«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆՐԱՆՔ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՍԻՆ. ԱՅԴՊԻՍԻՆ Է ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՆՐԱՆՔ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՍԻՆ. ԱՅԴՊԻՍԻՆ Է ՀԵՌԱՆԿԱՐԸ
04.05.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում չդադարեցին անձրևները Երևանում, իսլանդական հրաբուխը հանդարտվեց, բայց հիմա էլ իտալացիներն են սպասում Էտնայի ժայթքմանը, ընդհանրապես հանգիստ չէ երկրի ընդերքը, ասենք, առանձնապես հանգստություն երկրի վրա էլ չկա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 5-ին Վիեննայում կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին` տեղեկացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցությունների ընթացքի մասին:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչն իրազեկել է, որ տիկին Էշթոնն ի գիտություն է ընդունել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը կասեցնելու Հայաստանի դիրքորոշումը: Նա գոհ է, որ Հայաստանը շարունակում է կարգավորման գործընթացը, և մտահոգ է, որ գործընթացում շարժ չկա: Քեթրին Էշթոնը կոչ է անում շարունակել երկխոսությունն ու հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին` առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, և հաստատում է քաղաքական ու տեխնիկական օժանդակություն տրամադրելու, երկու երկրների միջև համաձայնեցված քայլերի իրականացմանն աջակցելու ԵՄ-ի պատրաստակամությունը:
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյը հայտարարել է, որ և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին պետք է ծափահարել հզոր քաղաքական կամքի համար, որ դրսևորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Տիկին Կալմի-Ռեյը հիշեցրել է, որ Շվեյցարիան շարունակում է միջնորդ մնալ:
ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում բյուրոն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հարցը, հայտնել է ԵԽԽՎ-ի նախագահ Մևլութ Չավուշօղլին: Նրա առաջարկով հունիսյան նստաշրջանում ընդդիմադիր անդամների մասնակցությամբ նորից կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, այդ հանդիպման ժամանակ էլ կորոշվի ենթահանձնաժողով ստեղծելու հարցը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինը ասուլիսում նշել է, որ Հայաստանի հետ ոչինչ ծրագրված չէ: Նա դիվանագիտական թվաբանության դաս է տվել` արձանագրելով, որ մաթեմատիկորեն 2+2=4, բայց միջազգային հարաբերություններում 5 կամ 6 կարող է լինել. «Մասերի գումարի արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել բաղկացուցիչներից: Կովկասում խաղաղությունն այդպես է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, եթե մենք էլ մեր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորենք, ստեղծվելիք ներդաշնակությունը շատ ավելին կլինի: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հաջողելուն զուգահեռ անհրաժեշտ է Ղարաբաղում կորուստ չունենալ»:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ, ի շարս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայոց ցեղասպանության միջազգայնացման գործընթացը։ «Հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը հնարավոր է քննարկել միայն անհերքելի ապացույցների և փաստաթղթերի հիման վրա, առանց կանխակալության, անկողմնակալ և գիտական մոտեցմամբ», ասված է ԱԱԽ-ի տեղեկատվության մեջ, որտեղ ոչինչ նշված չէ Հայաստանի հետ ստորագրած արձանագրություններին առնչվող քննարկումների վերաբերյալ, թեև տրամաբանորեն ԱԱԽ-ը չէր կարող շրջանցել այդ հարցը։ Պատահական չէ, որ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը նիստից հետո ասել է, որ ստորագրված արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում:
Թուրք ժողովրդին հղած հեռուստաուղերձում վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վաշինգտոնյան հանդիպման մասին ասել է. «Ես նրան ասել եմ, որ Անկարան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություններում: Այնուհանդերձ, բացատրել եմ մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ և ընդգծել, թե որքան կարևոր է դա մեզ համար: Մենք ընդունում ենք հայ-թուրքական խնդիրների լուծումն առանց նախապայմանների, սակայն այդ կարգավորումը պետք է ծառայի տարածաշրջանի խաղաղությանը: Առանց Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության հաղթահարման` հարաբերությունների կարգավորման մեր ձեռնարկած գործընթացը փակուղի կմտնի»: Էրդողանը շեշտել է, որ անվտանգության գործում ջանքեր գործադրելու փոխարեն Հայաստանը միակողմանի որոշել է դուրս գալ կարգավորման գործընթացից, իսկ Թուրքիան գործընթացը շարունակելու է, հավաստել է Էրդողանը:
«Time» ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակը, որում ընդգրկված են պետական-քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, մարզիկներ: Առաջինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան է, չորրորդը` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, տասնյակում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, 17-րդը Թուրքիայի վարչապետ Էրդողանն է` 56-ամյա նախկին ֆուտբոլիստը, որը 1994 թ. Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց առաջ ապրուստի միջոցներ հայթայթելու համար բլիթներ է վաճառել: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ միակ մահմեդական պետության վարչապետը, որն ունի կենսունակ ժողովրդավարություն և աշխարհիկ կարգեր, Էրդողանը, «Time»-ի համոզմամբ, կարող է վերափոխել անհանգիստ տարածաշրջանը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը «փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ, ուստի ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման մասին», այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խոր ֆրուստրացիան, այսպես կոչված, հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ»:
Ջորջ Բուշը Սպիտակ տան նախկին ռեֆերենտ Քրիս Միտչելի հետ աշխատում է իր «Վճռական պահեր» հուշագրության վրա, որտեղ ԱՄՆ-ի 43-րդ նախագահը խոստանում է պատմել չբացահայտված մանրամասներ` ի պաշտոնե ընդունած 14 ճակատագրական որոշումների մասին: Բուշերի ընտանիքում սա երկրորդ գիրքն է լինելու. նրա կինը` Լորան, արդեն հրատարակել է իր գիրքն ամուսնու և իր գործունեության մասին` մանրամասնելով, թե ինչպես էին ամուսնուն փորձում թունավորել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասուլիսում ճշտել է, որ Ռուսաստանը դեմ չէ Իրանի առաջարկին` Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հանդիպման ընթացքում կարող է ճշտվել հակամարտության կարգավորմանը Իրանի միջնորդական առաքելության հնարավորությունը:
Ապրիլի 26-ին խորհրդարանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ժամանակ քննարկվելու է Ղարաբաղի հարցը: «Մենք այդ հարցին վերաբերվում ենք ինչպես մեր սեփականին և շարունակելու ենք օրակարգում պահել յուրաքանչյուր քննարկման ժամանակ: Մենք մեծ հույսեր ունենք, որ պարոն Մեդվեդևն այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, որովհետև կայունությունը Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում», ասել է նա: Ահմեթ Դավութօղլուն հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան քանիցս հայտարարել է իր տեսակետը` Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական նախադրյալն է: «Մենք դեմ ենք Կովկասում գործող ստատուս -քվոյի շարունակմանը»,- ասել է նա պատգամավորներին: Նախարարը խորհրդարանում բարձրաձայնել է այս հարցում Թուրքիայի արտաքին քաղաքականության մերձակա խնդիրները` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում, Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորում, ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական սահմանների բացում: «Թուրքերը և հայերը` երկու ժողովուրդ, որ միասին ապրել են դարերով, աշխարհի որ անկյունում էլ հանդիպեն, կսովորեն կիսել ոչ միայն իրենց ցավը, այլև համատեղ պատմությունը և միասին կապրեն: Նրանք կլինեն միասին: Այսպիսին է մեր խաղաղ հեռանկարը»` մարգարեացել է նախարարը: Ժամանակը ցույց կտա` որքանով ճիշտ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասնակցել է Բաքվում ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին, որին ներկա էին քրիստոնյա, մահմեդական, բուդդայական, եբրայական հոգևորականներ: Վեհափառը, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն ստորագրել են համատեղ հայտարարություն` աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: Ամենայն հայոց կաթողիկոսը կրոնապետերի հաջորդ գագաթաժողովն առաջարկել է գումարել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստան է հրավիրել Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեին: Բաքվում Վեհափառը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, զրուցել նրա հետ գագաթաժողովի արդյունքների, կրոնների և մշակույթների երկխոսության կարևորության մասին, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ամենայն հայոց կաթողիկոսը եղել է նաև Բաքվի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, որը վերածվել է գրապահոցի, և հայոց աղոթք ու շարական հնչեցրել` հույս հայտնելով, որ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առաջ:
Չինաստանի Շանհայ քաղաքում աշխատանքներն է սկսել «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական տաղավարում ներկայացված է Գեոպոլիսի` աշխարհի քաղաքի կառուցման առաջարկը: Գեոպոլիսի մանրակերտն առաջարկում է ունենալ ազգային թաղամասեր և հասարակական տարածքներ` Երաժշտության, Ժամանակի հրապարակներ: Քաղաքի տեղն էլ է ընտրված` Արարատի ստորոտին: Տասնամյակներ առաջ այդ քաղաքն առաջարկվում էր անվանել Եվրապոլիս` ոչ պակաս հավակնոտ նախագիծ էր:
Մայիսի 1-ին Աթենքում ցուցարարները նորից բողոքի էին դուրս եկել կառավարության կայունացման քաղաքականության դեմ: Եվրոպական վիճակագրական գործակալության տվյալներով` 2009-ին Հունաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 13,6 տոկոսը: Եվրամիությունը և միջազգային ֆինանսական կառույցները Հունաստանին արդեն հատկացրել են 120 միլիարդ դոլար` պայմանով, որ Հունաստանը վարելու է դեֆիցիտի կրճատման կոշտ քաղաքականություն:
Երևանում մայիսյան անձրևի տակ Աշխատանքի տոնն առանձին-առանձին նշում էին մի խումբ կոմունիստներ` Մարտիրոս Սարյանի արձանից մինչև Ստեփան Շահումյանի արձան երթով: Օրինաչափ է, որ Աշխատանքի տոնը չաշխատող մարդիկ չեն նշում, իսկ աշխատողները գերադասում են հանգստանալ։ Մանավանդ օրը շաբաթ էր:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ