«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը

«Զանգեզուրյան միջանցքի»  շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը
04.05.2024 | 15:23

Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը «Միջին միջանցքի» ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ:

Օրերս էլ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Նաբիևը հայտարարեց Երվահանձնաժողովի հետ ձեռք բերված համաձայնության մասին՝ «Միջին միջանցքը» այլևս դիտարկելու որպես ԵՄ տնտեսական ու լոգիստիկ դիվերսիֆիկացմանն ուղղված կարևոր նախագիծ:

Հիշեցնեմ, որ «Միջին միջանցքի» նախագիծն արդեն մի քանի անգամ ողջունվել է ԵՄ տարբեր չինովնիկների կողմից, այդ թվում՝ 2022-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագիրն» ընդունելուց հետո:

Վերջինիս համաձայն՝ «Միջին միջանցքի» կամ «Արևելք-Արևմուտք-Միջին տրանսկասպյան միջանցքի» նպատակն է ապահովել Չինաստան-Եվրոպա մուլտիմոդալ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածքով: Հատկանշական է, որ հռչակագրում հղում է արվում TRACECA նախաձեռնության վրա, որի նպատակն է ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այլ կերպ ասած՝ «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրվում է եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ:

Իսկ հիմա ամենակարևորը: Նույն «Տաշքենդի հռչակագրում» հատուկ ուշադրություն է դարձվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։ Հռչակագրի 11-րդ կետում կարդում ենք. «Կողմերը կարևորում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող Զանգեզուրի միջանցքի բացումը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար»:

ԵՄ-ը շարունակում է դիտարկել «Զանգեզուրյան միջանցքը» որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մաս: Այժմ էլ փորձում է տեղավորել այն «Միջին միջանցք» նախագծի մեջ: Նպատակը պարզ է՝ ստանալ հավելյալ ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա՝ ածխաջրածինների ներկրման ուղիների տարատեսակացման, «Անդրկասպյան գազամուղի» կառուցման համար:

Եվ այս հարցում ԵՄ-ի ու Անկարայի շահերն առավել քան համընկնում են՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս նկրտումները կայանալու որպես միջազգային էներգատրանսպորտային խաբ: Որպես տրանսպորտային կարևոր խաչմերուկ է կայանում նաև Ադրբեջանը, որին, ինչպես տեսնում ենք, հաջողվում է բաղադրել «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» մեգածրագրերը: (Չինաստանի ուղղությամբ էլ առանձին ռազմավարություն է իրականցվում, ինչին կանդրադառնամ առանձին գրառմամբ):

Այսպիսով, «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ