Պատկերացրեք, որ դուք ուսանող եք, ապագա լրագրող և ուզում եք ոչ միայն լսել` ինչպես են գրում, ձայնագրում, նկարահանում, մոնտաժում, ինչպես են աշխատում ժուռնալիստները, այլև ինքներդ գրել, ձայնագրել, նկարահանել, մոնտաժել ու եթեր դուրս գալ: Եթե դուք սովորում եք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, այդ հնարավորությունն արդեն ունեք: Եվ դա մասնագիտության մեջ լինելու, աշխատանքի նրբություններն անձամբ ուսումնասիրելու, փորձելու, սեփական սխալների վրա սովորելու ու սեփական ձեռագիրն ունենալու լավագույն հնարավորությունն է:
Մարտի 14-ին համալսարանում բացվեց ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անվան ուսումնական ստուդիա և ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ անվան հեռուստալրագրության լսարան: ՈՒսանողների, դասախոսների, հյուրերի հետ ավանդական ժապավենահատումներին ներկա էին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, ում շնորհիվ կուլտուրայի ֆակուլտետում բացվեցին ուսումնական ստուդիան և հեռուստալրագրության լսարանը: Սա հերթական ծրագիրն է, որ իրականացնում է «Բարեպաշտ սերունդը» բուհերում ուսումնական գործընթացի տեխնիկական հնարավորությունների ստեղծման ու բարելավման նպատակով: Մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանում բացված հեռակա ուսուցման լսարանից հետո մանկավարժական համալսարանում բացված ստուդիան ու լսարանն ընդամենը մի օղակն են կրթական-բարեգործական մեծ ծրագրի: Իրադարձությունը գլոբալ ու նույնիսկ համապետական մասշտաբի չէ: Ոչ կազմակերպիչները, ոչ մասնագետները նման խնդիր չունեն, նրանք կատարում են իրենց աշխատանքը և ջանում են հնարավորինս արդյունավետ, մտածված ու ճշգրիտ գործել: Չի բացառվում, որ այսօր համալսարանի աստիճաններով վեր ու վար սլացող ուսանողները ժամանակի մեջ այսօրվա ընթացիկ, բայց կարևոր իրադարձությունը դարձնեն հիմք` համապետական խնդիրներ լուծելու գիտելիքներ ձեռք բերելու համար:
Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Լևոն Գալստյանը հանգամանալից բացատրում էր, թե ինչպես է օգտագործվելու տուփերից վերջերս հանված տեխնիկան` համակարգիչները, տեսախցիկները, մոնտաժային սեղանը, խմբագրական մոնիտորը, և նրա խոսքում ամենից առաջ ու ամենից շատ գործնական ոգևորություն կար, որ վերջապես ուսանողին հասցեագրվելու է ոչ միայն տեսական խոսք, այլև գործնական գիտելիք: Երբ Սերգո Երիցյանին հարցրի` ինչպե՞ս է վերաբերվում իրադարձությանը, կարճ պատասխանեց. «Վաղուց էր պետք»: Պրոֆեսիոնալի գնահատական էր: Իսկ Լևոն Գալստյանը հավելեց. «Մշտապես հեռուստալրագրողները և ռադիոլրագրողները կարիք ունեն գործիքների` իրենց լավագույն մտահղացումները իրականացնելու համար: Իհարկե, մեր նպատակը բովանդակությունն է` ինչ կլսենք ռադիոյով ու ինչ կտեսնենք եթերում, բայց պակաս կարևոր չեն տեխնիկական հնարավորությունները, և այս պահին մեր ունեցած զինանոցը հրաշալի է, որովհետև համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին և նոր ու հետաքրքիր հնարավորություններ բացում ուսանողների առաջ»:
Նվագախմբի հնչեցրած քայլերգի խրոխտ հնչյունների տակ կտրված ժապավեններից հետո, հարմարավետ դահլիճում շարունակված արարողության ժամանակ Լևոն Գալստյանն ասաց, որ փառահեղ իրադարձություն է կատարվում.
-Մենք ներկա ենք երկու անվանակոչման` այն մարդկանց անուններով, որ ուղիղ առնչություն ունեն հեռուստալրագրությանը: Նրանք այն եզակի երջանիկներից են, ովքեր ոչ միայն հաջողության են հասել իրենց աշխատանքում, այլև կերտել են ամբողջական համակարգեր: Ստեփան Պողոսյանի անունն այսօր էլ շատ թանկ է իմ սերնդակիցների ու մեզնից ավագների համար և ոսկե տառերով գրված է հայկական հեռուստատեսության պատմության մեջ: Նա հեռուստատեսություն եկավ գիտությունից, նորագույն պատմության փայլուն գիտակ, հետազոտող և ոչ թե պարզապես ակադեմիական գիտնական, այլ իր ճակատագրով, իր կենսագրությամբ իր ժողովրդի տագնապներն իր մեջ ամբարած մարդ, որ շատ լավ գիտեր ինչ էր անելու հեռուստատեսությունում: Մյուս փառավոր անունը Արմեն Հովհաննիսյանն է, մարդ, որ հեղաշրջեց հեռուստամշակույթը իր հանրահայտ «22.30» հաղորդումով, որի թիկունքում մի ամբողջ աշխարհ էր, մի քանի սերնդի աշխարհաճանաչում: ՈՒսումնական ստուդիայի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, գործնականում խիստ անհրաժեշտ: ՈՒսանողներն էլ գիտեն, դասախոսներն էլ, թե տեխնիկան որքան պետք է ուսումնական գործընթացին, և թույլ տվեք մեր խորին շնորհակալությունը հայտնել «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին իր կարևոր նախաձեռնության համար:
Մինչ դահլիճում հավաքվածները Ստեփան Պողոսյանի և Արմեն Հովհաննիսյանի մասին ֆիլմերն էին դիտում, ես մտածում էի, որ թե ստուդիայի, թե լսարանի անվանակոչությունը իսկապես տեղին է ու իմաստավորված, այդ մեր սերունդն ու մեզնից մի քիչ մեծերը, մի քիչ փոքրերը տեսել են ու գիտեն` ովքե՞ր են եղել ու ի՞նչ են արել Ստեփան Պողոսյանն ու Արմեն Հովհաննիսյանը: Անվիճելի է, որ կան նրանց գրած ու թարգմանած գրքերը, նրանց ծանրակշիռ վաստակի այլ վկայություններ, բայց բոլորովին այլ է ուսանել նրանց անունը կրող լսարանում կամ ստուդիայում, առնչվել նրանց անվանն ու գործին ամեն օր ու տեղում: Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը իր հուզական ու համառոտ խոսքում անդրադարձավ Ստեփան Պողոսյանի ու Արմեն Հովհաննիսյանի մարդկային կերպարին ու մասնագիտական գործունեությանը, և դա էլ լավագույն դաս էր դահլիճում նստած ուսանողների համար: Ի վերջո, հենց այդ համադրումների մեջ է ձևավորվում այն եզակի հանրությունը, որ կոչվում է հեռուստաժողովուրդ, և պատիվ ու պատասխանատվություն ունի հասարակությանը ներկայացնել ոչ միայն օրվա լուրերն ու տեղեկատվությունը, այլև ձևավորել մտածողություն, ընկալում, տեսակետ: Ջուլիետ Կաժոյանի խոսքը հենց այդ հեռուստաժողովրդի լավագույն ներկայացուցիչներ դարձած Ստեփան Պողոսյանի ու Արմեն Հովհաննիսյանի սահմանած չափանիշների պահպանման ու արժևորման մասին էր, որ նրանցից հետո չկորցնելը հատկապես անհրաժեշտ է այսօր:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը օրը որակեց հուզումնալից, մեծ խորհուրդ տեսնելով անվանակոչումների մեջ: Նա հիշեցրեց, որ մինչև իր կյանքի վերջին օրը Արմեն Հովհաննիսյանը դասավանդել է համալսարանում. «Շատերը կարծում են, որ այսօր մանկավարժի, դասախոսի գործն այնքան էլ շնորհակալ չէ, պիտի խոստովանենք, որ լավագույնս կարգավորված չէ ուսուցչի ու մանկավարժի կենցաղը, ցավոք: Բայց դա փոխհատուցվում է այն ջերմությամբ ու այն հիշողությամբ, որ մինչև իրենց կյանքի վերջ կունենան նրանց ուսանողները»: Պարոն Միրզախանյանը շնորհակալ էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին և Բարսեղ Բեգլարյանին, «որովհետև եթե չլիներ հիմնադրամի մասնակցությունը, դժվար թե մենք կարողանայինք այսպիսի հնարավորություններ ընձեռել մեր ուսանողներին` ապահովելով լիարժեք ուսումնական գործընթաց: Ցավոք, նման երևույթներ հաճախ չենք արձանագրում մեր կյանքում, ուստի պետք է արժանին մատուցենք»: Համալսարանի ռեկտորը իբրև պատմաբան` հորդորեց ուսանողներին կարդալ Ստեփան Պողոսյանի գրքերը. «Մեր մեծագույն ողբերգությանը նվիրված ոչ մի աշխատություն այնքան խորիմաստ վերլուծություն չի ներառում, ինչպես Ստեփան Պողոսյանի: Մենք շնորհակալ ենք Ստեփան Պողոսյանին մեր ազգային հեռուստատեսության կայացման համար»: Նա հիշեցրեց, որ 20-ական թթ. Հայաստան եկան աշխարհով սփռված հայ մտավորականները, թեև նրանցից ոչ մեկը ոչ մի ուսումնական հաստատությունում չի դասավանդել, բայց ավելի մեծ ուսուցիչներ մեր մշակույթի համար չեն եղել, որովհետև նրանք ստեղծել են դպրոց: «Եթե Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը չգային Հայաստան, դժվար է պատկերացնել, որ մենք հետո կունենայինք Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան. նրանք սովորում էին ինստիտուտում, բայց ամենամեծ դասը ստանում էին բեմում` կողք կողքի խաղալով հայ բեմի մեծերի հետ: Այդպես Ստեփան Պողոսյանը ստեղծեց հեռուստատեսություն` լինելով ու մնալով մեծ ուսուցիչ պատմաբանների ու հեռուստալրագրողների համար և այսօր այդ լսարանում դուք անմիջապես առնչվելու եք այդ պատմության հետ», դիմելով ուսանողներին` ասաց համալսարանի ռեկտորը: Նա մեծագույն հաճույքով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգևը` Խաչատուր Աբովյանի ոսկե մեդալ, հանձնեց համալսարանի խորհրդի անդամ, մշակույթի նախարար և Ստեփան Պողոսյանի դուստր Հասմիկ Պողոսյանին` կրթության գործում մեծ ավանդի համար: Տիկին Պողոսյանը, որ ելույթ չէր նախատեսել, չկարողացավ չասել, որ թե անվանակոչությունը, թե պարգևատրությունն անակնկալ էին. «Անսպասելի էր, որ կան բարերարներ, ովքեր այսքան գնահատում են ազգային արժեքները, որ կա մի հաստատություն, որտեղ հասկանում են` ինչպես ու ինչ սովորեցնել: Շնորհակալություն բոլոր հարազատ ու սիրելի մարդկանց, ում հետ երկար տարիներ առնչվել եմ և, անշուշտ, այս պարգևի համար»: Տիկին Պողոսյանը հիշեցրեց, որ իր մանկության ու պատանեկության օրերին այն, ինչ կատարվում էր հեռուստատեսությունում, իրենց կյանքն էր` առանց շաբաթ ու կիրակիի, գիշերվա ու ցերեկվա: Եվ բոլոր այդ պատմությունների, վեճերի ու քննարկումների մեջ կար Արմեն Հովհաննիսյանը, ում «22.30»-ի դերն այսօր դժվար է հասկանալ, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչ է փակ երկիր, որտեղ չեն խոսում արտասահմանյան էստրադայից ու ջազից, համաշխարհային երաժշտարվեստից, այն էլ բացառիկ հայերենով: Նախարարը համոզված է, որ այսօր էլ հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի հետ ոչ ոք չի մրցակցում: Նրա համար իսկապես կարևոր է, որ համալսարանում գործելու են ստուդիա և լսարան, որտեղ մշտապես վառ են մնալու երկու անհատների անունն ու հիշատակը` դաստիարակելով պրոֆեսիոնալների սերունդներ:
Խաչատուր Աբովյանի անվան մեդալը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին հանձնելիս համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ասաց, որ մի քանի օր առաջ, երբ ծրագրում էին ապագա միջոցառումը, նրան… բամբասել է` ասելով, որ գալու է հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության ղեկավարը, որ «մերոնցից է»` նկատի ունենալով նրա դասախոսական գործունեությունը դեռևս 20 տարի առաջ և գիտական կոչումը: Պարոն Միրզախանյանը բոլորովին պատահական չի համարում, որ Բարսեղ Բեգլարյանը չի հեռացել ուսումնական հաստատություններից ու կրթական ծրագրերից` ֆինանսավորելով դրանց կատարելագործման գործընթացները:
«Բախտի բերմամբ, թե պատահմամբ, ես մի քիչ հարստացել եմ, բայց իսկական հարստությունը նյութական չէ: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը մենք հինգ տարի առաջ ստեղծել ենք, որ միջոցներ հատկացնենք կրթությանն ու մշակույթին, դա հոգու պարտք է: Ես պատիվ եմ ունեցել ճանաչելու Ստեփան Պողոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին, և վստահ եմ, որ ձեր մեջ կլինեն և Ստեփան Պողոսյաններ, և Արմեն Հովհաննիսյաններ, իսկ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել` նպաստելու, որ դուք այդ հնարավորություններն ունենաք»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը` Ռուբեն Միրզախանյանի ձեռամբ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ ստանալով:
Երեկվանից Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայում և Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարանում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հեռուստաժողովուրդ դառնալու իրենց առաջին դասն են սկսել: Ճիշտ ուղենիշներով և աշխարհին մի քիչ ավելի լավատեսորեն նայելու հնարավորություն ունենալով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին հարցրի, թե ո՛րն է համալսարանին տեխնիկա տրամադրելու բուն նպատակը: Զարմացավ հարցիս անհեթեթության վրա, բայց պատասխանեց.
-Որ ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ լինեն, որ այսօրվա ուսանողները վաղվա լավ մասնագետներ դառնան: Դեպի արվեստ կգնան, թե դեպի լրատվական դաշտ, պետք է, որ նրանք լավ դպրոց անցնեն ու ինքնուրույն կյանք մտնեն հնարավորինս մասնագիտությանը տիրապետած, իսկ դրա համար անհրաժեշտ են նաև տեխնիկական միջոցներ: Առաջարկը համալսարանից էր, ուսումնասիրեցինք, տեսանք, որ արժանահավատ ծրագիր է, և մենք կարող ենք օգտակար լինել: Գիտելիքը ժամանակակից աշխարհում միակ անանց արժեքն է: Մենք ինտելեկտի պակաս չունենք` իբրև ժողովուրդ, բայց մեզ պակասում է ինտելեկտուալ մթնոլորտը, որպեսզի կարողանանք առավելագույնս դրսևորել մեր կարողությունները, կարողանանք քայլ առաջ անել` ավելացնելով մեզ տրված ժառանգությունը և մեր հաջորդներին թողնելով ավելին, քան ստացել ենք մենք:
«Բարեպաշտ սերունդը» շարունակելու է դրամական հատկացումներն ուսումնական գործընթացների տեխնիկական ապահովման նպատակով, բայց դա արդեն կլինի ուրիշ պատմություն: Հաստատ` լավատեսական: