Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վարդավառ

Վարդավառ
07.07.2024 | 08:02

Իմ հայրենի գյուղի Վարդավառի մասին եմ ուզում պատմել, որը գյուղի բարբառով կոչվում է Վարդեվար։

Վարդեվարից գրեթե մեկ շաբաթ առաջ գյուղ են վերադառնում այն համագյուղացիները, ովքեր այլ վայրերում են ապրում, նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնածների մեծ մասն է վերադառնում հատուկ այդ օրվա համար։ Վարդեվարը իմ հայրենի գյուղում Նոր տարվան հավասարազոր տոն է։

Գյուղի հարևանները, բարեկամները սկսում են միմյանց հետ կիսվել իրենց ունեցածով, հատկապես՝ կաթնամթերքով, հավկիթով։ Այն հարևանները, բարեկամները, ովքեր ունեն հավ, կով՝ մի ամբողջ շաբաթ բաժին են հանում կով ու հավ չունեցող հարևաններին, բարեկամներին, օրը՝ մեկին: Էլ կաթ, էլ մածուն, էլ կաթի սեր (սա գաթայի համար է), ձու․․․ Շաբաթ օրը ողջ գյուղը լցվում է անուշահամ գաթայի ու լավաշի բույրով։ Վարդեվարից առաջ գաթա և լավաշ թխելը պարտադիր է, իսկ հալվան սեղանի ամենապատվավոր տեղում է։

Քանի որ սենյակների թիվը քիչ է, դրսից եկած հյուրերի համար դոշակները փռվում են հատակին, իրար կպած, ու բոլորը գիշերում են հենց այդպես հատակին փռված դոշակների վրա։ Մահճակալների վրա ոչ ոք չի քնում, բոլորի ուշք ու միտքը գետնի վրա քնելն է, որովհետև էլ եսիմ երբ հավաքվեն իրար գլխի, հազիվ առիթ է, որ շփվեն, դեսից -դենից խոսեն, անցած մեկ տարվա կուտակածը պատմեն միմյանց։ Իսկ առավոտյան․․․

Առավոտյան ամենաճարպիկը շուտ արթնանում է, վազում դուրս, բարձրանում կտուր, մեկ դույլ ջրով սպասում, թե ով է տանից դուրս գալու, որ ջուրը լցնի վերևից: Առաջին ջրվողի ձայնից բոլորը արթնանում են: Սկսվում է առավոտյան ջրոցին:

- Սառն է, չլցնես վրես…

- Առվի ջուր է, կեղտոտ է, չլցնես…

- Համբերի, տես ինչ եմ անելու քեզ…

- Փախի, տան հետևով գալիս ա…

- Դուռը փակեք, ջուրը չլցնեք տունը…

- Հացատուն չմտնեք, հացերը չավիրեք էս ազիզ օրով․․․

Բոլորը թրջված, շրթունքները կապտած, մազերը գլխներին կպած, ձեռքերը դոշներին խաչած, դողալով վազում են տուն, ամեն մեկը մի փակ դուռ է փնտրում, որ փոխվի։ Լվացքի պարանի, պատշգամբի բազրիքներին հայտնվում է թրջված շորերի առաջին խմբաքանակը:

Սկսվում է նախապատրաստական եռուզեռը։

Ամեն մեկը մի կողմ է վազում, պայուսակները դասավորում, մեկը հագուստն է լցնում, մյուսը՝ ուտելիք, էն մյուսը՝ խորովածի փայտ: Պետք է գնան ջրի մոտ մի տեղ, կլինի Սևանի ափին, կլինի Արգիճի գետի ափին, կլինի սարատեղերից մեկում աղբյուրի ակունքի մոտ։ Իսկ թե անձրևոտ ու ամպոտ եղանակ է, ոչ մի տեղ էլ չեն գնում, որ չհարամվի, իսկ, որպես կանոն, համարյա միշտ ամպոտ ու սառը եղանակ է լինեում Վարդեվարին:

Եռուզեռը հանկարծ կանգնում է, ու սկսում են բոլորը աջ ու ձախ փախչել․․․ Հիմա էլ հարևանների երեխաներն են տարբեր չափերի դույլերը, բազմազան ու բազմագույն թասիկները ջրով լցրած, զինված հայտնվել բակում ու սկսում են ջրել․․․

- Ինձ չջրեք, էլ շոր չունեմ…

- Այ տղա, ինձ մոտ չգաս…

- Էս ինչ սառն էր․․․

Բայց ո՞վ է լսողը, սկսվում է նորից առավոտվա պատմությունը, էն չջրելու պահանջ ներկայացնողներն ավելի աշխույժ են սկսում ջրել։

Քանի որ արդեն կեսօր է, այդքան էլ մրսելու եղանակ չի, չեն շտապում փոխվել երեխաները, միայն մեծահասականերն են շտապում զգեստափոխվել, որպեսզի գառը մորթեն, խաշլաման եփեն, խորոված անեն, սուփրա սեղանը փռեն:

Սկսվում է երգ ու պարը, ուտել-խմելը, միմյանց շնորհավորում են՝ մաղթելով ուրախ Վարդեվար: Այո, այո, չեն ասում՝ շնորհավոր, ասում են՝ ուրախ Վարդեվար, հետո արդեն խաղաղություն ուզում աշխարհի համար։ Դե, հայի բնավորություն է, միշտ աշխարհի համար է ուզում խաղաղություն:

Իմ հայրենի գյուղում երբեք Վարդեվարը մոդայիկ չի, այն միշտ ավանդական է, ասել է թե, իսկական հայկական տոն է մնացել:

Միակ բանը, որ դեռ լայն տարածում ունի, այդ օրը եկեղեցի չգնալն է։ Դա էլ խորհրդային տարիների հետքն է:

Այս կիրակի Վարդավառն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3677

Մեկնաբանություններ