ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էլի՞ խեղդվողների փրկության գործը... խեղդվածների վրա է, թե՞...

Էլի՞ խեղդվողների փրկության գործը... խեղդվածների վրա է, թե՞...
31.03.2009 | 00:00

ՅՈԹ ՕՐ
Յոթ օրում, ինչպես հայտնի է, Աստված ստեղծեց աշխարհը, հասցրեց ստեղծել նաև մարդուն: ՈՒ դրանից հետո այդ օրհնյալ յոթ օրերին սկսեց բաժանվել մարդու կյանքը, գոնե շաբաթվա շրջագծում:
2009-ի մարտի վերջին շաբաթը Հայաստանում օրերի սովորական իրարահաջորդում էր, որոնց մասին ոչ այսօր, բայց շատ ժամանակ անց ինչ-որ մեկը կգրի, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկիրն ապրեց ու հաղթահարեց հերթական փորձությունը, ավելին` հանձնեց ժողովրդավարության հերթական քննությունը` առաջին անգամ ընտրվեց քաղաքապետ, ճիշտ է, ոչ ուղղակի ընտրությամբ, այնուհանդերձ ընտրվեց: Այդ հեռավոր, անհայտ ժամանակագրի համար բոլորովին կարևոր չի լինի համապատասխանությունն իրականությանը կամ վիճակագրությանը: Նա կասի իր խոսքն ու կանցնի, ինչպես մենք այսօր անկարևոր ենք համարում իրադարձությունները, որոնք եղել են ինչ-որ 100, 50, 25 տարի առաջ... Բայց չէ՞ որ դա մեր կյանքն է: Ապրելու քաղաքականությունը ոչ թե անցյալի չլուծված խնդիրների, այլ ներկա խնդիրների կտրվածքով կառուցելն ազգային արժանապատվությունից ցածր համարելով` այսօր աշխարհաքաղաքական վերլուծություններ ենք անում խոհանոցի սեղանին, որ Մոսադն էլ նախանձից, ավելի շուտ ծիծաղից, տեղնուտեղը կմնար, ու... գոհունակությամբ սպասում ենք... մեր կանխատեսումների կենսագործմանը, որ գրենք պատմության շարունակությունն առ այն, թե ինչ եղավ, երբ պակասեց ոչ թե շաքարամանի շաքարը, այլ սեղանը, որի վրա շաքարամանը դրված էր:
...Աստծո անցած յոթ օրը Հայաստանում դաժան շաբաթ էր ծառերի համար. ինքնամոռաց ծաղկել էին, իսկ մարտի 24-ին կեսօրվա կարկուտը մի քանի րոպեում ջնջեց մի քանի ամսվա ջանքը, ու հետո էլ վրա-վրա եկող անձրևներն ու քամին ծառերից պոկեցին սպիտակ ու վարդագույն նուրբ հանդերձները: Հայի բախտ...
...Հանրապետական կուսակցությունը միանգամից երկու անգամ ստիպված էր հիշել իր անդամներին` Անդրանիկ Մարգարյանի մահվան երկրորդ տարին լրացավ, ու Աշոտ Նավասարդյանի էլ ծննդյան օրն էր: Հանգուցյալ վարչապետի առիթով հիշեցին նրա ամենաերկարատև աշխատանքային գործունեությունը և մեկ էլ` որ «հանդուրժողականության կրող» էր: Իսկ Աշոտ Նավասարդյանը` հանրապետական կուսակցության հիմնադիրը, որ կյանքից հեռացավ 97-ին, այսօր արդեն փաստացի ոչ մի կապ չունի այն կուսակցության հետ, որ ստեղծվեց իբրև հանրապետական, բայց դարձավ իշխանական:
...Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրն էր: Արվեստներից ամենանախնականի ու ամենաքաղաքականի` հաց ու զվարճանքի կեսարների Հռոմում, ագիտկաներ հեղափոխությանը... Չորրորդ չափման արվեստ, որ հանդիսատեսի վրա ներգործում է ոչ միայն հինգ զգայարաններով, այլև ենթագիտակցությամբ, ու դրանով կարող է դառնալ հասարակական կարծիքի կառավարման գործիք, կարող է չդառնալ ոչինչ` վերածվելով դատարկ բեմավանդակի: Թատրոնի միջազգային օրը թատերական աշխարհին ուղղվեցին շքեղ կամ աղքատիկ բառակույտեր` ուղերձի տեսքով... Իսկ այդ օրվա ներկայացումներին ուղերձի տերերը չկային` թատրոնը լուրջ արվեստ է, իսկ նրանք ավելի լուրջ են...
...Մարտի 28-ին կատաղի անձրևի տակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:2 խաղաց Էստոնիայի հավաքականի հետ: Չնայած դիվանագիտության իսպառ բացակայությանը, գոնե ակնհայտ, խաղին ներկա էր ՀՀ նախագահը ու երկար ծափահարում էր չորրորդ գոլին: Պատասխան խաղը Տալլինում կլինի:
...Մարտի 28-ին աշխարհը նաև մեկ ժամով անջատեց լույսը` «Մոլորակի մեկ ժամը» բնապահպանական ծրագրի շրջանակներում 80 երկիր էլեկտրաէներգիա էր խնայում: Թեպետ ավելի դիպուկ կլիներ անվանել «Մոլորակն ընդդեմ ճգնաժամի», բայց, դե, կարևորն անունը չէ, այլ փաստը: Էյֆելյան աշտարակից Երևանի Հանրապետության հրապարակ` ամբողջ մեկ ժամ խավարի մեջ: Սքանչելի է, և ինչո՞ւ Երևանի տասնյակ փողոցներ չեն ներկայացվում Գինեսի գրքում գրանցվելու համար. չէ՞ որ այդ փողոցներում ոչ թե տարին մեկ ժամ, այլ 365 օր իրականացվում է «Խնայենք էլեկտրաէներգիան» ծրագիրը, և ոչ ոք տեղյակ չէ...
...Մարտի 29-ին ևս մեկ «խնայողական ակցիա» էր` շաբաթվա բոլոր օրերն ունեն 24 ժամ, իսկ այդ օրը` 23, ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ, և` անցում ամառային ժամանակին` համաեվրոպական մասշտաբով: Այս անգամ սկզբունքը` «եղիցի լույս», մինչև աշուն...
...15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 500 միլիոն դոլար կայունացման վարկը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան կհասնի հունիսի սկզբին: Վերստին` ընդդեմ ճգնաժամի: Եթե, իհարկե, մինչև այդ ոչինչ չլինի խանգարող: Գուցե չինացիներն էլ «ամաչեն» ու մի քիչ էլ իրենք վարկ տան, դե` մարդը մի յուան: Պատկերացնո՞ւմ եք ճգնաժամի ողորմելի վիճակը` փասափուսադ հավաքիր ու գնա...
...Մարտի 30-31-ին Վալենսիայում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կքննարկի Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Հայկական պատվիրակությունը պիտի ներկայացնի, թե ինչ է արվել 1643 բանաձևի կատարման ուղղությամբ: Ի՞նչ են ասելու Դավիթ Հարությունյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այս մասին, կիմացվի:
...Արդեն հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ ասաց. «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին: Ինչո՞ւ: Մի քանի օրում այդպես նվազեցի՞ն Արմեն Մարտիրոսյանի շանսերը, երևանցի 50000 ընտրողներն անհուսալի՞ դարձան, խնդիրը փոխվե՞ց, քաղաքում հաղթելը դարձավ անիմա՞ստ: Կուսակցությունն ա՞յլ նախապատվություններ ունի: Առևտուրը չստացվե՞ց ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության հետ: Թերևս` ոչ մեկը: «Ժառանգությունը» չափազանց ինքնատիպ կուսակցություն է հայ իրականության համար: Իշխանություն և ընդդիմություն հասկացությունների կուսակցության յուրաքանչյուր անդամ իր բացատրությունն ունի: Վերստին` ինքնատիպ: Կառուցողական քաղաքականությունը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության նկատմամբ կուսակցությունը դարձնում է ճկուն ու հետաքրքիր խաղացող քաղաքական դաշտում, որի պահանջարկը, իբրև բուֆերի կամ բանակցողի, մշտապես կա, բայց նույն այդ քաղաքականությունը կուսակցությանը դարձնում է չափազանց խոցելի` իրավիճակի չնչին փոփոխման դեպքում: «Ոչ մի կողմից» դիրքորոշումն ընկալելի և իրեն արդարացնող է ժողովրդավարական երկրներում, մեզ մոտ նրանց ուղղակի չեն հասկանում, որովհետև շատ մեծ անհեթեթություն է համարվում սեփական քաղաքականություն ունենալը, և հետո էլ` ո՞ւմ համար է գաղտնիք, որ 2013 թ. նախագահի թեկնածու մնալու համար Րաֆֆի Հովհաննիսյանն ում հետ ասես կարող է գործակցել, բայց ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության... Մինչ այդ ձգել է պետք: Հետո էլ` ով գիտե շաբաթն ավելի շուտ գա ուրբաթից...
...Յոթ օր ու մի հարց միայն` փոխարժեքի լողացող կուրսի պայմաններում ո՞վ է ձուկը, ո՞վ` ձկնորսը, իսկ խա՞յծը: ՈՒ մի ուղղորդող հարց` էլի՞ խեղդվողների փրկության գործը... խեղդվածների վրա է, թե՞...
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ