ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեծ բեկումը, այնուհանդերձ, բացառված չէ

Մեծ բեկումը, այնուհանդերձ, բացառված չէ
07.04.2009 | 00:00

ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՕԲԱՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԱՐՏԱՍԱՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի խորապատկերի վրա գնալով ավելի են ակտիվանում հայտարարությունները, կանխատեսումները և, առհասարակ, տարաբնույթ տեղեկատվության հոսքն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ամենամոտ ժամկետում աննախադեպ փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես խոսվում է, թե Անկարան պատրաստ է Հայաստանի հետ միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հայ-թուրքական սահմանի բացման և նույնիսկ ինչ-որ համատեղ հանձնաժողովի ձևավորման միջոցով քննարկելու ցեղասպանության հարցը։ Եվ որ բոլոր այս ուղղություններով հիմնական պայմանավորվածության մասին կհայտարարվի մինչև ապրիլի 24-ը, այսինքն` ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հետ կապված ուղերձի հրապարակումը։

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին մի քանի ամիսների զարգացումների հետ կապված` ակնհայտորեն ուրվագծվում են հիմնականում ամերիկյան և ռուսական հետաքրքրությունները։ Պատահական չէ, որ հենց ռուսական ու ամերիկյան ԶԼՄ-ներն են ակտիվորեն տիրաժավորում հայ-թուրքական հաշտեցման թեման։ Բնականաբար, հասկանալի է, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը շահագրգռված են հայ-թուրքական հարաբերություններն իրենց վերահսկողության տակ պահելու կամ իրենց միջնորդությամբ կարգավորելու գործում։ Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար կարևոր է Անկարային ցույց տալ, թե ցանկության դեպքում իրենք ունեն ներուժ կամ ազդեցություն` դրդելու կամ ստիպելու Հայաստանին որոշակի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` Անկարայի համար այս կամ այն չափով ընդունելի պայմաններով։
Համենայն դեպս, այդ տպավորությունն է ստեղծվում տեղեկատվության տարաբնույթ արտահոսքից։ Սկզբում ռուսական, ապա ամերիկյան մամուլում հայտնվեցին պնդումներ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բավական արմատական քայլեր կարվեն մարտի 29-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ավարտից հետո` մինչև Բարաք Օբամայի Անկարա ժամանումը։ Կանխատեսվում էր, թե այդ ընթացքում Հայաստան կայցելի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը, և Երևանում էլ կհայտարարվի հայ-թուրքական աննախադեպ երկխոսության «ստարտը»։ Այս կանխատեսումը, կարելի է ասել, չիրականացավ։ Այնուհետև լուրեր էին շրջանառվում, թե Օբամայի Անկարա այցի օրերին այնտեղ կմեկնի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, և ԱՄՆ-ի նախագահի բարձր միջնորդության պայմաններում Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները կհայտարարեն հայ-թուրքական երկխոսության սկզբնավորումը։ Ինչպես տեսնում ենք, այս կանխատեսումն էլ իրականություն չդարձավ, որովհետև Սերժ Սարգսյանը, որքան հայտնի է, Անկարա չի մեկնելու և նույնիսկ այդպիսի հրավեր չի ստացել։
Եվ վերջապես` ամերիկյան «Wall street journal» պարբերականը օրերս տպագրեց տեղեկատվություն, թե իբր հայ-թուրքական վերջին շրջանի բանակցությունների արդյունք հանդիսացող ինչ-որ հիմնարար փաստաթուղթ է ստորագրվելու այս տարվա ապրիլի 16-ին, որը նախատեսում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հայ-թուրքական սահմանի բացում, այլև «սահմանի ամրագրում»։ Հասկանալի չէ, թե վերոնշյալ ամրագրումն ինչ է նշանակում, բայց միաժամանակ փաստ է, որ կան լուրջ շահագրգիռ ուժեր ու կողմեր` ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակ հետապնդող։
Սկզբունքորեն հայ-թուրքական երկխոսության բարենպաստ արդյունքների մասին իրական ենթադրություններ անելու հիմքեր չկան։ Կողմերը չեն թաքցնում, որ որոշակի մակարդակում բանակցություններ ընթանում են, սակայն իրական ձեռքբերումների մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլև նույնիսկ ավելորդ։ Թուրքիայի մարտավարությունն այս գործընթացում ակնհայտորեն միտված է բանակցային պրոցեսը քարոզչական նպատակով օգտագործելուն։ Անկարան առայժմ ոչ մի գործնական, իրական քայլ չի արել Հայաստանի հետ հարաբերությունները լրջորեն բարելավելու ուղղությամբ, սակայն Թուրքիայի արտգործնախարարը պատեհ-անպատեհ ցանկացած առիթով հայտարարում է, թե ակտիվ երկխոսություն կա, և հայ-թուրքական հարաբերություններին երրորդ երկրների միջամտությունն այս պարագայում ցանկալի չէ։ Բաբաջանը շատ անգամ է հայտարարել, թե իբր կարող են շատ հարցեր հայերի հետ լուծել իբրև հարևաններ, թե երրորդ կողմի միջամտությունը, հատկապես ցեղասպանության հարցում, կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Համանման հայտարարություններ արել են նաև նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Էրդողանը։
Հայկական կողմի պահվածքը, այս կապակցությամբ, կարելի է գնահատել զուսպ։ Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնպահ է մնում հայ-թուրքական բանակցությունների բովանդակությունը մանրամասն մեկնաբանելուց։ Սակայն երբ թուրքական կողմն ակնհայտորեն չափն անցավ, և Բաբաջանը հայտարարեց, թե Հայաստանի արտգործնախարարի հետ ինքը քննարկում է երկկողմ փոխհարաբերություններին առնչվող բոլոր հարցերը, այդ թվում` ցեղասպանության հարցը, հետևեց Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական տեսանկյունից բավական կոշտ արձագանքը։ Վերջինս նշեց, թե չի ուզում հավատալ, որ Բաբաջանը նման բան է ասել, բայց ինքը նրա հետ ցեղասպանության հարց չի քննարկել։ Այսպիսով ակնհայտ է, որ Երևանում էլ հասկացել են թուրքական կողմի որդեգրած մարտավարությունը և բոլորովին էլ մտադիր չեն պարել հայտնի մուղամի նվագի տակ։ Խնդիրն այն է, որ Անկարան իրականում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի ցանկություն չի դրսևորում։ Թուրքիայի նպատակը բավական որոշակի է և կարճաժամկետ. այն է` մինչև ապրիլի 24-ը ստեղծել քարոզչական իմիտացիա, թե Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման այնպիսի մի աննախադեպ գործընթաց է սկսվել, որ լավ կլինի ԱՄՆ-ի նախագահը ձեռնպահ մնա ճակատագրական բառն արտասանելուց, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով հայերին ու թուրքերին «հարևանավարի» երկխոսելու։
Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կողմնակիցների ակտիվությունն այս օրերին գնալով մեծանում է։ Արդեն իսկ Կոնգրեսի օրակարգում է համապատասխան բանաձևը, Ներկայացուցիչների պալատի նախագահ և Հայ դատի հարցերում միշտ նախանձախնդիր Նենսի Փելոսին էլ արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չպետք է խոչընդոտեն իրերն իրենց անուններով կոչելուն։ Սակայն Անկարային բանաձևն այդքան չի մտահոգում։ ԱՄՆ-ը նախագահական հանրապետություն է, արտաքին քաղաքականությունը հիմնականում նախագահի գործունեության դաշտն է։ Անցած տարիների ընթացքում Կոնգրեսը երեք անգամ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, այնուհանդերձ, չեն հանգեցրել պաշտոնական ճանաչման երկրի նախագահի մակարդակով։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ այսօր ԱՄՆ-ում և՛ հասարակական մակարդակում, և՛ օրենսդիր մարմնում, և՛ գործադիր իշխանության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը բավականին մեծ է, իսկ ազդեցությունը` աննախադեպ հզոր։ ՈՒստի չի բացառվում, նույնիսկ շատ հավանական է, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին ճակատագրական բառը, այնուհանդերձ, կարտասանի, և թուրք-ամերիկյան հարաբերություններում կստեղծվի բոլորովին նոր վիճակ և այլ որակ, ամենևին էլ ոչ հօգուտ Թուրքիայի։ Ահա և Անկարան փորձում է ամեն գնով կանխել հավանական և խիստ տհաճ զարգացումները, որովհետև պարզ է. ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումը շղթայական լուրջ ռեակցիա է առաջացնելու շատ պետություններում։
Այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առանձնապես բովանդակային երկխոսություն, առավել ևս հստակ պայմանավորվածություններ չկան, վկայում է նաև երկու երկրների իշխանությունների պահվածքը։ Որովհետև եթե դրանք լինեին, երկու կողմերում էլ իշխանությունները պետք է փորձեին նախապատրաստել Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին այդ «մերձեցմանը»։ Թուրքիայում նման գործընթաց չկա, ճիշտ հակառակը. ցեղասպանության հերքման քարոզչական քաղաքականությունը շարունակվում է նույն ոգով և ձևերով, ինչպես եղել է նախորդ տարիներին, և այդ մասին բավական հստակ արձանագրված է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2008 թ. տարեկան զեկույցում։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանություններն էլ առանձնապես ոգևորված չեն և հայ-թուրքական բանակցությունների բովանդակությունը չեն շտապում դարձնել հայ հանրության սեփականությունը։ Այսինքն, նախապատրաստել Հայաստանի քաղաքացիներին ձևավորելու Թուրքիայի հետ նոր հարաբերություններ։ Սա նշանակում է, որ դրա հավանականությունն իրականում էլ մեծ չէ, եթե չասենք, որ մոտ ժամանակի կտրվածքով հավասար է զրոյի։ Հայաստանն ու հայկական սփյուռքը սպասում են, թե ինչ տեղի կունենա ապրիլի 6-ին Անկարայում, և ինչ կասի Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր տարեկան ուղերձում, քանզի մեծ բեկումը, այնուհանդերձ, բացառված չէ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3037

Մեկնաբանություններ