«Էդիթ պրինտ» հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելլերները: Շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011-ին Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
«Էդիթ պրինտ» հրատարակչության ծրագրերի ղեկավար ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ գրականության պահանջարկը բավական մեծ է, որովհետև մարդիկ սկսել են հետաքրքրվել գործարարությամբ, նորագույն տեխնոլոգիաներով, բիզնես-թրեյնինգներով։ «Որքանո՞վ է դրսի փորձը կիրառելի մեզանում» հարցին անդրադառնալով ասաց, որ ոչ բոլոր գրքերում ներկայացված մեթոդներն են մեզ մոտ կիրառելի, բայց կոնկրետ Սթիվեն Քովիի գիրքը համամարդկային բնույթ ունի, բեսթսելլեր է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, շատերն են կիրառել ու հաջողության հասել` օգտագործելով գրքում ներկայացված մեթոդները։ Թե մեզ մոտ գիրքն ինչ վաճառք կապահովի, Շավարշ Կարապետյանը դժվարացավ կանխատեսել, բայց փաստեց, որ շատերն են սիրում այդ հեղինակին, ռուսերեն, անգլերեն կարդացել են, նույնիսկ դասավանդում են երիտասարդ առաջնորդների դպրոցներում, համալսարաններում, տարբեր դասընթացների ժամանակ։
Անդրադարձը բիզնես գրականությանը շարունակական է լինելու, սակայն ընտրովի, այնպիսի գրքեր են ներկայացվելու, որ օգտակար լինեն մեր հանրությանը։
«Էդիթ պրինտը» չի շրջանցում նաև հայ հեղինակներին։ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը մեծ արձագանք ունեցավ ժամանակին։ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի շնորհանդեսի ժամանակ հյուր ենք ունենալու, նա ևս գիրք է գրում բիզնեսի մասին, նախնական պայմանավորվածություն ունենք գիրքը ընթերցողին հասցնելու»,- ասաց Շավարշ Կարապետյանը։
Հանրահայտ գործարար և գրող Սթիվեն Քովին «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում՝ անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Հեղինակը խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը, սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստնություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ