ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Խաղում ենք միություն-միություն

Խաղում ենք  միություն-միություն
16.07.2013 | 00:51

Հայաստանում նոր խաղ են հնարել` Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ ու տնտեսապես ավելի շահավետ: Խաղը նոր է, բայց խաղացողները հին են, խաղի կանոններն էլ (ավելի ճիշտ` անկանոնությունը) նույնն են` ոչ ոք ոչինչ չգիտի, բայց բոլորը խաղում են: Չափանշում, կանխատեսում, կանխորոշում, ու` այդպես: Հարցն ավելի կարևոր է, քան ընդամենը աջ, թե ահյակ գնալու ընտրությունն է: Կա երեք տարբերակ:

1.Հայաստանն ընտրում է Եվրասիական միությունը: Նախադրյալներ էլ բավականաչափ կան` համատեղ անցյալի իներցիան, Հայաստանը գործակցության հուշագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական կոլեգիայի հետ, ստորագրել է ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանում են ռուսական ռազմաբազաները, որոնց համար Ռուսաստանը վարձավճար չի տալիս, Հայաստանը վավերացրել է առանց ՀԱՊԿ երկրների համաձայնության երրորդ երկրի հետ ենթակառուցվածքային ծրագիր չիրականացնելու ՀԱՊԿ համաձայնագիրը, պատրաստ է համաձայնագիր ստորագրել Մաքսային միության հետ: Կառարկեք, որ թվարկածը նախադրյալ չէ, ընդամենը իրավական փաստաթղթեր են` քաղաքական դրդապատճառներով: Իսկ ավելին չկա: Եվրասիական միությունը Հայաստանին ի՞նչ տնտեսական հեռանկարներ է տալու: Սա հարց է, որ այսօր ունի միայն քաղաքական պատասխան, որովհետև` ա) չկա ինքը` Եվրասիական միությունը, բ) այս իրավիճակում որևէ հաշվարկ չի կարող հավաստի լինել, գ) միությունը դեռ միայն քաղաքական նպատակներն ու նկատառումներն է դրսևորել: Որևէ գաղտնիք չկա, որ եթե Ռուսաստանն անդամակցեր Եվրամիությանը, Եվրասիական միության ստեղծման գաղափարը չէր էլ ծագի: ՈՒստի քաղաքականը անկյունաքարային նշանակություն ունի այս իրավիճակում: Եվրասիական միությունը առայժմ ներկայանում է Մաքսային միության տեսքով: Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը առավելագույնն ապահովելու է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի պահպանությունը Հայաստանում, որից ոմանք գոհ են, ոմանք` դժգոհ: Դժգոհները մեծամասնություն են: Եվ բացարձակ, և որակյալ: Եվրասիական միության ամբողջ հմայքը, պատմական փորձը հաստատում է, որ ոչ թե հայտարարված և փաստաթղթավորված քաղաքականություն վարելն է, այլ չհայտարարված, բայց ռեալ: Իսկ այդ քաղաքականության հետևանքների թվում մեր այսօրվա կյանքն է: Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական կախումը Ռուսաստանից: Այսօր Ռուսաստանի Եվրասիական օրակարգում Հայաստանը տնտեսական ոչ մի նշանակություն չունի, ունի քաղաքական ու բարոյահոգեբանական նշանակություն, որովհետև Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան եռյակը ամբողջական ու ազդեցիկ դառնալու համար ունի ՈՒկրաինայի կարիքը, իսկ ՈՒկրաինան դեռ վերջնական որոշում չունի:
2. Հայաստանն անդամակցում է Եվրամիությանը: Ոչ միանգամից: Հեռանկարում: Որովհետև որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, պիտի ունենա եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն, պետական կառավարման համակարգ, տնտեսություն ու հասարակություն, որ ապրում է ընդհանուր արժեհամակարգով: Այսօր չկա ոչ մեկը: Թերևս կա միայն օրենքների որոշ մասը, բայց որոշում ընդունող որևէ եվրոպացի պաշտոնյա չի կարող չիմանալ, որ Հայաստանում օրենքները գործում են անձնական նպատակահարմարությունից ելնելով, այսինքն` կան, թե չկան օրենքներ, ոչինչ չի փոխվում: Մեզ պետք է համակարգային փոփոխություն, որը մեր երկրում չի իրականանում, որովհետև չկա քաղաքական դրդապատճառ:

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նշանակելու է տնտեսավարման միասնական կանոնների համակարգ, տալու է տնտեսական ու քաղաքական անվտանգության հստակ երաշխիքներ, որոնք չեն փոխվում ըստ քաղաքական նպատակահարմարության, որովհետև տնտեսությունը գործում է ոչ թե օլիգարխների թելադրանքով ու նրանց շահերի սպասարկման համար, այլ իր օրինաչափություններով: Հայաստանն արդեն 20 տարի թղթի վրա դավանում է եվրոպական արժեքներ, ձգտում է դեպի Եվրոպա` անվանելով «Վերադարձ դեպի Եվրոպա», բայց ձևականորեն, հավուր պատշաճի: 2000 թ. Եվրախորհրդին անդամակցության հունվարյան բացարձակ խանդավառությունը իսպառ անհետացել է: Ոչ միայն մեր մեղքով: Բնավ բացարձակ ընդօրինակման արժեք չէ Եվրոպան, բայց Եվրոպան այսօր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ունի ավելին, քան կա Ռուսաստանում, քան ունի Հայաստանը: Ի տարբերություն Ռուսաստանի, որ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ռազմական, իրավական, մարդկային, բարոյահոգեբանական բոլոր լծակները գործադրում է իր նպատակներին հասնելու համար, որ պարտադրում է իր կամքը, Եվրոպան ընտրել և գնում է այլ ճանապարհով` կամավորության` գիտակցական կամավորության: Եվրոպան առաջարկում է: Համեմատեք կենսամակարդակը և կառավարման համակարգը: Հետո ընտրեք: Մոդելը: Համակարգը: Կենսակերպը: Աշխարհընկալումը:
3. Հայաստանը շարունակում է լարախաղացությունը, որ դիվանագիտորեն շատ ավելի քաղցրահունչ անվանումներ ունի քաղաքականության մեջ, բայց դա չի փոխում էությունը: Երկար այսպես շարունակել հնարավոր չէ: Նախ և առաջ մեր իսկ շահերից ելնելով: Ռուսաստանն արդեն քաղցրաբլիթը մոռացած, անցել է մտրակի քաղաքականությանը: Ինչպես միշտ` բավականին տապարային` մեկ միլիարդի բիզնես Ադրբեջանի հետ, գազի սակագնի քաղաքական թանկացում, ստատուս քվոյի անընդունելիության հայտարարություններ արտգործնախարարի մակարդակով: Քիչ էր Վյաչեսլավ Կովալենկոն, հավելեցին Կոնստանտին Զատուլինին, կշարունակեն ավելի ծանր, թե թեթև քաշայինները, բոլորովին կարևոր չէ, ասելիքը նույնն է` Հայաստանը կորցնելու է Ռուսաստանի աջակցությունը, եթե փորձի քայլ անել դեպի Եվրոպա: Եվրոպան առաջարկում է կողմնորոշվել` բնավ չպահանջելով հրաժարում Ռուսաստանից, ավելին` Հայաստանը համարելով Ռուսաստանի հետ հարաբերվելու կամուրջ, որովհետև ԵՄ-ն առճակատման խնդիր չունի, ԵՄ-ն այլ պետության հաշվին ինքնահաստատվելու կարիք չունի:
Այս ամենի մասին բավականաչափ գրվել է ու խոսվել, բայց մնում են սկզբունքային հարցեր, որոնց պատասխանները միայն հասկանալի ու ընդունելի կդարձնեն որևէ ընտրություն ու որևէ վճիռ: Դեռ բավականաչափ ժամանակ կա և այդ ընթացքում.
7. Հասարակությանը պետք է մանրամասն և անաչառ, առանց քաղաքական կողմնակալության ներկայացվեն երկու միություններից յուրաքանչյուրի անդամակցության հեռանկարները` քաղաքական, համակարգային, տնտեսական, իրավական, պատմամշակութային կտրվածքով: Հաշվարկներ են պետք, գոնե այն տվյալներով, որոնք կան: Առայժմ ընդամենը հակաքարոզչություն է կատարվում` թե ընդդեմ Եվրասիականի, թե ընդդեմ Եվրոպականի, և բավականին մակերեսային:
6. Պետք է բաց և շիտակ խոսակցություն` պատրա՞ստ ենք եվրաստանդարտներով ապրելուն, որ բավականին դժվար ու ցավոտ գործընթաց է սկզբում: Օրինակ` ինչպե՞ս եք պատկերացնում Փարիզի փողոցներում մայթի վրա վաճառվող պոմիդոր, կիտրոն, կանաչի կամ ձուկ: Կամ Հռոմի հրապարակներում` համեմ: Վիեննայի շատրվանների տակ` տանը քաշած օղի կամ գինի: Չեք պատկերացնում: Այո, որովհետև որևէ տեղաբնակ հավատ չի ընծայի և չի գնի փողոցային մթերք, ավելին, չի հասկանա, թե ինչու են այդ մարդիկ հայտնվել մայթերին, երբ կան քաղաքակիրթ առևտրի շահավետ պայմաններ, երբ յուրաքանչյուր ապրանք պետք է համապատասխանի որոշակի ստանդարտների, սերտիֆիկացվի ու նոր միայն վաճառվի: Նրանք նաև չեն հասկանա, թե ինչ է նշանակում տնտեսության մեջ մենաշնորհ, ասենք, որևէ ապրանքի ներկրման, որովհետև իրենց դեպքում դա աբսուրդ է. միևնույն է` հարկերը վճարվելու են պետությանը: Մեր քրեաօլիգարխիկ համակարգը ինչպե՞ս է արձագանքելու իրապես շուկայական տնտեսության մեջ հայտնվելու հեռանկարին` ստվերից դուրս գալու, հարկեր վճարելու, կաշառակերությունից ու կաշառատվությունից հրաժարվելու, ատկատը մոռանալու, ռեալ մրցակցության պայմաններում աշխատելու, բիզնեսը իբրև բիզնես վարելու, բիզնեսը պետությունից անջատելու դաժան պայմաններին: Ի՞նչ կմնա մեր ատկատաօֆշորային կառավարման համակարգից, որ գործում է հեռախոսային իրավունքով, որտեղ գիտելիքներն ու գործիմացությունը պահանջարկ չունեն, իսկ սկզբունքներ ու տաբուներ ունենալը պարզապես հիմարություն է:
5. Հայաստանը ո՞ր միության դեպքում է ընդգրկվելու տարածաշրջանային տնտեսական ծրագրերում: Առայժմ Ռուսաստանին հաջողվել է տարածաշրջանի բոլոր պետություններին կապել միայն իր հետ և կտրել միմյանցից, կամ էլ` միմյանց հետ հարաբերություններում իրեն վերապահել արբիտրի դեր:
4. Դեպի Եվրասիակա՞ն միություն, թե՞ Եվրամիություն են գնալու Վրաստանն ու Ադրբեջանը: Ինչպե՞ս է ընտրությունը անդրադառնալու նրանց հռչակած և վարած քաղաքականության վրա:
3. Հայ-թուրքական հարաբերությունները հասնելու են մինչև սահմանների բացմա՞ն պահ, թե՞ Թուրքիան շարունակելու է որոնել ինքն իր անցյալը ու ներկան, Հայաստանը` ցեղասպանության ճանաչման ընդունելի ու անհրաժեշտ ձևաչափն ու ձևերը, և հարևանները միմյանց չեն հանդիպելու ևս մեկ տասնամյակ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և հակամարտության հաղթահարման վրա ինչպե՞ս կանդրադառնա խաչմերուկից անցումը դեպի Ասիա կամ դեպի Եվրոպա:
1. Եվրասիական միություն, թե Եվրամիություն ընտրությունը, ի վերջո, նշանակում է` Հայաստանը վերջապես անկախանալո՞ւ է, թե՞ շարունակելու է Ռուսաստանի նեոգաղութատիրական հավակնությունների շրջանակում մնալ` մաս-մաս զիջելով անկախության բոլոր հայտանիշները, վերջում գուցե նաև տարածքային կորուստներ ունենալով: Պետության ճակատագրի համար պատասխանատու միայն իշխանությունը չէ: Բոլորս ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Բոլոր հաշվարկներն ու քննարկումներն անելիս խնդրում եմ հիշել, որ Բեռլինի պատը քանդվել է, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը միմյանց հետ պատերազմող պետություններ չեն, որ գլոբալացված աշխարհը նոր հարաբերություններ է ենթադրում ու թելադրում, որ պարզապես խելամիտ չէ սայլին նստած` ճեպընթացից շուտ տեղ հասնելու կամ ինքնաթիռից առաջ վայրէջք կատարելու ծրագրեր կազմել: Իսկ ամենակարևորը` ժամանակն է սովորել «այո» կամ «ոչ» ասել, որովհետև այո-յի ու ոչ-ի համադրումը ընդամենը նշանակում է` չգիտեմ: Իսկ երբ դու չգիտես, ուրիշները իրավունք ունեն իրենց իմացածը քեզ պարտադրել:

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ