«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԻ ՀԱՏ ԷԼ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ

ՄԻ ՀԱՏ ԷԼ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ
11.06.2010 | 00:00

Տարածաշրջանում կրկին իրադրություն փոխվեց: Հայաստանում ներքաղաքական և արտաքին քաղաքական վեկտորները նույնպես տեղաշարժեր արձանագրեցին:
ՄԻ ՆԱՄԱԿ ԷԼ ՊՈՒՏԻՆԻՑ ՍՏԱՑԱՎ
Հենց սկզբից ամեն ինչ այնպես չգնաց: Կոելյոյի նշանների լեզուն աշխատեց նույնիսկ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ. Բոսֆորի ափին նախատեսված զբոսանքը չկայացավ, մեծ «ծովագնաց» Էրդողանին չհաջողվեց հյուրերին ցուցանել թուրքական ծովի «հմայքները»` տեղացող ահավոր անձրևների պատճառով. ֆորմալ գագաթաժողովի ողջ ընթացքում էլ ցուցանակներ էին դրված` «զգույշ, թաց է, չսահեք»-ընկնեք հանկարծ (դե, համարյա մեր անծով խորհրդարանի պես):
Այո, ԵԱՀԿ-ի նմանությամբ 92-ին ստեղծված Ասիայի փոխգործակցության և վստահության կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթաժողովի մասին է խոսքը: ՈՒ թե լինենք շատ կարճ, ապա թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը ֆիասկոներ գրանցեցին այնտեղ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղի հարցում «չստացան» ոչինչ:
Հիմա ամեն բան հերթով:
Ստամբուլյան գագաթաժողովի «վստահության» բանալին, պարզվեց, գտնվում էր ոչ թե ասիական «վստահելիների» ձեռքում, այլ Գեյթսի ծոցագրպանում: Օբամայի նամակի տեսքով:
Որքան էլ խոսվում է Օբամայի փափուկ քաղաքականության, հանուն Ռուսաստանի շատ բաներից հրաժարվելու մասին, այնուհանդերձ, Միացյալ Նահանգները «կետային» ձևաչափով և գրեթե վայրկյանների ընթացքում կարողանում է իրավիճակը, իրականում` «քաոսը», դարձնել ղեկավարելի:
«Ամենապարզ» օրինակը հիշենք, երբ Բրադկեն այցելեց Քոչարյանին, և Հայաստանում ամեն բան ընկավ իր տեղը: Հետո Քեյդենաուն այցելեց տարածաշրջան և Սերժ Սարգսյանի հյուրը եղավ: Էլի պահպանվեց «հավասարակշռությունը»:
Իսկ թե ինչ եղավ Գեյթսի Ադրբեջան այցից հետո, բոլորը տեսան: Ի դեպ, Գեյթսի Հայաստան չգալու մասով. ի՞նչ է, կարող է գա՞ր. նախ` օրերս էր Սերժ Սարգսյանը վերադարձել Վաշինգտոնից` «չերեզ» Բրյուսել` ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կենտրոնակայաններով, հիմա էլ կրկին Բրյուսելում է Սեյրան Օհանյանը (Ռուսաստանի աչքը մի անգամ էլ լույս. հիշո՞ւմ եք` ոնց էին երկինք հանել Աբիևին, որ տանն սպասել ու չէր գնացել Բրյուսել էն անգամ. դե, թող էլի երկինք հանեն Ադրբեջանին, որն օրերս «նախաստորագրեց» «Նաբուկոն». այս մասին քիչ հետո): Եվ ապա` պարիտետը պահպանելու համա՞ր (ինչպես կարծում են որոշ «փորձագետներ») պետք է գար Գեյթսը Հայաստան. ո՞ր պարիտետը. չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԵվրԱզԷՍ-ի դիտորդ, այստեղ տեղակայված է ռուսակամ ռազմաբազան: Գար` որ ի՞նչ:
Մի խոսքով, նա գնաց Ադրբեջան, ասաց հարկավորը, արդյունքները տեսանք բոլորս, ու Պավլեն արտասանեց «Հալեպը»` «մի թուրք տաջիկ»... Պուտինի մասին է խոսքը:
Այո, պարոնայք, աշխարհում երկրորդ ռեյտինգն ունեցող պարոն Վլադիմիրը Թուրքիայում գրանցեց իր քաղաքական պարտություններից մեծագույնը: «Шеф появится в последний момент» սկզբունքով գագաթաժողովի մեկնած Պուտինը ոչնչի չհասավ այնտեղ, իսկ ահա փորձագետները, ռուսասերները, բոլոր կարգի էմիսարները մեզանում (և ոչ միայն) պնդում էին` «հրես կտեսնեք` ոնց է «Հարավային հոսքը» հորով-մորով անելու նա, ոնց է Ղարաբաղի երկու շրջանը հետ տալու Ադրբեջանին, ոնց է կարենալու Սերժին կանչել Սոչի, ինչը չհաջողվեց Մեդվեդևին, ու Պուտինն էլ արագ ասաց Մեդվեդևին` Դոնի Ռոստովից «վռազ» արի Մոսկվա, մի գնա ձիարշավի, թող Սերժ Սարգսյանը մենակ գնա-նստի»... Ասում էին ռուսոֆիլները` հաճույքից հալվելով:
Ավաղ, պարոն Սեչինը հաջողացրեց թուրքական կողմի հետ ստորագրել ընդամենը ատոմակայանին առնչվող համաձայնագիր։ Դա էլ այն պատճառով, որ Միացյալ Նահանգներին այդ ատոմակայանը չէր հետաքրքրել և «մոտ չէր եկել դրան»: Հիշենք` Մեդվեդևը ստորագրել էր 17 նման համաձայնագիր:
Դառնանք Պուտինին: Ասել էինք` Թուրքիան ոչ մի դեպքում չի ստորագրելու «Հարավային հոսքը», ինչպես հավատացնում էր Սեչինը: Շատ հասկանալի պատճառներով: Եվ Պուտինին մնում էր դեմքը փրկելու համար հանդես գալ բավականին հետաքրքիր հայտարարություններով` Ղարաբաղին, Իրանին վերաբերող:
Այն, որ Ռուսաստանի վարչապետը դիսկոմֆորտի մեջ էր իր թուրքական այցի արդյունքներից, ակնհայտորեն երևաց հատկապես Ղարաբաղին առնչվող հայտարարությունից. բանակցող կողմերը պետք է վճռեն խնդիրը, Ռուսաստանը ոչ մեկի վրա ոչ մի ճնշում չի բանեցնելու, պիտ համբերես, Ադրբեջան, հույս չփայփայելով, թե Միացյալ Նահանգները լուծելու է այդ հարցը։ Չենք թողնելու` գրեթե ասաց Պուտինը:
Գիտենք` աշնանից ԱՄՆ-ը փորձելու է խնդրի լուծման առավել համապարփակ առաջարկներով հանդես գալ (ոչ թե երկու շրջան, այլ գրեթե այնքան, որքան կբավարարի Ադրբեջանին` երջանիկ լինելու համար), ահա թե ինչու է Մամեդյարովն ասել, թե չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկայում հանդես գա նոր առաջարկներով: Հասկանալի դարձավ. Ռուսաստանը խոչընդոտելու է համաձայնության կայացմանը, որովհետև տարածաշրջանից խիստ «փափուկ ու սահուն» դուրս գալը նրա պլանների մեջ չի մտնում: Իսկ այդ հարցում, ինչպես տեսնում եք, որոշողը, կամա-ակամա, լինելու է Հայաստանը:
Պուտինի հաջորդ հայտարարությունը նույնպես կտրուկ էր. Ադրբեջանի և Թուրքիայի «շահդենիզյան» մեղրամիսը չի բավարարելու «Նաբուկոն» լցնելու համար. գազը շատ քիչ է, ու իրենք այս հարցում ևս խոչընդոտելու են, որպեսզի Օբաման և նրա նամակը Ալիևին փոխանցած Գեյթսը լիարժեք երջանիկ լինեն, պետք է այլ «նոու հաուով» վերաբեռնավորվեն:
Պուտինի երրորդ հայտարարությունն ընդհանրապես «ճեղքող» էր: Այն, այո, վերաբերում էր Իրանին. «ամեն բան համաձայնեցված» է` Թուրքիայի ականջի տակ, մի քանի մետր այն կողմ նստած Ահմադինեժադի կենդանի ներկայությամբ արտաբերեց պարոն հետախույզը:
Արդեն մեկ օր հետո աշխարհն ականատես եղավ այդ համաձայնության կոնկրետ արդյունքներին: Չխորանանք հարցում, որ Իրանի դեմ թվով չորրորդ սանկցիաներն առավել «հուժկու» են (սա ասել է տիկին Հիլըրին, որն ահագին ժամանակ է, ինչ չի զանգահարում Սերժ Սարգսյանին, սակայն հուլիսի 4-ին` ԱՄՆ-ի Անկախության օրը, պատրաստվում է լինել ՈՒկրաինայում, ըստ փորձագետների` հերթական «կետային» հարվածով հետ բերելու կորսվածը` Ռուսաստանի տակ հայտնված ՈՒկրաինան): ՈՒ թե այս ամենին էլ հավելենք հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն բացել է իր դռները Վրաստանի առաջ, ապա շատ հետաքրքիր զարգացումներ են, փաստորեն, ընթանում տարածաշրջանում:
ՈՒ թե ելնենք «դավադրությունների» տեսությունից, ապա կարող ենք պատճառա-հետևանքային կապերը հանգուցելով, բավականին հետաքրքիր պատկեր ունենալ:
Արդյո՞ք «դավադրություն» չկար նաև այս խաղում, ուր ԱՄՆ-ը Ստամբուլում պատին դեմ տվեց Պուտինին` Թուրքիայի ձեռքով, և դարձավ տարածաշրջանում որոշիչ խաղացող, մանավանդ եթե նկատառենք հանգամանքը, որ հնարավոր խաղ կար ոչ միայն Իրանը Ռուսաստանի տակից տարհանելու, այլև նույն Թուրքիայով արաբական աշխարհն Իրանի տակից փախցնելու թուրք-իսրայելական խաղի կոնտեքստում:
Հիշենք` Իրանի հարցում երբևէ այսքան միահամուռ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի եղել: Իսկ որ Իրանի հետ կամուրջները չվառելու համար էլ պետք էր, որ Բրազիլիան ու Թուրքիան դեմ քվեարկեին այդ սանկցիաներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իրանի գազը նույնպես լցվի «Նաբուկոյի» մեջ, կարծես նույնպես ապահովվեց:
Ընդ որում, այս բավականին հետաքրքիր խաղը մի հարթություն էլ ունի. Պուտինին ֆիասկոյացնելով Թուրքիայում, ըստ ամենայնի, հաջորդական քայլով ամսվա վերջին դեպ Վաշինգտոն գնացող Մեդվեդևը հետաքրքիր կոնֆիգուրացիա «կիրականացնի»:
Չենք երկնչում պնդելուց, որ այդ ժամանակ ողջ աշխարհը կտեսնի, թե ինչքան ուժեղ, ինչքան մոդեռնիստ, ինչքան հարց լուծող ու «կրուտոյ» տղա է Մեդվեդև Դիման:
Մի խոսքով, Միացյալ Նահանգները կփորձի կրկին ու կրկին «վերաբեռնել» ամերիկա-ռուսական հարաբերությունները` վասն փոփոխվող աշխարհի, վասն մոդեռնիզացվող Ռուսաստանի և, իհարկե, վասն այդ ամենի կրող` 2012-ին ընտրությունների գնացող Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
ՈՒզում ենք, թե ոչ, Սերժ Սարգսյանի հաշվարկը ճիշտ դուրս եկավ. նա կարողացավ դիմակայել երկու շրջանի «մասով» Պուտինի և Էրդողանի հետ հանդիպման ռուսական ճնշումին, կարողացավ մանևրել Արևմուտքի` Բրյուսելի ու Կրեմլի միջև, և հերթական ռուս-թուրքական ալյանսը հաղթահարել առանց «կորուստների»: ՈՒ համարել, որ քարերը հավաքելու, փուլն ամփոփելու ժամն է արդեն:
Ի դեպ, այդ առումով կառավարություն-ԱԺ չորեքշաբթի օրվա հարց ու պատասխանն ուղղակի գամբիտ էր` թե՛ ներքաղաքական, թե՛ մնացյալ առումներով:
Ներքաղաքական. հայտնի «թիմակիցներից» ընտրվել էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որն «ստիպված» էր պատասխան տալ բոլորի` Վարդան Այվազյանի և «մնացածի» փոխարեն` հողահատկացումների, գյուղատնտեսական հողերի կատեգորիաների, մանկատների երեխաների, հանքերի, Սևանի հաշվով: Էնտեղ էլ` Արարատում, այս անգամ «քավոր» մարզպետն էր ոտքի կանգնել` յուր որդու «տեսքով», իսկ մի քիչ էլ հեռու, նույն «թիմի» ինֆորմատոր, «գիծն» ու «հանգույցները» պահող «Կրակեմ Հրաչը» «իզալացվեց» համակարգից` Նանյանից հետո ևս մեկ նիշով թուլացնելով ԱԱԾ-ն, ըստ ամենայնի, հօգուտ ԳՌՈՒ-ի:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բոլոր հարցերին փաթեթով պատասխանեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` սպասվող ամիսների «լռությունը» փոխհատուցելով ըստ ամենայնի: Այդ պատասխաններից հետո էլի մի այդքան լռություն կլինի, որովհետև մինչև ուշ աշուն որևէ տեղաշարժ ղարաբաղյան հարցում չի լինի:
Դրանից հետո էլ չի լինի, որովհետև հիմա էլ Ռուսաստանն ու Իրանը չեն համաձայնի տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության (չնայած մենք այն կարծիքին ենք, որ եթե Միացյալ Նահանգները լավ փաթեթ առաջարկի, ինչո՞ւ չհամաձայնենք):
Եվ, ճիշտ հաշվելու դեպքում, չի բացառվում, որ, իսկապես, ինչպես գրել է «Մոնդը», Հայաստանը դառնա ամենաառանցքային երկիրը Հարավային Կովկասում, տարածաշրջանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ