«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տարին վերջանում է՝ հասարակության հիասթափությամբ

Տարին վերջանում է՝ հասարակության հիասթափությամբ
30.12.2014 | 18:10

Տարին ո՞նց ամփոփես, երբ մտնում ես նախամանորյա խանութներ ու տեսնում ես ժողովրդի համատարած թշվառությունը, ծերը-ծերին հասցնելու անկարողությունը: Մի տեսակ գրելս չի գալիս, որովհետև ինձ էլ մեղավոր եմ համարում ստեղծված վիաճակի համար, ուզում եմ դուրս գալ էն անտանելի կարգավիճակից, որը կոչվում է «էլիտար», հասկանալ այն իրողությունը, որ հասարակությունն ապրում է առանց հույսի ու լույսի:
Երբ որևէ երկրում կառավարություն է փոխվում, մարդկանց մոտ հույսեր են արթանանում, որ ինչ-որ դրական բան կլինի, իրենց կյանքի որակը կբարելավվի: Հայաստանը բացառությունների շարքում է, որովհետև վարչապետի փոփոխությունը վերաբերում է երկու մարդու, որոնցից մեկը նախկին է դառնում, մյուսը՝ ներկա ու ամենակարող: Երբ թեկուզ չհաջողած ինտելեկտուալին փոխարինելու է գալիս պահեստապետի հոգեբանությամբ մեկն ու սկսում է խոստումներ շռայլել, պետք է ավելի զգուշավոր ու անհանգիստ լինել, որովհետև արտաքուստ ժողովրդականն ամենից շատն է կեղեքում նույն այդ ժողովրդին՝ հասարակի ու մարդամոտի, ժպիտի ու քծնանաքի դիմակի ներքո: Ես չգիտեմ՝ ինչպիսի անուն պատմությունը կտա անցած տարի ձևավորված կառավարությանը, բայց այնտեղ հավաքված են կոմերսանտներն ու վաշխառուները, նախագահ դառնալու փորացավ ունեցեղներն ու տարբեր նախագահներին քծնողները:
Կամ ի՞նչ ասես այսօրվա ընդդիմության մասին, որի միակ տարբերությունը գործող իշխանությունից այն է, որ ավելի քիչ ռեսուրս ունի, հարթակը պահող տղերքի անունն էլ ոչ թե ոստիկանություն է, այլ՝ «ախրանա»: Ու եթե որևէ մեկն ինձ ճգնում է համոզել, որ Գագիկ Ծառուկյանի շրջապատում հավաքված է իրական այլընտրանք, ապա այդ մեկը կամ քաղաքական առումով անմեղսունակ է, կամ էլ շահագրգիտ մի անձնավորություն: Արդ, տարին փակում ենք՝ վատ իշխանությամբ ու, որ ամենավատն է, ընդդիմության չգոյությամբ:
Անցյալ տարի հիացանք մեր բանակով, նրա մարտիկների արիությամբ ու ոգու խիզախությամբ, մեր նախարարի անմիջականությամբ ու հերոսությամբ, բայց տեսանք նաև, որ ռազմադաշտում արձանագրվածը կարող է փոշիանալ, զրոյանալ, որովհետև կաղում է մեր դիվանագիտությունը, ստվերվում է այն, ինչ կոչվում է պետության կամք, քաղաքական որոշում կայացնելու կարողություն:
Տնտեսական ճգնաժամ է, «գոտիները ձգել» է պետք, բայց դա վերաբերում է սովորական մահկանացուներին, որպեսզի «աղաներն» արտասահմաններում իրենց ավելի լավ զգան՝ իրենց ընտանիքների կամ սիրուհիների գրկում:
Ես անձնապես դառնացած չեմ, անցնող տարին ինձ համար երջանիկ էր, հարյուրից վատ եմ ապրում, հազարից լավ, բայց սիրտս ցավում է, որովհետև արժանապատվության խորհուրդ Եռաբլուրից անդին չեմ կարողանում տեսնել մի դատարկվող ու թշվառացող, իր կոլորիտը կորցնող ու անհայրենիք դարձող քաղաք, բարձունքում ննջող քաջերի համատեքստում՝ հույս կորցնող ու 21-րդ դարի բացառիկությունը չճանաչող քաղաքացիներ, ովքեր կանգնած են «ԵՍ»-ը, իրենց ինքնատիպությունը հավաքականության անդեմությամբ փոխելու պարտադրանքի առաջ:
Ուզում եմ հավատալ Ձմեռ պապու հրաշքին ու Նոր տարվանից խնդրել լիքը-լիքը դրական բաներ, ուզում եմ Հայաստանս ոստան դառնա՝ մեր Տիրոջ ամենազոր կամքով, ուզում եմ, որ մարդիկ երջանիկ ու կենսուրախ լինեն ու շատ-շատ եմ ուզում, որ հաջորդ Ամանորը դիմավորենք կայացած քաղաքացու, գնահատված մարդու կարգավիճակով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ