ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ո՞Ւմ օգտին են աշխատելու արդյունքները

Ո՞Ւմ օգտին են աշխատելու արդյունքները
07.04.2009 | 00:00

ՍԵՎ ԽԱՎԻԱՐ ԿԵՐԱԾ ՏՂԵՐՔԸ-2
Հայաստանի բնակչությունը դեռևս հիշում է մեր «էպիզոդիկ» կառավարություններից մեկին, երբ շուրջ 11 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, վարչապետ նշանակեց Արմեն Դարբինյանին` «արհեստավարժների» իր խմբով (Էդուարդ Սանդոյան, Արտակ Վարդանյան և այլք)։ Իր թիմի վերաբերյալ նորընծա վարչապետը կիրառում էր ոչ միայն «արհեստավարժ» բնորոշումը, այլև հարկին-անհարկի նշում, որ իրենք բոլորը սև խավիարով մեծացած տղաներ են, ասել է` աչքները կուշտ, լավ կրթություն ստացած։ Եվ չնայած այդ բոլոր «արժանիքներին», «արհեստավարժների» թիմը իշխանության մեջ դիմացավ հազիվ մեկ տարի և, 1999-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի ջախջախիչ հաղթանակից հետո, դուրս մղվեց ասպարեզից։ «Արհեստավարժներից» յուրաքանչյուրը, իհարկե, կարողացավ իր համար տաք տեղ ապահովել, սակայն գործնականում դուրս մնաց գործնական քաղաքականությունից։ Այլ կերպ ասած, պարզվեց, որ իրականում երիտասարդ, անփորձ, երկրի առջև որևէ էական ծառայություն չունեցող մարդիկ չեն կարող այն կառավարել։ Նրանք նման են տնաբույս, լավ խնամված ծաղկի, որը, սակայն, կոշտ բնական պայմաններում անմիջապես թոշնում է։
«Արհեստավարժության» հիվանդությունը, սակայն, հայաստանյան հասարակության մեջ ոչ միայն չվերացավ, այլև անցած տարիների հետ նոր բնութագիր ու ձևեր սկսեց ձեռք բերել։ Քաղաքական դաշտի «սերնդափոխության» անվան տակ իշխանական և ընդդիմադիր կուսակցություններում ու կառավարման օղակներում սկսել են դիրքեր զբաղեցնել արտասահմանում իբր կրթություն ստացած, բայց որևէ օտար լեզվի այդպես էլ լիարժեք չտիրապետող, երկրի առջև բացարձակապես ոչ մի ծառայություն չունեցող «պապաների», «քեռիների», «հոպարների» սև խավիարով սնած-մեծացրած բալիկները։ Այսպես ասած, խավիարակերների նոր սերունդը, որը ոչ միայն հավակնում է փոխարինելու ղարաբաղյան շարժումից ծնունդ առած, այդ շարժման ընթացքում հազարումի դրական ու բացասական փորձություններով անցած, քիչ թե շատ կոփված գործիչների սերնդին, այլև սկսել է արմունկներով հրմշտելով վերջիններիս ասպարեզից դուրս մղելու «գործընթացը»։ ԶԼՄ-ներով ու քաղաքական դաշտում տարածվող բամբասանքների միջոցով ջահելների նոր սերունդը փորձում է վարկաբեկել իրենցից անհամեմատ ավելի մեծ կենսափորձ, վաստակ, նաև սխալներ ունեցող մարդկանց, քանզի չի սխալվում նա, ով չի գործում։ Զորօրինակ, հենց նույն երիտասարդները։
Քաղաքական դաշտում սերնդափոխությունը բնական է ու անհրաժեշտ։
Բայց միայն այն դեպքում, երբ արդեն փորձ ունեցող ավագ սերնդին փոխարինելու են գալիս երկրի առջև ծառայություններ ունեցող, պետական կամ հասարակական գործունեության որևէ օղակում դրական ձեռքբերումների հասած կամ գոնե որևէ մասնագիտության մեջ լրջորեն ինքնահաստատված մարդիկ։ Ովքեր ոչ միայն ավելի երիտասարդ են, այլև միաժամանակ խելացի, սեփական ուժերով կյանքում ինչ-որ բանի հասած, ինչ-որ բանի ընդունակ։
Սակայն «էլիտարության» հիվանդությունը հասարակության մեջ սկսել է այնպիսի այլանդակ դրսևորումներ ստանալ, որ պաշտոնյաների տղաները, եղբայրների տղաները և նույնիսկ սանիկները համարում են, թե միայն այդ փաստն արդեն բավարար է երկիր ու հասարակություն կառավարելու հավակնություն ունենալու համար, և որ իրենք էլ կարող են ժողովրդի ու հասարակության ճակատագիր որոշել` իրականում չունենալով դրա համար որևէ արժանիք։
Կա տեսակետ, որ հետխորհրդային պետություններում քաղաքական դաշտի «սերնդափոխության» գաղափարն առաջացել է բրիտանական համապատասխան ծառայություններում, և նպատակի իրագործման համար արդեն 1990-ականների կեսից բոլոր հետխորհրդային երկրներում իրականացվել է «երիտասարդ կադրերի» հավաքագրում` ուսումնական ծրագրերի միջոցով։ Եվ քեմբրիջներում, և հարվարդներում նույնիսկ լիարժեք կրթություն չստացած, այլ «վերապատրաստում» անցած (հարց է, թե ո՞ր ծառայությունում) երիտասարդները ժամանակի հետ «ներդրվում» են քաղաքական վերնախավում` հետագայում որոշիչ պաշտոններ ստանձնելու նպատակով։ Սրանք են համապատասխան ծրագրի առաջին գործնական հետևանքները։ Միայն թե մեծ հարց է` ո՞ւմ օգտին են վերջնահաշվում աշխատելու արդյունքները։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ