռ Ռուսաստանը կարծում է, որ ինքը խաղում է ավագի դերը, իսկ Չինաստանն առայժմ նրան չի խանգարում այդպես կարծել։ Ռուսական այս պատրանքը, եթե այն դեռ գոյություն ունի, շարունակ փոշիանում է։ Այսպես, վերլուծաբաններն արդեն կասկածում են, թե Ռուսաստանին կհաջողվի մոտ հեռանկարում «որևէ բան հակադրել չինական համառությանը» նախկին խորհրդային հանրապետություններում, ընդ որում, ոչ միայն Ասիայում, այլև Բելառուսում և ՈՒկրաինայում։ Չինաստանը շարունակ մեծացնում է առևտրաշրջանառությունն իր բոլոր գործընկերների հետ։ 17 տարում ապրանքաշրջանառությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեծացել է` 227 մլն դոլարից հասնելով 25-26 մլրդ դոլարի, նշել է փորձագետը։ Ընդ որում, համագործակցությունը ծավալվում է բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմական։ Պակաս հաջող չեն գործերը Մինսկում և Կիևում։
Սակայն, այս ամենով հանդերձ, չպետք է մոռանալ, որ Սուն Ցզիի պատերազմի մասին հին ուսմունքում, որն իր հրատապությունը չի կորցրել չինացիների համար, ասվում է, թե «ամենալավ պատերազմն այն պատերազմն է, որտեղ զորավարը հաղթում է առանց որևէ կրակոցի»։ Այսօր հենց այդպիսին է Չինաստանի քաղաքականությունը։ Բացի այդ, հաջողության չինական գաղտնիքը հետևյալն է. հասկանալ «ուրիշի» հոգեբանությունը, արտաքին հարգանքով հանդերձ` նրան ենթարկել իր կամքին, սեփական շահերի համար օգտագործել նրա տարակույսները, գաղափարախոսությունը, վեհությունը կամ ստորությունը։ Եվ դա իրականացվում է համառորեն ու հաջողությամբ։
Բայց դարձյալ վերադառնանք Պուտինի աղմուկ հանած արտահայտություններին։ Ռուսաստանի ազգային պարագլուխը հայտարարել է նաև, թե Չինաստանը Հեռավոր Արևելք «գաղթելու» անհրաժեշտ պաշարներ չունի։ «Մենք բնական գազ ու նավթ ենք վաճառում, ռուս-չինական սահմանի մոտ կան քարածխի մեծ պաշարներ, բայց, չնայած դրան, Չինաստանն ամենևին չի ուզում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Փորձենք հասկանալ նաև սա։
Շատ աղբյուրներ պնդում են, որ Չինաստանում արդեն այժմ խտացվում է բնակչությունը Ռուսաստանի հետ սահմանին հարող տարածքներում։ Միայն երկու նահանգներում` Հեռավոր Արևելքի սահմանի մոտ, ապրում է 141 մլն չինացի, իսկ ռուսական Հեռավոր Արևելքի ու Արևելյան Սիբիրի ամբողջ տարածքում, ուշադրություն դարձրեք, ապրում է ընդամենը 6 մլն ռուս։ Ավելին, ռուսները Հեռավոր Արևելքից և Արևելյան Սիբիրից փախչում են երկրի եվրոպական մաս, որովհետև իրենց համար հեռանկար չեն տեսնում։ Ռուսաստան են լցվում մեծ քանակությամբ չինացի գաղթականներ։ Արդեն այժմ, տարբեր տվյալներով, չինական համայնքը 3,5-18 մլն է, ամեն տարի այն մեծանում է գրեթե կես միլիոնով։ Կարևոր է նաև այն, որ եթե առաջ չինացիները Ռուսաստան էին մեկնում այնպիսի աշխատանքներ կատարելու համար, որոնք Ռուսաստանի քաղաքացիները չէին անում, ապա այժմ իրավիճակն արմատապես փոխվել է։ Չինացիներն ակտիվորեն զբաղվում են բիզնեսով, արդեն չեն ուզում աշխատել ցածր վարձատրվող, որակավորում չպահանջող ոլորտներում, Ռուսաստանում ունեն չինովնիկական հզոր լոբբի, տիրապետում են ֆինանսական և տնտեսական ներգործության լծակների։ Բերենք առաջին հայացքից տարօրինակ, բայց պերճախոս մի օրինակ։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, վերջերս Բլագովեշչենսկում սկսել է գործել մի տաքսի-ծառայություն, որը սպասարկում է միայն չինացիներին։ Այսինքն, ներգաղթյալների ավելացման համեմատ ընդլայնվում են նաև բացառապես նրանց պահանջմունքների բավարարմանը միտված սպասարկումները։ Հեռավոր Արևելքում ՉԺՀ-ի քաղաքացիները գնում են ինչպես բնակելի, այնպես էլ առևտրային անշարժ գույք, որի պահանջարկը ճգնաժամի շրջանում ոչ միայն չի նվազել, այլև աճել է։ Վաստակած միջոցները մասամբ ուղարկվում են Չինաստան, մասամբ էլ կուտակվում են չինական համայնքում։ Եվ այստեղ, թվում է, անհրաժեշտ է հիշատակել մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին չինական սփյուռքն է, այսպես կոչված, «խուացյաոն» (հայերի և հայկական սփյուռքի համար ակնբախ և ուսանելի օրինակ է)։ Բնակության ցանկացած երկրում չինացիներն ստեղծել են իրենց ավանդական կազմակերպությունները, որոնք դարձել են համայնքի ինքնակառավարման մարմիններ։ Դրանց մեջ մտնում են ինչպես ՉԺՀ-ի քաղաքացիներ, որոնք ժամանակավորապես են բնակվում արտասահմանում, այնպես էլ ավելի վաղ գաղթած չինացիների ժառանգներ, որոնք իրենց բնակության երկրի քաղաքացիներ են։ Սփյուռքի գործոնը Չինաստանի ղեկավարության կողմից հաշվի է առնվում տվյալ երկրների հետ հարաբերությունները վերլուծելիս, քանի որ ստվարաթիվ և տնտեսապես հզոր չինական համայնքը հնարավորություն ունի ներգործելու այդ երկրների արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Այսպիսով, չինական սփյուռքը ՉԺՀ-ի քաղաքական ղեկավարությունը համարում է արտաքին քաղաքական և տնտեսական կարևորագույն ռեսուրս։ Այս կապակցությամբ չի կարելի ուշադրության չառնել ՉԺՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «ՉԺՀ-ն պաշտպանում է արտասահմանում բնակվող չինացիների պատշաճ իրավունքներն ու շահերը, հայրենիք վերադարձած չինացիների և Չինաստանում բնակվող նրանց ընտանիքների անդամների օրինական իրավունքներն ու շահերը»։ Այս հոդվածում, նկատենք, խոսվում է ոչ թե «ՉԺՀ-ի քաղաքացիների» մասին, այլ «չինացիների» մասին, և հենց դա պատրվակ դարձավ 1979-ին Վիետնամի հետ զինված հակամարտության համար։
Իսկ հիմա անցնենք ռուսական իշխանությունների սիրած «աշխարհաքաղաքական գործիքին»` տնտեսական բաղկացուցչին։ Վերջերս Պուտինն անձամբ մասնակցեց Ռուսաստան-ՉԺՀ նավթամուղի ռուսական հատվածի բացման արարողությանը։ Նա ասաց, որ դա Չինաստանին նավթ մատակարարելու միջոց չէ, այլ միայն ռուս-չինական համագործակցության մի մաս։ 2009 թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում (հետաքրքիր հանգամանք է) ստորագրվեց «Ռուսաստանի Հեռավոր Արևելքի ու Արևելյան Սիբիրի և ՉԺՀ-ի հյուսիս-արևելքի տարածաշրջանների միջև 2009-2018 թթ. համագործակցության ծրագիր» «դարակազմիկ համաձայնագիրը», որն ավելի քան 200 համատեղ նախագիծ է ներառում։ Դրան համապատասխան, Ռուսաստանը համատեղ շահագործման է հանձնում օգտակար հանածոների իր հանքավայրերը, իսկ դրանց վերամշակումը կատարվելու է Չինաստանում։ Բացի այդ, Չինաստանը պատրաստ է վերամշակման արտադրություններ կառուցելու նաև Ռուսաստանի տարածքում, բայց միայն այն դեպքում (ուշադրություն), եթե դրանցում զբաղված լինեն չինացի բանվորներ։ Մոտավորապես նույն սխեմայով էլ Չինաստանը վերջին տարիներին մի ամբողջ շարք համաձայնագրեր է կնքել աֆրիկյան երկրների, օրինակ` Սոմալիի բռնապետների հետ (ճիշտ է, Աֆրիկայում համաձայնագրերով նախատեսվում էր աշխատատեղեր ստեղծել տեղաբնակների համար)։ Նույն ծրագիրը ենթադրում է ընդլայնել սահմանային անցակետերն ու «ամրապնդել ռուս-չինական համագործակցությունն աշխատանքային գործունեության ոլորտում»։ Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Չինաստանում ստեղծվեց պետական ընկերություն, հսկայական միջոցներ հատկացվեցին Ռուսաստանում գյուղատնտեսական արտադրության մեջ և «հողի վարձակալության» ծրագրում ներդրումներ կատարելու համար։ Դժվար չէ պատկերացնել սահմանամերձ շրջաններում տևական ժամանակով (վարձակալությունը նախատեսում է 50 տարի) գյուղատնտեսական հողերի նման վարձակալության հետևանքները Ռուսաստանի համար։ Չէ՞ որ դա հողերի կորստյան սպառնալիք է Ռուսաստանի համար, որովհետև դրանց վրա ապրելու է չինացիների առնվազն երկու սերունդ, ընդ որում` մեծ քանակությամբ։ Ակնհայտ է, որ «մեկ երեխա» չինական օրենքն այստեղ չի գործելու։ Բացի այդ, հանքավայրերին արագորեն հասնելու և Ռուսաստանի բնական պաշարներն արտահանելու համար կկառուցվեն կամուրջներ ու ճանապարհներ, ժամանակակից բնակարաններ։ Ընդ որում, ռուս փորձագետների կարծիքով, «Հարավարևելյան տարածաշրջանի և Չինաստանի հյուսիս-արևելքի տնտեսությունների փոխհամալրման մասին խոսք լինել չի կարող։ Ռուսական էժան էլեկտրաէներգիայի և չինական էժան աշխատուժի օգտագործումը կձախողի մրցունակ արտադրության կազմակերպման ցանկացած փորձ»։ Ըստ էության, Չինաստանը (նկատենք, Կրեմլի լիակատար աջակցությամբ և կամավոր հիմունքներով) ստացել է այն ամենը, ինչն այսօր անհրաժեշտ է իրեն։ Եվ ամենագլխավորը, «տևական ժամանակահատվածում» (ինը տարի) «աշխարհագրական սահմաններից դուրս գտնվող ռազմավարական շրջանի» յուրացման արտոնագիր։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ «արտոնագրի շարունակությունը» հետագայում արդեն նրանց գրպանում կլինի և կարիք չի լինի դիմելու «կենտրոն»։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Պրիմորիեի բնակիչները վաղուց և լուրջ անվստահություն են տածում Մոսկվայի հանդեպ (հիշենք զանգվածային հանրահավաքները Վլադիվոստոկում, որոնք ցրելու համար Մոսկվայից ինքնաթիռներով հատուկ նշանակության ջոկատայիններ էին ուղարկվում)։
Այս համատեքստում շատ տարօրինակ են թվում Կրեմլին մոտ կանգնած մի շարք փորձագետների հավաստիացումները, թե «ՉԺՀ-ի ղեկավարության ամբողջ քաղաքականությունը վկայում է, որ գաղութացման լուրջ ծրագրեր նա չունի, անգամ վատ չէր լինի, եթե չինացիներն ավելի լայնորեն ներգրավվեին Հեռավոր Արևելքի տնտեսության ոլորտում, ներդրումներ կատարեին և կարգի բերեին առևտուրը. սա, համենայն դեպս, ձեռնտու է Ռուսաստանին»։ Երևում է, ռուսական քաղաքականության այդ ուղղություններն ու բուն ռուսական կյանքն ավելի շուտ Պեկինում են որոշվում, քան Մոսկվայում։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, թե չին տեսաբանները որքան արդարացիորեն են ընդգծում. «Տևական արդյունավետ վերահսկողությունը, վերջին հաշվով, կհանգեցնի աշխարհագրական սահմանների տեղաշարժի»։
Եվ վերջում վերադառնանք Պուտինին։ «Իմ դուստրերը ուշուով են զբաղվում, իսկ նրանցից մեկը, իրոք, չինարեն է սովորում,- ասել է Պուտինը։ Եվ դա, համաձայնեք, հիանալի է։ Սակայն ռուս հասարակությանն այսօրվա դրությամբ ավելի շատ հուզում է չին ուսանողուհու` մամուլում տարածված միամիտ հարցազրույցը, որտեղ նա, առանց որևէ դիվանագիտության, ասել է. «Մենք բազմացող ազգ ենք, և մենք վաղ թե ուշ գալու ենք այստեղ»։ Ո՞Ւմ հավատաս` ազգի պարագլխի՞ն, որն ասել է, թե Ռուսաստանը չպետք է վախենա Չինաստանից, թե՞ չին ուսանողուհուն, որը լիովին արտացոլում է երիտասարդության տրամադրությունները։ Եվ նրա այդ մտքին պետք է խորամուխ լինել` հասկանալու դրա նշանակալի իմաստը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հիշենք ևս մեկ պերճախոս փաստ. անկախ Հայաստանի առաջին դեսպանատունը բացվեց ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանում, այլ Չինաստանում։ Պատահականությո՞ւն է։ Ակներևաբար, հին ու իմաստուն չինացիները ոչ մի պատահական բան չեն անում։ Եվ մենք էլ այս ամենին պետք է անպայմանորեն խորամուխ լինենք։ Աշխատել է պետք։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ