ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հենց այսպես էլ հաղթահարում ենք ճգնաժամը

Հենց այսպես էլ հաղթահարում ենք ճգնաժամը
24.03.2009 | 00:00

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ` ՉԻ՛Ք
Տնտեսական ակտիվության և մարդկանց բարձր գնողականության կարևոր գործոններից մեկը` մասնավոր փոխանցումները, գնալով կրճատվում են, իսկ Հայաստանի կառավարությունը պարզապես այլ միջոցներ չի գտնում գործարար միջավայրը խրախուսելու և բնակչության բավարար կենսամակարդակը պահպանելու համար:
Մյուս կողմից` էականորեն նվազել է Հայաստանի առանց այդ էլ չնչին արտահանման ներուժը: Լեռնահումքային ձեռնարկությունները, որոնք բավականին մեծ չափաբաժին ունեին արտահանման մեջ, միայն 2009թ. հունվարի տվյալներով, ի տարբերություն 2008 թ. նույն ժամանակահատվածի, իրենց ծավալները կրճատել են 55,6 տոկոսով:
Իսկ խոշոր ներկրողներ «ՀայՌուսգազարդի», «Կարկոմավտոյի», «Քաղպետրոլսերվիսի», «Գրանդ Քենդիի» և այլ կազմակերպությունների ներմուծման ծավալները միասին վերցրած պակասել են 6,3 մլրդ դրամով կամ 36 տոկոսով:
Անցյալ տարվա 300 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորող «Ղ-Տելեկոմ», «ՀայՌուսգազարդ» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերություններն էլ, 2009 թ. հունվարին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, պետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների տեսքով 3,4 մլրդ դրամ պակաս են մուծել:
Սրա արդյունքում է, որ կառավարությունը կանգնած է մի մեծ խնդրի առջև` ինչպե՞ս հավաքագրել համապատասխան հարկերը և ապահովել կենսաթոշակների, բյուջետային հիմնարկների և սոցիալական այլ վճարների ամբողջական և ժամանակին վճարումները:
Այլ երկրներում տնտեսական ճգնաժամին դիմագրավելու միջոցների փնտրտուքը բերել է մեկ եզրահանգման. աջակցել միջին ու փոքր բիզնեսին, բարձրացնել ներքին գնողականությունը, մարդկանց շահագրգռել, որպեսզի գնեն տեղական արտադրանքը: Պարզ է, Հայաստանը չունի ավտոմեքենաշինական կամ բարձրտեխնոլոգիական այնպիսի արտադրություն, որ պետական համապատասխան շահագրգռության դեպքում գնորդը կարողանար այն ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը դեռևս անցյալ տարի հակաճգնաժամային միջոցառումների ծրագրերի շրջանակում առաջնահերթ էր համարել միջին ու փոքր բիզնեսի վարկավորման քաղաքականությունը: Դրա համար հատկացվելու էր 17 մլրդ դրամ, միաժամանակ խոսակցություններ կային, որ այդ աջակցության չափը վերջնական չէ, և դրան են գումարվելու նաև Համաշխարհային բանկից ու միջազգային այլ ֆինանսական կառույցներից ներգրավվող համապատասխան 50 և 250 մլն դոլար գումարները:
Եթե նշենք այն ընկերությունները, որոնք այդ շրջանակներում վարկեր են ստացել, ասենք, Արտաշատի պահածոների գործարանը, պարզ է դառնում, որ այս պարագայում խոսել փոքր և միջին բիզնեսին ուղղված պետական աջակցության մասին, պարզապես անիմաստ է: Երբ փորձեցինք համապատասխան տեղեկություն ստանալ վարկավորման հարցերով զբաղվող կառավարության համապատասխան բաժնից կամ ՓՄՁ-ից, պատասխանատուները կամ իրավասու չէին որևէ բան տրամադրելու, կամ խիստ զբաղված էին: Իսկ այն բիզնեսմենները, որոնք, համենայն դեպս, փորձում են դիմել որևէ առաջարկով և համապատասխան տեղեկություն ստանալ վարկավորման պայմանների վերաբերյալ, պարզապես հասկանում են, որ դա ժամանակի զուր վատնում է, քանզի դրա ստանալն է շատ բարդ գործ: Այ, այսպես էլ պայքարում ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի և ներքին արտադրողին խրախուսելու ուղղությամբ:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ