Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ամենայն հավանականությամբ, երկբևեռ կլինի նաև նոր աշխարհակարգը

Ամենայն հավանականությամբ, երկբևեռ կլինի նաև նոր աշխարհակարգը
14.07.2024 | 08:57

Ելնելով սիստեմային ու կայունության տեսակի նկատառումներից և իմանալով, որ միաբևեռ աշխարհը ներկա պայմաններում երկար կյանք չի ունենա, այսինքն, աշխարհը ձգտելու է դեպի նոր սառը պատերազմ՝ որպես գլոբալ կատաստրոֆայից խուսափելու յուրատեսակ կիսակայուն միջոց, դարձյալ բաց կմնա այն հարցը, թե գլոբալ կայունության տեսանկյունից ապագա ոչ միաբևեռ աշխարհում ուժային կամ, ավելի ճիշտ, ազդեցիկության բևեռների ո՞ր թիվն է ավելի հավանական։

Եթե իրենց ընդհանրության իմաստով համեմատում ենք ուժ և ազդեցիկություն հասկացությունները, ապա այն հանգամանքը, որ եթե շատ մեծ ուժը ճիշտ չկառավարվի, այն չի կարող ունենալ պահանջվող ազդեցիկությունը, վերջինիս դարձնում է ավելի տարողունակ հասկացություն, որի բաղադրիչներից մեկը կարող է լինել մարդկային համակարգի ուժը, իսկ մյուսը՝ այդ ուժի էֆեկտիվ կառավարումը։

Հենց այս, ավելի ընդհանրական իմաստով էլ որևէ գլոբալ հզորության բնութագրման համար օգտագործվում են ազդեցիկություն և ազդեցության ոլորտ հասկացությունները։

Վերադառնալով այն հարցին, թե մոտ ապագայում ո՞րը կլինի ազդեցիկության բևեռների հավանական թիվը աշխարհում, Գարիկ Քեռյանը տվել է հետաքրքիր պատասխան՝ առաջ քաշելով «բազմակողմ երկբևեռայնությամբ աշխարհակարգի» գաղափարը, որն ամենից հավանականն է մի շարք նկատառումներով։

Նախ՝ հիշենք Նիքսոնի և Քիսինջերի գործունեությունը Չինաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, որի նպատակն էր ԽՍՀՄ-ի թուլացումը Աֆղանստանում, որը վճռական նշանակություն ունեցավ Խորհրդային Միության փլուզման գործում։

Եթե այդ հարցին նայում ենք աշխարհի ուժային կամ ազդեցիկության բևեռների տեսանկյունից, ապա այդ ժամանակ Չինաստանը «թաքնված ուժային» բևեռ էր, որին օգտագործելով ԽՍՀՄ-ի դեմ կազմակերպած խաղում, փաստորեն ԱՄՆ-ը սառը պատերազմի պայմաններում գտնվող երկբևեռ աշխարհը ժամանակավորապես դարձրեց քվազիեռաբևեռ անկայուն աշխարհ, որի արդյունքն էլ հենց եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը։

Սա որպես փաստ, որ աշխարհը ժամանակավորապես համարյա եռաբևեռ դառնալով, շատ ավելի անկայուն դարձավ, հանգամանք, որն ունի ընդհանրական բնույթ և կարող է հիմնավորվել վերևից ներքև մոտեցումով՝ ելնելով մաքուր սիստեմային նկատառումներից։

Ահա դրանցից մի քանիսը։

1․ Աշխարհում ուժային բազմաբևեռություն եղել է մարդկության պատմության վաղնջական շրջանում միայն, երբ պարզունակ կյանքի պայմաններում մարդկանց միջև կոնտակտները միայն լոկալ բնույթ ունեին։

2․ Եվ նույնիսկ այդ քաոսային ու խառնակ ժամանակներում ամեն գնով հաղթելու տրամաբանությունը հակամարտ կողմերին ստիպում էր գնալ ուժերի առավելագույն միավորման, որի լավագույն ձևը, ռեսուրսների լրիվ օգտագործման տեսանկյունից, երկբևեռն է։

3․ Պատմությանը հայտնի են նաև բազմաթիվ եռաբևեռ դեպքեր, երբ վճռական հաղթանակի հասնելու համար երկու կողմերը միավորվել են մեկի դեմ՝ փաստորեն դառնալով երկբևեռ։

4․ Մարդկանց միջև հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների հետագա զարգացումը բերեց հակամարտող կողմերի աննախադեպ հզորացման, բայց ուժերի առավելագույն միավորման ու կոնցենտրացիայի տենդենցը մնաց հաստատուն, որն էլ իր հերթին բերեց լոկալ հզոր երկբևեռությունների շարքի՝ Հռոմ-Պարսկաստան, Բյուզանդիա-Արաբական խալիֆաթ և այլ տեսքերով։

5․ Հիշենք նաև խաչակրաց արշավանքները որպես Արևմուտքի ու Արևելքի բախումների երկբևեռ սաղմնային տեսք, որոնք կազմված էին անկայուն ու փոփոխական բազմաբևեռություններից։

6․ Հետագայում էլ, արդեն նոր ժամանակներում, առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ, ուժերի ու հզորությունների առավելագույն միավորման ու կոնցենտրացիայի կենսական պահանջը դարձյալ ստիպեց անցնել երկբևեռության սկզբունքին։

Երկբևեռության նպատակահարմարությունը և հարաբերական կայունությունը կարելի է հիմնավորել նաև այլ տեսանկյուններից, ներառյալ՝ էներգետիկ տեսանկյունը, լիդերության և կոլեկտիվ կայունության հանգամանքը, հասարակական էնտրոպիայի և ակտիվության հետ կապված նկատառումները և այլն։

Սառը պատերազմն էլ երկբևեռ էր և, ամենայն հավանականությամբ, երկբևեռ կլինի նաև նոր աշխարհակարգը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ