Տոնդ շնորհավոր, Երկի՛ր։
Բռունցքվի՛ր, որպես շարունակելի վկայություն, այդ է ճակատիդ խարանը։ Քո հարուստ աղքատությունը կտակագիր է` գտածի ու կորցրածի գաղտնաբառով, այն բացվում է վաղվա մեջ, ժառանգության հանգույն։ Ամբողջությամբ եղածդ փոխանցի՛ր եկվորին, թեկուզ մանրադրամով, թող տիրավոր զգա իրեն, սա է քո դավանանքը, ճանփան։
Քեզ տաշում են, տաշում կոպիտ ձեռքերով, չգիտեն, որ փոքրանալիս ադամանդանում ես, թանկությունդ էժան չի վաճառվելու:
Շքեղությունդ զարդ է, որը հպարտորեն պիտի վաղվա հայը կրի։
Չնահանջե՛ս, եթե անգամ այրումդ մոխրանում է։
Հավատա՛, փայտ դնող կլինի կրակիդ։
Տոնդ շնորհավոր, աղոթքի ու հավատի աղով, զանգակաձայն Երկիր:
Հռիփսիմե Հովհաննիսյան