«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է «ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆՇԱՁՈՂԸ»

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է «ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆՇԱՁՈՂԸ»
21.12.2010 | 00:00

Նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունն անցավ խիստ գործնական ու աշխատանքային մթնոլորտում: Տանտերը փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ դռների մոտ դիմավորում էր հյուրերին, ու, ոնց երևում էր, քաղաքական նոր մշակույթն արդեն իրեն զգալ էր տալիս. նոր քաղաքապետը, ի տարբերություն այլոց, ոչ մեկին չէր համբուրում (ինչպես ընդունված է մեր քաղաքական էլիտայում), քաղաքավարի ողջունում, բարեկիրթ ժպտում և ուղեկցում էր: Բոլորն էնտեղ էին: Նույնիսկ հայտնի Կանդայանը. նա քաղաքապետարանի արարողակարգն էր ապահովում:
Շքեղություն չկար, ամեն ինչ պարզ-համեստ էր, նույնիսկ չնկատեցինք, թե ինչքան արագ ավարտվեց ֆուրշեթը. հինգ րոպե հետո հանդիսասրահը դատարկ էր: Սերժ Սարգսյանն ուշ գնաց. տևական ժամանակ նա Կարեն Կարապետյանի առանձնասենյակում էր, երևի հաճելին համակցում էին օգտակարի հետ. շնորհավորում և ծրագրում անելիքները:
Նախորդ երդմնակալության արարողությունն ավելի դիտարժան էր (երևի առաջին անգամ էր, դրա համար), բայց քանի որ նախադեպն արդեն ունեինք, ամեն ինչ շատ արագ արվեց-ավարտվեց:
Օրվա միակ տաք պահը. երբ Չեքիջյանի ղեկավարությամբ վերևում կանգնած երգչախումբն սկսեց երգել Երևանի հիմնը, ջերմություն զգացվեց օդում, ու այդ ամենում շատ սիրուն մի բան կար:
Կարեն Կարապետյանը երդվեց, որ ազնվորեն և բարեխիղճ կատարելու է քաղաքապետի պարտականությունները, նպաստելու է Երևանի բարգավաճմանը: Հետո Մարտին Վարդազարյանը քաղաքապետի լանջաշղթան հանձնեց, վերջինս, իհարկե, մի քիչ շփոթված ու մասամբ հուզված էր։
Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը նույնպես լակոնիկ էր. առաջին մասը ՀՀԿ գործկոմի և խորհրդի նիստերում ասվածի բառացի կրկնությունն էր` նոր քաղաքապետը լավ կառավարիչ է, ունի բարոյական լավ նկարագիր:
Հիշենք նաև, որ նախկին քաղաքապետի ինաուգուրացիայի ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին ընդարձակ, կարելի է ասել, ծրագրային ելույթ ունեցավ: ՀՀԿ 20-ամյակին կարծես թե ամեն բան ասված էր: Այնուհանդերձ, երկու թիրախային կանգ նրա կարճ խոսքում եղավ. ա) իշխանությունն սկսում է տոտալ տեսակաբանության փոփոխության գործընթաց, և որպես առաջին «հաց», Կարեն Կարապետյանն ամեն ինչ պետք է անի, որ «կուտ չգնա»: Աններելի է տեսակի պայքարը տանուլ տալը ոչ միայն իշխանության, կուսակցության, այլև ընդհանրապես` բնության տեսանկյունից. բնությունը չի ներում դա:
բ) Տեսակի այդ պայքարում չպետք է հուսախաբ անել մարդկանց, որոնք որպես կառավարիչ «նախընտրում են հենց Ձեր տիպին»: Ասել է` Կարեն Կարապետյանի միջոցով լոկացիայի է ենթարկվելու սկսված գործը. մի քանի ամսից, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է արձանագրվի` «կատարո՞ւմ ենք չափորոշիչները, թե՞ կարողանում ենք բարձրացնել նշաձողը»:
Փաստորեն, նոր քաղաքապետին հեչ հեշտ օրեր չեն սպասում: Բերանո՞վ եք ասում` «նշաձող բարձրացնել», էն էլ մայրաքաղաքում, էն էլ էս պայմաններում:
Հաջողություն մաղթենք մեր «ծանրորդին»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ